33. ԹՈՒՐՔ-ՊԱՐՍԿԱԿԱՆ 16-17-րդ ԴԱՐԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ:
16-րդ դարում Հայկական բարձրավանդակի նկատմամբ տիրապետություն հաստատելու համար միմյանց դեմ պատերազմներ սկսեցին Օսմանյան Թուրքիան և Սեֆյան Պարսկաստանը:
Օսմանյան Թուրքիայի հիմնադիրը կայը ցեղին պատկանող Էրթողրոզն էր:
Վերջինս Փոքր Ասիայի արևմուտքում Ռումի սուլթանից բեյլիկ էր ստացել:
Նրա որդու` Օսմանի օրոք այս բեյլիկը անկախացավ(1299թ.):
Կարճ ժամանակահատվածում օսմանցիները իրենց տիրապետությունը հաստատեցին ինչպես Փոքր Ասիայում, այնպես էլ Բալկաններում:
1453թ. սուլթան Մեհմեդ Ֆաթիհը գրավեց Կ.Պոլիսը և անվանեց Իստամբուլ:
Նույն ժամանակահատվածում Արևելքում երևան եկավ մեկ այլ հզոր տերություն` Սեֆյան Պարսկաստանը:
Այս պետության հիմքը դրել են Արդաբիլի շեյխերը. Լենկ Թեմուրը, երբ որ վերադառնում էր իր հերթական արշավանքներից դեպի Միջին Ասիա, Արդաբիլ քաղաքում հանդիպեց մեծ հռչակ ունեցող մուսուլման հոգևորականի` Սեֆի էդ-Դինին և բավարարելով նրա խնդրանքը` ազատ արձակեց 7.000 գերի թուրքմենների, որոնք էլ հիմքը հանդիսացան Սեֆյան բանակի:
Այս բանակը կոչվում էր Ղզլբաշ` կարմրագլուխ, քանի որ այս զինվորները կրում էին 12 ծալեր ունեցող կարմիր գլխարկներ:
Սեֆյան Պարսկաստանը շահ Իսմայիլի օրոք գրավեց Իրաքը և ամբողջ Հայաստանը:
Օսմանյան Թուրքիան չէր կարող հանդուրժել, որ արևելքից դեպի Միջերկրական ծովի նավահանգիստները տանող առևտրական ճանապարհները լինեն Սեֆյանների ձեռքում:
Այդ պատճառով 1514թ. Օսմանյան սուլթան Սելիմ Յավուզը պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ:
1514թ. Վան քաղաքից արևելք Չալդրանի դաշտում բախվեցին 120.000-անոց պարսկական և 80.000-անոց օսմանյան բանակները:
Պարսկական բանակը ջախջախիչ պարտություն կրեց, Իսմայիլ շահը ծանր վերավորվեց և փախավ Պարսկաստանի արևելյան Խորասան նահանգ:
Պարսկաստանի մայրաքաղաք Թավրիզը թուրքերը գրավեցին, սակայն պարսիկ ժողովրդի ատելությունը այնքան մեծ էր թուրքերի նկատմամբ, որ զուրկ լինելով պարենավորումից Սելիմ Յավուզը 1515թ. ստիպված էր հեռանալ Պարսկաստանից:
Ռազմական գործողությունները վերսկսվեցին 1533թ-ին և շարունակվեցին մինչև 1555թ.:
Այս թվականին սուլթան Սուլեյմանը և շահ Թահմասպ I-ը դադարեցրին ռազմական գործողությունները և նույն թվականին Ամասիա քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Հայաստանը բաժանվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի միջև:
Սահմանն անցնում էր Հայկական Պարով:
Այս լեռնաշղթայից հարավ և հարավ-արևմուտք ընկած հողերը անցնում էին Թուրքիային, իսկ նույն լեռնաշղթայից հյուսիս և հյուսիս արևելք ընկած տարածքները` Պարսկաստանին:
Օսմանցիները, օգտվելով Թահմասպ շահի մահից, 1578թ-ին վերսկսեցին պատերազմը Պարսկաստանի դեմ:
Թուրքերին հաջողվեց գրավել Արևելյան Հայաստանը, ներկայիս Ադրբեջանը և Ատրպատականը:
Աբաս I շահը ստիպված էր 1590թ-ին բոլոր տարածքները զիջել Թուրքիային:
Թուրք-պարսկական այս պատերազմում Ֆահևդատ փաշայի գլխավորած բանակը, գրավելով Երևանը, կառուցեց Երևանի բերդը, որի համար շինանյութ ծառայեցին քաղաքի եկեղեցիները (1583թ.):
Թուրքական տիրապետությունը շատ ավելի ծանր էր քան պարսկականը. թուրքերը պարզապես թալանում էին իրենց գրաված երկրները:
Հայ ժողովուրդը ավելի շատ հակված էր ընդունել պարսկական գերիշխանությունը, քան թուրքականը:
Հայաստանի արևելյան հատվածից բազմաթիվ պատվիակություններ էին մեկնում Սպահան և խնդրում էին շահ Աբասից ազատել իրենց թուրքական ծանր լծից:
1603թ. շահ Աբասը նոր պատերազմ սկսեց Թուրքիայի դեմ և օգտվելով Թուրքիայում տիրող խառնակ վիճակից` Թավրիզի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակ տարավ:
1603թ. պարսկական բանակը անցավ Արաքսը և մտավ այս գետի ափին գտնվող Ջուղա գյուղաքաղաքը:
Ջուղայի բնակիչները մեծահարուստ հայ առևտրականներ էին (հայտնի էին Խոջա անունով):
Հայ խոջաները առևտրական միջնորդներ էին Հնդկաստանից և Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքաշրջանառության մեջ:
Ջուղայի բնակչությունը` որպես ազատարարի դիմավորեց Աբաս I-ին և նրա բանակը:
1604թ. պարսկական բանակը գրավեց Երևանը:
Միայն Երևանի գրավումից հետո թուրքերը որոշեցին հակահարված հասցնել պարսիկներին:
Թուրքական բանակը դուրս եկավ Էրզրումից և շարժվեց դեպի Երևան:
Աբաս I-ը որոշեց ճակատամարտ չտալ, քանի որ ուժերը անհավասար էին և ընտրեց «վառված հողի» տակտիկան:
Շահ Աբասի հրամանով Արևելյան Հայաստանի բնակչությունը պետք է տեղահանվեր և գաղթեցվեր Պարսկաստան:
Երբ թուրքական բանակը հասավ Կարս, պարսիկները սկսեցին հայ գաղթականներին քշել դեպի Արաքս գետը. Սևանա լճից մինչև Արաքսն ընկած տարածքը զբաղված էր մարդկային երեք խոշոր բազմություններով:
Առջևում հայ գաղթականներն էին, նրանց հետևում պարսկական զորքն էր և երրորդ բազմությունը թուրքական բանակն էր:
1604թ-ի աշնանը պարսկական զինվորների հարկադրանքով հայ գաղթականների բազմությունը ստիպված էր գետանցել վարարած արաքսը:
1604թ. Պարսկաստան գաղթեցվեց շուրջ 300.000 հայ:
Այս իրադարձությունը պատմության մեջ մտել է Մեծ գաղթ անունով:
Հայերի մի զգալի հատվածը բնակեցվեց Կասպից ծովի հարավային ափին ընկած Մազանդարան նահանգում:
Եթե այստեղ սկզբում բնակություն հաստատեց մի քանի տասնյակ հազար հայ, ապա մեկ տասնամյակ անց ճահիճներով շրջապատված Ֆահրաբադ քաղաքի մոտ մնացել էր միայն 100 տուն հայ:
Ռազմական գործողությունները ընդհատումներով շարունակվեցին մինչև 1639 թ.:
Թուրք-պարսկական պատերազմը այս թվականին դադարեց Կասրե-Շիրինում կնքված պայմանագրով:
Հայաստանը վերստին բաժանվեց 2 պետությունների միջև:
Սահմանը անցնում էր Ախուրյան գետով, հասնելով Արաքսին` սահմանը Արաքսի հունով վեր էր բարձրարնում մինչև Կաղզվան, ապա Հայկական Պարով հասնում էր մինչև Արարատ լեռը և այժմյան թուրք-պարսկական սահմանով անցնում էր հարավ:
Կիսվել : |