ՆԺԵՀ - Արա Թադևոսյան
Մենք մեր պատմությունից, այնուամենայնիվ, դասեր չքաղեցինք, քանի որ նրա ոչ մի դրվագ ու իրադարձություն, սկսած Արարատյան թագավորությունից մինչև այսօր, գրեթե չի գնահատվել հավուր պատշաճի։ Մինչդեռ միայն վերջին հերոսամարտերի դասերը մեծապես ուսանելի կարող էին լինել, երբ ընդամենը մի բուռ քաջեր, նշխար-նշխար հավաքելով ու փրկելով «ժողովրդի պատմության արժանապատվությունը», վերստեղծեցին հայոց պետականությունը, որն այսօր մեր հայրենիքն է։ Նահատակվեցին նրանք, արտաքսվեցին ու աքսորվեցին ապերախտաբար՝ չվայելելով սեփական հաղթանակի արդյունք հայրենիքի գոյության բերկրանքը։
Այդ երևելիներից էր Գարեգին Նժդեհը (Տեր-Հարությունյան)՝ դասական հեղափոխական իր համոզմունքներով ու գործելակերպով։ Նա ծնվեց ու աճեց ֆիդայական շարժումներից, հերոսացավ հայրենիքի փրկության մարտերում ու նահատակվեց իր իսկ կանխագուշակած «մաքիավելիների» ձեռքով։
Մինչ հայ հեղափոխական դաշնակցության շարքերն ընդունվելը, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղի քահանայի որդին նախնական կրթություն էր ստացել, իսկ կուսակցության հովանավորությամբ շարունակեց ուսումը Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա ավարտեց Սոֆիայի Ֆերդինանդ թագավորի անվան զինվորական ուսումնարանը։
Կռվեց Պարսկաստանում, Բալկաններում, Արևմտյան Հայաստանում՝ տեսական գիտելիքներին ավելացնելով առասպելական Անդրանիկի ու անպարտելի Դրոյի մարտավարական փորձը։
«Ուժեղը նա չէ, որի հաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն»,— սա էր նրա՝ պրոֆեսիոնալ զինվորականի ու քաղաքական գործչի հավատամքը։
Բալկանյան ժողովարդների ազատագրության օրինակը, որը լուրջ դիվանագիտության ու կազմակերպված պայքարի արդյունք էր՝ «Թուրքիո բոլոր ճնշված ազգերի հետ միասին», նրան էլ էր ոգևորում, բայց քաղաքական հեռատեսությամբ զգում էր, որ պահը բաց է թողնվել և այսօր պետք է ապավինել միմիայն սեփական ուժերին։ Որպես հեղափոխական մարտիկ, անվերապահորեն ընդանում էր Միքայել Նալբանդյանին. «Ամենահեղափոխական կարելի է համարել այն միջոցը, որը մեզ ավելի շատ մեր ցանկացած նպատակին է առաջնորդում»1։
Եվ մինչև հայոց մեծ ազատամարտը 32-ամյա կապիտան Գարեգին Նժդեհն իր մասին արդեն կարող էր ասել. «Հանուն իմ հեղափոխական հավատամքի, եղել եմ բոլոր բանտերում, Արաքսի ափից մինչև Պետրոգրադ։ Ավելի քան երեք տարի ես շղթաներ եմ մաշել բանտերում և աքսորավայրերում։ Կռվել եմ և կռվելու եմ բռնության դեմ՝ ինչ քողի տակ և ինչ գույնով էլ որ դա երևան գա…»2։
Իսկ ժամանակի բռնության «քողն ու գույնը» դժվար էր ջոկել՝ այնքան թանձրացած էր այն։ Հայոց պատմության օրհասական օրերն էին. ռուսական բանակը նահանջում ու կազմալուծվում էր՝ հանուն «պայծառ գալիքի»։ Հոգնած ու զայրացած հայ կամավորները խումբ–խումբ Ալեքսանդրապոլ էին հասնում՝ միամտորեն հուսալով, թե հետապնդող թուրքերն Արփաչայը գոնե չեն անցնի։ Նժդեհը քչերից մեկն էր, որ Ալեքսանդրապոլում անգործ չնստեց։ Իր զինակիցների հետ հասնելով քաղաք, նա փորձեց նաև եզդիներից մի զորամաս կազմակերպել, սակայն դեպքերի արագ ընթացքը խանգարեց այդ նախաձեռնությանը, որը հետագայում իրականացրեց Դրոն՝ Բաշ Ապարանի կռվի նախօրյակին3։ Իսկ Նժդեհին վիճակված էր ավելի մեծ առաքելություն։ 1918 թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլ և սկսեցին կոտորածը։ Զորքն ու ժողովուրդը խաճապահար փախան Ղարաքիլիսա ու Դիլիջան։ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայի զորախմբի հրամանատարին հրամայում է. «Ղարաքիլիսայի վրա թուրքերի հարձակման դեպքում» նահանջել Շահալի ու Դիլիջան4։ Դա վերջնական կործանում էր նշանակում։ Հարկավոր էր ամեն գնով կազմակերպել Ղարաքիլիսայի պաշտպանությունն ու կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը։ Այդ իրականացրեց Գարեգին Նժդեհը։ Գնդապետ Ռուբեն Նարինյանը հիշում է, որ Նժդեհը նախ իր հեծելազոր հարյուրյակով հետախուզություն կատարեց, ճշտեց թուրքերի տեղը, այնուհետև մայիսի 23-ին Դիլիջանում, եկեղեցու բակում գումարված բազմամարդ միտինգում, Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանի, գեներալ Համասյանի և ուրիշների հետ հանդես եկավ մի կրակոտ ճառով5։ Ապա, համաձայն Թուրշյանի ուսումնասիրությունների, Նժդեհն առաջինը իր հեծյալ խմբով և գնդապետ Ա. Մելիք-Շահնազարյանի առաջին հեծյալ գնդի երկու հարյարյակներով վերադարձավ Ղարաքիլիսա և մայիսի 24-ի լուսաբացին տեղ հասնելով վերսկսեց հետախուզությունը6։
Ղարաքիլիսայում Նժդեհի կազմակերպչական նշանակալի դերի մասին է խոսում նաև կռիվների մասնակից Մուշեղ Ղազարյանը. «Վերջին պայքարի խիզախ քայլը պատկանում էր Դիլիջանին, ուր կենտրոնացել էին հայ զորքի կազմալուծված մասերը և փախստականների հոծ բազմություն։ Նրանց մեջ ռազմական տրամադրություն ստեղծողը եղավ Նժդեհը»7։
Մինչև օրս 1918թ. ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ պատմաբանների վեճը չի լուծվում միայն այն պատճառով, որ նրանցից ոչ մեկը չի փորձում բացահայտել ժողովրդական այնպիսի հերոս-ղեկավար-կազմակերպիչների դերը, ինչպիսիք էին Արամ Մանուկյանը, Դրո Կանայանը, Նժդեհը և ուրիշներ։ Պատմաբանների մի մասը գտնում է, որ «ճակատամարտերում գլխավոր, վճռորոշ գործոնը հայկական ազգային զորամասերն էին իրենց հրամանատարներով, որոնցից և ոչ մեկը դաշնակցության անդամ չէր8, և բացառում կամ թերագնահատում է ժողովրդական զանգվածների մասնակցությունը, քանի որ այս դեպքում արդեն վերջիններս «զրկվում էին» ղեկավարությունից։ Մյուս մասը, թերագնահատելով կադրային զինվորականությանը՝ «…փաստորեն վերացավ նրա (Նազարբեկյանի– Ա. Թ.) ղեկավարությունն ու գիծը, և պատերազմն ընդունեց ինքնապաշտպանության ժողովրդական գոյամարտի բնույթ»9, վերստին անտեսում է ազատամարտի առաջնորդներին։ Երկու դեպքում էլ տեղը մնում է բաց. հանիրավի անտեսվում են դաշնակցական կուսակցության անդամ, իսկական ժողովրդական հրամանատարները։
Ղարաքիլիսայի չորսօրյա կռիվները, վերջին հաշվով, կասեցրին թուրքերի առաջխաղացումը, և եթե հետագայում Վեհիբ փաշան գրում էր, որ «Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց են տվել, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»10, ապա դա անտարակույս նաև Նժդեհի շնորհիվ, որին առջևում սպասում էին նոր փորձություններ։
1918թ. մայիսի 28-ին՝ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերից հետո, հռչակվեց Հայաստանի հանրապետությունը։ Մինչ այդ «հայ դաշնակցականների կուսակցությանը,— ինչպես Ա. Միկոյանն է գրում,— պահանջում էր ֆեդերատիվ դրություն Ռուսաստանի կազմում» և նրանից անջատվելու միտք չուներ11։ Սակայն Ռուսաստանն իր հոգսերով էր զբաղված, և Հայաստանին այլ ելք չէր մնում։ Հազիվ մեկ օր առաջ իրեն պետություն հռչակած Ադրբեջանն արդեն ռազմական գործողություններ էր ձեռնարկել Ղարաբաղը, Ուտիքը, Զանգեզուրն ու Նախիջևանը զավթելու համար։
1919թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագրից հետո Անդրանիկը Դիլիջանում լսելով այդ մասին, ու այլևս իր և իր «զորամասի ներկայությունը Հայաստանի սահմաններուն մեջ անհնար համարելով»12, որոշեց Իրանի վրայով անցնել Միջագետք՝ օգնելու հայ գաղթականներին և միանալու անգլիական զորքերին՝ Թուրքիայի դեմ պատերազմը շարունակելու համար։ Նա հասավ մինչև Խոյ, բայց անգլիացիների չհանդիպելով, իր շուրջը հավաքված մոտ 20 հազար գաղթականների բերեց Նախիջևան։ Սակայն Հայաստանի հանրապետության կողմից օրենքից դուրս հռչակված զորավարն օգնության ոչ մի հույս չունենալով, հուլիսի 23-ին որոշեց նահանջել Խալիլ փաշայի թուրքական բացարձակ գերակշռության առջև։ 1918թ. օգոստոսից մինչև 1919 թ. ապրիլը Անդրանիկը մնաց Զանգեզուրում ու պաշտպանեց երկրամասը։ Պատերազմն ավարտվեց։ Թուրքերը հեռացան Անդրկովկասից՝ իրենց տեղը ժամանակավորապես զիջելով անգլիացիներին։ Թուրքիայի դեմ այլևս կռիվ ու կռվող կողմ չկար։ Երկրամասը հանձնելով հանրապետության լիազոր ներկայացուցիչ գնդապետ Արսեն Շահմազյանին, Անդրանիկը հեռացավ Հայաստանից՝ Արևմտյան Հայաստանի փրկության նոր ուղիներ որոնելու։
Իր ստոր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի կառավարությունը 1918 թ. ամռանը նորից օգնություն է խնդրում Թուրքիայից և անգլիացիների օժանդակությամբ մի քանի տասնյակ հազար թուրք-թաթարական ասկյարներ է մտցնում Շուշի, ու արդեն Ելիզավետպոլի, Շուշիի և Նախիջևանի ուղղություններով սպառնում հարձակվել Զանգեզուրի վրա։
Գորիսից հայտնում էին հանրապետության ղեկավարությանը, որ «Օխճու ձորում (Ղափանի շրջան) թյուրքական հորդաներն տաճկական սպաների ղեկավարությամբ զինվորական մարզանքներ են կատարում, նույնիսկ պարզ երևում են սպաները կարմիր ֆեսերով։ Դաշտերում զարկած են մի շարք վրաններ, որոնք ապացուցում են, որ պատրաստություններ են տեսնում գալիք հարձակումների համար, որ այս բոլորը տեղական պատահական բնույթ չի կրում»13։
Հունիսին արդեն թուրքերը մի քանի հարձակումներ էին կատարել Ղափանի վրա և ջարդվելով ետ էին դարձել՝ թողնելով զոհեր, 3 գնդացիր, 120 հրացան, 15 ձիաբեռ փամփուշտ ու պարեն14։ Մինչդեռ Անդրկովկասում բրիտանական ուժերի պետ գեներալ-մայոր Կոռին մայիսի 31-ի իր գրությամբ Հայաստանի հանրապետության նախագահից պահանջում էր Զանգեզուրից անմիջապես ետ կանչել իր ներկայացուցչին, մինչև այդ երկրամասի հարցի վերջնական լուծումը15։
Ահա այս դժվարին պայմաններում Նժդեհը նշանակվեց Կապարգողթի (Կապան-Արևիկ-Գողթն) հրամանատար և իր փոքրաթիվ հեծյալ ջոկատով մեկնեց Զանգեզուր։ Ըստ նրա կենսագիր Ավոյի, Նժդեհը «1919թ. օգոստոսին Երևանեն կանցնի Գողթան»16, բայց Նժդեհի մի քանի գրություններից երևում է, որ նա Զանգեզուրում է եղել արդեն հունիսի սկզբներին17։
Մի ոչ էական ճշգրտում ևս. Ավոն, ինչպես նաև Ռիչարդ Հովհաննիսյանը, Նժդեհին այդ ժամանակ անվանում է փոխգնդապետ18, սակայն Հայաստանի հանրապետության զինվորական նախարարության ֆոնդում պահպանվել է 1919 թ. դեկտեմբերին Արսեն Շահմազյանին փոխարինած Զանգեզուրի զինվորական ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ն. Ղազարյանի N 0266 գաղտնի միջնորդագիրը19, որից պարզվում է, որ «կապիտան Գարեգին Տեր–Հարությունյանը–Նժդեհը» մինչև 1920 թ. փետրվարը, համենայնդեպս, փոխգնդապետի աստիճան չի ստացել։ Կից ներկայացված Նժդեհի «Պարգևաթերթում» Ղազարյանը միջնորդում է նրան իր կատարած ծառայությունների համար անմիջապես գնդապետի աստիճան շնորհել20։
Հասնելով Զանգեզուր, Նժդեհը ձեռնամուխ եղավ կամավորական վաշտերի կազմակերպմանը։ Այստեղ կադրային ոչ մի զորամաս չկար։ Կարճ ժամկետում նա ստեղծեց արագաշարժ հեծյալ դասակ, շարժուն ջոկատներ, պատրաստել տվեց պաշտպանական դիրքեր և 10—80 կիլոգրամանոց մետաղյա պայթուցիկ տակառներ՝ վառոդով ու պղնձի հանքակտորտանքներով լցված։ Զինավարժանքներ կազմակերպեց և մոտ 800 հայրենասեր կամավորներից ստեղծեց մի մարտունակ զորամիավորում։
Նժդեհի խնդիրը խիստ բարդ էր։ Իր փոքրաթիվ ուժերով նա պիտի պաշտպաներ Կապարգողթը, կապ հաստատեր և անհրաժեշտության ու հնարավորության դեպքում օգներ Ղարաբաղին ու Նախիջևանին՝ ազատագրվելու թուրքերից։
Հայերին մի քանի անգամ գերազանցող թուրք ասկյարներով համալրված Ադրբեջանի բանակը, որը նաև լավ զինված էր, հանգամանորեն էր մշակել 1919թ. աշնան հարձակումը Զանգեզուրի վրա, նախապատրաստելով նաև Զանգեզուրի մահմեդականների աջակցությունը։
Նոյեմբերի 1-ին թշնամու զորքերը գեներալ Ալի Աղա Շիխլինսկու հրամանատարությամբ սկսեցին հարձակումը մի քանի ուղղություններով։ Նրանց առաջնահերթ խնդիրը Գորիսի նվաճումն էր։ Արսեն Շահմազյանի, Ռ. Նարինյանի, Նիկ. Հովսեփյանի, Զաքոյի, Համբարձում Սարգիսջանյանի և ուրիշների հմուտ ղեկավարությամբ զանգեզուրցիների հերոսական դիմադրությունը կասեցրեց նրանց գրոհը։ Նժդեհի լեռնցիները Ղափանի սահմանի վրա ոչնչացրին թուրքական երկու դասակ։ Թշնամու կանոնավոր բանակն ու շրջակայքի թուրք և քուրդ բաշիբոզուկներին գլխովին ջարդելով, ետ շպրտեցին Զանգեզուրից։ «Քաջարի» գեներալ Շիխլինսկին չցանկանալով այլևս կրկնել հարձակումը, Բաքվում էլ կանգ չառավ, այլ «համոզիչ» փաստարկներով արդարացնելով իր փախուստը, մեկնեց Ռուսաստան՝ կարմիր բանակի մարտիկներին ավազակային արշավանքների նրբությունները դասավանդելու։ «Փառաբանված» գեներալը, կարծում ենք, առավել հաջող էր դասավանդում «Հրետանու կիրառումը լեռնոտ տեղամասերում» թեման, չէ՞ որ դրա դասերը նա ինքն առել էր Զանգեզուրի հերոսներից։
Նոյեմբերի 15-ի լուսաբացին տակառներով թշնամու դիրքերը «ռմբակոծելուց» հետո, Նժդեհն իր փոքրաթիվ խմբով անցավ հարձակման և մինչև մթնշաղ ամբողջությամբ մաքրեց Ոխչիի հովիտը, շրջափակումից ազատեց 5 հայկական գյուղեր և ճանապարհ բացեց դեպի Գողթն (Օրդուբադի շրջան)21։
Սակայն կռիվը դրանով չվերջացավ։ Զանգեզուրի մուսուլմանաբնակ գյուղերը թշնամու համար հենակետեր էին ծառայում, զինված ավազակաբարո հարձակումներ կատարում հայկական գյուղերի վրա, սպանում, թալանում, գողանում անասունները, փակում ճանապարհները և անհամբեր սպասում թուրքերի նոր հարձակումներին։ Նժդեհը որոշեց զսպել նրանց ևս ու մինչև դեկտեմբերի 7-ն իրագործեց իր ծրագիրը՝ նախօրոք պատվիրելով զինվորներին «Եղեք անխնա ձեզ դիմադրողների նկատմամբ, ասպետ և մարդ եղեք կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ»22։
Ծանր էր նաև Գողթնի հայ ազգաբնակչության վիճակը։ Պաշարված Ագուլիսը սովի էր մատնվում։ Նժդեհը Երևանից օգնություն էր խնդրում` ընդամենը 500 զինվոր, ազատագրելու շրջանը, սակայն կառավարությունը մերժեց օգնական ուժեր տրամադրել։ Գողթնի հայերը գաղթում էին Զանգեզուր, իսկ դա նշանակում էր վերջնականապես կորցնել նաև այդ շրջանը և, միաժամանակ, բացել Զանգեզուրի թիկունքը թշնամու առաջ։ Ագուլիսը սեպտեմբերից պաշտպանում էր Ղազար Քոչարյանը (Քաչալ Ղազար), բայց ուժերը խիստ անհավասար էին. Նժդեհը որոշեց իր ուժերով վերացնել Ագուլիսի պաշարումը, սակայն, «քաղաքացիական և զինվորական իշխանությունները Գորիսում մերժեցին նրա առաջարկը, պատճառաբանելով, որ ավելի կարևոր է Բարգուշատի շղթայի ապահովության պահպանումը»23։
Այնուամենայնիվ, 1919թ. դեկտեմբերի 28-ին, երբ թուրքերն սկսել են Ագուլիսի կոտորածը, «կապիտան Նժդեհը կազմակերպել է Օրդուբադի ուղղությամբ ռազմական ցույց և դրանով հնարավորություն տվել մի քանի ագուլիսցիների ազատվել կոտորածից և կանգնեցրել թուրքերի հետագա հարձակումները»24։
Այնուհետև, Հայաստանի կառավարությունից վիրավորված և թուրքական բարբարոսության վրա զայրացած, նա մինչև 1920թ. հունվարի 19-ը մաքրեց նաև Բարգուշատի թուրքական գյուղերը, նրանց կողմից գրավված բարձունքներն ու բացեց Գորիս-Ղափան ճանապարհը։ Ղափանի ժողովրդական ռազմական ուժերի ներկայացուցիչներն իրենց արտակարգ ժողովում «որոշեցին նվիրաբերել իրենց սիրած հերոս-ղեկավար Գարեգին Նժդեհին, որը հաղթական դրոշակ բարձրացրեց Գեղվաձորի, Բաղաբերդի բարձունքները և ջարդեց թշնամուն Արևելքում, մի «Պատվի Սուր» հետևյալ մակագրությամբ. «Գարեգին Նժդեհին, որին Ղափանը անվանեց «Երկրորդ Դավիթ-Բեգ», իսկ թշնամին՝ «Աժդահա-փաշա»25։
Եվ քանի որ ադրբեջանական ոչ մի գեներալ այլևս հանձն չառավ նոր արշավանք սկսելու Զանգեզուրի դեմ, Ադրբեջանի կառավարությունը որոշեց բողոքել «Զանգեզուրում հայկական ագրեսիայի վերաբերյալ»26:
Այնուամենայնիվ, հայկական այս երկրամասերում դրությունը շարունակում էր լարված մնալ։ Օրդուբադի հայությունը գաղթում էր։ Թուրքերն սպառնում էին գրավել Շարուր-Դարալագյազը։ Մեծանում էր Զանգեզուրին ու Ղարաբաղին սպառնացող վտանգը։ Առաջնահերթ խնդիր էր Գողթնի հայության պաշտպանությունը։
Եվ Նժդեհը դիմեց համարձակ մի քայլի, որ ժամանակին Անդրանիկն էր արել։ 1920թ. մարտի 20-ին իր փոքրաթիվ խմբով անցավ չորս հազար մետր բարձրությամբ Կապատջուղը։ «Մահաշունչ ձմեռվա կեսին,— գրում է նա,— երբ քաղցած ու թափառ գայլն անգամ սարսափով էր մոտենում Ղափուջուղին՝ Ղափանի այդ փոքր Մասսին, մենք մեր հոգու կրակով հալեցրինք ձյուները, մեղմացրինք բնության արհավիրքը, բուքն ու բորանը և Գողթան իջանք…»27։ Նժդեհի նպատակն էր՝ պատժելով թուրքերին, պայմաններ ստեղծել հայերի հետագա գոյատևման համար։ Նա նախ հարձակվեց Օրդուբադի վրա, ապա հաղթական մարտերով մտավ Ագուլիս, սակայն լուր առավ, որ թուրքերը Կարեագինի և Ջիբրայիլի կողմից գալով շրջապատել են Ղափանի Զեյվա գյուղը, և ստիպված վերադարձավ։
1920թ. սկզբներից Ռուսաստանի միջնորդությամբ դիվանագիտական բուռն գործունեություն էր ծավալվել Թուրքիայի հետ՝ Հայաստանի հանրապետության սահմանները ճշտելու համար։ Մայիսի սկզբներին Մոսկվա մեկնեց Լևոն Շանթի գլխավորած պատվիրակությունը։ ՌԽՖՍՀ–ի հետ «նախնական համաձայնությունից» հետո, Հայաստանի հանրապետության վարչապետ Համո Օհանջանյանը, զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը և սպարապետ Թովմաս Նազարբեկյանը 1920 թ. մայիսի 8-ին շտապեցին հրատարակել «Կոչ Հայաստանի հանրապետության բանակին և պետական պաշտոնյաներին», ուր ուրախությամբ նշում էին. «… ամենքին ծանոթ պետք է լինի արդեն այն՝ որ Խորհրդային Ռուսաստանը ամենից առաջ ճանաչել է Հայաստանի անկախության սկզբունքը և մտցրել իրա սահմանադրության մեջ։ Լավ պետք է գիտակցել, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի այժմ թուրքերին և թաթարներին հետ, իսկ մեր միակ թշնամիները հենց վերջիններս են»28։
Սակայն ուրախությունը կարճ տևեց։ Շուտով Մոսկվայում Լևոն Շանթի պատվիրակությանը հասկացրին, որ այժմ «Տաճիկները իրենց՝ բոլշևիկներին պետք են», և առաջին հերթին կկատարվի նրանց ցանկությունը29։ Հետագա բանակցությունները փաստորեն ընթացան հօգուտ թուրքերի, իսկ երբ 1920 թ. սեպտեմբերի 20-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի պլենումը քննարկեց և թույլատրեց Թուրքիային ոսկի, զենք ու զինամթերք տրամադրելու հարցը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատասխանատվությունը դրվեց Ստալինի վրա, Թուրքիան, ստանալով նաև ՌԽՖՍՀ կառավարության համաձայնությանը, երկու օր հետո սեպտեմբերի 22-ին հարձակում սկսեց Հայաստանի հանրապետության վրա։
Չպետք է միամիտ լինել ու մտածել, թե Ռուսաստանի կառավարությունն իսկապես կարծում էր, որ թուրքերի նպատակը Հայաստանը խորհրդայնացնելն է, մանավանդ որ գործին մասնակցում էին այնպիսի փորձված կուսակցական ու հեղափոխական գործիչներ, ինչպիսիք էին Օրջոնիկիձեն, Կիրովը, Ստալինը և ուրիշներ, որոնց իրադրության վերաբերյալ անընդհատ ճշգրիտ ինֆորմացիա էր տալիս Չիչերինը և տագնապ հնչեցնում թուրքական բարբարոսությունների ու հակահայկական քաղաքականության առթիվ։ Իսկ Սարիդամիշի գրավումից հետո, երբ թուրքերն առաջ էին շարժվում դեպի Կարս, Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանը հաղորդեց Մոսկվա. «Անհրաժեշտ է սովետական կառավարության անհապաղ և վճռական դիմումը թուրքերի հարձակումը կանգնեցնելու համար»30, սակայն ի պատասխան Լենինը հանձնարարում է Չիչերինին ու Լեգրանին. «Խիստ զգույշ եղեք քեմալականների, ինչպես նաև հայերի հետ ունեցած հարաբերություններում, որպեսզի հնարավորություն չտաք մեզ ներգրավելու ակտիվ գործողությունների մեջ»31։
Բացի այս, 1920 թ. ապրիլի 28-ից խորհրդային դարձած Ադրբեջանի կառավարությունն էլ նորից «հանուն Արևելքի ու համաշխարհային հեղափոխության» և թևավորված ռուսական 11-րդ կարմիր բանակի ներկայությունից, Ռուսաստանից պահանջում էր գրավել և Ադրբեջանին միացնել Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանն ու Շարուր–Դարալագյազը՝ այն, ինչ այդպես էլ չհաջողվեց իր երեկվա կառավարությանը։
Պատկերը լրացնելու համար Վրաստանի կառավարությունն էլ իր հերթին թուրքերի արշավանքի հետ միաժամանակ ագրեսիա սկսեց Հայաստանի հյուսիսային շրջաններում։
Եվ մինչ Նժդեհին պարզ էր, որ «Հեղափոխական լոզունգներով Քեմալն ու ընկերությունը քողարկել են իրենց պանիսլամական ամենառեակցիոն նպատակները»32, հայ բոլշևիկները խանդավառված, «խիտ ու կուռ» շարքերով օժանդակում էին թուրքերին ու բոլշևիկյան գաղափարներով «կարմրատակած» Կովկասի թաթարներին։
«Եվ այսպես թուրք, ռուս, վրացի, տաճիկ և մի շարք հայ դավաճաններ միացած, ձեռք-ձեռքի տված, գալիս էին մեզ մորթոտելու հանուն ինչ-որ ցնորամիտ էքսպերիմենտների, հանուն ինչ-որ գաղափարների…»,– 1920 թ. գրում էր մեղրեցի Խաչիկ Խանգիլցյանը՝ Զանգեզուրի պաշտպաններից մեկը33։
Այսպիսով, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պահանջում էին այն, ինչ Զանգեզուրում իր մի բառ քաջերով փորձում էր անել Նժդեհը։
11-րդ կարմիր բանակն իր շարքերն ընդունելով նախկին ասկյարներին, իսկ դրանց թիվն, ըստ Ա. Միկոյանի, մոտ 30 հազար էր, որից 20 հազարը՝ Հայաստանի սահմանի վրա34, ավելի կարմրելով սկսեց իր արշավանքը՝ Հայաստանից նվաճելու և Ադրբեջանին կցելու Նարիմանովի մատնանշած տարածքները։
Մայիսի 12-ին կարմիր բանակի 32-րդ հրաձգային դիվիզիան մտավ Շուշի։ Ապա այստեղ ժամանեց Սերգո Օրջոնիկիձեն, և Շուշին հայտարարվեց խորհրդային։ Դրոյից պահանջեցին հեռանալ։ Մայիսի 24-ին Լեռնային Ղարաբաղի Ավետարանոց գյուղում Դրոյի ղեկավարությամբ հրամանատարությունը, Հայաստանի կառավարության համաձայնությամբ, որոշեց զորքերը հանել Ղարաբաղից։ Հաջորդ օրը` մայիսի 25-ին Դրո Կանայանի ստեղծած ժամանակավոր կառավարությունը հեռացավ Արցախից։
Հուլիսի 5-ին կարմիր բանակի զորամասերը շարժվում են Գորիս և, դիմադրության չհանդիպելով, գրավում այն, ապա գրավում են Սիսիանը՝ մինչև Բազարչայի արևմտյան լեռնաշղթան, և Քեմալի ծրագրած պլանով Նախիջևանի վրայով կապ են հաստատում Թուրքիայի հետ։ Այնուհետև շարժվում են Ղափան և Նժդեհից պահանջում հանձնվել, սակայն ստանալով կտրուկ մերժում, հանկարծակիի եկած վերադառնում են Գորիս։
Հունիս-օգոստոսին Նժդեհը նամակներով դիմում էր հանրապետության զինվորական, արտաքին և ներքին գործոց նախարարներին, սպարապետին, պառլամենտի նախագահին, դաշնակցության բյուրոյին, խնդրում «անհնարինը հնարավոր դարձնել» և վերջապես 500 զինվորներից բաղկացած մի զորամաս ուղարկել օգնության։ «Ադրբեյջանը գործում է,— գրում է նա,— նրա հարյուրավոր ագենտները՝ իրենց տարած պյուռոսյան հաղթությամբ արբեցած՝ օրնիբուն չափչփում են բուն Զանգեզուրի (Գորիսի— Ա. Թ.) և Սիսիանի գյուղերը և համոզում, հավատացնում ժողովրդին, որ «սովետական Ռուսաստանը ստիպել է Հայաստանի կառավարության ձեռք քաշելու Զանգեզուրից, որ այդ երկիրը արդեն տրված է Ադրբեյջանին» և այլն և այլն…»։ Այնուհետև նկարագրելով բնակչության անհույս վիճակն ու օրեցօր ընկճվող տրամադրությունը, նա շարունակում է. «Բաքվի մի քանի տասնյակ կաշառված հայերով Ադրբեյջանը տեր դարձավ Ղարաբաղին։ Սովետականացած Ղարաբաղը վարակեց բուն Զանգեզուրի որոշ գյուղերը և թշնամու՝ թալանի տենչով խելագարված սրիկայախմբերը գրեթե առանց կռվի մտան Գորիս։ Վերջինս իր հերթին արագացրեց Սիսիանի անկումը։ Ու այսօր այդ բոլորը՝ և Ադրբեջան, և Ղարաբաղ, և բուն Զանգեգուր, ոտքի հանած իրենց բովանդակ ուժերը՝ և զորք, և տեռոր, և թղթադրամների դեզեր, կաշվից դուրս են գալիս ընկճելու իրենց դեմ ծառացած Ղափանը, Գենվազը, Բաղաբերդը և Գողթանը…։ Արագացրեք զորքերի մեկնումը։ Սպասում ենք»35։
Հանրապետության ղեկավարությունը ռազմական քայլեր չէր ձեռնարկում՝ հույսով սպասելով Ռուսաստանի հետ բանակցությունների ավարտին։ Սակայն դրությունն օրհասական էր, և Նժդեհը հինգ օր հետո նորից է խնդրում չլքել անառիկ երկրամասը, որն ապագա Հայաստանի ինքնապաշտպանության ամրոցն է լինելու իր լեռներով, «որն ամենամոդեռն բերդերի դերն է կատարում մեր հանրապետության համար…»36։ Միաժամանակ հայտնում է, որ Կապարգողթը չի լքելու. «Մենք, որ ապրել ենք ազատ ու հաղթական կյանքով, հպարտ ու հերոսական մահով մեռնել էլ գիտենք»37։
Սեպտեմբերի սկզբներին Նժդեհը մի քանի հաղթական կռիվներ մղեց կարմիր բանակի 28-րդ դիվիզիայի շարքերում կռվող թուրք-թաթարական ուժերի դեմ Զեյվայի մոտակայքում։ Օրդուբադի կողմից էլ հարձակում էին սկսել քեմալական զորքերը տեղի մահմեդականների հետ միասին՝ թնդանոթներով ու մեծ քանակությամբ գնդացիրներով զինված։ Զգում էր, «որ քաղաքական աշխարհում, իսկ մասնավորապես Նախիջևանի գավառում, ինչ-որ կնճռոտ հարցեր են լուծում», սակայն կապի բացակայությունը, լուրերի բազմազանությունը, հանրապետության ղեկավարության «համառ լռությունը», ռազմամթերքի պակասը անորոշ վիճակում էին պահում Նժդեհին։ Ոչ մի օգնություն չստանալով դրսից, նա շարունակում է պայքարը թշնամուց խլած ռազմամթերքի հաշվին։ Առայժմ ոչ մի կերպ չէր կարողանում ձեռք գցել թնդանոթներ ու գնդացիրներ։ Ճողոպրող թշնամին չկարողանալով դրանք տանել իր հետ՝ նետում էր լեռներից, կոտրատում։ Նժդեհն արդեն սկսում էր անհանգստանալ ոչ միայն երկրամասի կորստի, այլև «այդ շրջանների հերոսական ժողովրդի ֆիզիկական գոյության համար»38։ Այնուամենայնիվ, նա հոկտեմբերին դեռ դրությունն անհույս չէր համարում և շարունակում էր կռվել «(deuq ex maxima»-ի (ամենաբարձրյալ աստծո) օրհնությունը հուսալով39։ Իսկ երբ վիրավորվեց մարտում ու կորցրեց ձիուն, թշնամու գերազանց, կանոնավոր ուժերի դեմ քաշվեց Խուստուփի լեռները, Նժդեհն արդեն հուսահատ ու զայրացած էր. «Վճռել եմ,— գրում է նա,— հանուն «մեծամասնականների» կողմից պղծված ու այլանդակված սոցիալիզմի և մեր ժողովրդի անկապտելի իրավունքների, շարունակել կռիվը մինչև վերջին փամփուշտը»40։
Թշնամու գազանություններն ու տեռորը, ինչպես նաև «չրեզվիչայկաների» գործունեությունը ոտքի էր հանում արդեն Զանգեզուրի ողջ բնակչությանը։ Իսկ որպեսզի հայ դավաճանների նկատմամբ իրենց զզվանքն ու զայրույթն արտահայտող գյուղացիները չպղծեն Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը, նրա մոտ պահակության էր անում «թուրք «մեծամասնական» զինվորը»41։
Հոկտեմբերի սկզբին Նժդեհը վերջապես հրաման ստացավ Դրոյից, որն ավելի անորոշ վիճակի մեջ դրեց նրան։ Անմիջապես՝ հոկտեմբերի 9-ին նամակներ ուղարկեց մի քանի հասցեներով՝ Դրոյին, Նազարբեկյանին, Սիլիկյանին, Դարալագյազի հատուկ կոմիսար Գերասիմ Բալայանին, զինվորական նախարարին, բյուրոյին՝ գոնե մեկից որոշակի տեղեկություն ստանալու համար։ «Դրոն զինվորական մինիստրի անունից հրամայում է ինձ, համաձայն կնքված զինադադարի (նկատի ունի թերևս 1920 թ. օգոստոսի 10-ի Թիֆլիսի զինադադարը – Ա. Թ.), վերցնել իմ զորամասը և անցնել մեր տերիտորիան։ Ես չգիտեմ»,— գրում էր Նժդեհն ու տալիս իրեն հետաքրքրող մոտ մեկ տասնյակ հարցեր՝ ու՞մ հետ է կնքվել զինադադարը, որքա՞ն ժամանակով, միայն ի՞նքն է հեռանալու, թե ադրբեջանական կողմն էլ, ո՞վ է կառավարելու երկրամասը, ի՞նչ է լինելու Նախիջևանի հարցը և այլն։ «Սա ի՞նչ զինադադար է,֊ եզրափակում էր նա,— որի ժամանակ «մեծամասնականները» շարունակում են իրենց շահատակությունները, թալանը և զինաթափությունը Սիսիանում և բուն Զանգեզուրում»42։
Նժդեհը պատասխան չստացավ։ Հոկտեմբերի 10-ին Խալիլ փաշան Բաքվից գալով Օրդուբադ, հարձակվեց Կարճևան-Կաքավաբերդի վրա։ Երեքօրյա կռվից հետո Նժդեհը ջարդեց ու ետ շպրտեց նրան, խլելով «երեք գնդացիր, հեռախոսային ապարատներ, հրացաններ ու գրաստներ»43։ Սակայն հարձակումները Օրդուբադից ու Զանգիլանից շարունակվեցին։ Լուրեր էին հասնում, որ պարսկական ափից Զանգեզուրի վրա էր շարժվում նաև «մի մեծ խուժան՝ թալանի ու կոտորածի նպատակով»44։ Կռիվները շարունակվում էին նաև Ղափանի համար, որը Նժդեհն ուզում էր նորից ետ նվաճել։ Հոկտեմբերի 19-ի գիշերն իջնելով Խուստուփից, Նժդեհը ջարդեց 250-րդ հեծելագունդը և խլելով 8 գնդացիր ու գերիներ վերցնելով, վերջինիս մնացորդները քշեց Ղափանի հյուսիս-արևելքը։
Սակայն նրա դրությունն իսկապես հուսահատական էր։ Գրոհներին վերջ չկար, օգնություն չէր ստանում, չգիտեր ինչպես վարվել գերիների հետ։ Նորից էր գրում Երևան. «Այսօր Կապարգողթը օղակող թշնամին «սովետականացնելու» տեղ միայն կոտորում է և թալանում։ Մեծամասնականների տեղ այժմ արեան տենչով խելագարված թուրք կանոնավոր ուժերն ու հսկայական խուժաններն են պաշարել մեր շրջանները։
Իհարկե պարոն Լեգրանը գիտե այդ և դիվանագիտորեն լռում է»45։
Չգիտեր ինչպես վարվել գերիների հետ։ Արդեն որերորդ անգամ հարցում էր անում Երևան, թե «կարելի՞ է Ղափանում իմ գերի վերցրած բոլշևիկներին, թվով 500 հոգի, փոխադրել Դարալագյազով Հայաստան։
Գերիների փոխադրության համար սա չորրորդ անգամն է, որ գրում եմ, դիմում, խնդրում, որ ինձ և Ղափանը ազատեք սրանցից, որովհետև տնտեսական սուր կրիզիսի շնորհիվ մենք հնարավորություն չունենք սրանց մի ավելորդ անգամ կերակրելու։
Ես սրանց բաց թողնել, հանձնել աշխարհի չորս քամիներին չեմ կարող, որովհետև իրենք էլ, գերիները, չեն թաքցնում, որ եթե ընկան Ադրբեյջան, այնտեղ սրանց նորից կզինեն և կուղարկեն Ղափանի դեմ։ Վերջապես այլևս ինչու եմ կռվում, երբ ստիպված պիտի լինեմ վերցրածս գերիներին (ամբողջ գնդեր) բաց թողնելու»46։
Հոկտեմբերի 23-ին Ղափանի հանքերից Նժդեհը զայրացած մեկ անգամ ևս գրում էր. «Մինչև ե՞րբ ճան գցեմ, ռազմամթերք, սպաներ, մի լուրջ ղեկավար, թնդանոթ աղաղակեմ, և Երևանի սպանիչ լռությունը լինի ինձ պատասխան։ Մինչև ե՞րբ..։ Ես կատարելապես հյուծվել եմ։ Թոքերիցս արյուն է գալիս։ Սուր ռևմատիզմը փակել է ոտ ու ձեռքս, այնպես որ շորերս հանել–հագնելու հնարավորությունից էլ զրկվել եմ։ Հայ գիտի հայ, ինչպես երևում է իմ կյանքը ոչինչ չարժե հանրապետության համար»47։
Զայրացած հանրապետության ղեկավարության անգործունեության վրա, Նժդեհը պահանջում էր դադարեցնել անպտուղ բանակցությունները և կոնկրետ գործողություններ սկսել։ Նա մի մեծ ծրագիր էր կազմել Նախիջևան— Օրդուբադ—Զանգեզուրի ազատագրման և հանրապետությանը դրանց վերջնական միացման համար։ Պահանջում էր նաև անպայման պատժել Զանգեզուրի «նախաբոլշևիկյան» պետական ու ռազմական ղեկավարներին, ովքեր երկրամասն անարգել տվեցին թուրքերին։ 1920թ. նոյեմբերի 3-ին նա 10 կետից բաղկացած իր պահանջներն ուղարկեց դաշնակցության բյուրոյին48։
Այդ օրերին էր, որ կարմիր բանակի հրամանատարությանը, ոչ մի կերպ չհաշտվելով այն մտքի հետ, որ անմիսներ շարունակ կանոնավոր զորքերով ու ընտիր ռազմական տեխնիկայով չի կարողանում ընկճել զանգեզուրցիներին, ստեղծեց այսպես կոչված «Զանգեզուրյան հարվածող խումբ», ուր մտցրեց բանակից ընտրած լավագույն զորամասերը, Լեռնային Ղարաբաղում, Կարյագինոյում ու Ջաբրաիլում գտնվող թուրք-թաթարական հրետանային դիվիզիաները, Ռուսաստանից բերված և Բաքվում կազմած 400 թուրք ռազմագերիների գունդը, սպիտակգվարդիական 360 հեծյալների վաշտը, ինչպես նաև Բարգուշատի մահմեդական աշխարհազորն ու հազարից ավելի քրդեր՝ «մի ողջ Բաբելոն»,— ինչպես Նժդեհը կասեր, ընդհանուր թվով մոտ 10 հազարից ավել զինվոր ու ասկյար, թնդանոթներ, գնդացիրներ, տասնյակ ձիակառքեր ու ավտոմեքենաներ, ինչպես նաև ռմբակոծիչ ինքնաթիռներ49։
Եվ սրանք պիտի «Անտանտի գործակալներ» Նժդեհի, որի գլուխը Ա. Կարաևը 3 մլն ռուբլի էր գնահատել, համեմատելով, թերևս, իր գլխի հետ, ու զանգեզուրցիների ձեռքից փրկեին «համաշխարհային հեղափոխության ճակատագիրը»։
«Զանգեզուրյան հարվածող խումբը» նոյեմբերի 1-ին ամբողջ ճակատով սկսեց հարձակումը, որն ուղեկցվում էր թալանով՝ Գորիս—Սիսիան—Ղափանի վրա միաժամանակ։ Այս անգամ արդեն ողջ Զանգեզուրը ոտքի ելավ։ Թշնամին շրջապատվեց բոլոր ճակատներում։ Մի մասը մի կերպ ճեղքելով շրջապատումը, ճողոպրեց։ Չորսօրյա մարտերից հետո Նժդեհը ջարդեց 28-րդ դիվիզիայի զորամասերի ուղեկցությամբ Ղափան մտած թշնամու ուժերն ու փախուստի մատնեց՝ վերցնելով տասնյակ գերիներ ու 6 գնդացիր50։
1920թ. նոյեմբերի 21-ին Նժդեհն իր «հպարտ ու փառքի մեջ կորած դրոշը» նորից ծածանեց ողջ Զանգեզուրի վրա։ Մտնելով Գորիս ռուսական փախչող զորամասի ետևից, նա նամակ ուղարկեց. «Ես հրամայել եմ հավաքել Ձեր թնդանոթներից, ռմբաձիգներից ու գնդացիրներից այս գյուղի (Շվանիձորի, ուր սեպտեմբերի 10–ից մեկ շաբաթ կատաղի կռիվներ եղան— Ա. Թ.) գլխին թափած ամբողջ երկաթն ու արճիճը և նրանից Արաքսի ափին, մի բարձր սարի վրա, կանգնեցնել մի տխուր կոթող այս սեղմ արձանագրությամբ՝ «Նրանց անունը կարմիր էր, գործերը՝ սև։ Թող հավերժ անիծված լինեն նրանք»51։ Այնուհետև Նժդեհը բացատրում էր իրերի բուն վիճակն ու ժողովրդական ապստամբության պատճառները և փորձում հասկացնել կարմիր բանակի հրամանատարությանը նրանց մոլորությանը. «Ես, որին այնքան հայհոյում են Ձեր թերթերն ու թռուցիկները, ավելի շեշտված ու հին սոցիալիստ եմ, քան ձեզ մոլորեցնող նարիմանովներն ա կարաևները»52։
Եվ այսքանից հետո ինչ անուն տալ երեկվա գաղափարական կոսմետիկայով մշակված և ընդամենը ամիսներ առաջ Երևանում տպագրված այս պարբերությանը (որն իհարկե գրքում միակը չէ). «Հիշենք, որ Նժդեհը 1920թ. հունիսին Ղափանում գամարած մաուզերիստների ու բեկական-կուլակային տարրերի ժողովում ընդունած բանաձևի մեջ Ադրբեջանում սովետական տարրերի հաստատումը համարեց քաղաքական շանտաժ, ստեղծված «տաճկա-ադրբեջանական համիսլամականների ու ռազմապաշտների ձեռքով», որոնք իբր իրենց առջև խնդիր են դրել զավթել Հայաստանը և բնաջնջել հայ ժողովրդին։ Հիշենք նաև այն, թե ինչպես Նժդեհը անխնա հաշվեհարդար էր տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր համարձակվում էին պատմել ժողովրդին ճշմարտությունը Սովետական Ռուսաստանի կարմիր բանակի մասին»53։
Պարզվում է՝ այսօր էլ ոչ միայն Բաքվում կամ Մոսկվայում, այլ Երևանում էլ օրը ցերեկով կարելի է անարգել ջրել հակահայկական լուտանքների ջրաղացը։
1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի հանրապետության կառավարությունն իշխանությունը հանձնեց Բաքվում ձևավորված Հայհեղկոմին։ Կնքվեց մի համաձայնագիր, որը նաև նախատեսում էր հալածանքների չենթարկել դաշնակցական կուսակցության անդամներին և հին բանակի սպայությանը։ Իսկապես, առաջին օրերին ամեն ինչ այդպես էր, և Դրոն, որին նոր իշխանությունը նշանակել էր զինված ուժերի հրամանատար, նամակով դիմում է Նժդեհին՝ առաջարկելով վար դնել զենքերն ու միանալ Խորհրդային Հայաստանին։ Սակայն Նժդեհը, որը խելամտորեն չէր ենթարկվել նախորդ կառավարության հրամանին ու չէր լքել Զանգեզուրը, այս անգամ ավելի քան զգույշ էր։ Լեռնային Ղարաբաղը չէր հանձնվել Հայաստանին, Նախիջևանում քեմալականներն էին, չէր լուծված Շարուրի հարցը։ Ադրբեջանի ռազմահեղափոխական կոմիտեի դեկլարացիաներն այդ տարածքները Հայաստանին հանձնելու մասին առայժմ միայն թղթի վրա էին։ Ոչ մի երաշխիք, որ իր հեռանալուց հետո Զանգեզուրն էլ չէր ընկնի նրանց ձեռքը։ Եվ, բացի այդ, Նժդեհը վախենում էր տեռորից։ Ու նա պահանջեց, որպես երաշխիք նախ Հայաստանին միացնել վերոհիշյալ տարածքները, ազատել քաղբանտարկյալներին և ետ կանչել Զանգեզուրի նոր կառավարության գաղտնի գործակալներին54։
«Դրոն նշանակվել էր հրամանատար խորհրդային զորքերի,— հետագայում գրում է նա,— սպայությունը մնում էր իր պաշտոնում, իր տեղը։ Քաղաքական հակառակորդներից ոչ ոք չպիտի հալածվեր։ Պատասխանատու պաշտոններ էին տրված նաև երկու ոչ բոլշևիկների և այլն…
Ըստ երևույթին կարծես լավ էր։ Բայց ընդամենը մի քանի օր անց, խորհրդային իշխանությունը սկսում է ցույց տալ իր իսկական գույնը։ Նա անսպասելիորեն Երևան է հրավիրում սպայությանը, զինաթափում և քշում է Ռուսաստանի խորքերը, որպես «հակահեղափոխական» տարր։ Մի քանի օր անց միևնույն ճակատագրին է արժանանում նաև Դրոն։ Ի լրումն այդ բոլորի, պաշտոնեազրկվում են երկու ոչ բոլշևիկ պաշտոնեաները և… սկսվում է չեկայավարաթյունը։
Ահա թե ինչու էի զգույշ և չէի հավատում, հանգերգի պես կրկնում էի՝ գործով ապացուցեք ձեր բարեացկամությունը, իսկ նրանք՝ միայն խոսքերով»55։
Բարեկամության առաջարկով Նժդեհին դիմեց նաև 11-րդ կարմիր բանակի հրամանատար Ա. Ի. Գեկկերը, սակայն Նժդեհը պատասխանեց, թե վախենում է, որ բարեկամությունից «կշահի միայն ձեր երեկվա «բարեկամ», այսօրվա «թշնամի» Քեմալը…»56։
Սպասելով երաշխիքների, 1920թ. դեկտեմբերի 25-ին համազանգեզուրյան համագումարը Տաթևի վանքում Սյունիքը հռչակեց ինքնավար՝ Գորիս կենտրոնով, Նժդեհն ընտրվեց սպարապետ։
Իսկ մինչ այդ իրականացան Նժդեհի կասկածները։ Պարզ դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանի նոր կառավարության նկատմամբ էլ շարունակում է նույն քաղաքականությունը։ Ռուսաստանի հովանավորությամբ նա հրաժարվեց Հայաստանի տարածքները վերադարձնելուց։ Իսկ Ս. Կասյանի կառավարությունը հնի նման հույսը դրել էր մոսկովյան նոր բանակցությունների վրա։
Ինչ վերաբերում է տեռորին, դրանում էլ, ցավոք, Նժդեհն իրավացի էր։ Իշխանության գլուխ անցնելուց ընդամենը 4 օր հետո՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի հեղկոմն ստեղծեց «Արտակարգ հանձնաժողով»՝ ՉԿ «ՀԽՍՀ-ում հակահեղափոխության, սաբոտաժի, բանդիտիզմի, լրտեսության, սպեկուլյացիայի և պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարելու» համար57։ Պարզ է, որ այնուհետև պիտի սկսվեր համապատասխան «հանցագործների» որոնումն ու տեռորը։ Այդպես էլ եղավ։ Խորհրդային Հայաստանի բանակը զորացրվեց, սպաները ձերբակալվեցին ու աքսորվեցին, «ժողովրդի թշնամիները, որտեղ էլ որ գտնվեն, պիտի ոչնչացվեն»,— գրում էր Երևանի «Կոմունիստ» թերթը58։
1921 թ. փետրվարի 18-ին պայթեց համաժողովրդական ապստամբությունը։ Իշխանությունն անցավ «Հայրենիքի փրկության կոմիտեին»՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Այս անգամ էլ Վրացյանը Երևան կանչեց Նժդեհին՝ ցանկանալով նրան պաշտոն տալ։ Սակայն Նժդեհը մերժեց։ Փետրվարյան հեղաշրջման հետ նա կապ չուներ, քաղաքական կարիերան նրա համար չէր, իր միակ նպատակը Զանգեզուրի փրկությունն էր։
1921 թ. ապրիլի 2-ին ապստամբությունը ճնշվեց Երևանում կարմիր բանակի զորամասերի օգնությամբ, որին այս անգամ միացել էր նաև Նախիջևանում քեմալականների կազմած «Կրասնի տաբոր» ջոկատը «Աբասկուլի բեկի ղեկավարությամբ, որը թշնամու դեմ համերաշխ ու համատեղ պայքարի լավ օրինակներ ցույց տվեց»59։ Փրկության կոմիտեի անդամներն ու նրանց կողմնակիցներն անցան Զանգեզուր, այնտեղից էլ մինչև հուլիս ավելի քան 8000 մարդ լաստերով Արաքսն անցավ Պարսկաստան60։
Սկսվեցին նոր բանակցություններ Նժդեհի հետ։ Յապոն (Հովհաննես) Պարոնյանի միջոցով Նժդեհը մայիսի 10-ին Զանգեզուր հրավիրեց Հայհեղկոմի և կարմիր բանակի ներկայացուցիչներ Ա. Կարինյանին և Մելնիկովին61։ Իսկ մայիսի 13-ին «Կոմունիստ»–ը փորձում էր ծաղրել. «Ինչի արդյունք է դաշնակցականների այս փափկանալը,— գրում էր թերթը,— չէ՞ որ Զանգեզուրը ունի անառիկ բնական դիրքեր և Նժդեհ-Եապոնի մաուզերիստ կտրիճները մի անգամ ևս կարող էին փորձել իրենց ղոչաղությունը»։
Սակայն Նժդեհը չգնաց եղբայրասպան պատերազմի. «Մենք եղբայրասպան պատերազմ չենք մղել, կռվել ենք թաթարի, թուրքի, սրանց օգնության եկած ռուսի դեմ»,— գրել է նա։ Առանց այն էլ հայ ժողովուրդը շատ զոհեր էր տվել, իսկ զանգեզուրցիների նպատակն էլ Հայաստանին միանալն էր միայն։ Այնպես որ, Նժդեհն արել էր իր գործը։ Հանձնելով Զանգեզուրը Հայաստանի կառավարությանը, հուլիսի 10-ին նա ևս իր կողմնակիցներով անցավ Արաքսն ու մեկնեց Պարսկաստան։
Այնուհետև դեգերեց Նժդեհն արտասահմանում, իր շատ բախտակիցների պես հանգիստ ու տեղ չգտնելով, ամենքից վիրավորված՝ տարագիր ու հալածված հայության պես։ Անցավ Եգիպտոս, Բուլղարիա, Ֆրանսիա, Ամերիկա…։ Տեսավ հուսահատ, նվաստացած, խեղճացած հայությանը, արդեն իսկ ուծացման եզրին կանգնած նոր սերնդին, և ուժ գտավ իր մեջ ոտքի կանգնելու։ 1933-ին Ամերիկայում ստեղծեց «Ցեղակրոն ուխտերը», մասնաճյուղեր կազմակերպվեցին Կանադայում, Բալկաններում, Հնդկաստանում, Եվրոպայում, Մերձավոր արևելքում։ Նորից շրջեց Նժդեհը հայ գաղթավայրերում՝ կազմակերպելու նոր սերնդի քաղաքական կյանքը, վառելու նրանց մեջ ոգին, հավատը հայոց դատի հաղթանակի նկատմամբ. «Ավելի լավ է ցեղակրոն լինել, քան անկրոն ու անտարբեր, այդ շարժումը ինքնավստահություն է ներշնչելու…»։
Սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը աշխարհի նոր վերաբաժանման համար։ Խորապես հիսաթափված լինելով խորհրդային իշխանություններից՝ ոչ միայն հայոց դատը չպաշտպանելա, այլև այն ավելի խճճելու համար, սփյուռքի հայկական կուսակցությունները որոշեցին այս անգամ խելամտորեն ճշգրտել իրենց վերաբերմունքը ուժերից յուրաքանչյուրի նկատմամբ։ Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիան հայերին համարելով «ռայխի թշնամիներ» և «Ռուսաստանի բարեկամներ», հովանավորեց Թուրքիային անարգել իրագործելու հայերի եղեռնը։ Այս անգամ նորից ոտքի էր ելել Գերմանիան, և սփյուռքի հայությունը նորից անպաշտպան էր։ Հարկավոր էր մերձեցման եզրեր գտնել՝ ապահովելու տարագիր հայության ֆիզիկական գոյությունը, և, ինչու՞ չէ, հենց Գերմանիայի օգնությամբ էլ ետ նվաճելու սեփական երկիրը, մանավանդ որ այս պատերազմում Թուրքիան նրա դաշնակիցը չէր։
Ու հիշվեց հայերի արիական ծագումը։ Գրքույկներ տպվեցին։ Արտաշես Աբեղյանը կազմեց արիացիների տեղաբաշխման քարտեզ։ «Ժողովուրդ հայոց, գիտակցիր, որ սպասման վիճակ է այս։ Հավատա, որ պիտի վերադառնաս քո պապերի, արիարանց քաջերի երկիրը»,— հորդորում, հույս էր տալիս Ավետիս Ահարոնյանը։ Եվ որպես հավատարմության գործնական ապացույց, 1942 թ. ստեղծվեց «Հայկական ազգային խորհուրդը»՝ հնարավորության դեպքում Արևմտյան Հայաստանի ազատագրումը կազմակերպելու համար նաև։ Նժդեհն էլ այս խորհրդի կազմում էր, սակայն երկու տարի հետո, երբ Գերմանիան սկսեց նահանջել, նա հեռացավ Բուլղարիա։ Այստեղ Նժդեհը հանձնվեց խորհրդային զինվորական իշխանություններին՝ լավ իմանալով հանդերձ, թե ինչ է իրեն սպասում։
Երեք տարվա դատավարությունից հետո՝ 1948-ին, 60-ամյա հերոսն իր հայրենիքում դատապարտվեց 25 տարվա աքսորի։ 1952—1953-ին կրկնվեց Երևան—Վլադիմիր երթուղին։ Հայրենիքի համար մարտնչած հայ հերոսներից նրանք, ովքեր կռվի դաշտում զոհվեցին, թերևս ավելի բախտավոր էին, քան կենդանի մնացածները, որոնց սուրբ գործն ու անունը անարգվեց, իսկ իրենք հալածվեցին ողջ կյանքում։
1955-ին մահացավ Նժդեհն աքսորավայրում, ու նրանից որպես հեռավոր հուշ մի հուշարձան մնաց Բոստոնում ու մի թաքուն երգ՝ ժողովրդի մեջ։ Երգ, որ իր կյանքի սեղմ տարեգրությունն է կարծես.
Արազ ափին ծնված ընկեր,
Էն Արազին մենք մատաղ,
Մութ բանտերում տանջված ընկեր,
Սուրբ տանջանքիդ մենք մատաղ։
Հուռռա, հուռռա, հուռռա,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա…
1. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 227, գ. 602, թ. 10:
2. Ավո, Նժդեհ։ Կյանքն ու գործունեությունը։ Նշխարներ, վկայություններ, Պեյրութ, 1968, էջ 143:
3. Հ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, Երևան, 1969, էջ 181:
4. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 121, ց. 2, գ. 98, թ. 18,
5. Ավո, Նժդեհ, էջ 473:
6. Հ. Թուրշյան, նշվ. աշխ., էջ 170:
7. Ղ. Մ. Ղարաքիլիսայի հերոստմարտը, Թիֆլիս, 1920, էջ 14:
8. Ա. Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները, Երևան, 1984 թ., էջ 203:
9. Հ. Թուրշյան, նշվ. աշխ., էջ 63։
10. И. Х. Баграмян. Мои воспоминания. Ереван, 1969, с. 88.
11 Ա. Ի. Միկոյան, Պայքարի ուղիով, Երևան, 1972, էջ 188:
12. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 379, ց. 1, դ. 30, թ. 5:
13. Նույն տեղում, ֆ. 260, ց. 1, գ. 309, թ. 208:
14. Նույն տեղում, թ. 201։
15. Նույն տեղում, 102:
16. Ավո, Նժդեհ, էջ 79:
17. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 200, հ 1, գ. 309, թ, 76, 77, 201:
18. Ավո, Նժդեհ, էջ 79, R. Ovanisian. The Republic of Armenia. v2, 1979, էջ 218:
19. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 290, ց. 1, գ. 44, թ. 2:
20. Նույն տեղում, թ. 3։
21. Ռ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., էջ 218։
22. Ավո, Նժդեհ, էջ 86:
23. Ռ. Հովհաննիսյան, նշվ. աշխ., էջ 239։
24. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 290, ց. 1, գ. 44, թ. 3:
25. Նույն տեղում, թ. 4։
26. Նույն տեղում, թ. 3։
27. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 198, ց. 1, գ. 73, թ. 20 — 21:
28. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 290, ց. 1, գ. 27, թ. 1:
29. «Երեկոյան Երևան», 1989, 31 հուլիսի։
30. Հայ ժողովրդի պատմություն, Երևան, 1967, հ. 7, էք 103:
31. Նույն տեղում, էջ 104։
32. Ավո, Նժդեհ, էջ 143:
33. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ, 200, ց. 2, գ. 98, թ. 2։
34. Ա. Միկոյան, նշվ. աշխ., էջ 724:
35. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ. 198, ց. 1, Դ. 73, թ. 16։
36. Նույն տեղում, թ. 21։
37. Նույն տեղում, թ. 10 — 13։
38. Նույն տեղում։
39. Նույն տեղում, թ. 3։
40. Նույն տեղում, թ. 23:
41. Նույն տեղում։
42. Նույն տեղում, թ. 9—10։
43. Նույն տեղում, թ. 8:
44. Նույն տեղում, թ. 14։
45. Նույն տեղում, թ. 4։
46. Նույն տեղում, թ. 1։
47. Նույն տեղում։
48. Նույն տեղում, թ. 18—19։
49. Ա. Մնացականյան, Ռևոլյուցիան Անդրկովկասում և Ռուսաստանի պատվիրակները, Երևան, 1961, էջ 184։
50. ՀԽՍՀ ՊՊԿԱ, ֆ, 198, ց. 1, գ. 73, թ. 6:
51. Ավո, Նժդեհ, էջ 139—140:
52. Նույն տեղում, էջ 143:
53. Բ. Ա. Խուդավերդյան, Զանգեզուր (խմբագիր՝ պրոֆեսոր Խ. Վ. Բարսեղյան), Երևան, «Հայաստան», 1988, էջ 134:
54. Նույն տեղում, էջ 158։
55 «Հայրենիք», Բոստոն, 1925, N 6, էջ 130:
56. Ավո, Նժդեհ, էջ 181:
57. Բանբեր Հայաստանի արխիվների, 1978, N 3, կ 27:
58. Կոմունիստ, 1921, փետրվարի 17:
59. Բ. Խուդավերդյան, նշվ. աշխ., էջ 155։
60. Ավո, Նժդեհ, էջ 189:
61. «Կոմունիստ», Երևան, մայիսի 12, 1921:
Արա Թադևոսյան
«Գարուն», 1989թ., թիվ 11
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2551
Կիսվել : |