ԽՈՍՐՈՎ Բ ԿՈՏԱԿ
Հայոց Արշակունի թագավոր մոտ 330-ից:
Ծննդյան թիվն անահայտ է:
Մահ. մոտ 338թ., Դվին, ամփոփվել է Արշակունիների տոհմական դամբարանում՝ Դարանաղյաց Անի ամրոցում:
Հաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին:
Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը հռոմեական կայսր Կոստանդին I-ի օգնությամբ գահ է բարձրացրել ԽՈՍՐՈՎ Բ-ին, որը ճնշել է Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրի խռովությունը, վերամիավորել Աղձնիքն ու Հայոց Միջագետքը:
Պարսկաստանին որոշ հարկ վճարելու պայմանով ԽՈՍՐՈՎ Բ-ն հաշտվել է հայ կենտրոնախույս նախարարներին աջակցող Պարսից արքա Շապուհ II-ի հետ: Վերջինիս սադրանքով, սակայն, Հայոց գահին հավակնող Մազքթաց արքա Սանեսան Արշակունին մտել է Այրարատ, գրավել Վաղարշապատը և իրեն հռչակել թագավոր:
ԽՈՍՐՈՎ Բ-ն կաթողիկոսի հետ շուրջ մեկ տարի փակվել է Կոգովիտ գավառի Դարույնք բերդում: Վաչե Մամիկոնյանը համախմբել է ԽՈՍՐՈՎ Բ-ին հավատարիմ նախարարների զորքերը և Օշականի մոտ ճակատամարտում պարտության մատնել Սանեսանին (վերջինս զոհվել է մարտում):
Խաղաղեցնելով երկիրը՝ ԽՈՍՐՈՎ Բ-ն զբաղվել է շինարարական գործունեությամբ, հիմնել է Դվինը և այնտեղ տեղափոխել արքունիքը, տնկել Տաճար մայրի (Մեծամորի, Դվինի և Գառնիի միջև) և Խոսրովակերտ (Երասխի, Դվինի և Արտաշատի միջև) անտառ-արգելոցները:
337թ-ին Շապուհ II-ի զորքերը ներխուժել են Հայաստան:
Վաչե Մամիկոնյանը և հազարապետ Վահան Ամատունին 30 հազարանոց զորքով Վանա լճի հս-արլ. ափին, Առեստ ավանի մոտ հաղթել են պարսիկներին և վտարել երկրից:
ԽՈՍՐՈՎ Բ-ն խզել է հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և մերձեցել Հռոմեական կայսրությանը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

