hamlet.martirosyan
Logo

ԵԴԵՄԻ ԱՐԽԻՎԻ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ ՀԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ

Article image Բազմավէպ, 2011թ.

Նախնական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ Սյունիքի ժայռապատկերները վանկա-գաղափարագիր գրային համակարգ է, որը ստեղծվել է ոչ ուշ քան Ք.ա. XI հազարամյակը:[1] Մեր կատարած քննության ընթացքում նաև պարզել ենք, որ Սյունիքի ժայռապատկերներում առկա են շումերական և եգիպտական հարյուրավոր նշանագրեր:

Հետևաբար կարելի է ենթադրել, որ հին քաղաքակրթությունները (Շումեր, Էլամ, Եգիպտոս) հիմնողներն իրենց գրային համակարգերը ստեղծելու պահին պիտի տեղյակ լինեին Հայաստանում վաղուց գոյություն ունեցող պատկերագրությանն ու նրա գործածության սկզբունքներին: Նաև բնական է, որ նրանք պիտի օգտվեին այդ գիտելիքներից և անշուշտ պիտի հիշեին ու հիշատակեին այդ գրերի գտնվելու վայրը: Հին միջագետքյան և եգիպտական ավանդույթների համաձայն գիրը աստվածային շնորհ է և շումերներն ու եգիպտացիները այն ստացել են համապատասխանաբար Հայա և Թոթ աստվածներից: Սակայն առ այսօր հրապարակված շումերական ու եգիպտական գրավոր սկզբնաղբյուրները գրի ծագման առաջնային վայրի մասին ուղղակի աշխարհագրական ցուցումներ չեն հաղորդում:

Շումերա-եգիպտական մշակութային ազդեցության ոլորտին պատկանող, սակայն ավելի ուշ ժամանակաշրջանից եկող աղբյուրներում բարեբախտաբար այդպիսի ցուցումներ պահպանվել են: Կարևոր է, որ մեզ հետաքրքրող տվյալները պահպանվել են այնպիսի հավաստի ու հեղինակավոր տեքստերում, որոնց սկզբնաղբյուրները միջագետքյան են:

Մեզ անհրաժեշտ աշխարհագրական ցուցումը նախ գտնում ենք «Հոբելյանների գիրք» կոչվող հին մատյանում:[2] Ծննդոց գրքի այս պարականոն մատյանը նաև կոչվում է «Փոքր Ծննդոց», որում Սինայ լեռան վրա Մովսեսին հայտնված հրեշտակը Աստծո հրամանով նրան պատմում է արարչությունից մինչև այդ պահը տեղի ունեցած դեպքերը: Հոբելյանների գրքում հատուկ ուշադրություն է դարձվում դեպքերի առավել մանրամասն ժամանակագրությանը և այս առումով այն էապես տարբերվում է Ծննդոց գրքի ժամանակագրությունից: Եթե Ծննդոց գիրքը բերում է միայն երկու հաջորդական դեպքերի միջև եղած ժամանակահատվածը, ապա Հոբելյանների գիրքը բերում է բոլոր նշանակալից դեպքերի ժամանակը՝ հաշված արարչության պահից:

Հոբելյանների գրքում մեզ հետաքրքրող հատվածը բերվում է ջրհեղեղին անմիջապես հաջորդող դեպքերի նկարագրության մեջ: Այս աղբյուրը ևս Նոյի տապանի կանգառի լեռ է նշում Արարատ երկրի լեռներից մեկը: Սակայն ի տարբերություն Ծննդոց գրքի, Հոբելյանների գիրքը տապանակիր լեռան անունը նշում է Լուբար ձևով. «Նոյը խաղողի որթեր տնկեց Արարատի լեռներից մեկի՝ Լուբար կոչվող լեռան (լանջին), որի վրա կանգ առավ տապանը»:[3] Տապանի լեռը Լուբար (Lwbr twr‘) է անվանվում նաև մի այլ աղբյուրում՝ Ծննդոց գրքի ապոկրիֆում (I Q Genesis Apocryphon), որը 1947թ հայտնաբերվել է Կումրանի քարանձավում: Այս աղբյուրի X գլխի 12-րդ տողում ասվում է, թե «... տապանն իջավ Արարատյան լեռներից մեկի վրա», իսկ XII գլխի 13-րդ տողում Նոյի անունից ասվում է. «Ես իմ որդիների հետ սկսեցի հող մշակել և ես խաղողի այգի տնկեցի ... Լուբար լեռան վրա և չորս տարի անց այն ինձ գինի տվեց»: Նաև վկայվում է, որ Նոյը թաղվում է Լուբար լեռան վրա. «Եւ հանգավ Նոյը իր հայրերի հետ ու թաղվեց Լուբար լեռան վրա, Արարատ երկրում»:4 Այս վկայությունները նաև փաստում են, որ տապանակիր Լուբար լեռը գտնվում է Արարատ երկրում՝ Հայաստանում:

Ըստ Հոբելյանների գրքի, Նոյի երեք որդիներն իրենց բնակության համար քաղաքներ են կառուցում Լուբար լեռան շրջակայքում. Սիմը լեռան արևելյան լանջին, Հաբեթը՝ արևմտյան և Քամը՝ հարավային:[5] Սեմի, Հաբեթի ու Քամի սերունդները բազմանում են և իրենց համար բնակության նոր վայրեր հիմնում: Հոբելյանների գիրքը մանրամասնում է, թե ինչպես է Սեմի թոռը՝ Արփաքսաթի որդի Կայինամը (Կայինան) իր քաղաքը կառուցելու համար տեղ փնտրում: Իր որոնումների ընթացքում. «Նա գտնում է արձանագրություն, որը նախահայրերը գծագրել էին ժայռի վրա: Եւ նա կարդաց թե ինչ է գրված, թարգմանեց այն և գտավ, որ այնտեղ Պահապանների ուսուցանած գիտությունն է Արեգակի, Լուսնի և աստղերի կառքերի և երկնային նշանների մասին»:[6]

Հոբելյանների գրքի այս փոքր հատվածում բերված նկարագրությունից մենք հասկանում ենք, որ Կայինանի հայտնաբերած ժայռագրերը Մասիսից արևելք ընկած Սյունիքի ժայռապատկերներն են, որոնցում առակա են Արեգակի, Լուսնի, աստղերի, կառքերի պատկերները: Այն փաստը, որ Կայինանը ընթերցում և թարգմանում ու հասկանում է իմաստը, նշանակում է դրանք իմաստակիր գրեր են: Իսկ քանի որ, ըստ Կայինանի հասկացածի, այդ տեքստը վերաբերում էր երկնային լուսատուների շարժումներին ու երկնային նշաններին, ապա տեքստը պիտի ունենար դիցաբանական ձևակերպումներ:[7]

Հավատա՞լ, թե՞ չհավատալ այս հին գրավոր աղբյուրի վկայությանը: Մենք չհավատալու հիմքեր չունենք, քանի որ մեր վերլուծությունը ևս հանգեցնում է այն մտքին, որ հայկական ժայռապատկերները դիցաբանական փոքր սյուժեների վրա կառուցած պատկերագրային տեքստեր են:[8] Հոբելյանների գրքի «ընթերցում և թարգմանում է» արտահայտությունը վկայությունն է այն իրողության, որ Կայինանը պատկերագիրը ընթերցում ու դարձնում է խոսք՝ թարգմանում է:

Կայինանն իր ապագա քաղաքատեղի որոնումներն անշուշտ պիտի սկսեր պապի՝ Սեմի կառուցած քաղաքից, որը Լուբար=Մասիս լեռան արևելյան լանջին էր:[9] Լեռան հարավակողմը զբաղեցրել էին Քամի սերունդները, իսկ արևմտյան կողմը՝ Հաբեթի: Լեռան հյուսիսակողմը չի հիշատակվում, քանի որ այն հավանաբար դեռևս ծածկված էր Արարատյան ծովից մնացած լճերով ու ճահիճներով: Հետևաբար Կայինանը պիտի տարածվեր դեպի արևելք, որտեղ Լուբար=Մասիս լեռան դիմաց հյուսիսից հարավ ձգվում են ժայռագրերի լեռները՝ Գեղամա, Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաները: Եւ փաստորեն Կայինանը տեսել ու ընթերցել է այն ժայռագրերը, որոնք այժմ դարձել են մեր քննության նյութը:

Zoom Image
Նկար 1. Նմուշ Սյունիքի ժայռապատկերներից (լուսանկարը Ս. Շահինյանի):

Հոբելյանների գրքի այս վկայությունը հավատ է ներշնչում նաև այն պատճառով, որ դրանք հաստատվում են Հին Կտակարանի Ծննդոց գրքի տվյալներով: Հետազոտողները, ելնելով Հոբելյանների գրքի և կումրանյան պարականոն Ծննդոցի միջև եղած ընդհանրություններից, գտնում են, որ սրանց հեղինակներն օգտվել են մի ընդհանուր աղբյուրից, որը տարբեր է Հին Կտակարանի սկզբնաղբյուրից: Այս պարագայում Հին Կտակարանի վկայությունը անկախ է Հոբելյանների գրքից և հետևաբար նույնքան, կամ թերևս առավել արժեքավոր: Հին Կտակարանի վկայությունն անկախաբար արժեքավոր է նաև այն առումով, որ վերաբերում է նույն ժամանակաշրջանին ու նույն դեպքերին: Այժմ, այս պարզաբանումներից հետո, անդրադառնանք Հին Կտակարանի բուն վկայությանը:

Հին Կտակարանի Ծննդոց գրքում ասվում է. «Եւ նստաւ տապանն ... ի լերինս Արարատայ»[10], սակայն, ի տարբերություն Հոբելյանների գրքի, որոշակի լեռան անուն չի նշում: Հոբելյանների գիրքը նաև բավականին մանրամասն նկարագրում է թե ինչպես է Նոյը վիճակահանությամբ աշխարհը բաժանում իր երեք որդիների միջև: Այս առումով ևս Ծննդոց գրքի տվյալներն աղքատիկ են: Եթե որոշ տվյալներ են հաղորդվում Քամի սերունդների զբաղեցրած տարածքների մասին, ապա Սեմի ժառանգներից նշվում է միայն Եբերի երկու որդիներից Եկտանի և նրա 13 որդիների զբաղեցրած տարածքը: Թվարկելով Եկտանի որդիների անունները, Ծննդոց գիրքն այնուհետև ասում է.

Հայերեն տարբերակը - «Եւ եղեւ բնակութիւն նոցա ի Մասեաց մինչեւ ի գալ ի Սովփերա լեառնն Արևւելեայց»:[11]
Եբրայերեն տարբերակը - vyhy mvsbm mmsa bakh sprh hr hqdm
Հուներեն տարբերակը - και έγένετο ή κατοίκησιζ αύτών άττό Μασση ß ωζ έλθείν είζ Σωφηρα,ˆροζ άνατολών.
Լատիներեն տարբերակը - et facta est habitato eorum de Messa pergentibus usque Sephar montem orientalem.
Ռուսերեն տարբերակը - их земли простираются от Меши на восток, до Сефарских гор.

Ծննդոց գրքի այս կարճ հատվածից մեր քննության նյութը «Մասեաց» և «Սովփերա» տեղանուններն են, որոնք այլուր չեն հիշատակվում: Հետազոտողները դժվարանում են նույնացնել այս տեղանունները և դրանց ստույգ տեղադրությունը առ այսօր մնում էր անհայտ:[12]

Նախ անդրադառնանք Մասեաց, msa, Μασση, Messa, Меша տեղանվանը: Աստվածաշնչյան այս տեղանունը մեկնաբանները ծագեցնում են եբրայերեն meša = «ազատություն, փրկություն» բառից:[13] Քանի որ տեղանունը Հին Կտակարանում գործածվում է միայն այս հատվածում՝ ետջրհեղեղյան դեպքերի առնչությամբ, և կազմված է «փրկություն» իմաստը կրող արմատով, ապա մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ այն, որպես տեղանուն, ներկայացնում է փրկության լեռան անունը. այն լեռան, որի վրա հանգրվանեց տապանը: Այս տեղանվան հանրահայտության վկայությունն է նաև այն փաստը, որ տեղանունը հիշատակվում է առանց աշխարհագրական ցուցիչի (լեռ, երկիր, դաշտ և այլն): Անշուշտ հենվելով իրենց ձեռքի տակ եղած հավելյալ այլ փաստերի վրա, կարծում ենք նույն մոտեցումն են ցուցաբերել ս. Մեսրոպ Մաշտոցը և ս. Սահակ Պարթևը, երբ Ծննդոց գրքի թարգմանության ժամանակ հուներեն Μασση տեղանվան դիմաց դրել են «Մասեաց»: Հայերենի քերականության և հայոց ավանդության համաձայն «ի Մասեաց» նշանակում է «Մասիսներից», իմա՝ (Մեծ և Փոքր) Մասիսներ տեղանվան հոգնակի բացառական հոլովն է: Ընդ որում, որոշ ձեռագրերում, ինչպես նաև հետագա աշխարհաբար թարգմանություններում, գրված է «Մասեայ» (Մասէից) ձևը[14], որով ավելի ուշ շրջանի հեղինակները տեղանվան գրելաձևը համաձայնեցրել են մեկնաբանական տեսակետի հետ: Հայերեն Մասիս տեղանվան և եբրայերեն meša =«փրկություն» բառի միջև հավանաբար կա խորքային կապ, որի բացահայտումը այս պահին դուրս է մեր խնդրի շրջանակներից: Թերևս հարկ է միայն նշել, որ Հին Կտակարանի օտարազգի մեկնաբաններին անհայտ էր տապանակիր լեռան Մասիս անվանումը, քանի որ դեռ վաղ քրիստոնեական ժամանակներից տարածված և ընդունված էր Արարատ անվանումը, որն իրականում տապանակիր լեռան երկրի անվանումն է:

Այսպիսով պարզեցինք, որ Եկտանի և նրա 13 որդիների բնակության տարածքի արևմտյան սահմանը փրկության լեռն էր՝ Մասիսը: Մնում է պարզենք արևելյան սահմանը՝ ի դեմս Սոփեր լեռան, որը Ծննդոց գրքի հայերեն ձեռագրերում հիշատակվում է նաև Սովփեր, Սոփար, Սոփոր ձևերով: Հայոց մատենագրությունն ու ավանդույթներն այսպիսի տեղանուն չեն հիշատակում:

Ինչպես արդեն նշել ենք, Մասիսներից արևելք շղթա կազմած ձգվում են Գեղամա, Վարդենիսի և Զանգեզուրի լեռները: Այս լեռնաշղթաներն են հենց ժայռապատկերների հիմնական կուտակման կենտրոնները, իմա՝ ժայռագրերի լեռները: Ըստ Հոբելյանների գրքի, Մասիսից (=Լուբար) արևելք գնալով այս լեռներում է Եկտանի հորապապ Կայինանը հայտնաբերում ժայռագրերը: Հետևաբար Եկտանի ժամանակ ժայռագրերի լեռան տեղն անշուշտ հայտնի էր: Եւ այստեղ մեր խնդիրը հանգուցալուծվում է, երբ համեմատության մեջ ենք դնում «ժայռագրերի լեռ» և «Սոփեր լեռ» անվանումները:

«Ժայռագրերի լեռ» և «Սոփեր լեռ» անվանումները բացարձակ նույնական են այն պարզ պատճառով, որ սեմական ծագումով «սոփեր» բառը ունի «գիր, գրություն» իմաստ (ասորերեն sefrā = «գրություն, գիրք», sāfrā=«գրող», եբրայերեն spr, sfr =«պատմել, հաշվել, գրել», sōfēr =«գրող», արամերեն sāfrā =«գրող», արաբերեն sifr =«գիրք» և այլն): Հայ մատենագրության մեջ սրանցից փոխառված «սոփեր» բառը, որը բաձարձակ նույնական է Սոփեր լեռնանվան հետ, գործածվել է «գիր, տառ, վանկ, գիրք, մատեան, գրվածք» իմաստներով»:15 Այս բառով է կազմված Վենետիկում Մխիթարյան միաբանների հրատարակած «Սոփերք Հայկականք» ժողովածուն, որում հավաքել են միջնադարյան մանր, կարճ գրվածքները: Նման մի Սոփերք Հայկականք են Սյունիքի լեռներում սփռված ժայռագրերը, որոնք ի տարբերություն Մխիթարյան միաբանների ժողովածուի, ստեղծվել են ավելի քան 12÷13 հազար տարի առաջ:

Այսպիսով, Հոբելյանների գրքի և Ծննդոց գրքի տվյալները վկայում են, որ առնվազն Պաղեստինում և Միջագետքում (հայտնի է, որ Ծննդոց գրքի սկզբնաղբյուրները միջագետքյան են) գիտեին Հայաստանի ժայռագրերի գոյության մասին ու նաև գիտեին, որ դրանք գրի են առնվել նախաջրհեղեղյան նահապետների կողմից:

Այս վերջին վկայությունը ժայռագրերի մոտավոր թվագրման մի նոր հնարավորություն է ընձեռնում: Այդ հնարավորությունից օգտվելու համար պիտի դիմենք երկրաբանների օգնությանը: Երկրի տարբեր կետերում և ժամանակի տարբեր պահերի համար նրանք կատարել են օվկիանոսի մակարդակի չափումներ, որոնք ամփոփված են նկար 1-ում բերված գրաֆիկում:16

Zoom Image
Նկար 2. Օվկիանոսի մակարդակի բարձրացումը Վյուրմյան սառցապատումից հետո: Օրդինատների առանցքը ցույց է տալիս ժամանակի ընթացքը հազարամյակներով, իսկ աբսցիսների առանցքը՝ օվկիանոսի մակարդակի փոփոխությունը մետրերով:

Վերջին՝ Վյուրմյան սառցապատմանը հաջորդած տաք կլիմայի պայմաններում սկսվում է սառցադաշտերի ինտենսիվ հալոցքը և ~14 հազար տարի առաջ հալոցքի ջրերի առաջին զգալի ալիքը հասնում է համաշխարհային օվկիանոս: Դրան հաջորդած հազար տարիների ընթացքում օվկիանոսի մակարդակը բարձրանում է ավելի քան 30մ: Կլիմայի հետագա տաքացման արդյունքում սկսվում են հալվել նաև Երկրի բարձր լայնություններում գտնվող սառցադաշտերը և հալոցքի ջրերի նորանոր ալիքները շարունակում են ջրածածկ անել ծովափնյա տարածքները: Այդ աղետալի պրոցեսը ավարտվում է ~8000 տարի առաջ, որի հետևանքով օվկիանոսի մակարդակը ընդհանուր առմամբ բարձրանում է ~120մ: Ջրհեղեղի ալիքների աղետալի հետևանքները առավել շատ զգում են Չինաստանի արևելքի, Հարավ-արևելյան Ասիայի, Հնդկական թերակղզու հարավի, Միջագետքի, Միջերկրական ծովի ափամերձ շրջանի բնակիչները, որտեղ էլ պահպանվել են ջրհեղեղի մասին առավել ցայտուն հիշողությունները:

Երկրաբանական տվյալները համադրելով Հոբելյանների գրքի և Ծննդոց գրքի տվյալների հետ, ստանում ենք մի հավելյալ հիմնավորում, որ Սյունիքի ժայռագրերը փորագրվել են Ք.ա. XI հազարամյակից ոչ ուշ՝ ջրհեղեղից առաջ և նախաջրհեղեղյան նահապետների կողմից:


Համլետ Մարտիրոսյան

Աշխատանքը կատարվել է Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF, New York, USA) HU-History-2061 դրամաշնորհի աջակցությամբ:

-----------------

1 . Հ. Մարտիրոսյան, Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները, Բազմավէպ, 2008, էջ 198-247
Հ. Մարտիրոսյան, Հայկական նշանագրերի ուղին պալեոլիթից մինչև միջնադար, Բազմավեպ, 2010
2 . Книга Юбилеев: Введ. и рус. пер. проф. прот. А. Смирнова: 2-й вып. апокрифов Ветхого Завета. Казань, 1895. Սկսած այն պահից, երբ Հռոմի կաթոլիկ եկեղեցին «Հոբելյանների գիրքը» հայտարարեց պարականոն, արևմուտքում այդ գրքի հիշատակումները դադարեցին: Սակայն հունական եկեղեցին ժամանակ առ ժամանակ անդրադառնում էր այդ գրքին: «Հոբելյանների գիրքը» հիշատակում են նաև VIII-XIIդդ բյուզանդական հեղինակները (Գևորգ Սինկելլոս, Գևորգ Կեդրին, Միքայել Գլիկա, Հովհաննես Զոնար): «Հոբելյանների գրքի» ժամանակակից տարբերակը միսսիոներ Կրապֆը XIXդ 40-ական թվերին հայտնաբերել է Եթովպիայում՝ եթովպերեն լեզվով: Հետազոտողները գտնում են, որ գրքի նախնական լեզուն եղել է եբրայերենը և այն գրվել է Ք.ա. 160-70թթ միջակայքում:
3 . Հոբելյանների գիրք, VII
4 . Հոբելյանների գիրք, X
5 . Թվում էր, թե եղբայրներից որևէ մեկի բնակության վայր պիտի նշվեր բարեբեր Արարատյան դաշտը՝ Լուբար լեռան հյուսիսային մասը: Սակայն կարծում ենք, որ սա ուղղակի ցուցում է այն մասին, որ Արարատյան դաշտն այդ ժամանակներում դեռևս ջրածածկ էր: Ըստ երկրաբանական տվյալների, Արարատյան ծովը սկսել է նվազել Ք.ա. X-VIII հազարամյակներում:
6 . Հոբելյանների գիրք, VIII; Սեմի թոռ և Եբերի պապ Կայինանի անունը բացակայում է Ծննդոց գրքի եբրայերեն տեքստում: Ծննդոց գրքի հայերեն թարգմանության որոշ ձեռագրեր հիշատակում են Կայինանին, որոշները՝ ոչ: Կայինան անունը բերում են Հովսեփոս Փլավիոսը, Մովսես Խորենացին, Ծննդոց գրքի հուներեն ձեռագրերը և բերվում է Ղուկասի ավետարանում (գ, 36)՝ Հիսուս Քրիստոսի տոհմաբանության մեջ:

7 . Այս թեմային Հոբելյանների գրքից կամ այլ աղբյուրից հավանաբար ծանոթ էր նաև Վարդան Արևելցին (1198-1271թթ): Նա գրում է. «... Արփաքսադը իր հարյուր երեսունհինգերորդ տարում ծնեց Կայինանին. սա զարգացրեց քաղդեությունը, գտավ աստղերով գուշակելու միջոցը, որի համար իր որդիները նրան աստված համարեցին և նրա կենդանության ժամանակ նրա արձանը պատրաստեցին ու պաշտեցին այն» (Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Երևան, 2001, էջ 40):
8 . Հ. Մարտիրոսյան, Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները, Բազմավէպ, 2008, էջ 198-247
9 . Լուբարն անկասկած Մասիս լեռան անվանումներից մեկն է, որի իմաստն ու ծագումը կարոտ է պարզաբանման (տես՝ Ա. Մուշեղյան, Ո՞ր լեռան վրա է իջել Նոյան տապանը, ՊԲՀ, №1, 2003, էջ 3): Լեռան Լուբար անվանումը եբրայական միջավայրից, տվյալ դեպքում Հոբելյանների գրքից, է անցել քրիստոնեական գրականություն: Եբրայերենի համար էլ սկզբնաղբյուր են ծառայել միջագետքյան սեպագիր տեքստերը: Հետևաբար Լուբար անվան ծագումն ու իմաստը պարզելու համար անհրաժեշտ է դիմել սեպագրական տվյալներին:
Քանի որ Լուբար լեռը ներկայացվում է որպես ջրհեղեղից փրկվելու վայր, ապա բնական է ենթադրել, որ անվան իմաստը պիտի կապ ունենա «ջրհեղեղ» կամ «փրկություն» հասկացություններից մեկն ու մեկի հետ: Շումերենում «ջրհեղեղ» բառն արտահայտվում է URU2=URUxUD և URU18=URUxA գաղափարագրերի միջոցով: Սակայն, քանի որ URU սեպն ունի LU8 ընթերցում, UD սեպը՝ PAR, BAR6 ընթերցումներ, իսկ A սեպը՝ BARx ընթերցում, ապա «ջրհեղեղ» իմաստի համար հնարավոր է նաև վերականգնել URU2=LU8x BAR6=Lubar և URU18=LU8xBARx=Lubar ընթերցումներ: Հետևաբար սեպագրական տեքստի թարգմանը «Լուբար լեռ» անվանման մեջ դրել է «Ջրհեղեղի լեռ» բառացի նշանակությունը:
Շումերական գաղափարագրի Lubar ընթերցումն ամենայն հավանականությամբ պատկանում է այն սխալ ընթերցումների ու մեկնաբանությունների թվին, որոնցով առատ են հետսեպագրական շրջանի եբրայերեն ու հուներեն տեքստերը: Նշենք նման թյուր ընթերցումների ու մեկնաբանությունների մի քանի օրինակ.
ա. շումերագետ Ս. Կրամերը նկատելով, որ շումերեն ti բառն ունի «կող» և «կյանք» իմաստները, իրավացիորեն նոր մեկնաբանություն տվեց Ծննդոց գրքում Ադամի կողից Եվայի ստեղծման դրվագին: Իրականում Աստված Եվային ոչ թե Ադամի կողից ստեղծեց, այլ Ադամի կյանքից վերցրեց ու ստեղծեց Եվային (հմմտ. շումերեն ti «կյանք» և հայերեն տի =«տարիք, հասակ, կյանքի տևողություն»):
բ. Ծննդոց գրքում Եդեմից բխող ու չորս գլուխների բաժանվող մայր գետը եբրայերեն բնագրում անվանվում է Nagar: Այս անվանումն էլ է գալիս շումերենից, սակայն շումերենում այս սեպն ունի նաև Haia, Haya ընթերցում: Հայտնի է, որ dEN.KI = dHaia = Հայ Աստվածը քաղցրահամ ջրերի տիրակալն է և հետևաբար գետի անվան համար շումերական սեպի NAGAR ընթերցման փոխարեն պետք էր վերցնել Haia ընթերցումը:
գ. Ըստ Նիկողայոս Դամասկեցու հաղորդած տեղեկության, որը պահպանվել է Հովսեպոս Փլավիոսի «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ, ջրհեղեղից փրկող լեռն անվանվել է Բարիս: Շումերական շրջանում

Zoom Image

սեպերը տարբերակվում էին, սակայն ասուրա-բաբելական շրջանում նրանք նույնանում են և արտահայտվում խաչվող երկու սեպերով ( Zoom Image ), որը կարող ենք ընթերցել ինչպես BAR, այնպես էլ MAS, MAŠ: Հետևաբար ջրհեղեղի լեռան անունը հնարավոր է ընթերցել և Բարիս, և Մասիս, որը և ճիշտն է (այս օրինակն ըստ՝ Ա. Մովսիսյան, Սրբազան լեռնաշխարհը, Երևան, 2004):
Նման օրինակները շատ են, որոնք, մանավանդ տեղանունների դեպքում, դժվարացնում են այդ տեքստերի հիման վրա պատմական դեպքերի քննությունը:
10 . Ծննդոց Ը, 4
11 . Ծննդոց Ժ, 30: Տես՝ Գիրք Ծննդոց, քննական բնագիր, աշխատասիրությամբ Ա. Զեյթունյանի, Երևան, 1985:
12 . Տես՝ Ecyclopedia Biblica, ed. T.K. Cheyne, London, 1903; В. Вихлянцев, Библейский словарь, Москва, 1994; Կա նաև տեսակետ, թե Եկտանի որդիների բնակության վայրը սահմանագծող այս տեղանունները գտնվում են Արաբական թերակղզու հարավ-արևմտյան մասում: Օրինակ Ջ. Գիլլը (J. Gill, 1697-1771թթ) կարծում էր թե «Մեշան, Պտղոմեոսի և Պլինիոսի Մուզան է, որը Կարմիր ծովի նավահանգիստ էր, ուր հաճախ էին առևտրականներ այցելում Եգիպտոսից ու Եթովպիայից»: Մոտավորապես նույն կարծիքն է հայտնում Ու. Սմիթը (W. Smith, A Dictionary of the Bible, 1868-1870yy), Է. Նյուստրեմը (Э. Нюстрем, Библейский энциклопедический словарь, 1868г), Ա. Լոպուխինը (А. Лопухин, Толковая Библия, 1904-1913гг): Սակայն այս տեսակետը անհիմն է, քանի որ նախ Արաբական թերակղզին ոչ թե Սեմի, այլ Քամի ժառանգների տարածքն է (տես՝ Հոբելյանների գիրք, VIII-IX) և երկրորդ՝ այս տեսակետը հիմնվում է միայն տեղանունների պատահական նմանության վրա և այլ հիմնավորումներ չունի:
13 . Ф.Ринекер, Г.Майер, Библейская Энциклопедия Брокгауза, 1994
14 . Տես օրինակ՝ Աստվածաշունչ, Արեւելահայերէն նոր թարգմանութիւն, Մայր աթոռ ս. Էջմիածին, 1994
15 . Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, տես՝ «սոփեր» բառահոդվածը:
16 . N. L. Bindoff, J. Willebrand et al, Oceanic Climate Change and Sea Level, Cambridge, UK, Cambridge University Press, 2007; F. Kevin, P. Johnston, D. Zwartz et al, Refining the eustatic sea-level curve since the Last Glacial Maximum using far- and intermediate-field sites, Earth and Planetary Science Letters, 1998, 163 (1-4), p. 327

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 4923
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2016
26
Հունվ
»03:59
ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Article image Մաս I: Աշխարհի պորտն այնտեղ է, որտեղ կյանքի ու արարչական գաղափարների սրբազան ակունքներն են: ...
Կարդալ
2014
28
Սեպտ
»19:36
ՍԻՍԻԱՆ, ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ, ՑԻՑ ՔԱՐԵՐ ...
Article image Այս աշխատանքը նվիրված է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվող մեգալիթյան կառույցին, որի պաշտոնական անվանումն է Զօրաց քարեր, իսկ գիտա-մասսայական գրականության և լրատվական միջոցների հրապարակած նյութերում առավելապես հայտնի է Քարահունջ անունով:...
Կարդալ
2013
29
Հոկտ
»18:05
ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻ ...
Article image ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ կամ ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿ Է ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼ - Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան...
Կարդալ
2013
03
Մայ
»11:36
ՄԱՅՐ ԳԵՏԻ ԵՐԿԻՐԸ - Հատված Համլ ...
Article image «Առյուծ» նշանագրի քննության ժամանակ պարզեցինք, որ Սյունիքի ժայռապատկերներում կետի և առյուծի պատկերներով գաղափարագրվել է գետառ=«մայր գետ» բառը, իսկ թևավոր առյուծի (չշփոթել անգղառյուծի հետ) պատկերով գաղափարագրվել է հոմանիշ հաւառի=«մայր գետ» բառը: Շումերերենում հայերեն1 «գետ» բառի գրության մի ձևին անդրադարձել ենք վերը: Այժմ դառնանք գետ=«գետ, ջրի հոսանք» բառի վանկագիր ki-ta=ke-ta=ge5-ta=gi5-ta=kita/keta/geta/gita գրելաձևին: Այս բառը շումերերենում ունի «ցածը, ներքևը, տակը, խորքը» իմաստ (աքքադ. šaplū...
Կարդալ
2013
01
Մարտ
»14:32
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ...
Article image Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott