ԽՈՍՔ ՄԵԾԱՑ

Ճանաչիր հոգուդ գանձերը մաքուր...
Դ.Անհաղթ
***Հայ ժողովուրդը չի ստորադասել կնոջը տղամարդուց. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»: - Սասնա Ծռեր***Անհնար է սարը տեսնել, կանգնելով նրա կողքին:

Ես չգիտեմ, երբ է իմ մեջ ծնվել նկարիչ։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները՝ մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք ահա այն ինչ ես երազել եմ։

Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են քան իրենց ժամանակը։

Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։

Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։

Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ` ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։

Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատար աշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։

Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։

Զարմանքը հասարակ բան չէ: Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։

Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը` մարդ։ Մահ գոյություն չունի։

Գույն, լույս, երազ, ահա ինչով եմ սկսել ես այրվել։

Դա մարդու մեծագոյն երջանկութիւնն է։ Հսկայական, անվերջ բնութիւն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծութիւնը։

Բնութեան ամենահրաշալի ստեղծագործութիւնը մարդն է։ Մարդն ինքը բնութիւն է։ Միայն մարդու միջոցով է բնութիւնը ճանաչում իրեն։

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին…


Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ: ՛

Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը:

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
***Ըղեղներ կան` որոնք սպունգներ են` ուրիշին հյութը կը ծծեն. մեկ սեղմումով զայն կը դատարկես։— Անոնք միջակներու ըղեղներն են:

Ըղեղներ կան՝ որոնք մագաղաթներ են՝ որոնց վրա փորագրիչն է գրած և պողպատյա գրիչը չի կրնար ջնջել. զանոնք ժամանակը միայն կրնա եդծանել։— Կրոնամոլներու ըղեղներն են։

Ըղեղներ կան՝ որոնք լեղիի պարկիկներ են. ծծել ուզողին շրթներուն վրա ժանտաբույր կը պատռին։— Անոնք չարերու ըղեղներն են։

Ըղեղներ կան` որոնք աղիքներ են. և ընդունակ են ստամոքսի սնունդը միայն պարունակելու. անոնց մեջ գաղափարը ժանտատենդե կը վարակվի։— Անոնք «շուկայիկ»–ներու և խուժաններու ըղեղներն են։

Ըղեղներ կան՝ որոնք ավազակույտեր են. անձրևը՝ զոր անհագորեն կը ծծեն՝ Արևը միայն կրնա չորցնել։– Անոնք բարիներու ըղեղներն են։

Ըղեղներ կան՝ որոնք վառոդամաններ են՝ զոր կայծ մը բավական է պայթեցնելու, և արյունը բավական է մարելու։— Անոնք հերոսներու ըղեղներն են։

Ըղեղներ կան՝ որոնք ադամանդներ են. աոանց ուրիշե մը լույս ծծելու՝ լույս կ՛արտաբխեն, անոնք ո՛չ կը ծռին, ո՛չ կը գծվին, այլ կը փշրին, բայց չեն մարիր։— Անոնք բանաստեղծներու ըղեղներն են։

Ըղեղներ կան՝ որոնք աշխարհներ են՝ միշտ արևներու շուրջը դարձող. էակներու լեգեոններ կ՚ապրեցնեն. իրենց ծնունդն անծանոթ է՝ ինչպես նաև իրենց վախճանը. անոնք Հավիտենականության կը պատկանին։— Անոնք հանճարներու ըղեղներն են։

Ըղեղ մըն ալ կա՝ զոր մյուս ըղեղները կը մերժեն և սիրտը կ՛ընդունի, և որուն անունը դեռ Սփինքսին բերանն է։– Ան Աստուծո ըղեղն է։

Դանիել Վարուժան - Ըղեղներ - Խոհեր, 1911թ.
***Ազգերը մեռնում են… տխմարությունից:

Իմաստուն է նա, ով պատճառի մեջ հետևանք է տեսնում, հետևանքում` պատճառ, տարբերությունների մեջ նույնություն է տեսնում, նույնություններում` տարբերություն, և ի վերջո, երևույթների մեջ էություններ է որսում, էություններում` հնարավոր երևույթ:

Ո'չ թեիզմ, ո'չ աթեիզմ, պարզապես` էիզմ:
Ալեքսանդր Արորդի Վարպետյան
***Ստեղծել... Ստեղծել նշանակում է քանդել միջակության պարիսպները (քանդել և ոչ թե գրավել), փլատակել տգիտության ու անգիտության պարիսպները (փլատակել և ոչ թե վերաշինել), այլապես ասծ` շարունակել մի պայքար, որ մարդ արարածը մղում է հեռու-հեռավոր օրվանից, ինչ սկսել է... մտածել:

Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից:

Մենք պարտավոր ենք շահելու շախմատային մեր այն խաղը, որ սկսել է Մեսրոպ Մաշտոցը:
Պարույր Սևակ
***Ինչ-որ տեղ, ինչ-որ բան այնպես չէ...
Վիլյամ Սարոյան
***Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
Այժմ կեսօր է արդեն,- ժա'մ է դառնաս իմաստուն:-

Դարը մեզ մուրհակ է տալիս,- բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե'րն են ճշտում ապագա- և շատե~րն են սնանկ հռչակվում:
Եղիշե Չարենց
***Ազգային դպրոցները “ազգային ոգու” հենարաններից ամենաուժեղն են:
Ալեքսանդր Մյասնիկյան
***Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
Գարեգին Նժդեհ
***Հարկավոր է, այո, ազգովին ասպարեզ գալ, հարկավոր է ստեղծել մի հեղինակավոր մարմին, որպեսզի մեր ժողովրդի ճակատագիրը հանձնված չլինի պատահական ուժերի ղեկավարության:

Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը` մահացու:
Վահան Տերյան
***Պետք է ժայռին զարգել, ջաղջախել քնարը, երբ այն մեծ չէ:

...Զի մենք, հանուն Սերին, Սերմին,
քու հին Ցեղիդ Մարմարէն կոյս,
Մենք, Զաւակներդ օգոստափառ,
պիտի կերտէնք Նո~ր Արշալույս...

Այս գռեհիկ աշխարհին վրա ամեն գերմարդ զոհ մըն է:

Հայ աշակերտներ ընդունող որևէ վարժարան` պարտական է Հայության ապագան փրկելու աշխատիլ: Դարերե ի վեր այլասերումի ենթարկված ժողովուրդ մը հարկ է ազատագրել` անոր վրայեն թոթափելով իր ցեղային հատկությունները կրծող կարգ մը ժանգեր:
Դանիել Վարուժան
***Փիլիսոփայությունը չի կարող վերանալ հենց միայն այն պատճառով, որ մարդն իր էությամբ փիլիսոփայող է, որ փիլիսոփայելը մարդկային մտքի էական հատկությունն է:
Երվանդ Ֆրանգյան
***Ո~վ մարդկային արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին:
Սիամանթո
***Մարդը գնացական է, նրա լավ գործը մնացական. ըսել է` ինքն է մնացական: Այ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր թեյի մեջ` հալավ, կորավ, չկա, բայց թեյն անուշացավ: Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշացնե: Թե չե առանց լավ մարդու աշխարքը շատ դառն է` օձի լեղի:
Ավետիք Իսահակյան
***Տղաք, ինչ որ ունիք,- հոգեկան, մտային արժանիքներ կամ նյութապես հարստություն,- կպատկանի ձեր ժողովրդին,- անոր վերադարձնեք պիտի:
Լևոն Շանթ
***Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

Լեզուն է ամեն մի ժողովրդի գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում. իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
Հովհաննես Թումանյան
***եծ հեղինակությունները չեն կրնար ուսման ու կրթության տարածումին շնորհիվ կարճ ժամանակամիջոցի մեջ առաջ գնալ: Ջերմոցի մեջ կարելի է շուտով պտուղ ու ծաղիկ հասցնել, բայց ոչ կաղնի:
Արփիար Արփիարյան
***Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:

Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքներով միայն կլուծվի. Ծանրերը միշտ գետնաքարշ կմնան ու թեթևները վեր կելնեն:

Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին:

Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ:

Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:
Հակոբ Պարոնյան
***Եթե բոլոր մայրերը այնքան հայրենասեր և ազգասեր լինեն, որ իրենց զավակների հետ մայրենի լեզվով խոսեն, նրանց սրտի մեջ ազգային պատվասիրություն ձգեն, հայրենիքի սեր, էլ այնուհետև ի՞նչ մահ կարող է սպառնալ մեզ:
Ղազարոս Աղայան
***

Դիտումների քանակը: 39789
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott