ՀԱՅԵՐԵՆ «ԹՈՒԹ» ԵՎ «ՄԱՀՈՒԴ» ԲԱՌԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ, ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ
Պոլինեզիացիների «ասիական ծագման» տեսակետն այսօր գիտականորեն ամենահիմնավորված և ամենաշատ կողմնակիցներ ունեցող տեսակետն է: «Ասիական ծագման» տեսակետի կողմնակիցների ծանրակշիռ փաստարկներից մեկը, լեզվական և մշակութային անուրանալի ընդհանրություններից զատ, պոլինեզիացիներին հայտնի մշակաբույսերն են: Հայտնի է, որ Պոլինեզիայի առաջին վերաբնակիչներն իրենց հետ բերել էին «...բոլոր մշակաբույսերի տնկաշիվերը, շաքարեղեգ, թռչուններ, հավեր, խոզեր»:
«Պոլինեզիացիներն ունեին բարձր զարգացման հասած հողագործություն, նրանք մշակում էին 27 տեսակի մշակաբույսեր, որոնք համարյա բոլորը, բատատից բացի, ունեն ասիական ծագում»: Պոլինեզիացիների «ասիական ծագման» տեսակետի կողմնակիցները պոլինեզացիների նախահայրենիքը փնտրում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաչինում, Ինդոնեզիայում: Սակայն բացահայտված հայ-պոլինեզյան տարատեսակ (բառային, քերականական, բուսանվանական, ցեղանվանական, անձնանվանական, տեղանվանական, դիցանվանական) ընդհանրությունները բավարար հիմք են ստեղծել այդ նախահայրենիքը մեծ հավանականությամբ Հայկական լեռնաշխարհում տեղորոշելու համար:
Ասիական ծագում ունեցող բույսերից մեզ հետաքրքրում է պոլինեզիացիների կենցաղում մեծ կիրառություն ունեցող ծառատեսակներից մեկը: Տեղացիներն այն անվանում են mahute1 (ma-hute) կամ maute (ma-ute), լատիներեն անվանումն է՝ Broussonetia papirifera (նկ. 1):
Այս ծառը պատկանում է թթենազգիների ընտանիքին, տարածված է Արևելյան (Չինաստան, Ճապոնիա, Թայվան, Կորեա) ու Հարավարևելյան (Կամբոջա, Լաոս, Մյանմա, Թաիլանդ, Վիետնամ, Մալազիա) Ասիայում: Նրա մատղաշ ընձյուղների կեղևն օգտագործվում է բարձրորակ թուղթ ստանալու համար: Բուծահարմարեցվել է (натурализация) Օվկիանիայում: Սև թթենին (նկ. 2) տարածված է Միջերկրական ծովին հարող երկրներում և հարավարևմտյան Ասիայում, նրա հնագույն հայրենիքը համարվում է Առաջավոր Ասիան, այսինքն այն Հայաստանի բնաշխարհիկ ծառատեսակ է:
Այս ծառի նրբակեղևից (մատղաշ ծառի կեղևի ներսի շերտը) պատրաստված մանրաթելը և դրանից պատրաստված հագուստը ռապանույցիներն անվանում են mahute tutu: Այս բառակապակցության մեջ մտնող երկու բառերն էլ ունեն հայերեն տառացի զուգահեռներ՝ մահուդ և թութ: Փորձենք ստուգաբանել դրանք՝ հենվելով ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրություններին հատուկ հնչյունական համապատասխանությունների, հնչյունափոխական կայուն օրինաչափությունների և ռապանուերենում պահպանված պարզական արմատների վրա:
Ռապանուերեն mahute1–ի տառացի զուգահեռը հայերեն անհայտ ծագման, չստուգաբանվող մահուդ բառն է, որ նշանակում է «թաղիքանման խավով բրդյա կամ կիսաբրդյա հաստ գործվածք», «խավավոր հաստ բրդե գործվածք», «չուխա» : Ունենք նաև ռապան. mahute2 «թոկ, պարան» իմաստով բառ:
Ինչպես տեսանք, ռապանուերեն mahute1 ծառանունը ստուգաբանվում է որպես ma և hute բաղադրիչներից կազմված բարդություն:
Սրանցից առաջինը՝ ռապ. ma2 պարզական արմատն ունի «համար» իմաստ, ինչով նույնանում է հայերեն բրբ. (Թբ.) ամա, համա և համար «համար» բառին:
Երկրորդ՝ huti արմատն ունի հետևյալ իմաստներ. huti2 1) «պարան, բարակ թոկ, առատուկ», «աղեղալար, ձգաճոպան», 2) «թելիկ, մազաթել, նրբաթել (վուշի, կանեփի և այլն)» իմաստ: Այս արմատի՝ ս-ով աճած տարբերակները հայերենում գտնում ենք հետևյալ բարբառային բառերի մեջ. հուստակ (ՆԲ) «հյուսած մազ», հուստկել (Մշ., Բղշ.) «հյուսել (մազերը)», հուսք (ընդհ.) «մազերի հյուս, հյուսված մազ» (հմմտ. նաև ռապ. hatu2 «հյուսել, գործել» արմատը):
Այսպիսով՝ ռապան. mahute1 ծառանունը և mahute2 «թոկ, պարան» բառը հնարավոր է ստուգաբանել որպես ռապանուերեն ma2 «համար» + huti2, «թելիկ, նրբաթել, մազաթել» արմատական ձևույթներից բաղադրված կազմություն՝ «նրբաթելի, մազաթելի, թոկի, պարանի ևլնի համար» իմաստով: Այսինքն՝ ծառանունը հուշում է վերջինիս կիրառման բուն նպատակը:
Ռապանուերենին, հայերենին և ռապանուերեն-հայերեն ընդհանրություն-ներին հատուկ է h/k հերթագայություն , ինչպես օրինակ՝ ռապ. հine «կանացի», թաիթերեն vahine «կին» - բնիկ հայ. կին «կին», ռապ. herou «ձկնորսական կարթ» և here2 «որսալ կակղամորթներ թակարդով» - բնիկ հայ. կեռ «ծուռ, կեռ, կեռիկ, ճանկ», կարթ «ձուկ որսալու ճանկ», ռապ. hau6 «անձրևի կաթիլ» - բնիկ հայ. կաթ «շիթ, կայլակ, կաթիլ», ռապ. havahava «կավի գույները, կավային» - (*)կաւ «շաղուած հող, տիղմ» , «մի տեսակ հող, բրուտի կաւ», ռապ. huri5 «թրջել, թացացնել», «ջուր տալ», «ջրել», «լցնել» - բնիկ հայ. կորի «ջրի նեղ առու՝ արտը ջրելու համար», ռապ. հerahi «չափազանց» - հայ. կարակի «յոյժ», ռապ. հamene «ցանկանալ» - հայ. կամ «կամք, կամեցում, կամ», ռապ. hereke «խոց, վերք» - հայ. կեղ «մարմնի վրա երևացող հոծ սպի», ռապ. հutihuti «հավաքել» - հայերեն կոյտ «բարդ, խումբ, բազմութիւն» և այլն:
Ըստ այդմ՝ ռապանուերեն huti2 «պարան, բարակ թոկ, առատուկ», «աղեղալար», «թելիկ, մազաթել, նրբաթել (վուշի, կանեփի և այլն)» իմաստներ ունեցող արմատը հայերենում պետք է ունենար նաև *kuti զարգացում: Այս արմատի՝ տարբեր բաղաձայն հավելումներով աճած, նաև հնչյունափոխված տարբերակները ևս գտնում ենք հայերենում: Դրանք են՝ հայերեն բրբ. կուտին «կարճ թևերով մազե հաստ բաճկոնակ», կուտիկ3 (Վն.) «սև բրդից գործած վարդապետի ու քահանայի վեղար», կուրտիկ (Վն.) «բրդյա կամ բամբակյա անթև բաճկոն», կուռտիկ/կուրտիկ (Ար., Վն., Գնձ., Կր.,Աբ.) «կանանց անթև, վերարկուանման վերնազգեստ», անհայտ ծագման կուսթ «վուշ», «քթան, կտավ», անհայտ ծագման քիստ «ցորենի հասկի վրայի փշոտ մազեր», անհայտ ծագման քուղ (բրբ. քօղ) «ոլորած քող, դերձան», անհայտ ծագման քուրջ «ցնցոտի, հին շորեր», իրանական (միջին պրսկ. *kurz-ից) փոխառություն համարվող քուրձ «մազեղեն, մազեղենից պատրաստված պարկ», թերևս նաև ուշածին, չստուգաբանվող քուրք «մուշտակ»-ը:
Այսպիսով՝ ռապանուերեն ma «համար» արմատին համապատասխանում է հայերեն բրբ. ամա/համա/համար «համար» բառը, իսկ ռապանուերեն huti արմատի օրինաչափ զարգացման արդյունք են հայերեն հուստ-, կուսթ, քիստ, քուրջ, քուրձ, քուղ և այլ բառեր, որոնք ցուցաբերում են նաև իմաստային լիակատար համընկնում: Այս փաստերը ցույց են տալիս, որ ռապանուերեն mahute ծառանվան տառացի զուգահեռը՝ հայերեն չստուգաբանվող, անհայտ ծագման մահուդ բառը բնիկ հայերեն բառ է և նրա նախնական իմաստն էր՝ «նրբաթելի, մազաթելի, պարանի, թոկի, առասանի համար»:
Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում ռապանուերեն mahute tutu բառակապակցությունը, որով անվանում են այդ ծառից ստացված կեղևակտորը և նրանից պատրաստված հագուստը: Քանի որ ռապանուերեն tutu–ից վերջնահնչյունի օրինաչափ անկումով ստանում ենք հայերեն թութ «թութ (պտուղ)» բառը (բրբ. թութ, թութը, թօթ, թիւթ) և ծառը, որի նրբակեղևն օգտագործում էին նրբաթել ստանալու համար, պատկանում է թթենազգիների ընտանիքին, առաջին հայացքից այն կարող էր ստուգաբանվել որպես «թութ՝ (իմա՝ թթենի) նրբաթելի, մազաթելի համար»:
Հայերեն թութ բառը համարվում է «փոխառություն արամեերեն tūtā-ից (իրանական միջնորդությամբ): Այլալեզու հոմանիշներն են՝ արաբ. tüt, պհլ. tūt, պրսկ. tūt, ուտ. թութ, արևել. թրք. tut, թուշ. թութ, վրաց. թութա, օսս. թութա, չեչեն. dət, ինգուշ. dət, կումիկ և լեզգ. թութ, յակուտ. tït, հինդուստ. tut, tuta, գնչ. dut, tu, բոհեմ. dut, քրդ. tu, բոշա լութ»:
Ռապանուերեն tutu բառն ակնհայտորեն կրկնավոր բարդություն է՝ կազմված անհնչյունափոխ tu պարզական արմատից, որից էլ անհրաժեշտ է սկսել ստուգաբանությունը: Ռապանուերեն tu պարզական արմատը պահպանված է ռապանույյան դիցարանի ռազմի, պատերազմի աստծո Tu (Տու) անվան և utua (u-tua?) բառի մեջ, որն ունի «պատիժ», «պատժել» իմաստ: Այս արմատի հայերեն տառացի զուգահեռները բնիկ հայերեն տալ «տալ, յանձնել, վճարել» (հնխ. də, dō, d-) «բազմաթիվ ոճերով և փոխաբերական իմաստներով գործածված բայի երեք արմատական ձևերն են (Երև. գործածւում է նաև «զարնել» իմաստով):
ա) տու, որից ունենք կտ. ետու, անց. դերբ. տուեալ, շնչեղ տարբերակը գտնում ենք բնիկ հայ. թու-խ «խփում, խփելը. թխում, թխելը» բառերի մեջ (հ.-ե. *tukh-՝ *(s)teuk- «հրել, խփել»),
բ) տուր «տալը, ծեծելը, ծեծ, կռիվ», որ ստացվում է առաջին բաց վանկից հետո ր աճականի հավելման հայտնի օրինաչափությամբ և գործածվում է որպես տալ բայի հրամայականը,
գ) ռապանուերենում և այլ պոլինեզիական լեզուներում առկա է նաև ta3 «խփել, հարվածել» արմատ (ռապանուերեն ta3, tata3 «խփել», ՆԱՆ *taktak, ՆՊՆ *ta, ռապանուերեն tata, տոնգա ta, սամոա ta, մարկիզերեն ta, թաիթերեն ta, tata, հավայերեն ka, մաորի, մանգարևա, տուամոտու ta): Վերջինս նույնանում է բնիկ հայերեն տալ բայի տա արմատական ձևի հետ, որից ունենք ներկա՝ տամ, ապառնի՝ տաց ևլն (տես նաև հայ. բրբ. տալ1 «ծեծել» ): Նախաավստրոնեզերեն *taktak-ին տառացիորեն համապատասխանում են բնիկ հայերեն թակ, թակեղն «գավազան, թակ, մահակ», «փայտ, մուրճ» (հ.-ե. *teg- (*teg-no-) *(s)teg-), բրբ. թակ2 «ծեծ», «փայտե տոփիչ, որով տանիքները տոփելով (հատկապես անձրևային եղանակներին) պնդացնում են», «լվացքը ծեծելով մաքրելու հարմարանք», «բուրդ ծեծելու գլանաձև փայտ», «միս ծեծելու փայտ», նաև բրբ. թակել/թակնել/թեգել «ծեծել», բրբ. թակեթակե (թըկըթակե) «ծեծկռտուք», թակութակ «ծեծելու աստիճանի հասած» բառերը:
Ակնհայտ է, որ ta/tu պարզ արմատի և նրանով կազմված բոլոր այս բառերի հիմնական իմաստն է՝ «խփել, թակել, ծեծել, հարվածել»: Հայտնի է նաև, որ թթենու պտուղները՝ թութը, հավաքում են ծառի ճյուղերին խփելու, հարվածելու, թակելու միջոցով: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հայերեն թութ բառը ևս բնիկ հայերեն տու պարզ արմատով կազմված կրկնավոր բարդություն է (*տուտու>*թութ(ու)>թութ), որի նախնական իմաստն էր «խփել, հարվածել, զարնել, թակել ևլն»:
Նույն արմատի կրկնությամբ բարդություններն առկա են նաև այլ պոլինեզիական լեզուներում. ռապանուերեն tutu «խփել, ծեծել», ՆԱՆ *tutu, ՆՊՆ *tutu, տոնգա tutu, մարկիզերեն tutu, թաիթերեն tutu, հավայերեն kuku, մաորի tutu, մանգարևա tutu: Այս բառի բնիկ հայերեն զուգահեռներից են նաև տոփել/թոպել (հ.-ե. *doph-՝ *deph-), բրբ. տփել «ծեծել, կոխոտել», տես նաև բրբ. տուր տալ «ծեծել»:
Իսկ ռապանուերեն tukituki1 «խփել», «թակել, ծեծել, բախել», «մանրել, ծեծել, լոսել», ՆԱՆ *tuktuk, ՆՊՆ *tuk-i, տոնգա tuki, սամոա tu’i, թաիթերեն tu’i, հավայերեն ku’i, մաորի tuki, մանգարևա tuki, տուամոտու tuki արմատի բնիկ հայերեն զուգահեռները նույնպես թակ, թակաղ, թակեղն «գավազան, թակ, մահակ», «փայտ, մուրճ» բառերն են (բխեցվում են հ.-ե. *teg- (*teg-no-) *(s)teg- -ից):
Հարկ է նշել նաև, որ «ծեծել, թակել, տոփել» իմաստը կապված է ոչ միայն պտուղները հավաքելու եղանակի հետ: Հավայան կղզեխմբում ամենանշանավոր «գործվածքը» հնուց ի վեր պատրաստում էին թթենու (անգլ. Paper Mulberry, հավայ. Wauke) նրբակեղևից: Ծառի 2,5 սմ հաստությամբ մեկ բնից ստանում էին մոտ 0,5 մետրանոց կեղև, որովհետև այն կտրում, պլոկում էին այնքան դանդաղ, որ այն հասցնում էր վերաճել: Այնուհետև կեղևը ջուրն էին դնում, թացացնում , որից հետո երկար ծեծում, թակում, տոփում էին և ներկում խոտաբույսերով: Ստացված «ժապավենների» ծայրերը սոսնձում էին իրար և նորից միասին ծեծում, թակում:
Արդյունքում ստացվում էին փափուկ բնական վերմակներ, կիսաշրջազգեստներ և ազդրերը ծածկող փաթաթաշորեր, ազդրաշորեր (набедренные повязки): Պարզ է դառնում, որ «ծեծելը, թակելը, տոփելը» վերաբերում էր ոչ միայն պտուղները հավաքելու եղանակին, այլև ծառի նրբակեղևը «ծեծելու, թակելու, տոփելու»-ն:
Նկ. 5. Տապա (masi), 1800-ական թթ., Ֆիջի (Նեյման Մարկուսի ստեղծագործությունների հավաքածու, Հոնոլուլու)
Այսպիսով՝ ռապան. mahute tutu բառակապակցությունը, որով անվանում են թթենու նրբակեղևից ստացված «գործվածքը», նշանակում է «նրբաթելի, մազաթելի համար ծեծել/-ած, թակել/-ած, տոփել/-ած»:
Հավայերեն լեզվում այս «գործվածքը» կամ կեղևակտորը կոչվում է kapa, այլ պոլինեզիական լեզուներում՝ tapa: Հավայերեն kapa-ն տառացիորեն նույնանում է հայերեն
ա) կապայ «մի տեսակ զգեստ» բառին, որ համարվում է փոխառություն արաբ. gabā «պարեգօտ, առջևը բաց զգեստ»-ից, տարածված է տարբեր լեզուներում՝ հիմնականում ձայնեղ տարբերակով (հմմտ. հայերեն բրբ. (Ննխ., Սեբ.) գաբա «կապայ» և (Ղրբ.) գյmբm «գորգ» բառերը),
բ) կապակ «կարճ պարեգօտ, մի տեսակ կապայ» բառին, համարվում է փոխառություն թաթարերեն kepek «կապայ, վերարկու» բառից, որն էլ իբր «ծագում է վերոյիշեալ արաբ. պրս. gaba ձևից»,
գ) կոփ (կուփ) «խփում, ծեծում, տաշում» բառին, որը Գ. Ջահուկյանը համարում է «թերևս բնաձայնական կազմություն, որի հիմքերը հասնում են մինչև հնդեվրոպական *(s)kep/b(h)- «սուր գործիքով կտրել, ճեղքել» արմատը, և որը, որպես բնաձայնական արմատ, չի ենթարկվել բաղաձայնական տեղաշարժի. հմմտ. ալբ. kep «կտրել, տաշել, ծակել, փորել », լիտվ. kapóti «կտել, ծեծել», հ. սլ. kopati, ռուս. копать «փորել»»: Այնինչ կոփ, մանավանդ կուփ բառի պարզ կո/կու արմատները գտնում ենք հավայերեն kuku «խփել, ծեծել» ձևի մեջ:
Մեր կարծիքով՝ ռապանուերեն, հավայերեն և հայերեն բառերի տառացի նույնությունը և իմաստային ընդհանրությունը ցույց են տալիս, որ դրանք շատ հին ու բնիկ հայերեն բառեր են և հայերենից են անցել այլ լեզուների, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ նորագույն հետազոտությունների արդյունքում պոլինեզիական լեզուների տարիքը գնահատվում է 40-50 000 տարի: Ենթադրում ենք, որ դրանք ծագել են tapa արմատից, որի բնիկ հայերեն զուգահեռն է տոփել (տփել) «ծեծել, կոխոտել» (հ.-ե. *doph-՝ *deph-) բառը (հմմտ. բրբ. (Ար., Մշ., Ուրմ.) տփտփել «ձեռքով մի քանի անգամ արագ-արագ հարվածել», ինչպես նաև (Ղրբ.) փոխաբ. «սաստիկ ծեծել»):
Նկ. 6. Տապա (siapo mamanu), 1890-ական թթ., Սամոա կղզեխումբ (Տե Պապա, Վելինգտոն)
Այսպիսով, հայերեն թութ բառի՝ ռապանուերեն լեզվում պահպանված tu պարզական արմատը և նույնանշանակ ta բառը տառացիորեն նույնանում են բնիկ հայերեն տալ բայի երեք արմատական ձևերին (տու, տուր, տա), ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու հայերեն «թութ» բառի բնիկ հայկական ծագումը և իմաստը:
Ռապանուերեն mahute1 «ծառանուն» և mahute2 «թոկ, պարան» բառերի պարզ արմատների հայերեն զուգահեռների միջոցով ոչ միայն բացահայտվում է բառի նախնական իմաստը, այլև բավարար հիմք է ստեղծվում ռապանուերեն mahute բառի հայերեն տառացի զուգահեռին՝ անհայտ ծագման համարվող մահուդ բառին վերագրելու բնիկ հայկական ծագում:
Ռապանուերենին և ռապանուերեն-հայերեն բառային ընդհանրություններին հատուկ կանոնավոր հնչյունական հերթագայությունների հաշվառումով բացահայտվում են բառերի ծագումնաբանական փնջեր հայերենում, որոնց մեջ մտնող բառերի գերակշիռ մասը անհայտ ծագման բառեր են, իսկ մի քանիսը համարվում են փոխառություններ տարբեր լեզուներից:
Հիմնաբառեր. թութ, ծեծել, զարնել, մահուդ, կեղևակտոր, մազաթել, նրբակեղև, կապայ, կուսթ, քիստ, թթենազգիներ:
- - -
1 Barthel Th. S. Das achte Land, Munchen,1974 (ըստ И. К. Федорова, «Говорящие дощечки» с острова Пасхи, Дешифровка, чтение, перевод, Санкт-Петербург, 2001, с. 15), И. К. Фёдорова, Мифы и легенды острова Пасхи, Л., 1988, с. 5-12, 62-64.
2 Բատատ բուս. «քաղցր կարտոֆիլ»:
3 Федорова И. К., «Говорящие дощечки» с острова Пасхи, Дешифровка, чтение, перевод, Санкт-Петербург, 2001, с. 15.
4 https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BE%D0%BD%D0%B5%D1%82%D0%B8%D1%8F_%D0%B1%D1%83%D0%BC%D0%B0%D0%B6%D0%BD%D0%B0%D1%8F
5 Гамкрелидзе Т. В., Иванов В. В., Индоевропейский язык и индоевропейцы, Тб., 1984, т. 2, с. 645-646,
6 Вавилов Н. И. Избранные труды (в пяти томах), Москва-Ленинград, 1959-1965, т. I, с. 344.
Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, Ե., 1976, էջ 959:
7 Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտ, ՀՍՍՀ ԳԱԱ հրատ., Ե., 1972, էջ 467:
8 Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Ե., 2009, էջ 723:
9 Հայոց լեզվի բարբառային բառարան, Ե., 2004, էջ 315:
10 https://en.wikipedia.org/wiki/Tapa_cloth
11 Федорова И. К., Некоторые черты развития рапануйского языка (на материале фольклорных текстов), в кн. «О языках, фольклоре и литературе Океании», М., 1978, с. 41-42.
12 (*) նշանով նշվում են այն բառերը, որոնց բնիկ ծագումը կասկածելի է համարվում:
13 Կազմված կարի «յոյժ» բառից՝ -ակի մասնիկով (ՀԱԲ, էջ 544):
14 Համարվում է փոխառություն իրանական աղբյուրից՝ kāma.
15 Հովհաննիսյան Լ., Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջը, ՊԲՀ, №1, 1977, էջ 142: Հեղինակը փաստում է բառի անկախ գործածությունը նշված բարբառում՝ «վերքի փառ» իմաստով:
16 Համարվում է փոխառություն իրանական աղբյուրից՝ *kōt.
17 Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 428:
18 Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 784:
19 Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան, Ե., 1926, էջ 203 (այսուհետև՝ ՀԱԲ), Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 273:
20 ՀԱԲ, էջ 358:
21 Մալխասեանց Ս., Հայերեն բացատրական բառարան, Ե., 2010, էջ 439:
22 Նախաավստրոնեզերեն
23 Նախապոլինեզերեն
24 ՀԱԲ, էջ 357:
25 Հայոց լեզվի բարբառային բառարան, Ե., 2004, էջ 112:
26 Հայոց լեզվի բարբառային բառարան, Ե., 2004, էջ 67:
27 https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BE%D0%BD%D0%B5%D1%82%D0%B8%D1%8F_%D0%B1%D1%83%D0%BC%D0%B0%D0%B6%D0%BD%D0%B0%D1%8
28 Այս իմաստով հմմտ. ռապան. huti և հայերեն բրբ. հուտտըրիլ (Քսբ.) «տամկանալ, խոնավանալ, թացանալ», հութ (Սս.) «ջրի կաթիլ, մի պուտ ջուր» բառերը (Հայոց լեզվի բարբառային բառարան, Ե., 2004, էջ 315):
29 ՀԱԲ, էջ 521, Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 384:
30 ՀԱԲ, էջ 522:
31 Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 430:
32 Պոլինեզիական լեզուներում առկա է t/k հերթագայություն, մասնավո րապես հավայերեն լեզվում t-ին բոլոր դիրքերում փոխարինել է k-ն:
33 Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010, էջ 735:
34 Հայոց լեզվի բարբառային բառարան, Ե., 2010, էջ 258:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, Ե., 1976
Աճառեան Հ., Հայերէն արմատական բառարան, Ե., 1926
Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտ, Ե., 1972
Հայոց լեզվի բարբառային բառարան, Հր. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ, Ե., 2004
Հովհաննիսյան Լ., Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջը, ՊԲՀ, №1
Մալխասեանց Ս., Հայերեն բացատրական բառարան, Ե., 2010
Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010
Սուքիասյան Ա., Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Ե., 2009
Вавилов Н. И. Избранные труды (в пяти томах), Москва-Ленинград, 1959-1965
Гамкрелидзе Т. В., Иванов В. В., Индоевропейский язык и индоевропейцы, Тб., 1984
Федорова И. К., «Говорящие дощечки» с острова Пасхи, Дешифровка, чтение, перевод, Санкт-Петербург, 2001
Федорова И. К., Мифы и легенды острова Пасхи, Л., 1988
Федорова И. К., Некоторые черты развития рапануйского языка (на материале фольклорных текстов), в кн. «О языках, фольклоре и литературе Океании», М., 1978
https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D1%83%D1%81%D1%81%D0%BE%D0%BD%D0%B5%D1%82%D0%B8%D1%8F_%D0%B1%D1%83%D0%BC%D0%B0%D0%B6%D0%BD%D0%B0%D1%8F
Barthel Th. S. Das achte Land, Munchen,1974
(Հոդվածը կրճատումներով տպագրվել է ԵՊԼՀ-ի «Գիտական հոդվածների ժողովաղու»-ում, 2017թվականին)
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |