Իտալիայի դեսպան. Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը
NEWS.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցներ Հայաստանում գործող դիվանագետների հետ: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին պատմեց իր փորձի, իտալական խոհանոցի եւ լավ դիվանագետի գաղտնիքների մասին.
Եղե՞լ է, որ Ձեր անձնական կարծիքը տարբերվի Ձեր երկիրի պաշտոնական դիրքորոշումից:
Երբեմն կարող է այնպես լինել, որ այն, ինչ ձեր կառավարությունը խնդրում է ձեզ անել, ճշգրտությամբ չի համապատասխանում ձեր գաղափարներին: Բայց Իտալիան ժողովրդավարական երկիր է, եւ Իտալիայի կառավարության կողմից կայացվող որոշումները հիմնականում հիմնվում են նրա վրա, թե ինչ են մատանացույց անում դեսպանները տեղերում: Անընդհատ մտքերի փոխանակում է տեղի ունենում դիվանագետների եւ կառավարության միջեւ` որոշումների կայացման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:
Ի՞նչն է հատկապես ամենադժվարը:
Դիվանագիտական աշխատանքում ամենադժվարը ամեն ինչում ճիշտ հավասարակշռություն գտնել է` ինչ որ անում ես, քանի որ այս մասնագիտությունն այնպիսին է, որ գործ ունի բազմաթիվ մարդկանց եւ բազմաթիվ հարցերի հետ: Մասնավորապես, երբ մենք աշխատում ենք արտերկրում, ցանկացած հարց կարող է հայտնվել դիվանագետի իրավասության ներքո: Այդ դեպքում դու չպետք է կանխակալ մոտեցում ունենաս եւ պետք է լայն մտահորիզոն ունենալ` լավ հասկանալու համար ընդհանուր իրավիճակն ու նրա բոլոր կողմերը: Հավասարակշռված գնահատականը լավ դիվանագետի գաղտնիքն է:
Դուք եղել եք բազմաթիվ երկրներում` Գանայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում եւ այլն: Ի՞նչ եք կարծում, պե՞տք է դիվանագետն իր առջեւ նպատակ դնի տվյալ երկիրը գնալով:
Եթե նկատի ունեք մասնագիտական նպատակը, այսինքն այն, ինչ կապված է կոնկրետ առաքելության հետ, դա ձեզ վրա դրված է կառավարության կողմից: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները եւ յուրաքանչյուր կառավարություն` ուղարկող պետություն ունի իր հատուկ քաղաքականությունը: Դիվանագետը, անկախ նրա աստիճանից, պետք է համապատասխանի այդ կոնկրետ առաքելությանը: Դա պրոֆեսիոնալ նպատակ է: Եթե նկատի ունեք անձնական նպատակները, ապա դա կախված է մարդու անձնական բնույթից: Ձեզ կարող են դուր գալ ինչ-ինչ նոր զգացողություններ. օրինակ, աֆրիկյան երկրներում հետաքրքիր կլինի սաֆարի փորձել: Եթե գնում ես հյուսիսային երկիր, որտեղ սառցե բնապատկերներ են, զգացողություններն այլ են: Այնպես որ, ամեն ինչ կախված է անձնական նախապատվություններից: Սական կարծում եմ, որ եթե գնում ես մի երկիր, պետք է փորձել այն, ինչ ամենաշատն ուզում ես, եւ ժամանակ չկորցնել: Այն պահից, երբ դու գալիս ես, պետք է ճանպարհորդես, տեսնես այն, ինչ այդ երկիրը կարող է ձեզ առաջարկել, եւ շփման մեջ մտել նրա հետ:
Կա՞ն բառեր կամ նախադասություններ, որոնք դիվանագետը երբեք չպետք է օգտագործի:
Ասում են, որ դիվանագետը երբեք չպետք է «ոչ» ասի: Սակայն ես կարծում եմ, որ ժամանակակից դիվանագիտության համար ավելի լավ է անկեղծ լինել, բաց եւ շիտակ, քանի որ այսօր աշխարհն այնպես փոխկապակցված է եւ միշտ հնարավորություն կտա իմանալ ճշմարտությունը: Եթե դիվանագետը ստում է կամ փորձում է թաքցնել որոշ փաստեր, նա կարող է կորցնել վստահությունը: Հուսալի լինելու համար դիվանագետը պետք է անկեղծ լինի, հատկապես օտար երկրում:
Կա՞ ինչ- որ բան, որին կարոտում եք գտնվելով Իտալիայից հեռու:
Ոչ, ոչ մի բանի չեմ կարոտում: Հայաստանում ես ինձ զգում եմ ինչպես տանը: Անգամ սննդի առումով: Որպես Իտալիայի դեսպան, ես շատ մշակութային միջոցառումներ եմ կազմակերպում ե դրանցից մեկը իտալական խոհանոցի փառատոնային շաբաթն է: Թեեւ իմ փորձը մեծ չէ այդ ոլորտում, կարող եմ ասել, որ հայկական խոհանոցը յուրատեսակ միջերկրածովյան խոհանոց է, սակայն դուք չունեք ձեր խոհանոցային կոդեքսը: Կոդեքս ունենալ` նշանակում է մշակել համադամության մշակույթ: Իտալիայում մենք դա արել ենք, եւ հասել ենք տարածաշրջանային խոհանոցի որակավարման 19-րդ դարում: Ձեզ մոտ կերակրատեսակների մեծ մասը միջերկրածովյան ոճի են, եւ որոշ դեպքերում մոտ են իտալական խոհանոցի ուտեստներին, որոնք սովորաբար պատրաստում են հարավային շրջաններում:
Ասում են, հայերն ու իտալացիները շատ ընդհանուր բաներ ունեն: Դուք համաձա՞յն եք:
Դա ճիշտ է: Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկա այստեղ: Երբ ես եկա Հայաստան, սկզբում կարծում էի, թե կհանդիպեմ ավելի շատ ասիականին մոտ մենթալիտետի եւ մշակույթի: Ի զարմանս ինձ` նկատեցի, որ հայկական մենթալիտետը մոտ է եվրոպականին եւ, մասնավորապես, շատ մոտ է Իտալիային: Մենք կարող ենք կիսել ընդհանուր տարածաշրջանային արժեքներ, բարոյականության վերաբերյալ միեւնույն հայացքները, էթիկան, ընտանեկան հարցերում միեւնույն մոտեցումը եւ սոցիալական շփման հարցում նույն միտումները: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանի եւ Իտալիայի միջեւ կա առանձնահատուկ, սերտ փոխկապակցվածություն:
Դիտե՞լ եք Հայաստան-Իտալիա խաղը:
Այո, իհարկե: Ներկա եմ գտնվել: Ես ոգեւորվել էի` տեսնելով, որ Հայաստանի հավաքականը խաղում է լավ եւ խելացի: Անգամ Իտալիայի թիմի մարզիչ Պրանդելին դրական գնահատական տվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղին:Դեսպանը բարեկամություն հաստատող անձ է:
Այս շարքում կարող եք կարդալ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեսպանների հետ հարցազրույցները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 853
Կիսվել : |