Վիլսոն Վուդրո
Քաղաքական և պետական գործիչ Վուդրո Վիլսոնը ԱՄՆ-ի 28-րդ նախագահն է (1913–21 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1919 թ.): Հայկական հարցի հայանպաստ լուծման և
անկախ հայկական պետության ստեղծման կողմնակից էր:
Վուդրո Վիլսոնը 1879 թ-ին ավարտել է Փրինստոնի համալսարանը, ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան (1886 թ.): 1890–1902 թթ-ին Փրինստոնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր էր, 1902–10 թթ-ին` ռեկտոր, 1910–12 թթ-ին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ: 1913 թ-ին Վիլսոնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ` դեմոկրատական կուսակցությունից: Նախագահության առաջին տարիներին նպաստել է մի շարք օրենքների ընդունմանը և վաստակել «առաջադեմ բարենորոգչի» անուն:
Վիլսոնի օրոք (1917 թ-ից) ԱՄՆ-ը մասնակցել է Առաջին աշխարհամարտին (1914–18 թթ.)՝ Անտանտի կողմից:
1918 թ-ի հունվարին Վիլսոնն առաջադրել է խաղաղության ծրագիր («14 կետով»)` ԱՄՆ-ի դերը միջազգային հարաբերություններում բարձրացնելու նպատակով: Նա գլխավորել է ԱՄՆ-ի պատվիրակությունը 1919–20 թթ-ի Փարիզի հաշտության խորհրդաժողովում, որի արդյունքները, սակայն, աննպաստ եղան նրա վարչակազմի և ԱՄՆ-ի համար. չհաջողվեց սասանել Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի առաջատար դիրքերը եվրոպական քաղաքականության մեջ:
Վիլսոնը Հայկական հարցի դրական լուծման կողմնակից էր, որն արտահայտվել է Հայաստանի մանդատը (հովանավորություն, 1920 թ.) ստանձնելու նրա պատրաստակամությամբ: Դեռևս 1919 թ-ի կեսերին նա Հայաստան է ուղարկել պատվիրակություն` գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ՝ ծանոթանալու երկրի կացությանը և հստակեցնելու նրա հովանավորությունն ստանձնելու հարցը, իսկ 1920 թ-ի ապրիլին ԱՄՆ-ը փաստացի (դե ֆակտո) ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Սակայն նույն թվականի հունիսին ԱՄՆ-ի Սենատը մերժել է (52 դեմ, 23 կողմ) Հայաստանի մանդատը:
Ազգերի լիգայի (ստեղծողներից մեկը Վիլսոնն էր) հանձնարարությամբ նա ստանձնել է հայ-թուրքական սահմանի որոշումը 1920 թ-ի Սևրի հաշտության պայմանագրով: Դա հայտնի է «Վիլսոնի իրավարար պայմանակարգ» անվամբ, որը ներկայացվել է 1920 թ-ի նոյեմբերի 22-ին: Այս պայմանակարգի համաձայն` Արևմտյան Հայաստանի տարածքը կազմելու էր 90 հզ. կմ2:
Սակայն հակասությունների սրումը ԱՄՆ-ի և եվրոպական տերությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) միջև, ինչպես նաև նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ և բացասական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ձախողել են ինչպես Հայաստանի մանդատի ընդունումը ԱՄՆ-ի Սենատում, այնպես էլ Սևրի պայմանագրի իրագործումը:
Նախագահության ժամկետն ավարտվելուց հետո Վիլսոնը հեռացել է քաղաքական գործունեությունից:
Վիլսոնի մասին նկարահանվել է «Վիլսոն» (1944 թ.) գեղարվեստական կինոնկարը (արժանացել է 5 «Օսկարի»):
Հայ-թուրքական սահմանը, ըստ «Վիլսոնի իրավարար պայմանակարգի». սկսվում է Իրանին սահմանամերձ Կոտուր քաղաքից, անցնում Վանա լճից և Բիթլիս ու Մուշ քաղաքներից հարավ-արևմուտք (սահմանագծից դուրս էին մնում Վանի նահանգի մոտ կեսը և Սղերդի գավառը՝ գրեթե ամբողջությամբ), այնուհետև ձգվում է հյուսիս, անցնում Երզնկայից ոչ հեռու՝ աշխարհագրական բնական պատնեշով:
Աղբյուրը՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1348
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 6303
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

