GRIGOR TATEVACI / ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ
Աշխարհիկ անունը՝ Խութլուշահ:
Ծնվ. 1346թ., Թմուկ ամրոց, Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառ:
Մահ. 27.12.1409թ., Տաթևի վանք:
Աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, մանրանկարիչ, եկեղեցական գործիչ:
Սովորել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն:
Նրա կողմից ձեռնադրվել է ծայրագույն վարդապետ, ուսուցչի մահից հետո (1386) գլխավորել Ապրակունյաց դպրոցը, ապա՝ Տաթևի համալսարանը (1390-ից մինչև մահը):
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն ուսուցանել է ավելի քան 300 աշակերտի, որոնցից են Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Մատթեոս Ջուղայեցինկ և ուրիշներ:
Օտար նվաճողներից խույս տալով՝ աշակերտների հետ դեգերել է Հայաստանով մեկ (Մեծոփավանք, Երևան, Սաղմոսւսվանք):
Անհաշտ պայքար է մղել ունիթորության դեմ, պաշտպանել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը:
Առավել հայտնի են նրա «Գիրք հարցմանց» (1397, հրտ.՝ 1729, հանրագիտական բնույթի երկ է, որտեղ հարց ու պատասխանի ձևով արծարծված են փիլիսոփայական, կրոնաաստվածաբաևական, բնագիտական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ), «Գիրք քարոզութեան... » (Ձմերան հատոր, հրտ.՝ 1740, Ամարան հատոր, հրտ.՝ 1741), «Ոսկեփորիկ» (հրտ.՝ 1746), «Համառօտ լուծումն Պորփիւրի Ներածութեան » (հրտ.՝ 1793), «Լուծումն համառօտ ի տեսութիւնն Դաւթի Անյաղթի» (Մատենադարան, ձեռ. № 5674) երկերը, մի շարք փիլիսոփայական և աստվածաբանական մեկնություններ:
Փիլիսեփայության հիմնական առարկան, ըստ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑու, բնությունն է:
Նա պաշտպանել է «երկակի ճշմարտության» սկզբունքը, սահմանազատել հավատի և գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները, դրան համապատասխան՝ ընդունել ճանաչողության «շնորհական» (աստվածային էության ճանաչում) և «բնական» (բնության ճանաչում) ձևերը:
Փիլիսոփայության հիմնական, հարցը լուծել է իդեալիզմի դիրքերից, ընդունել աստվածային արարչագործությունը:
Որոշ գոյերի ոչնչացումը ուրիշ գոյերի առաջացման սկիզբն է, և այս շրջապտույտի շնորհիվ հավերժ գոյություն ունեն Աստծու ստեղծած չորս տարրերը (հուր, օդ, ջուր, հող):
Իմացաբանության և տրամաբանության հարցերում ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն մերժել է բնածին գաղափարների և առաքինությունների ուսմունքը, ընդունել մտածողության ածանցվածությունը բնությունից:
Ճանաչողության սկզբնական և անհրաժեշտ աստիճանն զգայությունն է, բարձրագույն աստիճանը՝ բանականությունը, որը հենվում է զգայության վրա և ճանաչում իրի էությունը:
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն ընդհանուր հասկացությունների բնույթի հարցը լուծել է նոմինալիզմի դիրքերից՝ հօգուտ եզակի իրերի առաջնության՝ ընդհանուր հասկացությունները համարելով լոկ իրերի անուններ: Հոգին և մարմինը առաջանում են միաժամանակ և զարգանում փոխկապակցված:
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն դաստիարակության գործում որոշիչ տեղ է հատկացրել ուսուցչին, խորհուրդ տվել մտավոր և բարոյական դաստիարակությունը զուգորդել ֆիզիկական դաստիարակության հետ:
Հասարակությունը, ըստ ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑու, մի օրգանիզմ է, որի յուրաքանչյուր անդամ կատարում է միայն իրեն հատուկ և նախապես սահմանված գործողությունը: Հասարակական ներդաշնակությունը խախտում են աղանդավոր, շարժումները, իշխող խավի ագահությունը: Համաժողովրդական հարցերը պետք է լուծի ժողովրդի մեծամասնությունը՝ ընդհանուր համաձայնությամբ: Հայկական պետականության կործանման պատճառը համարել է իշխանների եսամոլությունն ու արատավոր քաղաքականությունը:
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն մեծ տեղ է հատկացրել աշխատանքի, արժեքի, գնի, շահույթի և այլ կատեգորիաների ուսումնասիրությանը: Մարդկանց բնական հավասարության սկզբունքի խախտումը, ըստ նրա, առնչություն չունի Աստծու սահմանած կարգի հետ, այն մարդու չար կամքի դրսևորումն է:
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն հայտնի է եղել նաև որպես մանրանկարիչ: Պահպանվել է խորաններով ու լուսաևցազարդերով մի Ավետարան (Մատենադարան, ձեռ. № 7482)՝ գրված 1297թ-ին, որը 1378-ին լրացվել է ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑու մանրանկարներով («Ավետում», «Ծնունդ», «Մարիամը Մանկան հետ», «Մուտք Երուսաղեմ», «Խաչելություն»):
ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻն շոշափել է նաև (հատկապես «Գիրք հարցմանցում») երաժշտածիսական, տեսական ու գեղագիտական խնդիրներ, և ինչպես տեղեկացնում է պատմիչը (հավանաբար՝ Դավիթ Բաղիշեցին), իր համալսարանում «...ուսուցաներ զնախկին երգիչ վարդապետաց զերաժշտութիւնս քաղցրալուր ձայնի եղանակաւ»:
Երկեր.
Գրիգոր Տաթևացի և Անանուն Սյունեցի. ալբոմ, Ե., 1987:
«Ոսկեփորիկ» (աշխարհաբար թրգմ. ե. ծանոթագր. Հ. Քյոսեյանի), Ե., 1995:
Հայկական մանրանկարչություն: Սողոմոնի առակների մեկնություն (քնն. բնագիր, աշխարհաբար թրգմ. Խ. Գրիգորյանի), Ե., 2000:
Գրակ.
Թովմասյան Ն. Ռ., Գրիգոր Տաթևացու սոցիալ-տնտեսական հայացքները, Ե., 1966:
Թահմիգյան Ն., Քննական տեսություն հայոց հին և միջնադարյան երաժշտության պատմության, ԼՀԳ, 1971, № 5: Հակոբյան Հ., Գրիգոր Տաթևացին արվեստի մասին, ՊԲՀ, № 4, 1973:
Аревшатян С.С., Философские взгляды Григора Татеваци, Е., 1957
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |