ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ
Фավստոս Բուզանդը V դարի հայ պատմագրության ամենանշանավոր դեմքերից մեկն է։
Նա թողել է միայն մի երկ` «Բուզանդարան պատմութիւնք» կամ, որ ավելի ճիշտ է` «Պատմութիւն հայոց»։
Այս վերջին խորագրով է ծանոթ նրա գիրքը V դարի պատմիչ Ղազար Փարպեցուն։
Փարպեցին, ներկայացնելով իր նախորդներին, Փավստոսին համարում է Ագաթանգեղոսից հետո երկրորդ հեղինակը։
«Երկրորդ գիրքն սկսելով` պատմում է շարունակելով առաջին գիրքը` Հայոց աշխարհի բարի և չար բազմափոփոխ գործերը, այսինքն` սուրբ և պիղծ մարդկանց վարքն ու գործերը պատերազմների և խաղաղության ժամանակ։ Այս բոլորը պատմում է Բյուզանդացի Փոստոս անունով մեկը, մինչև Տիրանի թոռ Պապի որդի Արշակի թագավորությունը, որի թագավորության ժամանակ Հայոց աշխարհը բաժանվելով` հին շորի նման պատռվեց ծվենի։ Այստեղ վերջացնելով իր պատմության խոսքը` դադարեցրեց» [1]:
Բուզանդի Պատմությունն ընդգրկում է շուրջ կես դար` Խոսրով Կոտակի թագավորությունից (330—338) մինչև Հայաստանի բաժանումը` 387թ.։
Դա մի բարդ շրջան էր հայոց պատմության մեջ, քաղաքական ծանր ու սուր պայքարով հագեցած և դրամատիկ իրադարձություններով հարուստ։
Խոսրով Կոտակի հոր` Տրդատ Մեծի կողմից քրիստոնեությունը ճանաչվեց իբրև պետական կրոն։
Քրիստոնեության մուտքը Հայաստան և դրա հետ կապված իրական դեպքերն ու ֆանտաստիկ զրույցները ամփոփվեցին Ագաթանգեղոսի Պատմության մեջ, իսկ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին մեզ տեղեկացնում է Բուզանդի երկը։
Երր Պարսկաստանում Արշակունեաց հարստությունն իր տեղը զիջեց Սասանյաններին, հայոց Արշակունիները մենակ մնացին իրենց դինաստիական թշնամիների դեմ, որոնք չէին հանդուրժում ինչ կապվում էր Արշակունիների հետ, իսկ երբ քրիստոնեությունը մուտք գործեց Հայաստան, և ապա դարձավ պետական կրոն, դրությունը շատ ավելի բարդացավ։
Երիտասարդ քրիստոնյա երկիրը սկսեց ապրել զրադաշտական մեծ աշխարհի հետ վտանգավոր հարևանությամբ։
Բայց ոչ միայն այդ։ Եկեղեցին ներխուժեց երկրի քաղաքական կյանք, և դրանով էլ պայմանավորվեցին հետագա շատ իրադարձություններ։ Սկսվեց անզիջում պայքար պետության և եկեղեցու միջև, որ ուղեկցվում էր նախարարական իշխանությունների և պետության միջև եղած հակամարտությամբ։ Միատարր և միակամ չէր և ինքը` եկեղեցին, որտեղ բախվում էին հունական և ասորական եկեղեցիների կողմից հովանավորվող ուժեր և Աղբիանոսի կրոնական բարձրագույն իշխանության հավակնորդ տունը, որ բնիկ էր և ուներ հին քրմական ծագում։
Այդ պայքարը և արտաքին քաղաքական ծանր հանգամանքները, ֆեոդալական տնտեսակարգի հողի վրա, թուլացրին երկրի դիմադրողականությունը, և վերջապես բյուգանդական և պարսից իշխանությունները 387 թվականին համաձայնության եկան հայոց երկիրը բաժանելու։ Դա անբուժելի հարված էր հայոց պետականությանը։
Այս ամենը մենք տեղեկանում ենք Բուզանդի երկից։
Ո՞վ է Փավստոսը և ո՞ր դարի հեղինակ, ի՞նչ լեզվով է գրվել նրա Պատմությունը, մեզ հասել է լրի՞վ, թե՞ մասամբ, և վերջապես` ի՞նչ բնույթ ունի այն։
Մատենագրական ոչ մի տեղեկություն նրա անձնավորության մասին չի պահպանված, բացի երեք անորոշ և մութ ակնարկներից։
Բուզանդի երկում եղած «զմերոյ տոհմի ազգի իշխանն Սահառունեաց» արտահայտությունից կարելի է եզրակացնել, որ ինքը Սահառունյաց տոհմից է։
Գրքի առաջին մասը (երրորդ դպրություն) ավարտվում է մի հիշատակագրությամբ. «Կատարեցալ երրորդ դարք քսան և մի պատմութեանց դպրութիւնք ժամանակագիր կանոնք Փաւստեայ Բիւզանդեայ մեծի պատմագրի, որ էր ժամանակագիր Յունաց» [«Ավարտվեց երրորդ մասը, քսանմեկ գլուխ պատմություններ
Փավստոս Բռւզանդ մեծ ժամանակագիր պատմագրի, որ Հունաց ժամանակագիր Էր] [2]:
Այնուհետև` վերջին մասի (վեցերորդ դպրության) ցանկն ավարտվում է այսպիսի տողերով. «Ստորոտ ամենայն պատմութեանց յաղագս իմ տեղեկութեան, որք մի անգամ զմատեանս ընթեռնոյք, տունք տասն` համարական թուօք». [ «Վերջ բոլոր պատմությունների։ Այս գիրքը կարդացողներիդ համար տասը համարված տուն տեղեկություն իմ մասին»] (էջ 297)։
Սակայն բանասերներն իրավամբ ընդունում են, որ առաջին արտահայտությունը աղճատված է. զմեայ տոհմի ազգի բառերի փոխարեն պետք է լինի ինչ-որ նմանահունչ անուն։
Երկրորդը հետագա որևէ գրչի հիշատակագրություն է։
Ւսկ երրորդի մեջ եղած խոստումը, ըստ որի հեղինակը տասը տան կամ գլուխների մեջ պետք է իր կենսագրությունը շարադրեր, մնացել է անկատար, կամ չի հասել մեզ։
Այն չի եղել նաև Փավստոսի Պատմության Ղազար Փարպեցուն ծանոթ օրինակում։
Մատենագրության մեջ կամ ժողովրդական ավանդություններում ուրիշ ոչ մի խոսք կամ զրույց չի պահպանվել Բուզանդի մասին, և հենց V դարից նրա շուրջն ստեղծվել է առեղծված և խորհրդավորություն։
Այդ լռությունն առաջինը փորձել է բացատրել Ղազար Փարպեցին։
Ոմանք նրա երկի մեջ որոշ տեղերում տեսնելով անհարմար և անպատշաճ բաներ, գրում է Փարպեցին, հարմար գտան լռել, որովհետև նա Բյուզանդիայում էր ուսել կամ բյուզանդացի ուսյալ էր. «ոմանք նրա շարադրածի մեջ տեղ-տեղ անհարմար բաներ նկատեցին և Ագաթանգեղոս կոչված առաջին գրքի նման ճշմարիտ չհամարեցին, բայց վախենալով հարկադրվեցին այդպիսի անպատշաճ շարադրանքը չվերագրել Բյուզանդիայում ուսած մարդուն»[3]։
Ղազար Փարպեցին չի ուզում հավատալ, որ Բյուզանգիայում կրթված անձնավորությունը կարող էր այդքան «անպատշաճ» բաներ գրել. «Ուստի այն գործն իմ տկարամտությանն անհավատալի երևալով, — եզրակացնում է Փարպեցին, — ասում եմ, միգուցե մի ուրիշ հանդուգն և տգետ մարդ լրբաբար գրեց խելքին փչածը, և կամ մեկը հարմարը չկարողանալով գրել, այլակերպելով վնասեց, և Փավստոսի անունով` իր սխալները կամեցավ ծածկեր» (էջ 4):
Պատմության հեղինակն ամենայն հավանականությամբ պատսպարվել է Փավստոս Բուզանդ անվան տակ, բայց ոչ թե սխալները ծածկելու (սխալանս համարեցաւ ծածկել»), այլ իր պատմությունն ավելի ազդեցիկ և հավաստի դարձնելու համար։
Բուզանդի մեզ հասած Պատմությունն սկսվում է երրորդ դպրությամբ և վերջանում վեցերորդով։
Եղե՞լ են առաջին և երկրորդ դպրությունները, թե՞ ոչ, այսինքն` նրա Պատմությունը ունեցել է վե՞ց, թե՞ չորս դպրություն` մինչև այժմ պարզված չէ. առաջին երկու դպրությունները չկային նաև Փարպեցու ժամանակ։
Շատ անսովոր է Բուզանդի երկը։
Այնտեղ չկա V դ. հայ պատմագրությանը հատուկ կրքոտ, բայց զուսպ պատում, դեպքերի ժամանակագրություն ու շարադրանքի հետևողականություն։
Հաճախ Պատմության մեջ կարելի է տեսնել բաց նկարագրություններ ու տեսարաններ, արտահայտությունների անսեթևեթ ազատություն և միաժամանակ զուտ հայկաբան գեղեցիկ լեզու, պատկերավոր ու շնչեղ։ Հեղինակը կարծես ոչ թե պատմում է, այլ վիպում, հաճախ մոռացկոտ ու անփույթ նյութի ու թեմաների տեղակայման մեջ։ Նրա մոտ միախառնվում են իրականը և հրաշապատումը, զրույցն ու պատմական եղելությունը, չկա ոչ մի ժամանակագրություն։ Նա չի դրսևորում պատմագետի քննախույզ միտք, ինչպես Խորենացին և ոչ էլ` պատճառականության նուրբ զգացում, ինչպես Եղիշեն, բայց և ունի նույնքան անսքող նպատակայնություն, ինչպես Ագաթանգեղոսը, ինչպես առհասարակ V դարի հայ պատմիչները։
Փավստոս Բուզանդը հենվում է պատմական աղբյուրների ու զրույցների վրա, արտահայտելով ժողովրդին բնորոշ իմաստուն և միաժամանակ պարզունակ մտածողություն, ազգային հոգեբանություն։ Նրա երկն իր ամբողջության մեջ վիպական, դրամատիկ և պատմողական տարրերի մի տեսակ միահյուսում է, և բանասերները հաճախ նրա Պատմությունը համարել են վիպասանություն։
Բուզանդի Պատմությունը անփոխարինելի աղբյուր է IV դարի հայոց ներքին կյանքի, ավատական իշխանությունների, պետության, նախարարական տների և եկեղեցու հարաբերությունների, գործիչների վարքագծի, կենցաղի վերաբերյալ տեղեկություններով։ Ոչ մի պատմական աղբյուր այնպես լավ չի պատկերում չորրորդ դարի հայոց աշխարհը, որքան Բուզանդը։
Բուզանդն անփոխարինելի աղբյուր է ոչ միայն պատմաբանի, այլև բանագետի համար։ Նախաքրիստոնեական շրջանի հայ բանահյուսության առանձին հատվածներ մեզ ավանդել է Խորենացին, իսկ հետքրիստոնեական շրջանի, մինչև V դարը, ժողովրդական` բանահյուսության հետ մեր ծանոթությամբ պարտական ենք Փավստոս Բուզանդին։
Բանահյուսական նյութերին Խորենացու և Բուզանդի մոտեցումները բոլորովին այլ են։ Խորենացին տարբերում է ժողովրդականը պատմական աղբյուրներից, բայց նրանց մեջ պատմության արձագանքներ է նշմարում, գտնելով, որ առասպելները «զճշմարտութիւնն այլաբանաբար յինքեանս ունին թագուցեալ» [«իրենց մեջ թաքցնում են ճշմարտությունը այլաբանորեն»], փորձում է բացահայտել թաքցրած ճշմարտությունը, և ուր պակասում են ուղղակի աղբյուրները, դիցաբանական առասպելներից ու վեպերից պատմություն է քաղում։ Այդ պատճառով էլ նա վիպական երգերը հաճախ բերում է բառացի։ Իսկ Բուզանդը բանահյուսությունից օգտվում է այնպես, ինչպես եթե այն լիներ հավաստված աղբյուր, անխտրաբար և անքնին, նա վերքաղում է ժողովրդական վեպը և պատմություն ստեղծում։ Դրանով նրա պատումը դառնում է զարմանալի անմիջական, աշխույժ ու հրապուրիչ։
Բուզանդի երկը հայոց պատմություն է և միաժամանակ` վիպերգություն, որ հյուսվել է հայոց թագավորների` Արշակունիների, Լոլսավորչի տան և սպարապետների` Մամիկոնյանների շուրջ։ Նա կենդանի պատկերներով ներկայացնում է նրանց փոխհարաբերությունները, պարսից դեմ վարած պատերազմները, ներքին խարդավանքները և այլն, և ամեն դեպքում պաշտպանում մի գաղափար` միասնական պետականություն, բայց որտեղ եկեղեցին ունենա վճռական և որոշիչ դեր։
Դժվար է ասել հայ Արշակունիների նկատմամբ ինչ վերաբերմունք ունի Բուզանդը։ Թերևս այնքան էլ չի համակրում, բայց երթ նրանք վտանգի մեջ են, կամ խարդավվում են հայրենի նախարարների և այլոց կողմից, անվերապահորեն կանգնում է նրանց կողմը։ Բուզանդը անվերապահ է և´ մեղադրանքի մեջ, և´ պաշտպանության։
Բարձրացող Լուսավորչի տան կամ եկեղեցու և Արշակունիների միջև հակասությունը Բուզանդը ներկայացրել է շատ արտահայտիչ և անսքող, իբրև պայքար խոտոր վարքով ապրող թագավորների և ազնիվ ու սրբակյաց հայրապետների միջև, որոնք ուզում են նրանց ճիշտ ճանապարհի բերել։
Թագավորների ճյուղը շարադրելիս (Խոսրով, Տիրան, Արշակ, Պապ, Վարազդատ, Արշակ) Բուզանդը, անշուշտ, ունեցել է գրավոր աղբյուրներ, չնայած օգտվել է նաև բանավոր ավանդություններից ու զրույցներից։ Թագավորները նրա գրքում ոչ միայն պատմական դեմքեր են, այլև, կարելի է ասել, ուղղակի գրական կերպարներ` իրենց գործողություններով, մարդկային բնավորությամբ կենդանի և ամբողջական, իսկ Արշակ Երկրորդը կատարյալ դրամատիկ հերոս է իր մարդկային կրքերով, իր ճակատագրի ողբերգականությամբ։
Արշակ արքան երեսուն տարի հաջողությամբ պայքարում է պարսից դեմ։ Շապուհը տեսնելով, որ զենքով չի կարող հաղթել, դիմում է խաբեության. «Պարսից Շապուհ թագավորը մեծ աղաչանքով, ընծաներով ու հրովարտակներով Արշակ թագավորին իր մոտ էր կանչում, որ այնուհետև իրար մեջ սեր և խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն»։
Արշակը չի հավատում, բայց երբ Շապուհն ուղարկում է վարազագիր մատանիով կնքված աղ, իբրև սրբազան երդում, նա սպարապետ Վասակ Մամիկոնյանի հետ գնում է Տիզբոն։
Վհուկները, աստղահմաներն ու քավդյաները Շապուհին խորհուրդ են տալիս հայրենի հողի և ջրի միջոցով փորձել նրա հավատարմությունը։
Շապուհը հրամայում է իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերված հողը և ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնական հողով։ Եվ Արշակի ձեռքից բռնած դանդաղ ճեմում է խորանում։ Երբ կանգնում է հայրենի հողին, Արշակը խոսում է հպարտությամբ և հոխորտանքով, բայց երբ անցնում են պարսից հողի վյրա, խեղճանում է և մեղա գալիս։
Հայրենի հողն է ուժի և կենսունակության աղբյուրը—Բուզանդի ամբողջ երկն այս գաղափարով է հագեցած։
Եկեղեցու գործիչների մասին Բուզանդը պատմում է, նկատի ունենալով ազգային և օտար վարքագրությունները և դարձյալ բանավոր ավանդություններ։
Նա հիանալի ներկայացնում է ժամանակի հոգևորականությանը, հատկապես բարձրացնում է հայ եկեղեցու նշանավոր գործիչ Ներսես Մեծին, որի կենսագրությունը հարստացնելու համար օգտվել է նաև IV դ. նշանավոր աստվածական Բարսեղ Կեսարացու վարքից։
Բուզանդը Ներսես Մեծին պատկերում է միայն գրական գծերով, իբրև իր դարաշրջանի բացառիկ մի անհատականության, ականավոր եկեղեցական, քաղաքական գործչի, որը երկրռւմ ստեղծում է բազմաթիվ բարեգործական հաստատություններ, բարեկարգում վանքերն ու կուսանոցները, հիմնում դպրոցներ հունարեն և ասորերեն լեզուներով, սահմանում կենցաղավարության կանոններ։
Հոգևորականների բարքերի բազմաթիվ դրվագներ Բուզանդի Պատմության մեջ ինքնուրույն և անկախ զրույցների ու մանրապատումների բնույթ ունեն։
Ահա մի փոքրիկ պատմություն Հոհան եպիսկոպոսի մասին.
«Այլ էր Հոհան եպիսկոպոսը` նախկին Փառեն հայրապետի որդին, եթե կարելի է նրան եպիսկոպոս կոչել։ Սա մի կեղծավոր մարդ էր. մարդկանց աչքում իրեն ձևացնում էր պահեցող և կոշտ ու կոպիտ հանդերձ հագնող, մինչև անգամ ոտնաման չէր հագնում, այլ ամառը պարան էր փաթաթում, իսկ ձմեռը` կեմ։ Բայց չափից դուրս ընկղմված էր ագահության մեջ. աստծու. ահն էլ մոռացել էր ագահության պատճառով այն աստիճան, որ անվայել ու անհավատալի բաներ էր անում։
Մի անգամ այնպես պատահեց, որ նա ճանապարհ գնաց, նստել էր գրաստի վրա ու գալիս էր. նրան պատահեց մի անծանոթ աշխարհական մարդ, հասակով պատանի` ձի հեծած, մեջքին սուր կապած, գոտուց թուր կախած, մեջքին աղեղ ու կապարճ, մազերը լվացած, օծած, կոկած, գլխին վարսակալ դրած, ուսին մուշտակ գցած։ Նա գալիս էր իր ճանապարհով, գուցե ավազակությունից։ Իսկ ձին, որ նա հեծել էր, բարձր էր հասակով, աշխույժ և արագավազ, այնպես որ, երբ Հոհան եպիսկոպոսը հեռվից ձին տեսավ, խիստ զարմացավ ու աչքը վրան մնաց։ Երբ հեծյալը եկավ ու նրան մոտեցավ, Հոհանը նրան սպասելով` հանկարծ բռնեց ձիու սանձից և ասաց. «Իսկույն ձիուցդ իջիր, հետդ խոսելիք ունեմ»։ Մարդն ասաց. «Ոչ դու ինձ ես ճանաչում, և ոչ ես քեզ, այդ ի՞նչ բան է, որ ուզում ես ինձ հետ խոսել»։ Մարդը միևնույն ժամանակ հարբած էր և շատ համառեց` չկամենալով ձիուց իջնել։ Բայց Հոհանը նրան ստիպեց, ձիուց ներքև իջեցրեց և ճանապարհից մի կողմ տարավ։ Այնտեղ մարդուն հրամայեց խոնարհվել և ասաց. «Քեզ քահանա եմ ձեռնադրում»։ Իսկ նա իր մասին պատասխան տալով` ասաց. «Ես մանկությունից ի վեր եղել եմ ավազակ, մարդասպան, չարագործ, խառնակ վարքի տեր և այժմ էլ նույն գործում եմ գտնվում, ես արժանի չեմ այդ բանին»։ Մարդը շատ համառեց ու վիճեց, բայց Հոհանը ավելի խիստ ստիպեց։ Վերջը Հոհանը նրան բռնությամբ գետին գլորելով` ձեռքը դրեց նրա վրա` քահան դարձնելու համար և հետո ոտքի կանգնեցնելով` հրամայեց վերնազգեստի հանգույցները արձակել, հոգևորականի վերարկու գցել վրան և ասաց. «Գնա քո գյուղը և եղիր քահանա այն գյուղին, որտեղից որ ես»։ Նա նույնիսկ չգիտեք, թե որ գյուղից է այդ մարդը։ Հետո Հոհանը մոտենում, բռնում է ձիուց և ասում. Այս ձին էլ ինձ վարձանվեր լինի, որ քեզ քահանա ձեռնադրեցի»։ Մարդը ձիու համար համառեց, չուզեց տալ։ Բայց նա բռնությամբ ձին խլեց ռւ մարդուն ճամփու դրեց։ Այս բոլորը ձիու համար եղան» (302— 303)։
Ահա և շարունակությունը, որ նույնքան հետաքրքիր է և զավեշտական։
«Մարդը ակամայից փիլոնը վրան գցած դառնում է տուն, գալիս ներս է մտնում ընտանիքի մոտ և ասո՛ւմ կնոջն ու ընտանիքին. «Վեր կացեք, աղոթք անենք»։ Իսկ նրանք ասում են. «Գժվե՞լ ես, ի՞նչ է, հո չե՞ս դիվահարվել»։ Իսկ նա ասում է. «Վեր կացեք, աղոթք անենք, որովհետև ես քահանա եմ»։ Նրանք զարմացել էին. մերթ կարմրում էին, մերթ ծիծաղում։ Շատ հակառակվելուց հետո, վերջապես համաձայնվեցին նրա հետ աղոթք անել։ Հետո կինը մարդուն ասաց, «Չէ՞ որ դու երեխա էիր, դեռ մկրտված չէիր»։ Մարդն ասաց կնոջը. «Խելք թողե՞ց գլուխս, շփոթեցրեց, չթողեց որ հիշեմ, ես էլ մոռացա այդ բանը նրան ասել, նա ինձ քահանա դարձրեց ու ձին սանձով, թամբով առավ ու գնաց»։ Տնեցիները մարդուն ասացին. «Վեր կկենաս, կրկին կգնաս այդ եպիսկոպոսի մոտ և կասես, «Ես մկրտված չէի, դո՛ւ ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Նա էլ վեր կացավ ու գնաց եպիսկոպոսի մոտ և ասաց. «Ես մկրտված չէի, դու ինձ ինչպե՞ս քահանա դարձրիր»։ Հոհանը ասաց. «Մի սափորով ջուր բերեք»։ Ջուրն առավ լցրեց նրա գլխին «ասաց. «Գնա, ահա քեզ մկրտեցի»։ Եվ այսպես իսկույն նրան իր մոտից հեռացրեց» (303—304)։
Մամիկոնյանների մասին պատմելիս Բուզանդը լայն տեղ է տալիս ժողովրդական վեպին։ Մամիկոնյան տան սերունդները վիպականացված հերոսներ են։ Նրանք ժառանգաբար վարում են հայոց սպարապետության պաշտոնը, քաշ են ու անձնվեր, պատրաստ իրենց կյանքը տալու հայրենի երկրի և թագավորի համար։ Հերոսական է Վասակ սպարապետի կերպարը. փոքրամարմին, բայց հզոր, սարսափազդու, ինչպես մի հսկա։
Պարսից Շապուհը հայոց արքա Արշակի հետ խաբեությամբ գերում է և նրա սպարապետին։ Հաղթողի ու պարտվածի միջև տեղի է ունենում հետաքրքիր երկխոսություն.
«Որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորը ասաց նրան, «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»։
Վասակը պատասխան տալով ասաց.
«Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացիր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ` աղվե՞ս։ Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս`' մի այլ լեռան վրա. երբ աչ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երր ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»։
Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»։
Վասակն ասաց.
«Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը` Հունաց թագավորը» (215)։
Այսպիսի վիպերգական հատվածներ շատ կան Բուզանդի Պատմության մեջ։
Մանվել սպարապետը մահվան մահճում իր որդուն պատվիրաններ է տալիս, հնազանդ ու հպատակ լինել Արշակ թագավորին, հավատարիմ լինել, ջանալ և աշխատել, Հայոց աշխարհի համար պատերազմել, ուրախությամբ հանձն առնել մահ երկրի համար, ինչպես և քաջ նախնիները, երկրի վրա քաջության անուն թողնել, մահից ամենևին չվախենալ (293)։
Բուզանդի ամբողջ երկը հենց այդպիսի պատվիրան է։ Դա է նրա Պատմության հիմնական գաղափարը։
Փավստոս Բուզանդի Պատմությունը հետագա սերունդների համար թեմաների ու հղացումների անհատնում աղբյուր է։
Րաֆֆին իր «Սամվել» պատմական վեպի գաղափարը նրանից է վերցրել։
Նրանից է քաղված Ստ. Զորյանի «Պապ թագավորը», «Հայոց բերդը», «Վարազդատ» պատմավեպերի նյութը, նրա հիման վրա է գրված «Արշակ Երկրորդ» օպերայի լիբրետոն և այլն»
Պատմաբանը IV դարը քննելիս չի կարող շրջանցել Բուզանդին: Բայց ոչ միայն IV դարը։ Բուզանդը իր երկով կարողացել է տալ առհասարակ ավատատիրական միջնադարի պատկերը։
Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր
________________________________________________
1.«Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց և Թուղթ յսռ Վահան Մամիկոնեան» աշխատութեամբ Գ. Տեր-կրտչեան և Ստ. Մ ալխաս եան, Տփզիս, 1904, էջ 1։
2.Փավստոս Pil սլա ûl|, Պատմություն հայոց, թարգմանությունը, ներածությունը՛ ե ծանոթագրություններն ակադեմիկոս Ատ. Մալխաս յանցի, երևան։ 1968, էջ 113*
3.*Լս1էլար Փսւ այնց ի, նույն տեղում, էջ 31
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Փաւստոսի Բուզանգացւոյ Պատմութիւն հայոց», Վենետիկ, 1832 (վերահրատ. 1889, 1914, 1933 թթ.),
«Փաւստոսի Բուզանղացւոյ Պատմութիւն հայոց», ՍՊբ., 1883։
Փաւսաոս Բադանդ, Հայոց պատմություն, թւսրգմ. Ատ, Մալխասյանցի, Երե- վան, 1947, 1968։ .
«История Армении Фавстоса Бузанда», пер. с древнеармянского и комментарии М. А. Геворкяна, Ереван, 1953.
Faustus de Buzatıce, Blblioth^que historique en quatre llvres, trad, pour la premlöre fois de l’armenien en français par I. B. Emine, „Collection Langlois", է. I, Paris, 1867.
„Des Faustus von Byzanz Geschichte Armenlens", übersetzt und mit einer Abhandlung überdie Qeographie Armeniens eingeleitet von Dr. M. Lauer, Köln, 1879.
b. Մ. (bijjl^b Մադսւթյան) , Փավստոս Բուզանդ, Վիեննա, 1890։
Մալխասյան Ս.ք Ուսումնասիրություն Փավստոս Բյուզանդացու Պատմության, Վիեննա, 1896։
tınruljr Րյուքյա(*լդա,յjl( Կորիւն վարդապետ և նորին թարգմանութիւնք, Տփղիս,
1900,
&рЬ1ЦшБ W., Հայոց հին գրականության պատմություն, հտ, I, Երևան, 1944, հույնը' Երկեր, հա, Գ, Երևան, 1968։
Абегян М., История древнеармянской литературы, Ереван, 1975.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 9494
Կիսվել : |