artsvi.bakhchinyan
Logo

ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Արմենան եւՆարիման Խանի ընտանիքը

Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համարել է իր սեղանից անբաժան և անհրաժեշտ զարդը: Իսկ մեկ այլ ականավոր քաղաքական դեմք՝ Ժորժ Կլեմանսոն, գրել է, թե իրեն հայտնի չէ մեկ այլ կին, որ այդքան քաջատեղյակ լինի պատմությանը` միաժամանակ զարմանալով, որ այդ կինն արևելքցի է: Աշխատությունը բարձր են գնահատել նաև արձակագիր Ժյուլիետ Ադանը և այլք:

Ո՞վ է եղել այս Արմենան, որ ժամանակին այդպես իր վրա է բեւեռել եվրոպական քաղաքական և հասարակական միտքը:

Նա հայազգի իշխանուհի Աննա Նարիման խանն էր՝ եվրոպական հիմնավոր կրթություն ստացած, մի շարք լեզուների գիտակ, եվրոպական դիվանագիտական շրջաններում որոշակի ճանաչում ունեցող մեկը:

Հայրը՝ Նարիման (Ներիման) Խանը (1836–1906), պարսկական պետական գործիչ էր և գրող, սերված նշանավոր Ենիկոլոպյան տոհմից: Գրվել են նաև Էնիկոլոփ–Մամիկոնյան՝ իրեն համարելով Մամիկոնյան հարստության շառավիղ: Նարիման Խանը որդին էր 1795-ին Աղա Մահմեդ խանի կողմից Թիֆլիսից Թեհրան տարված, հետագայում Շիրազի և Սպահանի փոխարքա Սողոմոն Ենիկոլոպյանի (Սուլեյման խան Էնակոլոպյանց): Նարիման խանը պաշտոնավարել է Կ.Պոլսում, Եգիպտոսում և Իտալիայում, 1878–1904 թթ. եղել է Իրանի դեսպանը Վիեննայում, նաև՝ Հռոմում: Ակտիվորեն մասնակցել է Վիեննայի հանրային եւ մշակութային կյանքին: Գրել է պարսկերեն բանաստեղծություններ, կատարել գեղանկարներ պարսկական կյանքից: Վիեննայի նրա տունը մի կատարյալ թանգարան է եղել, միայն Այվազովսկուց մի քանի տասնյակ կտավներ են պահվել: Օժանդակել է պարսկահայ կրթարաններին: Նրա եղբայրը՝ գեներալ Ջհանգիր խանը (1833–1892) 1882-ին նշանակվել է Իրանի ճարտարարվեստի, այնուհետև՝ մշակույթի նախարար, Թեհրանում հիմնել հրետանու գործարան, եվրոպականացրել պարսկական բանակը, գրել պարսկերեն ստեղծագործություններ: Նարիման Խանը շատ գեղեցիկ է եղել և հաղթանդամ, մշտապես գրավել կանանց ուշադրությունը։ Հայտնի է, որ երբ մի անգամ եղել է Կահիրեում, ամեն օր միևնույն ժամին նույն փողոցով է անցնելիս եղել՝ արտաքին գործերի նախարարություն գնալու համար, մի կին այդ ժամերին պատուհանի առաջ միշտ սպասել է նրա երևալուն և մի անգամ վարդ է նետել նրան[1]։

Նրա կինը՝ իշխանուհի Տիկին Նարդուհի Նարիման խանը, սերել է պոլսահայ նշանավոր Տատյան ամիրայական գերդաստանից: 1850-ին Թիֆլիսում ամուսնացել է Նարիման Խանի հետ (ի դեպ, նրա քույրը՝ Մադլենը, ամուսնացել է նույնպես Թիֆլիսում, իշխան Նիկոլայ Բեհբուդովի հետ): Տիկին Նարդուհի Նարիման Խանն ունեցել է եղերական վախճան. 1910-ին արկածամահ է եղել Սան Ստեֆանոյի ծովափին[2]։

Նարիման խանն ունեցել է երկու դուստր՝ Մարի եւ կրտսերը՝ Աննա (ծնված 1867-ին, Վիեննայում): Մարին եղել է լուսանկարիչ, ամուսնացել է պարսից շահի պալատական նկարիչ մի պարսիկի հետ և նրան իր պես կաթոլիկ դարձրել, մի ժամանակ վերադարձել է Թեհրան, սակայն չդիմանալով հարեմի խստություններին՝ փախել է ամուսնական հարկից և մտել է Իտալիայում կաթոլիկ վանք որպես միանձնուհի[3]:

Նարիման խանի ընտանիքին հանդիպել և իր հիշողություններում նրանց մասին գրել է 1893 թվականի օգոստոսին Վիեննա բուժման մեկնած հայ հասարակական գործիչ, իշխանուհի Մարիամ Թումանյանը: «Երբ ես մեկնում էի Վիեննա, իմ սկեսուրը խնդրել էր ինձ, որ այցելեմ իր մոտիկ ազգականին, որը պարսից կառավարության կողմից նշանակված էր դեսպան Ավստրիայում ու մշտական ապրում էր Վիեննայում: Պարսից արշավանքի ժամանակ Թիֆլիզում շատ հայեր էին գերի տարված, նրանց թվում գտնվում էին սկեսուրիս մոտիկ ազգականներ Ենիկոլոփյանները: Հետագայում այդ ազգի մի քանի անդամները շատ առաջ գնացին և իրանց համար մեծ դիրք ստեղծեցին: Ենիկոլոփներից մեկը հայտնի մինիստր էր Պարսկաստանում և շատ սիրված ու հարգված էր շահից, իսկ նրա մյուս եղբայրն էլ՝ Neriman Khan-ը, դեսպան էր Վիեննայում, և հենց նրա մոտ պիտի գնայի ես:

Ինձ ասացին, որ Նարիման խանի ընտանիքը ամառանոցնումն էր ապրում, ոչ հեռու Վիեննայից, այսպես կոչված Voslay:

Երկու օրից հետո գնացք նստեցի և գնացի Voslay: Դժվար չէր գտնել այդպիսի հայտնի ընտանիքի բնակարանը, և ես իսկույն ուղևորվեցի նրանց ամառանոցը: Ինձ լավ ընդունեցին և խոստացան փոխայցելության գալ: Ինքը՝ Նարիման խանը, մի բարձրահասակ, հաղթանդամ մարդ էր, կատարելապես եվրոպացի: Նրա դեմքի արտահայտությունից երևում էր, որ շատ խելոք մարդ է և հմուտ քաղաքագետ, իսկ և իսկ ինչպես վայել է մի պալատականին: Ես իմացա, որ Ավստրիական կառավարությունը շատ հարգում էր նրան, և նա մեծ հեղինակություն ուներ: Տիկինը պոլսեցի էր, հայտնի Դադյանների ընտանիքից: Չնայած իր հասակին՝ դեռևս շատ գեղեցիկ էր, բայց նրանց 2 աղջիկները գեղեցիկ չէին, մանավանդ մեկը լավ կազմվածք չուներ: Նա հիշեցնում էր հորը իր խոշոր կազմվածքով, բայց կնոջ համար շատ կոպիտ էր երևում: Օրիորդների հագուստը շատ համեստ էր, և առհասարակ նրանք չէին թողնում այն տպավորությունը, որ այնպիսի փայլուն դիրք ունեին: Նարիման խանը թեև բոլորովին կտրված էր Կովկասից, բայց դարձյալ հետաքրքրվում էր մեր կյանքով և իր ազգականներով: Նա մանրամասն հարցուփորձ արեց ինձ և իսկույն գտավ այն ճյուղը, որին պատկանում էր սկեսուրս և որոշեց նրա հետ ունեցած իր ազգակցական կապը….

Իմ այցելության հետևյալ օրը հայրը ու անդրանիկ աղջիկը եկան ինձ մոտ հյուրանոց…. Նարիման խանը եկել էր 2 գեղեցիկ ձի լծած շքեղ կառքով, որի վրա դեսպանական նշաններ կային, իսկ կառապանի կողքին նստած ծառայողը նույնպես դեսպանական հագուստով էր: Ինքը՝ Նարիման խանը, հագած ուներ այցելության համար ընդունված մի զգեստ, իսկ նրա կրծքի մի կողմը զարդարված էր պարսկական շքեղ նշաններով:

Անկարելի է նկարագրել, թե ինչ շփոթություն առաջ բերեց հյուրանոցում այդ այցելությունը: Հենց որ կառքը կանգնեց դռան առաջ՝ իսկույն իմացրին վարիչին, որը վազելով ներքև իջավ, ընդունեց դեսպանին և առաջնորդեց նրան մինչև մեծ դահլիճը, որի դռները բացվում էին միայն բացառիկ դեպքերում: Ես հանգիստ նստած էի իմ սենյակում և ոչինչ չէի կասկածում: Հանկարծ դուռս ուժգին ծեծեցին և միանգամից 3 մարդ ներս խուժեցին: Ես շատ վախեցա, բայց իմանալով, թե բանը ինչումն է՝ իսկույն վեր կացա, որ ուղևորվեմ իմ սովորական ընդունելությանը, բայց ինձ նախազգուշացրին, որ դեսպանը մեծ դահլիճումն էր ինձ սպասում:

Թե՛ Նարիման խանը և թե՛ նրա աղջիկը ինձ վերաբերվում էին իբրև ազգականի, այնպես որ մեր զրույցը շատ մտերմական բնույթ ուներ: Ի միջի այլոց Նարիման խանը ինձ ասաց, որ մտադիր է դեսպանատանը ճաշ սարքել ի պատիվ Խրիմյան Հայրիկի և վաղօրոք ինձանից խոսք է առնում, որ անպատճառ ներկա լինեմ այդ հանդեսին»[4]: Այնուհետև իշխանուհի Թումանյանը մանրամասն նկարագրել է Վիեննայի պարսկական դեսպանատանը ի պատիվ Ամենայն հայոց հայրիկի տված ճոխ ընդունելության մասին:

1893 թվականն էր, և 26-ամյա Աննա Նարիման խանը չգիտեր, որ մեկ տարի անց սկսվող և պարբերական բնույթ ստացող հայկական կոտորածները փոխելու են իր կյանքը: Ցնցված համիդյան գազանություններից, որին զոհ են գնացել հարյուր հազարավոր հայրենակիցներ, նա ձեռնամուխ է եղել սոցիալ-հոգեբանական մի գիրք գրելուն: Այն լույս է ընծայել 1900 թվականին՝ Արմենա գրչանունով և «Տեսություն» խորագրով: Այն անմիջապես գրավել է եվրոպական հանրային մտքի ուշադրությունը, լույս են տեսել մի շարք գրախոսականներ: Հայ ականավոր գրող և քննադատ Արշակ Չոպանյանն ընդարձակ գրախոսել է այս գիրքը՝ բնորոշելով այն որպես «տարօրինակ, խառնաշփոթ, փոթորկայոյզ ու խռովիչ» և «ամենէն հզօր, ամենէն տարօրինակ, ամենէն վրդովիչ գիրքերէն մէկը»[5]: Ըստ նրա՝ հեղինակը գրել է կատարյալ ֆրանսերենով՝ լավագույնս յուրացրած լինելով նրա ոչ միայն նրբություները, այլև բրտությունները: «Ջղուտ, հետաքրքիր, մշտաշարժ միտք մըն է յայտնապէս, որ եւրոպական նոր քաղաքակրթութեան բոլոր երեւոյթներուն վրայ պտըտցուցեր է իր քիչ մը կրքոտ ու միակողմանի, բայց ինքնուրոյն տեսողութեամբ մը խուզարկող նայուածքը, եւ որ հակառակ Եւրոպայի մէջ կազմուած, Եւրոպայով սնած ըլլալուն՝ մինչեւ ոսկորներուն ծուծը Արեւելցի մնացեր է»: Գրքի նյութը հայոց կոտորածների և եվրոպական վատության քստմնելի պատմությունն է: Երբևէ տեսած չլինելով Հայաստանը, այլ միայն Եվրոպան՝ Արմենան ավելի լավ ճանաչում է երկրորդին, որի բոլոր ստորությունների, կեղծավորության ու շահամոլության հանդեպ ունեցած արգահատանքից է ծնունդ առել այդ գիրքը: Եվրոպայում ծնված հայուհու համար Եվրոպան վայելողների, խաբեբաների, շահագործողների դասակարգ է միայն, այն աստիճան, որ հայոց կոտորածների հանդեպ Եվրոպայի համատարած անտարբերությունը նշավակելիս բոլորովին անտեսում է այն եվրոպացիներին, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել ի պաշտպանություն հայ ժողովրդի և օգնության են փութացել նրան:

Չոպանյանը աշխատության ընդհանուր գաղափարը արդար և ճիշտ համարելով հանդերձ՝ դեմ է եղել հեղինակի որոշ տեսություններին և մեկնություններին: Նա հավանություն չի տալիս այն էջերին, ոտեղ Արմենան հայ մայրերին կոչ է անում իրենց զավակների հայացքն ուղղել դեպի երկինք, քանի որ այնտեղ է հայրենիքը, քարոզելով համբերություն, հանդարտություն և դեմ լինելով ամեն կարգի ինքնապաշտպանության և վրիժառության: Չոպանյանն առարկել է, որ Արմենան «անտարակոյս օր մը պիտի ըմբռնէ, որ հայ ցեղին համար այլեւս մէկ իտէալ մը, մէկ գործ մը, մէկ դեր մը կայ,– իր վրէժշնդրութեան պատրաստումը, իր ազատումին ծրագրումը. եւ այն՝ դպրոցով, եկեղեցիով, արհեստանոցով չէ այլեւս որ պիտի կարենայ իրագործել»[6]: Չոպանյանը քննադատել է նաև հրապարակախոսուհու հակահրեական հայացքները՝ դիտել տալով, որ «այդ ցեղին հարուստներուն գարշելիութիւնը պէտք չէ որ մոռցնել տայ անոր անհամար աղքատներուն անհուն ու դարաւոր թշուառութիւնը», նկատի ունենալով, որ հրեաները «մեզի եղբայր են դժբաղդութեան մէջ. եւ մենք ամենագեղեցիկ բան մը պիտի ընենք աշխարհիս առջեւ, եթէ անտեսելով հրէայ դրամատէրներէն մեր ազգային դատին մէջ կրած վնասերնիս, ցոյց տանք այդ հալածուող ժողովրդին՝ այն գթութիւնը, զոր աշխարհ մեզի զլացաւ»[7]:

Չոպանյանը հատկապես ժխտել է Արմենայի հակաեվրոպական կեցվածքը, նրա քամահրանքն այժմեական արդի քաղաքակրթության հանդեպ: «Ու մասնաւորապէս եթէ Արեւելքի մէջ կայ ցեղ մը որ բնաւ երբէք իրաւունք չունի Եւրոպային հանդէպ այդ ամբարտաւան լեզուն գործածելու, հայ ցեղն է…. Հայը, հակառակ Արեւելքի ցեղ մը ըլլալուն, եւրոպացի է քան ասիացի՝ իր խառնուածքով, ձգտումներով, կատարած ու կատարելիք դերովը: Հայը միշտ պէտք է ինքզինքը եւրոպական մարդկութեան մէկ հեռաւոր հատուածը նկատէ, եւ գանգատ յայտնելու պահուն իսկ՝ պէտք է գանգատի ոչ թէ իբրեւ արեւելցի մը որ Արեւմուտքին նզովք կþարձակէ, այլ իբրեւ եւրոպական ընտանիքին մէկ դուրսը մնացած զաւակը, որ տրտունջ կը բառնայ իր մօրը»: Վերջապես Չոպանյանը քննադատել է նաև Արմենայի սերը հին կաթոլիկ Ֆրանսիայի և արհամարհանքն ու ատելությունը՝ հեղափոխական Ֆրանսիայի հանդեպ, ու նաև այն պնդման, ըստ որի հայի օջախը մարեց նաև այն պատճառով, որ Ֆրանսիան թույլատրեց, որ իր ձեռն անցնի և իրեն ուղղորդի ֆրանկմասոնական կազմակերպությունը, որի մեծ կանոններից մեկն է «մարդու չար կամ բարի գործելու ազատությունը ճանաչելը»:

Արմենան հայկական բնորոշ լավատեսությամբ է ավարտել գիրքը. «Բայց օր մը պիտի արթննայ իմ հայրենիքս. դողացէ՛ք, որովհետեւ ձեր վրայ պիտի կաթկթի, գունատ Արեւմուտքի վա՛տ պետութիւններ, արիւնը, որ իր մարտիրոսի ճերմակ զգեստներէն կը վազէ…»: Այս առթիվ Չոպանյանը նկատել է, որ Արմենան, «որ այնքան գորովալից խանդաղատանքով մը, այնքան մսի ու արիւնի սիրով մը կը գուրգուրայ իր ցեղին վրայ», իր կնոջ մաքուր, անշահախնդիր, ներդաշնակ ու կաթոգին ձայնից հետո եթե «կորովի, եղբայրութեան, քաջութեան եւ յոյսի երգը հնչեցնէր մեզի, ամենէն անգին բարիքը պիտի ըլլար մեզի համար: Այս Միանձնուհիի գիրքէն յետոյ պիտի սպասենք ուրեմն Արմենայէն՝ Քրոջ գիրքը, վէրքեր կապող ու վհատ սրտեր ամրապնդող Քրոջ Գիրքը»:

Արմենայի «Նշումներին» ինքնատիպությունը տվողը նաեւ նրա լեզուն ու ոճն է: Այն գրված է շատ խառն ոճով. էքսցենտրիկ հեղինակը մաքուր և վերամբարձ լեզվի կողքին մեծապես տեղ է տվել նաև փողոցային, «սրճարանային» խոսակցությունների, երգիծաթերթի անպարկեշտ սրամտություններին, ժարգոնին:

1904-ին Սասունի կոտորածի առթիվ Աննա Նարիման խանը Լոնդոնի քաղաքական լրագրերից մեկում *** ստորագրությամբ տպագրել է «Մի օրիորդի զզվանքը» վերնագրված հոդվածը: Այն հայերեն թարգմանությամբ լույս է տեսել թիֆլիսահայ մամուլում[8]: Դարձյալ նույն կրքով Նարիման խանը իր զայրութն ու արգահատանքն է ուղղում եվրոպական տերություններին, հեգնում եվրոպական հատուկ հանձնախմբի առաքելությունը կոտորածի վայրեր: «Ձեզ հալածում են, ձեզ սպանում-կոտորում են, բայց ախր դուք էլ չափազանց էք բառաչում, պատասխանում են ձեզ նուրբ և իմաստուն քաղաքագետները: Ամենայն ինչ լաւ է, ասում են նրանք: Ապուշ կանաչ փաթթանների դէմ նախ քան մեր զզուանք արտայայտելը տեսնենք վտանգի մէջ են արդեօ՞ք մեր շահերը, այլապէս մեզ աւելի շահաւէտ է սեւերի (գաղթական աշխարհակալութեան անտէր մնացած հողերի տիրապետութեան) հարցը: Ուրեմն եւ վա՜յ ձեզ, եթէ ձեր կոտորածները մեզ չեն սարսափեցնում: Մեզ ահռելի տանջանքներ, անշուշտ ոճրագործութիւններ են պէտք: …Մեր ի՞նչ հոգը, եթէ ձեզ բոլորիդ էլ կոտորեն, քանի որ սուրբ քաղաքականութիւնը և մեր շահերը այդ են պահանջում»: Ի դեպ, Արմենայի հայրը՝ Նարիման խանը, նույնպես Սասունի կոտորածի առթիվ տեսակցել է Ռուսիայի արտաքին գործերի նախարար Լոբանովի հետ՝ փորձելով նրան համոզել փոխել հայերի հանդեպ քաղաքականությունը[9]:

Աննա Նարիման խանի դիրքորոշումը հստակ է. նա գիտակցում է, որ կրոնական մոլեռանդությամբ կուրացած մահմեդական տգետ զանգվածների բնազդների մեջ է «անհավատներին» կոտորելը, եթե այդ գրգռում են իշխանությունները և մանավանդ եթե դա կատարվում է «քաղաքակիրթ» Արևմուտքի լռելյայն հավանությամբ: Եվրոպայում բնակվող սրտացավ հայուհին այլ բան չէր կարող անել, քան գրչով պայքարել եթե ոչ «կանաչ փաթթանների», ապա գոնե եվրոպական կրավորական դիրքորոշման դեմ: Հայերի կոտորածները շարունակվել են, 1904-ի Սասունի կոտորածներին հետևեցին 1909-ի Ադանայի ջարդերը, ապա և պայթեց Մեծ զուլումը: Աննա Նարիման խանը Եվրոպական մամուլում թերևս այս առիթներով ևս հրատարակած լինի հոդվածներ, որոնք մեզ ծանոթ չեն:

Աննա Նարիման խանի կյանքի տվյալները մեծ մասամբ կցկտուր են: Հայտնի է, որ այցելել է Թիֆլիս, մեկ ամիս մնացել հանրային գործիչ, գրական-գեղագիտական սալոնի տիրուհի Զարուհի Նազարյանի տանը[10]: Ժամանակակիցները նրան հիշել են որպես պերճախոս, բազմալեզվագետ, հանրագիտարանային գիտելիքների տեր մի անձնավորության, բազմիմաց հատկապես գրականության եւ պատմության բնագավառներում, որի հետ հնարավոր էր ժամերով զրուցել ամեն ինչի մասին՝ առանց սպառվելու: Ժառանգել է հոր սերը կերպարվեստի հանդեպ եւ զբաղվել է նկարչությամբ: Ատել է պաճուճանքը եւ երբեք չի պճնվել:

Աննա Նարիման խանը վախճանվել է 1929-ի սեպտեմբերի 10-ին, Բրյուսելում, 62 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո: Մարմինը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել Պեր-Լաշեզ գերեզմանատանը՝ ընտանեկան դամբարանում[11]:




[1] Աննա Նակիպ Պութրոս Ղալի, Տատեանները. ընտանեկան յուշեր, Գահիրէ, 1981, էջ 39։

[2] Տես Հայ իշխանուհիի մը աղէտալի մահը, «Ժամանակ», 4.09.1910:

[3] «Ժամանակ», 28.10.1910։

[4] Մարիամ Թումանյան, Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողություները, Երևան, ԳԱԹ հր. 2003, էջ 79-80։

[5] Տես «Անահիտ», 1900,թ. 6-7-8, էջ 182։

[6] Նույն տեղում։

[7] Նույն տեղում, էջ 183:

[8] Տես «Տարազ», 1906, թ. 1, էջ 4։

[9] Նարիման խան Էնիկօլօպեան, «Կոչնակ», Բոսթոն, 3.11.1906, էջ 698:

[10] X, Գրական-գեղագիտական սալոնում, «Մշակ», 27.04.1914։

[11] Ժ. Ն., Աննա Նէրիման խան, «Յառաջ», 22.09.1929:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1875
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:37
ԶՈՒԼԱԼ ԵՐԳԵՑՈՂՈՒԹԻՒՆ
Article image Հայ երաժշտութեան եւ յատկապէս երգարուեստի համար խառնիճաղանջ մեր ժամանակներում, երբ բարձր երաժշտութիւնը բարձրագոյն մակարդակով անտեսւում է ու արհամարհւում, իսկ հայ երգը՝ աղճատւում ու խեղդւում օտարածին ու ցածրաճաշակ մեկնաբանութիւններով, յանկարծ տարբեր անկիւններից թարմ զեփիւռ է փչում՝ յոյս տալով, որ ամեն ինչ կորած չէ, որ դեռ կան հայ երգն անաղարտ ու միանգամայն ճաշակաւոր մեկնաբանողներ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott