GRIGOR G PAHLAVUNI / ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ
Ծնվ. մոտ 1093թ., Տլուք գավառի Ծովք դղյակ:
Մահ. 1166թ, Հռոմկլա (Կիլիկիայում):
Ամենայն հայոց կաթողիկոս 1113-ից:
Հաջորդել է Բարսեղ Ա Անեցուն:
Ուսանել է Կիլիկիայի Սև լեռան Քեսունի Կարմիր վանքում (1105-16-ին՝ կաթողիկոսանիստ):
Պատանեկան տարիքում, Գրիգոր Բ Վկայասէրի կտակով, Բարսեղ Ա Անեցին նրան ձեռնադրել է եպիսկոպոս:
Օծվելով կաթողիկոս՝ շարունակել է Պահլավունի հայրապետների եկեղեցական քաղաքականությունը:
Պատճառաբանելով ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆու երիտասարդ տարիքը՝ Պահլավունիների հակառակորդներն Աղթամարում հակաթոռ կաթողիկոս են ձեռնադրել Դավիթ Ա-ին՝ սկզբնավորելով Աղթամարի հակաթոռ կաթողիկոսությունը (1113-1895):
ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆին կաթողիկոսական աթոռը Քեսունի Կարմիր վանքից 1116-ին տեղափոխել է Ծովք, իսկ 1149-ից՝ Հռոմկլա:
XII դ. 20-30-ական թթ. ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆԻն բանակցություններ է սկսել բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսի հետ՝ փորձելով նրան հետ պահել Կիլիկիայի հայկական իշխանության և Հայ եկեղեցու դեմ ծրագրված գործողություններից:
Նամակագրական կապեր է ունեցել Ոնորիոս II, Իննոկենտիոս II և Եվգենիոս III պապերի հետ:
1139-41-ին մասնակցել է Հռոմի պապի Արևելք ուղարկած լեգատ (լիազոր ներկայացուցիչ) Ալբերիկ Օստրացու հրավիրած Անտիոքի և Երուսաղեմի եկեղեցական ժողովներին:
Այս ջանքերի շնորհիվ՝ Հռոմի եկեղեցին ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆուն իր պաշտոնական գրություններում դիտել է որպես Արևելքում գործող քույր եկեղեցու առաջնորդ, առաջինը՝ հավասարազոր աթոռների շարքում:
ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆուն հաջողվել է ամրապնդել կաթողիկոսական իշխանությունը բուն Հայաստանում և նրա սահմաններից դուրս՝ Եգիպտոսում, Բալկաններում, Փոքր Ասիայում և Ասորիքում:
1149-ից կրտսեր եղբոր՝ Ներսես Շնորհալու հետ ավելի շատ զբաղվել է Հայ եկեղեցու ներքին գործերով, պայքարել աղանդավոր, և պառակտող, միտումների դեմ:
Գահակալության վերջին տարիներին եկեղեցիների միության նպատակով բյուզանդական Մանուել I կայսեր հետ սկսել է բանակցություններ, որոնք շարունակվել են իրենից հետո:
ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆին գրել է շարականներ, տաղեր:
Հետևելով Գրիգոր Բ Վկայասերին՝ թարգմանել կամ ուրիշներին է հանձնարարել վկայաբանությունների թարգմանությունը և կարգադրել, որ սրբերի նախատոնակներին եկեղեցիներում կարդացվեն նրանց վարքերը:
Նրան կոչել են Գրիգոր Փոքր Վկայասէր:
ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆու հանձնարարությամբ է Սամվել Անեցին գրել իր «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրութունը, Ներսես Շնորհալին՝ իր մի շարք երկերը:
Կաթողիկոսական գահին ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆուն հաջորդել է Ներսես Դ Կլայեցին (Ներսես Շնորհալի):
Գրակ.
Բոգոյան Ա., Հռոմի պապ Իննոկենտիոս Բ-ի թուղթը՝ ուղղված Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուն, «էջմիածին», 1999, № 3:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |