ԳՈՆՍԱԼՈ ՊԵՐԵՐԱ ՖԵՌԵՐ. „Ես նույնպես հայ եմ’’ գիրքը իմ սրտի կանչն է

Նորության նկար ՎԱԼԵՆՍԻԱ.- Հարցազրույց ՈՒրուգվայի համալսարանի պրոֆեսոր Գոնսալո Պերերա Ֆեռերի հետ

Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած Ուրուգվայը կարող է նաեւ սկիզբը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար եւ իրական հնարավորություններ կան, որ այդ ծրագիրը աստիճանաբար կյանքի կկոչվի: Այս եւ այլ հարցերի շուրջ մեր գործակից Արթուր Ղուկասյանը զրուցեց մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Ուրուգվայի Հանրապետական համալսարանի պրոֆեսոր, անկախ լրագրող եւ ջերմ հայասեր Գոնսալո Պերերա Ֆեռերի հետ:

-”Ես նունյպես հայ եմ”՝ ասել եւ տարբեր առիթներով բազմիցս կրկնել եք: Դուք իրոք հայկական ունե՞ք: Ի՞նչ է նշանակում Ձեզ համար հայ լինելը:

-Իմ երակներում բնավ ոչ մի կաթիլ հայկական արյուն չի հոսում: Արմատներս հարյուր տոկոսով կատալանական են: Այդուհանդերձ, իրազեկությունս Հայկական հարցին՝ մասնավորապես եղեռնագործ թուրքական պետությանը ներկայացված հայցին (առ այն, որ Հայոց գեղասպանության իրագործումից հետո, վերջինս իր պատասխանատվությունն է կրում պատմական եւ ողբերգական այդ իրադարձության կապակցությամբ), պատճառ հանդիսացան, որպեսզի հայությանն ինձ համար իբրեւ համայն մարդկության հայելին ընկալեմ: Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի, բազմաթիվ անարդարությունների, ժխտողականության, թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով նախատեսված հետապնդումների (որի համաձայն յուրաքանչյուրը, ով ճշմարտությունը երեւան բերելու խիզախությունը կունենա, անմիջապես պատժի է ենթարկվում) եւ մի շարք այլ փաստերի նկատմամբ եթե շարունակեի սեփական հանգստության, հարմարավետության եւ վախի դրդումներով շարժվել, անտարբեր կամ լուռ մնալ, ինքս ինձ խաբեության, անազնվության, ոճրագործության եւ բարբարոսության մեղսակիցը կզգայի: Որպես կատալոնական ծագումով մի ուրուգվայցի ես մեծ սեր եմ տածում ինչպես իմ ծննդավայրի, նույնպես նաեւ նախնիներիս հայրենիքի ու մշակույթի հանդեպ, ինչը միանգամայն ծագումնաբանական զգացողության արտահայտություն է: Ինձանից անկախ հանգամանքների բերումով կարող էի նույնությամբ իտալացի, ճապոնացի, լեհ կամ հայ լինել: Ի դեպ, ինձ համար խորթ է կենսաբանական պատահականություններին ու հետեւություններին առնչվող պատճառաբանությունները, բայց իսկապես մեզանից ոչ ոք չի որոշում, թե նա որտե՞ղ եւ ինչպե՞ս է ծնվում:

Այո, ես հայ եմ՝ հոգեւոր իմաստով: Երբ ինքս ինձ հաշիվ եմ տալիս, որ ժամանակակից շրջանում հայերի դեմ իրականացված ամենամեծ գազանությունը պատշաճ ճանաչմանը չի արժանանում, այլ կերպ ես ինձ զգալ չեմ կարող: Ավելին. այս պարագայում ես ինձ իբրեւ հարյուր տոկոսանոց հայ եմ համարում եւ, ամենակարեւորը՝ իմ կամավոր ընտրությամբ: Հասկանո՞ւմ եք, աշխատասեր ու խաղաղասեր ժողովրդի եւ նրա դահիճների, այդքան արյունահեղությունների ենթարկված մարդկանց զավակ-թոռների եւ ցեղասպանների, ճշմարտությունը վավերացնելու այդքան դիմումների եւ այն արձանագրելու համար ցուցաբերված վախկոտության արանքում իմ մտածելակերպի տեր մարդկանց համար ոչ մի երրորդ տարբերակ պարզապես չի մնում: ”Ես հայ եմ” գոչում էր ամբոխը Հրանտ Դինքի հուղարկավարությանը՝ 2007 թվականի հունվարին: Այդ ժամանակահատվածում ես գրում էի հոդվածներս Ուրուգվայում լույս տեսնող ”Բրեչա”(”Brecha”) շաբաթաթերթի համար եւ մեկ առանձին նյութով էլ մերժողականության խնդրին անդրադարձա: Դա իմ առաջին առնչությունը չէր Հայ Դատի հետ, բայցեւայնպես, հրապարակավ առաջին ելույթն էր, որից հետո առավել պարզ եմ նկատել, թե լույսի եւ ստվերի, բարի եւ չար կամքի տեր մարդկանց (որ իրենց սարսափելի մեղքերի մեջ թաղված, ի վիճակի են ոչնչացնել միայն) պայքարում, ինչպես է հայկական հարցն աստիճանաբար մի ամբողջ խորհրդանշի վերածվում:

-Ֆեյսբուք սոցիալական ցանցում ”Ուրուգվայցիները ցեղասպանության ճանաչման համար” անվանումով մի խումբ էիք ստեղծել: Դա Ձե՞ր գաղափարն է: Գիտենք, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին պետությունն է: Ո՞րն էր այդ դեպքում Ձեր խմբի ստեղծման նպատակը:

-Ինչպես արդեն նշեցի, նոր չէի ծանոթ Մեծ Եղեռնի պատմությանը: Դա տեղի ունեցավ դեռեւս պատանեկությանս շրջանում, երբ ես 16 տարեկան մի տղա, թողեցի ընդամենը 20 հազար բնակչություն ունեցող իմ փոքրիկ բնակավայրը եւ մայրաքաղաք Մոնտեվիդեո տեղափոխվեցի ուսումս շարունակելու նպատակով: Այդտեղ ես ծանոթություն հաստատեցի Արմեն Գարո Սարգսյան անունով մի հայի հետ եւ կարճ ժամանակի ընթացքում մենք բարեկամացանք։ Բախտավորությունն եմ ունեցել նաեւ վայելելու հայ ընկերոջս ընտանիքի սերն ու ջերմությունը: Նրանց շնորհիվ ես նախնական տեղեկությունները ստացա 1915 թվականի դեպքերի մասին, որոնք հիմնված էին իրենց հարազատ գերդաստանի պատմությունների վրա: Դրանք ինչ-որ պատմական ակնարկներ չէին, այլ կենդանի վկայություններ այն մասին, թե հանցագործները ինչպես էին գազանաբար հարվածներ հասցրել իմ սիրելի ընկեր Արմենի նախնիներին: Այսօր այդ մարդը՝ Արմենը, մեր համալսարանի նշանավոր պրոֆեսորներից է եւ Ուրուգվայում Հայ Դատի պայքարին լծված հայտնի դեմքերից մեկը:

Ինչպես նրա, այնպես էլ Գերման Կարապետ Թոդջյանի՝ Ուրուգվայի պատմության մեջ ամենահայտնի ծանրամարտիկի եւ հայկական հարցի ջերմ մարտիկի ու իմ լավագույն բարեկամներից մեկի հետ, բազմիցս էինք մտածել, թե ի՞նչ կարող ենք անել Ուրուգվայից, որն առաջինն է պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը, որպեսզի այդ պահանջն այլ երկրներում եւս իր արձագանքը գտնի: Այդպես էլ ծնվեց Ձեր կողմից հիշատակված խմբի ստեղծման գաղափարը, որի անդամների թիվը մի շատ կարճ ժամանակահատվածում գերազանցեց հինգ հազարի սահմանը: Սկզբում շատ ակտիվ էի, բայց հետո Արմենը, Գերմանը եւ խմբում գրանցված մի քանի այլ ընկերներ որոշեցին փոխարինել ինձ, որպեսզի ես հնարավորություն ունենամ կենտրոնանալ եւ ավարտին հասցնել իմ ամենադժվար գրված գիրքը։ Մինչ այժմ ես հրատարակել եմ գիտական, սոցիալական եւ քաղաքական թեմաներով հատորներ, իսկ այս մեկը յուրահատուկ է: Որպեսզի պատկերացնեք, թե որքան դժվար է ինձ համար, ասեմ, որ երկու անգամ արդեն լիովին ավարտած գիրքը վերանայել եմ նորից: Երրորդ ընթերցումը կարծում եմ կդառնա վերջնական տարբերակը ու շուտով կհանձնեմ տպագրության: Գրքի վերնագիրն է՝ ”Ես նույնպես հայ եմ” եւ խոստովանեմ, թե հատկապես ի՞նչն էր այդքան բարդ ինձ համար։ Ես այնպիսի տպավորություն ունեի, որ մի վայր եմ ներխուժել, որը չափազանցություն չի լինի, եթե ,,սուրբ,, անվանեմ: Դա այն ապստամբության, համբերության, համառության եւ քաջության հողն է, այն հողը, որի վրա փոքրաթիվ մի ժողովուրդ, բախվելով ու դիմադրելով, պայքարել է հանուն ճշմարտության եւ ի շահ արդարության: Թեեւ Հայ Դատին է նվիրված այդ գործը, ուղղված է այնուամենայնիվ, բոլոր նրանց, ովքեր ինչպես եւ ես, գենետիկորեն հայկական պատկանելիություն չունեն: Գլխավոր պատճառներից մեկը սրտի կանչն է: Երեւակայությամբ ընթերցողները գեթ մի պահ, եթե հնարավոր է, պետք է մտնեն պապիկներ չունեցող թոռների, ծնողազուրկ զավակների ու հենց իսկ այդ զոհերի մաշկի մեջ: Գրքում ընդգծված միտքն այն է, որ ԲՈԼՈՐ ազնիվ մարդիկ կարող են արդարության գործի համար ծառայել, որը այս պարագայում Հայ Դատն է:

-Միշտ են բարեկամական եղել Ուրուգվայի եւ Հայաստանի հարաբերությունները: Դրա հավաստիացումներից մեկը, օրինակ, Խորխե Օռիկոյի վերջերս մեր երկիր այցելությունն է: Ինչպե՞ս եք գնահատում մեր երկու երկրների միջեւ գոյություն ունեցող փոխգործակցությունը:

-Անտարակույս, շատ մեծ նշանակություն ունի բարեկամությունը մեր երկրների՝ Ուրուգվայի եւ Հայաստանի միջեւ : Քանի որ Խորխե Օռիկոյի անունը նշեցիք, հաճույքով ասեմ, որ նրա եւ իմ քաղաքական համակրանքները համընկնում են՝ մանավանդ, որ մեր պետության քաղաքական համակարգը զգայուն է ամեն հայկականի հանդեպ: Ուզում եմ ասել, որ բոլոր կուսակցություններն են մեր երկրում տեղ տալիս հայկական հարցին, իսկ դա իր հերթին նշանակում է, որ ուրուգվայական դիրքորոշումը այս խնդրո շուրջ ինքնին արդեն պետական թեմա է՝ դուրս ամեն տեսակ ընտրական ենթատեքստերից: Փաստ է, որ Ուրուգվայը յուրատեսակ ու հրաշալի մի ”տրամպլին” է դառնում ամբողջ հսկայածավալ Լատինական Ամերիկայում հայության հանդեպ նույնանման վերաբերմունք տարածելու իմաստով:

-Ծանո՞թ եք Ուրուգվայի հայ համայնքին: Ինչպե՞ս եք գնահատում վերջինիս գործունեությունը երկրի ներսում:

-Բնականաբար, ծանոթ եմ: Ինչպես ինստիտուցիոնալ, նույնպես նաեւ քաղաքական ու մշակութային դիրքորոշումների տեսանկյունից այն միանգամայն տարբեր ու բազմաբնույթ է: Այն, որ համընդհանուր գործերի առումով պահպանվում է համախմբման հնարավորությունը , դա ոչ թե թուլություն, այլ առաքինություն է: Իմիջիայլոց, բացատրություններից մեկը, թե ինչո՞ւ է Ուրուգվայի քաղաքական դաշտը այդչափ համակրանքով լցված հայության նկատմամբ կայանում է նրանում, որ հայկական համայնքն ամենատարբեր բնագավառներում ինքն էլ է հենց զգայուն իր խնդիրների լուծման հարցում: Հարգելով բազմազանությունն ու այլախոհությունը Ուրուգվայի ներքին կյանքին վերաբերվող հարցերի առնչությամբ, համայնքն այստեղ հաջողում է միեւնույն ժամանակ համախմբվել համազգային նշանակություն ունեցող միջոցառումների շուրջ, ինչը խոսում է այդ մարդկանց հասուն ու իմաստուն կեցվածքի մասին:

-Մի քանի առիթներով արտահայտվել է արդեն Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման իրական հնարավորությունների մասին: Իսկապե՞ս հնարավոր է, որ Ձեր երկիրն առաջինը դառնա նաեւ Արցախի անկախության ընդունման հարցում:

- Իմ կարծիքով, արտաքին գործերի ներկայիս հիանալի նախարար, պարոն Լուիս Ալմագրոն էր դեռեւս, որ հանդես եկավ Ուրուգվայի պես փոքր երկրի դիվանագիտության պարագայում բավականին անսովոր, բայց բոլորիս համար շատ բարենպաստ, մի շատ հստակ հայտարարությամբ։ Ես հնարավոր եմ համարում, որ այստեղ իրոք պաշտոնապես նման մի քայլի դիմեն: Թող տպավորություն չստեղծվի, թե դա հեշտ մի գործողություն է: Հաշվի առնենք, որ Ուրուգվայը տարածքային մի քանի դաշինքների մաս է կազմում եւ աշխատում է դրանց շրջանակներից ներս որոշակի հավասարակշռություն պահպանել: Սակայն, ինչպես նշեցի արդեն, մեր նախարարի հայտարարությունը հստակորեն նախանշում է այս հարցում մեր կողմից որդեգրած ուղղվածությունը: Ճշմարտություն է, որ դրան հետեւել են նաեւ պակաս հուսադրիչ քննարկումներ, բայց ես անձամբ այդ բոլոր նշանները հակված եմ նկատել որպես գործընթացի մի մաս: Իր չափերն ու տարածաշրջանային կապերը հաշվի առնելով, մեր երկիրը դժվարությամբ կարող է հանդես գալ լիովին անջատ դիրքերից, բայց փոխարենը, կարող է եւ պետք է հայտարարի իր մտադրությունների մասին, հարմարացնի ռիթմերը, ժամանակացույցը, չդիմի հապճեպության, այլ քայ առ քայլ ու առանց դադարի հետեւի այն ուղղությանը, որի մասին բարձրաձայնել է արդեն: Եվ վերջնական արդյունքում, եթե այս ընթացքի համար հարկ լինի, պետք է ձեւավորել Ուրուգվայի քաղաքական համակարգը եւ ընդհանուր առմամբ՝ հասարակական կարծիքը, որի արդյունքում կառաջանա նաեւ անհրաժեշտ մոբիլիզացումը ու ես վստահ եմ, որ այդ որոշումը անկասկածելիորեն գիտակցված եւ իրականալի կդառնա:

-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:

-Կցանկանայի նախ իմ շնորհակալությունները հայտնել համայն աշխարհի հայությանը: Ամեն օր այն ինձ հիշողության, կենսունակության, սիրո, անսանձելի հաստատակամության, երբեք չնահանջելու, միշտ ինչ-որ բան նորից սկսելու, ոչ մի պարտություն կամ հաղթանակ որպես վերջնական չընդունելու իր դասերն է տվել: Դրանք սովորեցրել են ինձ, որ եղբայրությունը անհնար է սիրո եւ ատելության, լույսի եւ խավարի, հիշողություն ունեցող ժողովուրդի եւ վախկոտ եղեռնագործների երկընտրանքների առջեւ: Ինձ ապրել են սովորեցնում եւ ոչ մի չափազանցություն չկա խոսքերիս մեջ, որովհետեւ երբեմն ես ինքս ինձ մտածում եմ. եթե ցեղասպանության արձանագրությունից 100 տարի անց էլ իմ հայ ընկերներն ու բարեկամները երբեք էլ վար չիջեցրին իրենց բռունցքները, ապա ինչպե՞ս կարող եմ ես որեւէ անհաջողության դեպքում ձեռքերս միանգամից վար իջեցնել:

Բայց թերեւս ամենաընդհանրականն ու ակնհայտը, ինչի վրա կցանկանայի կենտրոնացնել ուշադրությունս այն է, որ ես չեմ ճանաչում որեւէ ժողովուրդ, որ չկարողանա մի ամբողջ տարի պայքարել իր համար ու որոշ մարդկանց զգացմունքները շարժել: Ազգեր գիտեմ, որոնք ունակ են տասը տարի մարտնչել, գրավելով միեւնույն ժամանակ որոշ խմբերի համակրանքն ու աջակցությունը: Եվ սակայն, ես միայն մի ժողովուրդ գիտեմ, որն ունակ է համարյա թե մեկ դար ամենաանհավասար պայմաններում, օրեցօր եւ ժամ առ ժամ պայքարել այդպես՝ միեւնույն ժամանակ արթնացնել այլոց գիտակցությունը, հասնել մինչ նրանց հոգու խորքերը եւ ամբողջ մոլորակի երկայնքով ու լայնքով մեկ առաջացնել բազմաթիվ մարդկանց հիացմունքն ու եղբայրական զգացողությունները: Խոսքս, անշուշտ, Հայաստանի բոլոր զավակների մասին է՝ որտեղ էլ լինեն նրանք: Նրանք փայլը տալով եռագույնին, անկեղծության խորհրդանիշն են դարձել աշխարհիս բոլոր ազգերի համար: Նրանք համարձակությամբ եւ մեծահոգությամբ են հետապնդում դատը, որը բարբարոսության եւ եղբայրության արանքում լուսավորում է իսկապես դեպի մարդկությունն ու մարդկայինը տանող ճանապարհը:

Եթե մի գեղեցիկ օր, ուրեմն, ամբողջ մոլորակը համաձայնության գա, որ ճիշտ չէ ապրել Երկրի վրա, մոռացության տալով կոտորածները, այնժամ իրոք կունենանք մի աշխարհ, որում արժե ապրել: Սպասում եմ այդ օրվան: Քանզի համայն հայությունն ինձ նաեւ սպասելու դասն է տվել, մի շատ կարեւոր հաղորդագրություն փոխանցելով ինձ, որ ամեն տեսակ դժբախտությունները, աղետներն ու մինչեւ իսկ ամենամեծ ջրհեղեղները մեկ օր անպայման դադարում են: Այդժամ էլ համայն մարդկության համար մի նոր հնարավորություն է ստեղծվում: Արարատի լեռան գագաթին այդպես եղել է արդեն եւ մեկ անգամ եւս կրկնվելու է:

Zoom Image

Հարցազրույցը՝ Արթուր Ղուկասյանի

Հատուկ ՕՐԵՐ-ի համար

Orer.eu

Հայտնում էorer.eu-ն

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 04-02-2013 22:00:16
Դիտումների քանակը: 5352
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍՐԲՈՒՀԻ ԼԻՍԻՑՅԱՆ ՍՏԵՓԱՆԻ Ազգագրագետ, արվեստաբան: Հայաստանում էթնոխորեոգրաֆիայի հիմնադիրը: Պատմ. գիտ. դ-ր (1959): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott