Ա՜Խ, ՀԱՅ ԱԶԳ... - ԼԵՌ ԿԱՄՍԱՐ «Կարմիր օրեր» օրագրից (անտիպ):
Ուրբաթ 11. – Հայ ազգը պատմության ասպարեզ իջավ Հայկի առասպելով, կուզեմ, որ պատմության ասպարեզից հեռանա Բելի առասպելով:
Հայ պատմիչներն այսպես են ավարտում մեր գոյության առասպելը:
Ասում են.
Մի թուրք, Տաճկաստանի ողջ հայերին մորթելուց հետո, շորով մաքուր սրբեց իր արյունոտ սուրը, հեսանով մի լավ սրեց և գնում էր Ռուսահայաստանի հայերին էլ մորթելու:
Ճիշտ այդ ժամանակ, մի հայ բոլշևիկ, Ռուսահայաստանի հայերի գանգերը կացնով ցրիվ տալուց հետո, նույնպես իր կացինը սրբեց արյունից, մի լավ չարխի տվեց, որ սրվի, դրեց կացինը ուսին և գնում էր տաճկահայությանը կոտորելու:
Նա չգիտեր, որ արդեն կոտորված էին:
Ճանապարհին դեպքն այնպես պատահեց, որ թուրքն ու հայ բոլշևիկը իջևանեն միևնույն պանդոկում, առավոտյան իրենց ճանապարհը շարունակելու համար:
Ծանոթացան իրար, միմյանց արյունոտ ձեռքերը սեղմեցին, բարեկամացան և նրանց մեջ սկսվեց մտերմական զրույց:
-Խեր ըլի, այդ ո՞ւր ես գնում կացինդ այդպես սրած, - հարցրեց թուրքը:
-Գնում եմ տաճկահայերին կոտորելու: Դո՞ւ:
-Ես էլ՝ ռուսահայերին կոտորելու:
-Ուրեմն, մեր նպատակները նույնն են, - ասաց հայ բոլշևիկը և փաթաթվեց թուրքին այնպես հուզված, որ երկու կաթիլ արցունք երևացին նրա երկու աչքերին, ու եթե երեք աչք ունենար՝ երեք կաթիլ պիտի երևային...
-Բայց քեզ մի բան պիտի հայտնեմ, - ասաց թուրքը:
-Ի՞նչ, - հարցրեց հայ բոլշևիկը:
-Ես արդեն իմ բոլոր հայերին կոտորել եմ...
-Իրո՞ք, - հանկարծակիի եկավ հայ բոլշևիկը: Ափսո՜ա:
-Ինչո՞ւ ափսոս: Դու նույնը չէիր անելու: Չէ՞ որ դու էլ էիր գնում նրանց սպանելու:
-Սպանել էլ կա, սպանել էլ կա:
-Ես հայերին սպանել եմ քո ուզածին պես:
-Որովհետև եթե հիմնական չես սպանում, էլի շարունակում են ապրել: Հայ ազգն իր ողջ կյանքը կոտորած է ապրել, բայց էլի տեսնո՞ւմ ես, շարունակում է գոյություն ունենալ: Ո՜չ, ո՜չ: Քանի նրանց գլուխը ահա այս կացնով չջարդես, նրանք չեմ մեռնի, - ասաց հայ բոլշևիկը կացինը ուսից վար բերելով:
Մի վախենա, սա իմ սուրս էլ դրանից պակասը չի: Այ, հիմա կերթամ ռուսահայերին մորթելու՝ դու քո աչքով կտեսնես ու կգնահատես:
-Ի՞նչ, ուրեմն, դու գալիս էիր ռուսահայերին կոտորելո՞ւ:
-Այո՛:
-Ետ դարձիր, նրանք կոտորված են: Ես նրանց հաշիվը մաքրել եմ: Դու քո հաշիվը մաքրեցիր Դեր զորի ճանապարհին, ես՝ Սիբիրի ճանապարհին: Միայն իմ հանգամանքները տարբեր էին, ես ապրում էի եղբայրական Վրաստանի և հայրական Ռուսաստանի հետ սերտ բարեկամության պայմաններում և կոտորելիս չէի կարող հաշվի չառնել նրանց ցանկությունները: Ինչպես հարուստ ու առատաձեռն մեկը իր ծխախոտի տուփը բաց է անում ծանոթի առջև, ես էլ եկողին հայ հրամցրի: Իհարկե ես թույլ չտվեցի, որ նրանք իրենց ձեռքը թաթախեն հայի արյան մեջ, ինչքան չլինի նրանք մարդ են, կարող էին մի օր հիշելով դա՝ խղճահարվեին: Ո՛չ, նրանք ցուցակը տալիս էին՝ ես սպանում էի:
-Ուրեմն, հիմա Ռուսահայաստանում հայ չկա՞, - հարցրեց թուրքը, հազիվ իր ուրախությունը զսպելով:
-Համարյա ոչ: Մեծ մասին կոտորեցի, քառասուն հազար ընտանիք Սիբիր աքսորեցի, իսկ մնացած հատ ու կենտ հայերին էլ շուտով ձուլելու եմ ռուսների հետ: Այդ նպատակով, արդեն բացել եմ ռուսական դպրոցներ, որ իրենց մայրենի լեզուն մոռանան:
-Յաշասը՜ն, - ուրախությունը չկարողանալով զսպել, - գոռաց թուրքը: -Հայ ազգի անունը ջնջված է պատմության ցուցակից:
Երկու բարեկամներ այսպես ուրախացան պանդոկում, կերան, խմեցին ու երբ արդեն հանվում էին քնելու, հայ բոլշևիկը հարցրեց.
-Իսկ ինչո՞վ ես մտադիր լցնել դատարկածդ Հայաստանը:
-Վայրի գազաններով: Այդ կերպ այդ երկիրը կդարձնեմ մեր պետական համալսարանը, որտեղ մեր մատաղ սերունդը կարող է ծանոթանալ բարձրագույն գազանության հետ: Գիտե՞ք ինչ, թուրքը ինչքան էլ գազան լինի, այնուամենայնիվ մարդկային նշույլներ կան մեջը: Այսպես ասած, մենք դեռ միջնակարգ գազաններ ենք և կամենում ենք բարձրագույն գազանի տիտղոս ձեռք բերել: - Ասաց թուրքը ու հարցրեց, - իսկ դո՞ւ, որևէ գիտական աստիճան ունե՞ս:
-Ես կացնահարության պրոֆեսոր եմ ու գնդակահարության դոկտոր:
Հետո, եթբ արդեն պառկած անկողնում ուզում էին քնել, թուրքը նստեց անկողնում.
-Լա՜վ, հայությունը վերջացավ, հիմա ում կոտորենք:
-Այդ մասին ես չեմ մտածում, - ասաց բոլշևիկը, - Մեր սովետական կառավարությունը մարդասպանությունը հավերժական դարձնելու կերպը գտել է: Նա Մոսկվայում նստած՝ հրամայում է ժողովրդին դուրս գալ տանից փողոց ու քայլել: Քայլելիս առաջ աջ ոտքը գցեց՝ գնդակահարություն, ձախը գցեց՝ Սիբիր...
Այս ասելով երկուսն էլ քնեցին: Թե երազում ինչե՜ր պիտի անեին, այդ միայն Աստված գիտի...
----------
Ա՜խ, հայ ազգ: Ինձ որ լսեիր՝ ո՛չ աշխարհ կգայիր, ո՛չ էլ այսպես անփառունակ կվախճանվեիր:
Ազգերը, որ ծնվում են, առհասարակ, թադարիքով են աշխարհ գալիս: Իրենց հետ բերում եմ միաբանություն, հզորություն: Իսկ դու ծնվեցիր էն գլխից պառակտված և թույլ, հույսդ դրած եվրոպական մեծ պետությունների վրա, թե նրանք քեզ միաբանություն և ուժ կտան: Չեն տա, չէ՛, օտարը մարդու բան չի տա:
Էհ, այլևս ուշ է, եղածը եղավ: Ինձ մնում է քեզ միայն հոգու հանգստություն մաղթել ու գրիչս վար դնել:
07.05.1962թ.:
ՆՅՈՒԹԸ ՏՐԱՄԱԴՐԵՑ՝ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԹՈՌՆՈՒՀԻ՝ ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2099
Կիսվել : |