artsvi.bakhchinyan
Logo

ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալվածատիրով թոռնուհին, Վիվիեն Լիի մրցակցուհին, բալետային աստղերի թարգմանիչը...

Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գրքից հատվածներ։ Հուշագրքի ընթերցումից հետո մեջս բուռն ցանկություն առաջացավ ներկայացնել այդ պարուհուն մեր ընթերցողին, մանավանդ որ նա որոշ առնչություններ ունի հայության հետ...

Թամարա Չինարովան ծնվել է 1919-ին, Բեսարաբիայի Աքքերման քաղաքում։ Այս քաղաքն Առաջին աշխարհամարտից հետո հանձնվել էր Ռումինիային, իսկ երկրորդի ժամանակ վերագրավվել խորհրդային զորքերի կողմից և կցվել Ուկրաինային։ Նրա հայրն էր ցարական բանակի կապիտան Եվսեվի Ռեկեմչուկը, մայրը՝ Աննա Չինարովան, դուստրը հարուստ կալվածատեր Խրիստաֆոր Չինարովի (Խաչատուր կամ Քրիստափոր Չինարյան)։ Վերջինս 1895-ի համիդյան թուրքական կոտորածներից մազապուրծ հայորդի էր, որը հաստատվել է Բեսարաբիայում, ամուսնացել ուկրաինուհու հետ և բարեկեցիկ կյանք ստեղծել: «Մայրս հայուհի էր,– գրել է Չինարովան։ –Նրա հայրը, շատ հայերի նման, կարող էր նույնիսկ անապատային կղզում հաջողության հասնել բիզնեսում։ Նա գործնական էր, դյուրըմբռնող, շռայլ, որին նախանձում էին և սիրում»։ Մեկ այլ տեղ մայրական պապի մասին գրել է. «Նա մի եռանդուն հայ էր, խելացի, ուժեղ և շատ մեծասիրտ»։

Աննա Չինարովան 1917-ին որպես բուժքույր ծառայել է թուրքական ճակատում՝ չանսալով հորը, որը, ինչպես նշել է Թամարա Չինարովան, «վախենում էր նրա հայկական ծագման պատճառով, նույնիսկ եթե ազգանունը ավանդական «յան» վերջավորությունից փոխված էր ռուսական «ով» վերջավորությամբ»։ Խրիստաֆոր Չինարովը հավանություն չի տվել դստեր ամուսնությունը երազկոտ, ռոմանտիկ, գործարար աշխարհից խիստ հեռու այլազգի Ռեկեմչուկի հետ, որին Աննան հանդիպել էր Օդեսայում։ Սակայն ամուսնությունը կայացել է, և ծնվել է Թամարան։

Թամարայի մանկության լավագույն հուշերը կապված են եղել պապիկի ամառանոցի, խաղողի այգիների, բերքահավաքի հետ։ Աղջկա վաղ մանկության անմոռանալի հիշողություններից է եղել հայ կաղ մուրացկան Կարապետը, որին նա իր հուշագրքում մի ամբողջ գլուխ է նվիրել։ Չինարովան նշել է, որ մեծահարուստ մեծ հայրը հատուկ կապվածություն է ունեցել այդ անտուն մուրացկանի հանդեպ, քանի որ երկուսն էլ համիդյան ջարդերից ազատված հայեր էին, ուստիև մշտապես տուգանք է մուծել ոստիկանությանը, երբ նրանք ձերբակալել են Կարապետին՝ փողոցում հարբած լինելու համար։ Կիսահամր Կարապետը մշտապես խոսել է «Աուաուատից»՝ Արարատից և նրա վերջին խոսքը եղել է «Վերադարձրե՛ք մեզ Աուաուատը»։

Չինարովների ընտանիքին հետագայում տխուր ճակատագիր է վիճակվել։ 1940-ին, երբ խորհրդային զորքերը բռնազավթել են Բեսարաբիան, խորհրդային զինվորները ներխուժել են Խրիստաֆոր Չինարովի տուն, ամբողջովին թալանել և սվինահարել 88-ամյա Չինարովին։ Կնոջը և ընտանիքի մյուս անդամներին, որպես սպիտակգվարդիականների, աքսորել են Սիբիր, որտեղ նրանց մի մասը մահացել է։ 1960-ականների սկզբին միայն Աննա Չինարովան կարողացել է Լոնդոնում հանդիպել Ռումինիայից արտագաղթած հարազատ քրոջը...

Zoom Image

1926-ին վեցամյա Թամարան մոր հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ հաստատված հայրն աշխատում էր որպես ռուսական մամուլի լրագրող: Երկու տարի անց գաղափարական հայրը վերադարձել է ԽՍՀՄ՝ իբր օգտակար լինելու համար նոր հասարակարգի կառուցմանը։ Հակաբոլշևիկյան հայացքների տեր տիկին Չինարովան մնացել է Փարիզում, մինչդեռ Եվսևի Ռեկեմչուկին ֆրանսիական լրտեսության մեղադրանքով գնդակահարել են 1937-ին: Տարիներ անց, գրեթե 75 տարի բաժանումից հետո Թամարան կարողացել է գտնել Մոսկվայում հոր երկրորդ ամուսնությունից ծնված եղբորը (ռուս նշանավոր գրող, սցենարիստ, մի շարք գրքերի հեղինակ Ալեքսանդր Ռեկեմչուկ):

Հոր հեռանալուց հետո Թամարան սկսել է կրել մոր ազգանունը: Փարիզում 10 տարեկանում նա սկսել է հաճախել հայտնի պարուհի Օլգա Պրեոբրաժենսկայայի պարի ստուդիան, կարճ ժամանակում առաջադիմել, ստուդիայի աղջիկների հետ 1931-ին հյուրախաղերով հանդես եկել Մարոկկոյում և Ալժիրում, որտեղ նրան ներկայացրել են որպես «աշխարհի ամենափոքրիկ բալետի պարուհին»: Հաջորդ տարի այցելելով Ռումինիա՝ Աննա Չինարովան կազմակերպել է դստեր ելույթները ծննդավայրում։ Դեռատի Թամարային նվագակցել են գնչու երաժիշտներ։ Աղջիկը նրանցից սովորել է գնչուական պարի որոշ նրբություններ, որոնք նա հետագայում հաջողապես կիրառել է «Պետրուշկա» և «Սլավոնական և գնչուական պարեր» բեմադրություններում։

Փարիզում Թամարային հինգ այլ աղջիկների հետ նկատել է տակավին ԱՄՆ չտեղափոխված երիտասարդ բալետմայստեր Ջորջ Բալանչինը և ընտրել իր բեմադրելիք «Օրփեոսը դժոխքում» օպերետի պարային համարներում մասնակցելու համար։ Նույն աղջիկները այնուհետև դարձել են «Բալե ռյուս դը Մոնտե Կառլո» պարախմբի անդամներ։ Ասպիսով, Չինարովան իր դասընկերուհիներ Իրինա Բարոնովայի, Տատյանա Ռյաբուշինսկայայի և նույնպես հայ մոր զավակ Թամարա Թումանովայի հետ միասին դարձել է Բալանչինի նշանավոր «մանուկ պարուհիներից» մեկը: Նրանց անվանել են «ռուսներ, որոնք երբեք չեն պարել Ռուսաստանում»: Բարձրահասակ, թխահեր, կովկասյան արտաքինով Չինարովան (որին բալետմայստերներից մեկը փաղաքշանքով «երկարաքիթ» է անվանել) աչքի է ընկել «Կապույտ Դանուբ», «Անառակ որդին», «Զարմանալի կրպակը», «Իշխան Իգոր» բալետային ներկայացումներում: Նրա կերպարներից հատկապես ուշագրավ են եղել Ակտիոնը՝ Մյասինի «Նախանշաններ» առաջին սիմֆոնիկ բալետում և Վրաստանի Թամար թագուհին՝ Ֆոկինի «Թամար» դրամատիկական բալետում:

1938-ին Լոնդոնի «Քովենթ գարդըն» ընկերության ռուսական խմբի հետ միասին Ավստրալիա կատարած ուղևորության ժամանակ Չինարովան որոշել է մոր և խմբի մի քանի անդամների հետ մնալ այդ երկրում, որտեղ առաջին անգամ եղել էր 1936-ին: Այստեղ սկսել է հանդես գալ նոր կազմավորված ավստրալական պարի խմբերում՝ կարևոր դեր խաղալով այդ երկրում բալետի դպրոցի զարգացման գործում: Տիկին Աննան, հիմնել է սեփական դերձականոց, տարիներ շարունակ թատերական զգեստներ կարել բալետային խմբերի և ավստրալական օպերայի համար։ Բալետմայստեր Բորովանսկու հետ Չինարովան վերաբեմադրել է «Բալե ռյուսի» խաղացանկի ներկայացումներից մի քանիսը, մասնակցել «Ֆաուստ», «Շեհերազադա», «Սիլֆիդներ», «Կառնավալ», «Իտալական կապրիչո» և այլ բալետների:

Սիդնեյում 1943-ին Թամարա Չինարովան հանդիպել է զինվորական ծառայության մեջ գտնվող անգլիացի դերասան Փիթեր Ֆինչին (1912–1977)։ Մայր և դուստր Չինարովաներն իրենց հովանու տակ են առել գեղեցկատես կարիքավոր զինվորականին, կերակրել, հագցրել (մի անգամ Թամարան նկատել է, որ Փիթերը նույնիսկ վարտիք չունի, և Աննա Չինարովան վարտիքներ է կարել ոչ միայն Ֆինչի, այլև նրա ընկերների համար)։ Որոշ ժամանակ անց Թամարան և Փիթերն ամուսնացել են: Ավստրալիայում Ֆինչ ամուսինները համատեղ աշխատել են «Էուրեկա ցցապատնեշը» (1947) ֆիլմում: Նրանց կյանքում վճռորոշ է եղել հանդիպումը Լորենս Օլիվյե–Վիվիեն Լի արտիստական զույգի հետ, որոնք տեսնելով Ֆինչի խաղը թատրոնում՝ նրան հորդորել են վերադառնալ Անգլիա և լրջորեն զբաղվել դերասանությամբ։ Չինարովան որոշել է թողնել բալետը՝ հանուն ամուսնու արտիստական կարիերայի։ Այդ նպատակով 1948 թվականին Ֆինչ ամոլը հաստատվել է Լոնդոնում։ 1949-ին ծնվել է նրանց դուստր Անիտան, որի կնքամայրը դարձել է նույն ինքը՝ մեծանուն Վիվիեն Լին։ Անգլիայում Փիթեր Ֆինչի աստղը բարձրացել էթե՛ թատրոնում և թե՛ կինոյում։ 1953-ին Վիվիեն Լին կեսգիշերային այցով եղել է Փիթեր Ֆինչի մոտ՝ առաջարկելով նրան իր խաղընկերը լինել հոլիվուդյան «Փղի քայլք» ֆիլմում։ Նույն տարի ամիսներ անց Թամարա Չինարովան դստեր հետ միացել է Փիթերին և Վիվիենին Հոլիվուդում։ Վերջիններիս մեջ արդեն սիրային կապ էր ստեղծվել։ Ֆինչ-Չինարովա-Վիվիեն Լի սիրային եռանկյունին մի քանի տարի դարձել է հասարակության ասեկոսեների առարկա։ Եղել են որոշ առճակատումներ. Վիվիեն Լին մի անգամ ծաղրել է Թամարայի՝ հայ նախնիներից ժառանգած երկար քիթը, որից հետո վիրավորված պարուհին քթի վիրաբուժական գործողություն է կատարել։ 1959-ին, երեք տարի բաժանումից հետո, Թամարան և Փիթերն ամուսնալուծվել են:

Zoom Image

1961-ից սկսած, Թամարա Չինարովան որոշ ժամանակ բալետի դասեր է տվել, սակայն հիմնականում աշխատել է որպես ռուսերենի բանավոր թարգմանիչ։ Թարգմանել է Մոսկվայի Մեծ թատրոնի աշխատողներին՝ լոնդոնյան հյուրախաղերի, իսկ անգլիախոս բալետային խմբերին՝ ռուսաստանյան հյուրախաղերի ժամանակ: Նրա թարգմանական ծառայություններից օգտվել են Գալինա Ուլանովան, Նինետ դը Վալուան, Ալիսիա Մարկովան, Էնթընի Դաուելը, Յուրի Գրիգորովիչը և բալետի այլ մեծությունների: ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում նա աշխատանքային այցով եղել է չորս անգամ՝ 1961–1993 թթ.: 1997-ին Մոսկվայում բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը Չինարովային հանդիսավոր պայմաններում պարգևատրել է Դյագիլևի անվան մեդալով։ Նույն թվականին էլ նախկին պարուհին անցել է հանգստի։ 2004-ին Թամարա Չինարովան դստեր՝ Անիտայի և նրա ամուսնու հետ հաստատվել է Մարբելլայում (Իսպանիա)։

Թամարա Չինարովան հանդես է եկել նաև որպես բալետագետ և գրող՝ հոդվածներ և հուշեր հրատարակելով Լոնդոնի «Դանսինգ թայմս» հանդեսում, ինչպես նաև և «Փոքրիկ թագավորը. քսան և մեկ գիշերվա գիրքը» հատորը: Ավստրալացի գեղանկարիչ Ֆրեդ Բրինը (պարուհու նշանածը, որը զոհվել է Գերմանիայում, պատերազմի ժամանակ) ստեղծել է Չինարովայի դիմանկարը, իսկ անգլիացի քանդակագործ Թոմ Մերիֆիլդը կերտել է նրա բրոնզե քանդակը Շեհերազադայի դերում:

Ի դեպ, Թամարա Չինարովան 1989-ին մասնակցել է Լոնդոնում Հայաստանի երկրաշարժի զոհերի հիշատակին տրված մեծ գալա համերգի ժամանակ՝ թարգմանելով իշխանուհի Մարգարեթի, լորդ Սեյնսբըրիի և Ջերեմի Իսաքսի ելույթները:

Անցյալ տարի Չինարովան կրկին հայտնվեց բալետագետների և բալետասերների ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն իր հրատարակած վերոհիշյալ հուշագրքի, այլև «Բալե ռյուս» փաստագրական կինոնկարի շնորհիվ: Վերջինում Չինարովան, ի թիվս 20 այլ նախկին արտիստների, խոսում է այդ խմբի գործունեության մասին: Բեմադրիչները՝ Դան Գելլերը և Դայնա Գոլդֆայնը, 2000-ին հրավիրվել էին Նյու Օռլեան՝ մասնակցելու «Բալե ռյուս» խմբում հանդես եկած պարող-պարուհիների հավաքին, որոնք միմյանց չէին հանդիպել առավելագույնը 40 տարի: Ֆիլմում երևում են շարժաթոռին գամված Միա Սլավենսկան, որ նայում է իր չորսամյա տարիքի լուսանկարը, 82-ամյա Նատալյա Կրասովսկայան (որ մնացել էր նույն պչրուհին՝ փորձելով իր երբեմնի խաղընկեր Ջորջ Զորիչի հետ միասին պարել Ժիզելի և իշխան Ալբերտի առաջին հանդիպման տեսարանը) և ուրիշներ: Այս հավաքույթին Չինարովան հանդիպել է երբեմնի «մանուկ պարուհիներին»՝ Իրինա Բարոնովային և Տատյանա Ռյաբուշինսկայային (երրորդը՝ Թամարա Թումանովան, արդեն մահացել էր): «Բալե ռյուս» ֆիլմում Չինարովան ասել է, որ բալետի գործը «դաժան է, շատ դաժան», հիշելով, թե ինչպես է Բալանչինը մի անգամ մերժել Ալեքսանդրա Դանիլովային տալ մի դեր, գտնելով, որ 27-ամյա պարուհին «շատ ծեր է» այդ դերի համար...

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1715
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:37
ԶՈՒԼԱԼ ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ
Article image Հայ երաժշտութեան եւ յատկապէս երգարուեստի համար խառնիճաղանջ մեր ժամանակներում, երբ բարձր երաժշտութիւնը բարձրագոյն մակարդակով անտեսւում է ու արհամարհւում, իսկ հայ երգը՝ աղճատւում ու խեղդւում օտարածին ու ցածրաճաշակ մեկնաբանութիւններով, յանկարծ տարբեր անկիւններից թարմ զեփիւռ է փչում՝ յոյս տալով, որ ամեն ինչ կորած չէ, որ դեռ կան հայ երգն անաղարտ ու միանգամայն ճաշակաւոր մեկնաբանողներ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott