ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ
Վիեննայի արվեստագետների հայտնի սրճարան «Հավելկա»-ի տիրոջ` Լեոպոլդի հետ ծանոթներ էինք: Ես հաճախ էի գնում այնտեղ սուրճ խմելու կամ «բուխտելն» (ջեմով խմորագնդիկներ) ուտելու, Հավելկայի կինը շատ համեղ է պատրաստում: «Հավելկայի» սրճարանում հավաքվում էին ժամանակին դեռեւս անհայտ երիտասարդ նկարիչներ, գրողներ, բանաստեղծներ: Նկարիչներ, որոնք հիմնել են «Վիեննայի ֆանտաստիկ- ռեալիստական դպրոցը»: Քանի որ նկարիչները հաճախ փող չեն ունեցել «Հավելկային» վարձատրելու, նրան նվիրել են իրենց աշխատանքներից: Այդպիսով ժամանակի ընթացքում «Հավելկան» ձեռք է բերել արդեն հայտնի արվեստագետների նկարներ, որոնք դեռ այսօր էլ կախված են նրա սրճարանի պատերից:
Մի երեկո, երբ ես «Հավելկայում» նստած հոյակապ «բուխտելն» էի ուտում, Լեոպոլդը մոտեցավ ինձ եւ ասաց, թե վաղը իմ համերկրացիներց մեկն է գալու այստեղ:
- Ո՞վ, հարցրեցի ես հետաքրքրված:
- Սարոյանը,- ասաց նա:
- Վիլյա՞մ Սարոյանը,- հարցրեցի ես զարմացած:
- Այո,- ասաց Լեոպոլդը:
- Ի՞նչ է անելու նա քեզ մոտ,- հարցրի հուզված:
- Վաղը կեսօրին ինձ մոտ ավստրիական hեռուստատեսությունից մի լրագրողուհի նրանից հարցազրույց է վերցնելու, նրա «Որդիները գալիս են ու գնում, մայրերը մնում են» գիրքը գերմաներեն թարգմանությամբ վաղը երեկոյան ներկայացնելու են ինձ մոտ: Ուզո՞ւմ ես գալ:
- Իհարկե՛,- ասացի ես:
Դա 1977-ի հոկտեմբերի երեքն էր:
Երբ Սարոյանը կեսօրին «Հավելկա» սրճարան մտավ կարճ, սեւ վերարկուով եւ սեւ բուխարա գլխարկով, սկսեցի լուսանկարել: Նա զարմացած նայեց վրաս եւ հարցրեց, թե ես ով եմ: Ես հայերենով պատասխանեցի« «Ձեր հայրենակիցն եմ»: Երբ նա հայերենը լսեց, գոհունակ ժպտաց եւ ասաց« «Սպասիր, մինչեւ հարցազրույցը վերջանա»: Լրագրող կինը Սարոյանին մի քանի հարցեր տվեց: Ինձ համար ամենահետաքրքրական այն հարցն էր, թե ինչու է նա նորից ամուսնացել իր բաժանված կնոջ հետ»: Ինչո՞ւ պետք է նոր կին առնեի, պատասխանեց Սարոյանը, նորի հետ ստիպված ես ծանոթանալ, ես էլ ամուսնացա առաջին կնոջս հետ, որին արդեն գիտեի»: «Բայց Դուք նորից բաժանվեցիք, ինչո՞ւ», հարցրեց լրագրողուհին: «Որովհետեւ ես նորից նույն սխալն արեցի», ասաց Սարոյանը ծաղրական:
Ավելի ուշ ես Սարոյանի կենսագրականում կարդացի, որ ամուսնալուծությունը կապված էր նաեւ իր կնոջ հրեա լինելու հետ: Սարոյանի հարցին, թե արդյոք նա հրեա է, աղջիկը պատասխանել էր« «ոչ»: Հետագայում, երբ նա պատմել է, որ ինքը չի իմացել իր կնոջ հրեա լինելու մասին, նրան ասել են, դա հակահրեական է հնչում, որ նա կնոջը լքել է հրեական ծագման պատճառով: Սարոյանը պատասխանել է. «Օ, ո՛չ: Նա ինձ ստել է»: Փաստը, սակայն այն էր, որ նրա տատիկը, ինչպես եւ Ֆրեզնոյի հայերը, չէին կարողանում տանել հրեաներին, եւ երբ տատիկը նրա համար ուզել է հայուհի փնտրել, Սարոյանը ասել է. «Այն աղջիկը, ում հետ ես կամուսնանամ, հայուհի կդառնա»:
Սարոյանը հպարտ էր իր հայ լինելով. «Ես չեմ կարող ապրել առանց հայ լինելու», գրել է նա:
Երկրորդ անգամ կնոջից բաժանվելուց հետո, այդ կինը ամուսնանում է ամերիկյան հայտնի դերասան Վալտեր Մաթաուի հետ:
Իր ամուսնության եւ բանակի մասին Սարոյանը գրել է. «Բանակում ծառայելու երեք տարին եւ անիմաստ ամուսնությունը ինձ շեղեցին ուղուց, եւ եթե ճշմարիտն ասենք` կյանքից»:
Երբ հարցազրույցն ավարտվեց, ես խնդրեցի նրան ստորագրել իր նոր գիրքը. ստորագրեց եւ միաժամանակ գրեց Ֆրեզնոյի իր հասցեն, ասելով. «Եթե ԱՄՆ գաս, այցելիր ինձ»: Մենք միասին լուսանկարվեցինք եւ նախքան կհեռանայի, առաջարկեցի մի երեկո անցկացնել մեզ` Վիեննայի հայերիս հետ: «Որտե՞ղ», հարցրեց Սարոյանը: «Մի լավ ռեստորանում, որտեղ կարելի է լավ ուտել», ասացի: «Լավ ռեստորաններն ինձ չեն հետաքրքրում, ասաց Սարոյանը, բայց մի հայկական տուն, սիրով կգամ»: Խոստացա նրան դա կազմակերպել:
Սարոյանը հաճախ էր լինում Վիեննայում: Հիշում եմ, որ երբ նոր էի տեղափոխվել Վիեննա, նա եկել էր այնտեղ, եւ հայ համայնքը «Բրիստոլ» հյուրանոցում կազմակերպել էր սարոյանական երեկո, իսկ մի հայուհի էլ կարդում էր նրա «Իմ անունը Արամ է» գրքից: Ես հիացած էի նրա գրելաոճով, որը պարզ էր, սուր, սակայն հակիրճ: Միայն հանճարեղ գրողն է ի զորու գրել կարճ պատմվածքներ մեծ ասելիքով: Մի քանի էջում ամեն ինչ ասվում է եւ հստակ դրվում է կիզակետը, շուրջը եղած մնացած ամեն ինչը, իմ կարծիքով, ժամանակի կորուստ է թե՛ գրողի եւ թե՛ ընթերցողի համար: Այդ հանդիպումից հետո ես գնում էի նրա գրքերը եւ կլանում դրանք: Հիմա նա նորից Վիեննայում էր եւ ես բարեբախտություն ունեի անձամբ նրան ճանաչելու:
Ես զանգահարեցի բարեկամիս, պատմեցի նրան Սարոյանի մասին եւ առաջարկեցի երեկոն անցկացնել իր բնակարանում, քանի որ նրա մայրը` խոհարարական հիանալի արվեստով մի հայուհի, ամեն ինչ կկազմակերպեր լավագույն ձեւով: Հաջորդ երեկոյան գնացի Սարոյանի ետեւից «Հիլթոն» հյուրանոց, որտեղ նա ապրում էր: Ճանապարհին նա ասաց (մենք ոտքով էինք գնում, քանի որ ընկերոջս տունը հեռու չէր «Հիլթոն» հյուրանոցից), որ նա միայն մի քանի ժամ կարող է մնալ մեզ մոտ, այնուհետեւ պետք է վերադառնա հյուրանոց: Ես հարցրի, թե ինչու նա չի ընդունել Պուլիցերյան մրցանակը, որը նա ստացել է իր The Time of your Life պիեսի համար: Նա զայրացած պատասխանեց, թե յուրաքանչյուր ոք հարցնում է իրեն այդ մասին: «Բայց ինչու պետք է ես մրցանակը ընդունեի: Երբ ես պատմվածքներ էի գրում եւ ոչ ոք դրանք չէր ուզում տպագրել, ես էլ գոյությունս էի քարշ տալիս, որտե՞ղ էին նրանք: Հենց որ «Սարոյան» դարձա, բոլորն ուզում են իմ անունով իրենց գովազդել: Դե ես դա թույլ չտվեցի»: Սարոյանը գրավոր պատասխանել էր, «կոմերսը իրավունք չունի մշակույթը հովանավորելու»:
Երբ մտանք բնակարան, մեզ արդեն սպասում էին մի խումբ հայ երիտասարդներ: Ընդունելությունը շատ ջերմ եւ սրտառուչ էր, եւ երիտասարդների ոգեւորությունը բարձրացրեց Սարոյանի տրամադրությունը, ինչպես դա լինում էր նրա հետ, երբ երիտասարդների հետ էր լինում: Սարոյանը կարողանում էր շատ լավ խոսել, կատակել, բարձր ծիծաղել, նաեւ ուշադիր լսել: Երբ մատուցեցին հիանալի հայկական կերակուրները, Սարոյանը ոգեւորվեց: Սարոյանը բավականին բարձր էր խոսում, որովհետեւ նա վատ էր լսում, բայց մենք հայերս առանց այն էլ բարձր ենք խոսում, հատկապես, երբ հավաքված ենք լինում հրաշալի սեղանի շուրջ: Մեզանից մեկը, սակայն Սարոյանից էլ բարձր էր խոսում, դա տանտերն էր, հյուրընկալողը: Որոշ ժամանակ անց Սարոյանը հարցրեց, թե արդյոք տղան վատ է լսում: «Ես բարձր եմ խոսում, որովհետեւ վատ եմ լսում: Բայց նա ինձնից էլ բարձր է խոսում»: «Նա վատ չի լսում, ասացի ծիծաղելով, նա սպա է եւ որպես սպա սովոր է գոռգոռալու»: Սարոյանը ծիծաղեց. Աստված վկա, նա կարողանում էր ծիծաղել: Երեկոն ընթանում էր, եւ Սարոյանը մնաց: Կեսգիշերի մոտ նա ասաց, թե սիրով էլի կմնար, բայց արդեն հոգնած է եւ ուզում է գնալ: «Շատ ուրախ էի, հայկական տանը եւ երիտասարդության հետ լինելու համար», ասաց նա: Հետագայում իմ արած լուսանկարները ուղարկեցի Սարոյանին, Ֆրեզնո: Սարոյանը երկու երեխա ուներ, տղան` Արամը եւ աղջիկը` Լուսին: Սակայն նրանք միայն անունով են «Սարոյան», ինչպես շատ սփյուռքահայեր, որոնք ամուսնանում են ոչ հայերի հետ: Սարոյանի երեխաները ոչ մի ընդհանուր բան չունեն իրենց հոր, մի իսկական հայի հետ, որի սիրտը լեռներում, Հայաստանում էր:
1981-ին Լոս Անջելեսում էի եւ մտադիր էի մեկնել Ֆրեզնո` Սարոյանին այցելելու: Ընկերոջս` Խորենին, պատմեցի իմ Ֆրեզնո կատարելիք այցի մասին: Խորենը առաջարկեց գնալ իր պրոֆեսորի` դր. Թոլեգյանի մոտ, որը Սարոյանին շատ լավ էր ճանաչում: Մի երեկո մենք Թոլեգյանի մոտ էինք: Թոլեգյանը ութսունի մոտ մարդ էր, հայերեն խոսում էր շատ վատ արտասանությամբ, իսկ ավելի վատ արտասանությամբ անգլերեն, որը ես գրեթե չէի հասկանում: Նա պատմեց Սարոյանի մասին, որը հիվանդ եւ մենակ ապրում էր Ֆրեզնոյի իր տանը: «Նա իմ կրտսեր եղբոր մոտ ընկերն էր: Սարոյանը հանկարծ այնքան հայտնի դարձավ, որ գրեթե ամեն շաբաթ Բրոդվեյում նրանից մի պիես էր բեմադրվում: Հանկարծ ամենուր« Սարոյան, Սարոյան էր: Բայց նա շատ տարօրինակ եւ ծանր մարդ է, ինչպես որ հանճարներն են լինում: Իր տարօրինակ բնավորության պատճառով նա հերթով կորցրել է ընկերներին, ամենից առաջ իր հայ ընկերներին: Բայց նա կարողանում է հրաշալի գրել: Մի անգամ գրչակիցները ծաղրում են նրան ասելով, թե նա անգլերենին չի տիրապետում, այդ պատճառով էլ այդքան պարզ է գրում: Երբ նա դա լսում է, հաջորդ հանդիպմանը խոսում է այնպիսի անգլերենով, որ բոլորը զարմացած հարցնում են, թե նրան ինչ է պատահել: «Ես կարող եմ նաեւ այնպես գրել, ինչպես հիմա խոսում եմ», պատասխանել է Սարոյանը: «Բայց ես ուզում եմ, որ իմ ընթերցողը, նաեւ նրանք, ովքեր կրթված չեն, կարողանան հասկանալ: Ես գրել եմ հայ աշխատավոր դասակարգի լեզվով, անգլերեն»:
Սարոյանը սկսեց իր կարիերան երկու հարյուր դոլար պարտքով, Նյու Յորք գնալու համար. «Որովհետեւ ես մի էմիգրանտ էի, իսկ բոլոր էմիգրանտները գնում են Նյու Յորք»:
Երբ 1936թ. լույս տեսավ Սարոյանի երրորդ« Three Times Three գիրքը, նա 26 տարեկան էր եւ այնքան հայտնի, որ նրան մեծարում էին որպես հանճար եւ դասվում էր անգլիախոս երկրների մեծ գրողների շարքում: Նրա առաջին գիրքը` The Dearing Young Man on Trapez-ը մի գիշերում նրան հայտնի դարձրեց, իսկ նրա երկրորդ գիրքը եւ ինձ համար իր ամենահետաքրքրական գրքերից մեկը, Inhale & Exhale-ն էր:
Ես վերջապես ուզում էի գնալ Ֆրեզնո Սարոյանին այցի, երբ 1981թ. «Լոս Անջելես Թայմսի» հունիսի 7-ի համարում կարդացի Սարոյանի մահախոսականը: Կարծես կայծակի հարված ստացա: Սարոյանը մահացել էր մայիսի 18-ին: Ես չհասցրեցի նրան եւս մեկ անգամ տեսնել: Նրա դին այրելուց հետո աճյունը ուղարկվեց Հայրենիք. նա շատ էր սիրում Հայաստանը եւ 1935-ին, երբ արդեն hայտնի գրող էր, եկավ Սովետական Հայաստան: Նա հաճախ էր այցելում իր հայրենիք:
1982 թվականին ես Նյու Յորքում էի եւ ավստրիական տնտեսական պալատի պատվերով մի վավերագրական ֆիլմ պետք է նկարեի ԱՄՆ-ի հետ Ավստրիայի տնտեսական համագործակցության մասին: Նյու Յորքում գնացի համապատասխան տնտեսական պալատ, եւ երբ քարտուղարուհին իմ անունը լսեց, հարցրեց, թե Վիլյամ Սարոյանի երկրացի՞ն եմ: Ես հպարտորեն հաստատեցի: «Ափսոս, որ նա համեմատաբար երիտասարդ է մահացել, ասաց նա: Գիտեք, թե ինչպիսի ուժեղ ազդեցություն է թողել Սարոյանը երիտասարդության վրա իր հակապատերազմական եւ էկզիստենցիալիստական փիլիսոփայությամբ: Այսպես կոչված «Ծաղիկների երեխաները» համարվում են նույնպես «Սարոյանի երեխաները»:
Իրականում Սարոյանը ԱՄՆ-ի ռազմական հաստատություններին զգացնել է տվել իր հակակրանքը պատերազմի եւ բանակի հանդեպ, երբ նա ստիպված գնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմ եւ ուղարկվել Անգլիա: Նա փորձել է ամեն հնարավոր բան« բանակից ազատվելու համար: Հետագայում նա գրել է. «Ինչ բանակում էի, ես ինձ տեւականորեն հիվանդ էի զգում ... հիվանդությունը դա հենց պատերազմն էր» եւ «բանակում գտնված այդ երեք տարիների ընթացքում ես անհետացա Բրոդվեյից, իսկ հետագայում գործնականում ընդմիշտ ... Պատերազմից հետո միայն կատաղության զգացում ունեի, որը երեք տարվա անընդմեջ տանջանքների ենթարկվելու հետեւանքն էր»:
Սարոյանը մահացել է 73 տարեկանում: Իր Three Times Three գրքի առաջաբանում նա գրել է. «Ես կուզենայի հասնել հարյուրի»: Իսկ իր մահից առաջ, հեռախոսային ասուլիսում ասել է. «Բոլորն էլ մահանալու են, ես միշտ կարծել եմ, որ մահը իմ դեպքում բացառություն է անելու: Հետո ի՞նչ»: Սակայն նրան վիճակված չէր «հարյուր» դառնալու, ինչպես ինքն էր ցանկանում եւ մահացավ համեմատաբար երիտասարդ եւ միայնակ:
Իր զավակների մասին նա արտահայտվել է այսպես. «Ես ձախողված եմ: Իմ երեխաները մեծացել, հեռացել են եւ ինձ չեն սիրում»: Նա հաճախ էր լաց լինում, նա« միայնակը. «Ես չգիտեմ, թե ինչու եմ վերջին ժամանակներում հաճախ լաց լինում», գրել է Սարոյանը իր մոսկովյան ճամփորդության տպավորություններում:
***
...Ես միշտ հուզվում եմ, երբ կարդում եմ նրա «Հայաստանի Անդրանիկը» պատմվածքը: Գեներալ Անդրանիկը Առաջին Համաշխարհայինում կռվել է թուրքերի դեմ եւ ունեցել բազմաթիվ հաջողություններ: Երբ պատերազմն ավարտվեց, դաշնակիցները, որոնք Անդրանիկին եւ նրա հետ բոլոր հայերին մեծ «պատմական Հայաստան» էին խոստացել, հուսախաբ արեցին: Բոլոր հայերի կողմից սիրված հերոս Անդրանիկը հեռացավ Հայաստանից եւ տեղափոխվեց Միացյալ Նահանգներ: Սարոյանը նկարագրում է Անդրանիկի ժամանումը Ֆրեզնո, երբ ինքը այնտեղ հորեղբոր փաստաբանական գրասենյակում ցրիչ էր աշխատում:
Նա հիշում է այն օրը, երբ Անդրանիկը Ֆրեզնո եկավ եւ նույն օրը հորեղբոր գրասենյակ այցելած երկու հայ հաճախորդներին, որոնք միմյանց հետ փողային վեճ ունեին եւ գրասենյակում միաժամանակ ձմերուկ էին ուտում:
«Հորեղբայրս ներկայացնում էր մի ագարակատիրոջ, իսկ մյուս իրավաբանը« մեկ ուրիշի: Հորեղբորս հաճախորդը ասում է, թե այն ագարակատիրոջը երեք տարի առաջ երկու հարյուր դոլար է պարտքով տվել, բայց չի մտածել անդորրագիր վերցնել, իսկ մյուս ագարակատերը պնդում էր, թե երբեք ոչ մի պեննի էլ պարտք չի վերցրել: Դա էր փաստարկը... Հորեղբայրս դիմում է մյուս իրավաբանի հաճախորդին: Հովսեփը ձեզ երեք տարի առաջ երկու հարյուր դոլլա՞ր է տվել: Երկրորդ ագարակատերը պատասխանում է. «Այո, դա ճշմարիտ է... Բայց երեկ դուք ինձ ասում էիք, որ ոչ մի պեննի էլ չեք վերցրել», ասում է մյուս իրավաբանը: «Դա երեկ էր, ասում է ագարակատերը: Այսօր ես Անդրանիկին եմ տեսել»:
Իր պատմվածքների մասին Սարոյանը մի անգամ ասել է. «Կարեւոր չէ, թե դրանք ինչպես են կոչվում, որովհետեւ նրանք շնչում են»: Իսկ մի հարցազրույցում ասել է. «Ինձ կրկին ու կրկին հայտնաբերելու են»:
Այսօր էլ, երբ կարդում եմ նրա պատմվածքները« «Կյանքը եւ մահը», «Հայաստանի Անդրանիկը» կամ «Մարդկային կատակերգությունը», որը նա գրել է տասնմեկ օրում, հուզվում եմ:
Նա խոշոր ամերիկացի գրող էր հայկական հոգով: Իր Inhale & Exhale գիրքը նա նվիրել է «անգլերեն լեզվին, ամերիկյան հողին եւ հայ ոգուն»:
Վիեննա
Նյութը տպագրվել է Ազգ օրաթերթում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |