leyla.stepanyan
Logo

ՊՈԼԻՆԵԶԻԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՍՏ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ

Article image (հատված «Հայ-պոլինեզյան լեզվամշակութային ընդհանրություններ» գրքից)

Պոլինեզիացիների նախահայրենիքի և Պոլինեզիայի առեղծվածային մշակույթի արմատների փնտրտուքը շարունակվում է արդեն երկու դարից ավելի: Հետազոտողների միտքն զբաղեցնող բազմաթիվ հարցերից մեկն այն է, թե որտեղի՞ց են այդ կղզիներում հայտնվել այդքան մերձակից լեզուներ, նմանատիպ սովորույթներ և նույնածագում մշակույթ ունեցող մարդիկ:

Պոլինեզիացիներն իրենց համարում են եկվորներ, ըստ որում՝ եկվորներ արևմուտքից, որոշ կղզիներում պահպանված ավանդությունների համաձայն՝հյուսիս-արևմուտքից: Ծագումնաբանական թեմաներով պոլինեզիական ավանդությունները վկայում են, որ նրանք բոլորն իրենց այժմյան բնակության կղզիներ են հասել մեկ ընդհանուր նախահայրենիքից, որը գտնվում էր ինչ-որ տեղ հյուսիս-արևմուտքում: 1

Այս վկայակոչումները չեն հակասում պոլինեզիացիների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում տեղադրող մեր վարկածին: Պոլինեզիացիների ճնշող մեծամասնության համար այդ ընդ-հանուր նախահայրենիքը կոչվում է Havaiki (Հավաիկի), իսկ Արևմտյան Պոլինեզիայի բնիկներն այն կոչում են Pulotu/Polotu (Պուլոտու/Պոլոտու) անունով: Ինչպես ցույց կտրվի ստորև՝ երկու երկրանուններն էլ ստուգաբանվում են հայերենով և համընկնում են Հայկական լեռնաշխարհի տեղանուններին:

...Հայտնի է, որ տեղանունները չափազանց կարևոր նշանակություն ունեն որևէ տարածքի հնագույն բնակչության էթնիկ պատկանելության մասին ճիշտ եզրահանգումներ կատարելու համար՝ քանի որ.
ա) դրանք երբեմն նման եզրահանգումներ կատարելու միակ միջոցն են լինում,
բ) դրանց հիմքում շատ հաճախ բնիկների աստվածների կամ ցեղերի անուններն են
գ) զանգվածային տեղաշարժերի ժամանակ վերաբնակիչներն իրենց նոր հայրենիքը, բնակավայրերը, գետերը, լեռներն ու լճերն անվանակոչում են նախորդ հայրենիքի անուններով:

Այս տեսակետից բացառություն չեն կազմել նաև պոլինեզիացիների նախահայրերը. պոլինեզիական ավանդությունները հիշատակություններ են պահպանել նախնյաց առասպելական հայրենիքի մասին՝ սերնդեսերունդ փոխանցելով երկրանուններ, տեղանուններ, ցեղանուններ, դիցանուններ և այլն: Բավական է հիշել, որ միայն փոքրիկ Զատկի կղզում Թ. Բարտելը հաշվել և հրատարակել է... 1 000-ից ավելի տեղանուն: 3 Եվ առավել քան զարմանալի է, որ նույնիսկ այդքան առատ փաստական նյութի առկայության պայմաններում պոլինեզիացիների ծագման և նախահայրենիքի տեղորոշման հարցերը ցայսօր մնում են վիճահարույց: Առաջ են քաշվել բազմաթիվ, երբեմն իրարից տարբեր, հաճախ նույնիսկ՝ իրարամերժ կարծիքներ: XIX դարի սկզբին տարածված մի վարկածի կողմնակիցները պոլինեզիական մշակույթը նմանեցնում էին հին Եգիպտոսի մշակույթին՝ ենթադրելով, որ եգիպտացիները Պոլինեզիա են հասել փյունիկեցիների նավերով: Հետագայում ավելի սակավաթիվ կողմնակիցներ ունեցավ այն վարկածը, որի համաձայն պոլինեզիացիների նախնիները եկել էին Հնդկաստանից: Բավականին հանրահայտ էր նաև Պոլինեզիայի բնակեցման «ամերիկյան» վարկածը, ըստ որի պոլինեզիացիները գնացել են ոչ թե արևմուտքից արևելք, այլ հակառակը: Այս տեսակետի կողմնակիցների ամենածանրակշիռ փաստարկը պոլինեզիական և ամերիկյան (Պերու) մշակույթների որոշ տարրերի անուրանալի ընդհանրությունն էր: Ինչպես տեսնում ենք՝ պոլինեզիացիների առասպելական նախահայրենիքի «փնտրտուքի աշխարհագրությունը» չափազանց ընդարձակ է և ընդգրկում է համարյա բոլոր աշխարհամասերը. Եգիպտոսից ու Շումերից մինչև Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան ու Ամերիկա (Պերու):

Ահա թե ինչ էր գրում այդ մասին նորզելանդացի ազգագրագետ, հնագետ և բանագետ, 1927 թվականից Հոնոլուլուի (Հավայան կղզիներ) Բերնիս Պ. Բիշոպի անվան ազգագրության թանգարանի 4 աշխատակից, իսկ 1936-ից՝ ցմահ (1951) տնօրեն, պոլինեզիական լեզուների, մշակույթի և ազգային սովորույթների մեծ գիտակ Տէ Ռանգի Հիրոան. 5 «Որտեղի՞ց կարող էինք իմանալ մենք՝ պոլինեզիացիներս, որ Արևի մեր ra անվանումը համընկնում է եգիպտական Արևի աստծո Ամոն-Ռա անվանը, և որ դա կարող է համարվել մեր՝ Եգիպտոսից վերաբնակեցման ապացույց: Մաորիական առասպելում Ուրու երկրի հիշատակումը որտեղ ապրել են մեր նախնիները, դիտվում էր որպես ապացույց այն բանի, որ նրանք ապրել են Միջագետքի Ուր քաղաքում: Նշենք, ի դեպ, որ uru բառն այդ առասպելի խոսվածքում նշանակում է ընդամենը «արևմուտք»: Այն փաստը, որ Հին Իրանի Օրա նահանգի և Մանա նավահանգստի անունները նմանահունչ են պոլինեզիական բառերին, օգտագործվում է որպես ապացույց պոլինեզիացիների՝ շատ հնում Բելուջիստանում ապրած լինելու մասին: Առասպելական վկայությունն այն մասին, որ պոլինեզիա-ցիներն ապրել են Իրիհիայում, տեղափոխում էր նախնիների հայրենիքը մի քիչ ավելի արևելք՝ Հնդկաստան, որի մի մասը հնում կոչվել է Վրիխիա: ... Այսպիսով, համեմատելով առանձին բառեր ու տեղանուններ, գիտնական-ները փորձում էին ապացուցել, որ փարավոնների երկրից դեպի խաղաղօվ-կիանոսյան ափեր տանող իրենց ճանապարհին պոլինեզիացիների նախնի- ները վերաբնակվել են Հնդկաստանի ինչ-որ մասում»: 6

Մի կողմ թողնելով գիտական աշխարհում անլուրջ համարում ունեցող, ինչպես նաև անհրաժեշտ գիտական հիմնավորում չստացած կարծիքները, նշենք միայն, որ այսօր պոլինեզիագետների ճնշող մեծամասնությունը պոլինեզիացիների նախահայրենիք է համարում Հարավարևելյան Ասիան: Այս վարկածը ամենաշատ կողմնակիցներ, և, որ ամենակարևորն է, բավականին լուրջ գիտական հիմնավորումներ ունի. հնագիտական, մարդաբանական, մշակութային ու լեզվաբանական հետազոտությունները հաստատում են Ինդոնեզիայի հնագույն բնակիչների և պոլինեզիացիների միջև մարդաբանական, հնագիտական, ազգագրական և լեզվաբանական անուրանալի ընդհանրությունների առկայությունը: 7 Ոչ պակաս կարևոր փաստարկ է և այն, որ նախահայրենիքի մասին պատմող պոլինեզիական ավանդություններն արևմտյան կողմնորոշում ունեն. դրանցում ասվում է, որ իրենց նախահայրերը գնացել են «ծագող արևին ընդառաջ», 8 և որ ինչ-որ տեղ հյուսիս-արևմուտքում է գտնվում իրենց նախահայրերի բաղձալի, դրախտային երկիրը, բոլոր առաքինի մարդկանց, առաջնորդների, ռազմիկների հոգիների նստավայրը, որտեղ վերադառնում են մահացածների հոգիները: 9

Այս (նաև այլ) տարբերակ(ներ)ի հետ համաձայնելուն խանգարում է մի շատ կարևոր հանգամանք: Անպատասխան է մնում չափազանց կարևոր մի հարց. ինչո՞ւ պոլինեզիական ավանդություններում բազմիցս հիշատակված և բազմաթիվ կղզանուններում ու տեղանուններում պահպանված, բնիկների համար չափազանց մեծ կարևորություն ներկայացնող (անգամ սրբացված) բազմաթիվ տեղանուններ, որոնք նախահայրենիքից մնացած հիշատակներ են, այդպես էլ չի հաջողվում գտնել վերոհիշյալ երկրներում՝ չնայած ուսումնասիրողների գործադրած ջանքերին: Պատասխանը կարող է լինել մեկը. Հարավարևելյան Ասիան եղել է պոլինեզիացիների նախահայրերի հերթական հանգրվանը, իսկ նրանց բուն նախահայրենիքը, կամ, այլ կերպ ասած, այն ելակետային տարածքը, որտեղից սկսվել է նրանց նախահայրերի՝ պատմության մեջ նախադեպը չունեցող ճանապարհորդությունը, դեռևս գտնված չէ: Դեռևս գտնված չէ դրախտային այն երկիրը, որի նկատմամբ անհուն սիրով ու անպատմելի կարոտով են համեմված նախահայրենիքի մասին պատմող պոլինեզիական բոլոր ավանդությունները: Պոլինեզիական լեզուների և հայերենի միջև բացահայտված տարա-բնույթ (դիցանվանական, տեղանվանական, բառային, քերականական ևլն) ընդհանրությունները բավարար հիմք են ստեղծել պոլինեզիացիների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում փնտրելու համար:

...Ինչպես նկատել էր Տէ Ռ. Հիրոան, շատ հաճախ պոլինեզիացիների նախահայրենիքն այս կամ այն երկրում տեղադրող վարկածի առաջադրման համար բավական են եղել պոլինեզերեն առանձին բառերի և որոշ երկրների առանձին տեղանունների ակնհայտ նմանությունները: Հարկ ենք համարում նշել, որ պոլինեզերեն առանձին բառերի և Հայկական լեռնաշխարհի առանձին տեղանունների համընկնումներ նույնպես գոյություն ունեն, բայց դրանք ունեն երկու շատ կարևոր տարբերություն.
ա) դրանց թիվը չի սահմանափակվում մեկ-երկուսով, ինչպես վերոհիշյալ երկրների պարագայում է և
բ) այդ զուգահեռների գերակշիռ մասում առկա է երկպլանային (ձևա-իմաստային) լիակատար համընկնում:

Բերենք օրինակներ. ռապ. hakaku բառը նույնական է Արցախի (Ղարաբաղ) Հադրութի շրջանի Հակակու գյուղանվանը, horeko բառը՝ Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտակայքում գտնվող Հոռեկա վանքի անվանը, uta բառը՝ Ուտիք երկրանվանը, tօmօ բառը՝ Տումի գյուղանվանը, hati բառը՝ Հաթերք գավառանվանը: Համապոլինեզիական tahi «մեկ» թվականի արմատը գտնում ենք Տահես/Տահիս՝ Արցախի Տող բերդաքաղաքի մերձակա բնակավայրի անվան մեջ, որից մնացել են միայն գերեզմանաքարեր, եկեղեցու հիմքերը և որոշ ավանդազրույցներ, 10 նաև Տահրի–գյուղ Տրապիզոնի նահանգում, Տահոլներ– գյուղ Բիթլիսի նահանգում, Տախիս – գյուղեր Բիթլիսի նահանգում, Տախիկ/Տախեկ – գյուղ Դիարբեքիրի նահանգում, Տախիր, Տախիլկի/Տախիլկե – գյուղեր Էրզրումի նահանգում: 11 Ռապանուերեն kore «դատարկություն, պակասել, չունենալ, բացակայել ևլն» բայի ճիշտ նմանակը Կորե տեղանունն է Սյունիքում, Կորի/Կորեա լեռնանունը Հայկական Տավրոսում, Կորեա գավառանունը Մեծ Հայքի Կորճեք աշխարհում, Կորիթ, Կորիկ տեղանուններ, գյուղանուններ, Կորիկյան թագավորությունը միջնադարյան Հայաստանում և այլն: 12 Ռապ. taki «ձկնորսական ցանցի ներքևի մասը» - հայ. տակ «ներքև, հատակ, խորք», բառի զուգահեռը Տակի գյուղանունն է Բիթլիսի նահանգում, Տակա գյուղանունը Տրապիզոնի նահանգում, ծովափնյա Ադինա քաղաքից հրվ-արմ., գետահովտում 13 և այլն: Ռապ. ava 3 «տարածություն, հեռավորություն», «կիրճ, կապան, լեռնաձոր», «ձորակ, խանդակ» բառը համընկնում է հայ. աւան «բնակատեղի, գյուղա-քաղաք, մեծ գյուղ» բառին, 14 Ավան անձնանվանը, պատմական Հայաստանի տարածքում սփռված Ավան անունով բազմաթիվ գյուղանուններին, որոնցից առավել կարևորում ենք Ավան անունով հին, ավերված, պարսպապատ բնակավայրը Արագածի հարավային լանջերին, որի միջնաբերդում գտնված խեցեղենի մնացորդները թվագրվում են մ.թ.ա. II-I հազարամյակներով, Ավան – քաղաք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառում, Ավան/Հավան – գյուղ Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Կոտայք գավառում, հին աղբյուր-ներում հիշատակվում է որպես գյուղաքաղաք, բյուզանդական կայսր Մորիկի նախաձեռնությամբ եղել է Հայաստանի բյուզանդական մասի կաթողիկոսական կենտրոն, ինչպես նաև -ավան տեղանվանակերտ մասնիկին (Արշա-կավան, Բերդավան):

Ինչ վերաբերում է երկպլանային ընդհանրությանը, նշենք, որ, օրինակ ռապան. horeko 1 (hore-ko) բառը նշանակում է «ապրել մենակության մեջ, լինել միայնակ», որի hore արմատն իր հերթին ունի «կտրել, հատել», «մասերի բաժանել», «կոտորակել», «կտոր» իմաստներ: Արցախի նույնանուն Հոռեկա վանքը գտնվում է ամենամոտիկ Թալիշ գյուղից բավականին (3-4 կմ) 15 հեռավորության վրա, անտառի մեջ, բոլորովին մեկուսի մի վայրում: Պոլինեզերեն ava «մութ, խավար» և ava 3 «տարածություն, հեռավորություն», «կիրճ, կապան, լեռնաձոր», «ձորակ, խանդակ» բառերի վերջնահնչյունի անկումով ստացվող աւ արմատը հնդեվրոպական նախալեզվում նշանակել է «գիշերել, քնել» - հայ. աւթ «գիշերում», աւթեմ «օթևանել, բնակվել», ինչով և նույնանում է հայերեն աւան «գիւղաքաղաք, մեծ գյուղ» (իմա՝ օթևան) բառի հետ: 16 Ռապ. uta 2 բառը, որ նշանակում է «կղզու ներքին՝ լեռնոտ, բարձրադիր մասերը», նույնական է Ուտիք երկրանվան ուտ արմատին (ուտիները տարածաշրջանի հնագույն բնիկներից են): Ռապան. tomo բառը նշանակում է «ափ իջնել, բնակություն հաստատել» - Սինախերիբի (705-681 մթա) տարեգրության մեջ հիշատակվում է Տումուրու ( URU Tu'-mu- ri) անունով գյուղ 17 , որը գտնվել է Հայկական լեռնաշխարհի հարավում, Նիգուր կամ Արարդու լեռների մոտակայքում: Հիշյալ գյուղանվան tum- արմատը «...հանդիպում է նաև Հադրութի շրջանի Տումի գյուղի անվան մեջ (հավանաբար, *Տումու>*Տումեյ>Տումէ>Տումի անցումով)»: 18

Ըստ Հ. Կարագյոզյանի՝ Տումուրու>Տմորիք գյուղանուն-գավառանունը և Տումի գյուղանունը «...ծագում են միևնույն բառարմատից, որի իմաստը, դժբախտաբար, մեզ հայտնի չէ»: Կարծում ենք՝ վերոհիշյալ tum- արմատի նախաձևն է տուն՝ իր և' «տուն», և «ազգատոհմ» իմաստներով: Այդ են հուշում նաև ռապանուերեն tomo «ափ իջնել», «բնակություն հաստատել» - բնիկ հայերեն տուն, բրբ. տօն «տուն», «երկիր, աշխարհ», «ազգատոհմ, ցեղ» (հնխ. *dōm-), հայ. չստուգաբանվող դումայ «բնակիլ» զուգահեռները: 19 Նույնարմատ բազմաթիվ տեղանուններ ենք գտնում Հայկական լեռնաշխարհում. Տոմ/Թում – գյուղ Բիթլիսի նահանգում, Տոմ/Թոմ - գյուղ Էրզրումի նահանգում, Տոմա-/Տամա և Տոմեկ – գյուղեր Խարբերդի նահանգում, Տոնի – գյուղ Վանի նահանգում, Տոնի – լճակ Վանա լճի մոտ, Տոնիա – գյուղ Խոշաբի գավառակում, Տոնե – գյուղ Վան քաղաքի մոտ և այլն: 20


Մենք կարծում ենք, սակայն, որ միայն առանձին բառերի և հիշյալ տեղանունների նույնիսկ բացարձակ համընկնումները բավականաչափ հիմնավոր փաստարկներ չեն նման վարկածների ապացուցման համար: Կարևորելով այն հայտնի փաստը, որ «խոշոր, նշանակալի օբյեկտների անվանումներն առավել կայուն են», «մեծ գետերի, մեծ լեռների, մեծ բնակավայրերի և ջրային մեծ տարածությունների անունները պահպանվում են հազարամյակներ շարունակ և էական փոփոխություններ չեն կրում», 21 կանգ առնենք նման տեղանունների զուգահեռների վրա:

Ինչպես արդեն նշեցինք, բազմաթիվ նորահայտ լեզվական ու արտալեզվական ընդհանրություններ 22 բավարար հիմք են ստեղծել մեծ հավանականությամբ պոլինեզիացիների նախահայրենիքի «թեկնածու» երկրների շարքին ավելացնելու Հայկական լեռնաշխարհը: Վերոհիշյալ ընդհանրությունների մեջ իրենց բացառիկ կարևորությամբ առանձնանում են մի շարք տեղացեղանվանական և այլ զուգահեռներ, որոնք զարմանալիորեն չեն արժանացել հետազոտողների ուշադրությանը: Բերենք օրինակներ.

VANUATU` երկրանուն Մելանեզիայում 23 և Վանատուր` հին հայոց դիցարանի հյուրընկալության աստվածը, ճամփորդների, պանդուխտների հովանավորը, նրանց ապաստան և օթևան տվողը:

VAHANGA` պոլինեզիական կղզանուն և Վահագն՝ հին հայոց դիցարանի ամպրոպի ու կայծակի, քաջության ու հաղթանակի աստվածը, Վահ-նունի կամ Վահևունի՝ Վահագնի տաճարը ժառանգաբար սպասարկող քրմերի տոհմանուն:

ARUE` երկրանուն Պոլինեզիայում և նույնարմատ բազմաթիվ տեղանուններ Հայկական լեռնաշխարհում. Արունի՝ հնագույն երկրամաս Հայկա-կան լեռնաշխարհում, 24 Արուաստան՝ երկրամաս հյուսիսային Միջագետքում (իմա՝ Միջագետք Հայոց), Արու՝ բլուր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում, Արումա՝ լեռ Հայկական լեռնաշխարհում, հիշատակված Թիգլատպալասարի (մ.թ.ա. 1116-1000) սեպագիր արձանագրություններում, Արունի՝ լեռ հնագույն Տումմե երկրում (տեղորոշվում է Մեծ Զաբ գետի ավազանում, Զագրոսյան կամ Կորդվաց լեռնահամակարգում), Արուծ, Արուճ, Արուկ, Արուն գյուղանուններ և այլն: 25

ARAVA` ցեղանուն 26 Նոր Զելանդիայում, նաև երկրանուն, գյուղանուն Պոլինեզիայում և Արավաննա՝ երկրամաս՝ հիշատակված աքքադական արձանագրություններում (նաև Արաուննա ձևով), Արավաս՝ գյուղ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհում՝ հիշատակված 1628 շվականի մի ձեռագրում, Արավետ՝ գյուղ Ճորոխի ստորին հոսանքի շրջանում, Արաւիս բերդ Խաբանդում, Արավիս կամ Արաւսեակ գետ և գյուղանուններ Զանգեզուրում և Սյունիք գավառի Երնջակ գավառակում (Արաքսի մոտ), Արավանա (Արավենե) ստրատեգիա Կապադովկիայում, նաև բնակավայր Մելիտենե քաղաքից հյուսիս, հիշատակում է Պտղոմեոսը, Արավետ, Արավրակ, Արավրակուս, Արա-բուս և այլ նույնարմատ տեղանուններ ևլն:

IRIHIA` պոլինեզիացիների առասպելական նախահայրենիքին տրվող անուններից մեկը 27 , նաև Orhia՝ սրբավայր, ծիսակենտրոն, Մարդ-Թռչունի նստավայրը Զատկի կղզում և Արխե/Արխի երկրանուն Հայկական լեռնաշխարհում՝ Վանա լճից հարավ-արևմուտք (հմմտ. նաև Վրիխիա՝ հնում այդպես էր կոչվում Հնդկաստանի մի մասը) 28 , Արխու երկրանուն՝ հիշատակված Արգիշթե Բ-ի (713-685) սեպագիր արձանագրություններից մեկում, որը գտնվել է Արաքսի հարավային ափերին՝ Նախիջևանի դիմաց, 29 անտիկ աղբյուրները հիշատակում են նաև Արքսատա քաղաքանուն Արաքսի ձախ ափերի մոտակայքում՝ Արտաշատից արևելք, 30 Արխիտա՝ Հայասա երկրի քա-ղաքներից մեկի անունը, Արխնի (Արհնի) 31 և այլն:

NAIRAI` կղզանուն Պոլինեզիայում, Nauru՝ երկրանուն և կղզանուն Միկրոնեզիայում 32 - Նաիրի՝ Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքական կազմավորումներից մեկի անունը: Երկրանունը վկայված է ասորական և բիաինական աղբյուրներում. «Ասորեստանցիները մթա II հազարամյակի կեսերից սկսած մինչև I հազարամյակի կեսերը Հայկական լեռնաշխարհի տարածքի որոշ հատված՝ նախապես Վանա և Ուրմիա լճերի շրջանը, անվանել են Նաիրի ( kur Nairi)»: 33 Անվան առաջին վկայությունը հանդիպում է Թուքուլթի- Նինուրթա Ա-ի (1244-1208 մ.թ.ա.) արձանագրություններում 34 , իսկ վերջին հիշատակությունը՝ Սարգոն Բ-ի (722-705 մ.թ.ա.) մոտ 35 :

TONGA՝ կղզեխմբի անվանում Արևմտյան Պոլինեզիայում 36 – հայ. Տոնգա՝ լեռնաբլուր Պոնտական լեռնահամակարգում, Տոնկալա/Դոնկալա – շրջան, գավառակ Կիլիկիայում, Տող (Տոգա, Տոխ, Տուգ, Տուղ, Թուղ, Դող, Դուխ, Տեղեր) գյուղ, ավան, գյուղաքաղաք, բերդավան Արցախի Հադրութի շրջանում: Պոլինեզիական լեզուներին բնորոշ հնչյունական օրինաչափությունների համաձայն՝ Տոնգա անունը կարող է հնչել նաև Տոգա (տես՝ Tangaroa/Tagaloa): Հիշյալ Տոգա ձևով այն նույնանում է պատմական Դիզակ գավառի Տող բերդաքաղաքի հին անվանը. «Տող և Դիզակ տեղանունները, ըստ որոշ գիտնա-կանների, գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել են Կլավ-դիոս Պտղոմեոսի աշխարհագրական ձեռնարկում (Մեծ Հայքի երկրամասերի ու սահմանների նկարագրության հատվածում), որը գրվել է մ.թ. 150-ական թվականներին (Ասիայի՝ վերականգնվող 3-րդ քարտեզում) 37 : Առաջինը նշված է Toga (պահպանված ձեռագրերում՝ Poga) ձևով, իսկ երկրորդը՝ Dizaca» 38 : Նույն արմատով՝ Տող – լեռ Տող գյուղի մոտ, Տողագետ – Արաքսի ձախակողմյան վտակը, Տողան – գյուղ Էրզրումի նահանգի Բայազետի գավառում, Տողնիս – գյուղ Կարսի մարզում, Տողուլ – լեռ Հայկական լեռնաշխարհում, Արաքս գետի հովտում, Տողոր – գյուղ Սյունիքում, Տող/Տեղգյուղ Գորիսի շրջանում, նաև Տողատափ – կիրճ Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Հարք գավառում 39 (հմմտ. պոլին. Tongatapu կղզանունը) և այլն:

TAHITI (Տահիտի, Թաիթի) կղզանուն Կենտրոնական Պոլինեզիայում –Տայք (Տաո, Թաո, Տաի, Տախ(ներ), Տաոխ, Տաոխի, Դայանի, Դայաենի, Խորագույն Հայք ևլն)՝ աշխարհ Մեծ Հայքում, Ճորոխ գետի միջին հոսանքի և նրա աջակողմյան վտակների ավազաններում: Հիշատակվում է մ.թ.ա. XII-IX դդ. ասորեստանյան սեպագիր արձանագրություններում՝ որպես Նաիրիի 23 «երկրներից» մեկը:

PAHUA (Պահուա) լեռնանուն Պոլինեզիայում – Պախուվա՝ երկիր Հնագույն Հայաստանում, Պախուրա` քաղաք հիշատակված խեթական արձանագրություններում, Նաիրիի Պախուվա երկրում (v/r), տեղորոշվում է Արածանի գետի ստորին հոսանքի շրջանում, Պահակ՝ լեռնագագաթ Կենաց լեռնաշղթայում, Պահարյաց լեռներ (Խորենացու Պատմության մի ձեռագրում այս ձևով են հիշատակված Պարխար, հետագայի Խաղտյաց լեռները), Պահլունիք՝ գավառ Մեծ Հայքի Վասպուրական աշխարհում, հայասական Paḫḫuteia տեղանուն, որի Paḫḫu բաղադրիչն ըստ Գ. Ջահուկյանի՝ «ամենայն հավանականությամբ առկա է նաև Paḫḫuua ու Paḫḫurina երկրանուններում և թերևս պահպանվել է Պախուենից վանքի անվան մեջ»: 40

MARUTEA`կղզանուն Պոլինեզիայում և Մարութա լեռ (Մարութկա սար, Մարաթուկ, Մարատ ևլն) լեռնագագաթ Սասունի լեռներում, Մուշ քա-ղաքից 40 կմ հարավ: «Սասնա ծռեր» էպոսում հիշատակված է որպես սրբազան լեռ՝ Մարաթուկ անվամբ: 41


- - - - - - - - - - - - - -
1 Те Ранги Хироа, Мореплаватели солнечного восхода, М., 1959, с. 28

2 А. Попов, Географические названия (введение в топонимику), М.-Л., 1965, с. 8.

3 И . К. Федорова, «Говорящие дощечки» с острова Пасхи (дешифровка, чтение, перевод), Санкт-Петербург, 2001, с. 66.

4 Բերնիս Պ. Բիշոպի անվան թանգարանը հիմնվել է Հոնոլուլույում (Հավայան կղզիներ) 1889 թ.-ին, Չարլզ Բիշոպի կողմից: Վերջինս համարյա 50 տարի ապրել է Հավայան կղզիներում և տեղական հնությունների մեծ սիրահար էր: Նրա կինը՝ Պաուահան, հավայուհի էր՝ Կամեհամեհայի արքայական տոհմի վերջին շառավիղը (Կամեհամեհան գահընկեց է արվել 1893 թ.-ին, ամերիկացիների կողմից): Չ. Բիշոպը թանգարանը հիմնել է կնոջ՝ Բերնիս Պաուահա Բիշոպի պատվին: Թանգարանում պահվում է Պոլինեզիայի ազգագրության վերաբերյալ չափազանց մեծ հավաքածու:

5 Տե Ռանգի Հիրոա (Te Rangi Hiroa), հայտնի է նաև որպես Պիտեր Հենրի Բակ (Peter Henry Buck), նորզելանդացի գիտնական. հայրը իռլանդացի էր, իսկ մայրը սերում էր նորզելանդական մաորիների առաջնորդների տոհմից: Մաորիների լեզվին և ավանդություններին վաղ մանկությունից ծանոթացել է մորական տատի շնորհիվ, որի պատմություններն այնպիսի անջնջելի տպավորություն են գործել նրա վրա, որ, լինելով մասնագիտությամբ բժիշկ, առավել հայտնի է դարձել իր ազգագրական հետազոտություններով. Vikings of the Sunrise (1908), Introduction to Polinesian Antropology (1945), Coming of the Maori (1948), Explorers of the Pasific (1953):

6 Те Ранги Хироа, Мореплаватели солнечного восхода, М., 1959, с. 29.
7 Я. Я. Рогинский, М. Г. Левин, Основы антропологии, М., 1955, с. 432, В. В. Бунак и С. А. Токарев, Проблемы заселения Австралии и Океании //Сборник «Происхождение человека и древнее расселение человечества», Тр. Ин-та этнографии АН СССР, т. XVI, 1956, с. 517, В. П. Алексеев, Географические очаги формирования человеческих рас, М., 1985, с. 148-149, H. Köhler, Die Stelling der polynesischen Dialekte innerhalf der
austronesischen Sprachen. “Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft”, Ñ. 100,1950.

8 Те Ранги Хироа, նշ. աշխ., էջ 67, Сказки и мифы Океании, перевод с западноевропейских и полинезийских языков, (сост. Г. Л. Пермяков, предисл. Е. М. Мелетинского), М., 1970, с.349.

9 Englert S. La Tierra de Hotu Matu a. Historia, etnologia y lengua de la Isla de Paskua. Padre Las Casas (Chile), 1948, p. 18, Те Ранги Хироа, նշվ. աշխ., էջ 28, И. К. Фёдорова, Мифы и легенды острова Пасхи, Л., 1988, с. 8

10 Աթայան Գ., Տող բերդաքաղաքի պատմություն, Ե., 2010, էջ 15, ՀՀՇՏԲ, էջ 21:

11 ՀՀՇՏԲ, էջ 21, 17:

12 ՀՀՇՏԲ, էջ 233-234:

13 ՀՀՇՏԲ, էջ 18:

14 Փոխառ. իրան. աղբյուրից:

15 Artsakh (the people and land of Karabakh), Yerevan, 2011, p. 160.

16 Աճառյանն այն փոխառություն է համարում պահլավերենից: Բառի հայկական ծագումը հիմնավորում ենք մեկ այլ կարևոր տեղանվանական զուգահեռի հետ կապված, իսկ հնչյունափոխված ագ ձևը պահպանվել է ագանիլ «գիշերը մի տեղ անցկացնել, օթևանել» բայի մեջ:

17 Дьяконов И. М., Ассиро-вавилонские источники по истории Урарту, ВДИ, 1951, 2, N57, տող 66:

18 Հովհ. Կարագյոզյան, Սեպագիր տեղանուններ Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում, հտ. I, 1, Ե., 1998, էջ 125:

19 Այս մասին առավել հանգամանորեն՝ մեր հետագա աշխատանքներում:

20 ՀՀՇՏԲ, էջ 118-120:

21 А. И. Попов, նշվ. աշխ., էջ 9-10 :

22 Լ. Գ. Ստեփանյան, տպագրված աշխատանքների ցանկը՝ գրականության մեջ:

23 Մելանեզիայում առկա այս և այլ տեղանուններ ասես մատնանշում են այն ճանապարհը, որով անցել են պոլինեզիացիների նախնիները՝ մինչև Պոլինեզիա հասնելը: Չպետք է նաև մոռանալ, որ Օվկիանիայի բաժանումը Մելանեզիայի, Միկրոնեզիայի և Պոլինեզիայի խիստ պայմանական բնույթ է կրում. բավական է ասել, որ մելանեզիական շատ կղզիների բնակիչներ խոսում են պոլինեզիական լեզուներով:

24 Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1986, էջ 508-510 (այսուհետև՝ ՀՀՇՏԲ): Հետագայում հիշատակվող բոլոր այն տեղանունները, որոնց համար առանձին սկզբնաղբյուր չի նշվի, քաղված են այս բառարանից:

25 ՀՀՇՏԲ, էջ 508-510:

26 Խեթերեն arava (արավա) բառը նշանակում է «ազատ»:

27 Те Ранги Хироа, նշվ. աշխ., էջ 29:

28 Те Ранги Хироа, նշվ. աշխ., էջ 67:

29 А. Меликишвили, Урартские клинообразные надписи, М., 1960, N 445, տող 2:

30 Հովհ. Կարագյոզյան, Սեպագիր տեղանուններ Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում, հտ. I, 1, Ե., 1998, էջ 129, Strabo, The Geography, I-VIII, Gambrige-London, 1954-1961, XI, 14, 6.

31 Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե., 1971, էջ 72 և 228:

32 Ի դեպ, նաու'րու լեզուն առանձնակի տեղ է զբաղեցնում միկրոնեզիական լեզուների մեջ և չի պատկանում բուն միկրոնեզիական լեզուների թվին:

33 Հովհ. Կարագյոզյան, Սեպագիր տեղանուններ Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում, հտ. I, 1, Ե., 1998, էջ 11:

34 Дьяконов И. М., Ассиро-вавилонские источники по истории Урарту, Вестник древней истории, 1951, №3.

35 А. Меликишвили, Наири-Урарту, Тбилиси, 1954, с. 13.

36 Տոնգան չափազանց յուրահատուկ երկիր է: Այն միակ պոլինեզիական տարածքն է, որ կարողացել է պահպանել իր անկախությունն այն ժամանակ, երբ պոլինեզիական բոլոր կղզիները դարձան տարբեր երկրների գաղութներ: Այժմ այն թագավորություն է, որի թագավորական տունն ունի 2000-ամյա պատմություն: Թագավորի անձը սրբություն է, նա բոլոր առաջնորդների և ժողովրդի ինքնակալն է: Տոնգացիները պահպանել են ինքնատիպ մշակույթն ու սովորույթները:

37 Հայ ժողովրդի պատմություն, հ. I, Ե., 1982, էջ 840-841:

38 Աթայան Գ., Տող բերդաքաղաքի պատմություն, Ե., 2010, էջ 7:

39 ՀՀՇՏԲ, էջ 117-118:

40 Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. նախագրային ժամանակաշրջան, Ե., 1987, էջ 333, Хачатрян В. Н., Восточные провинции Хеттской империи, Е., 1971, с. 119.

41 ՀՀՇՏԲ, էջ 745:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 5287
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2019
08
Նոյեմ
»18:16
ՀԱՅԵՐԵՆ «ԹՈՒԹ» ԵՎ «ՄԱՀՈՒԴ» ԲԱՌ ...
Article image Պոլինեզիացիների «ասիական ծագման» տեսակետն այսօր գիտականորեն ամենահիմնավորված և ամենաշատ կողմնակիցներ ունեցող տեսակետն է: «Ասիական ծագման» տեսակետի կողմնակիցների ծանրակշիռ փաստարկներից մեկը, լեզվական և մշակութային անուրանալի ընդհանրություններից զատ, պոլինեզիացիներին հայտնի մշակաբույսերն են: ...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott