ԱՄՆ հետախուզության զեկույցը. համայն հայությունը պահանջում է հողերի վերադարձ Թուրքիայից

Նորության նկար Վերջերս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից արված հայտարարությունը Թուրքիայից հողային պահանջի մասին արժանացավ աշխարհասփյուռ հայության մեծ ուշադրությանը և թուրքական կառավարության խիստ քննադատությանը: Թեեւ սա առաջին անգամն էր, որ մի հայ պաշտոնյա բարձրացրել էր այս հարցը 1991 թ. երկրի անկախությունից ի վեր, սակայն պահանջն ինքնին նոր չէ:

Հայերը տասնամյակներ շարունակ ձգտում են վերստանալ իրենց պատմական տարածքները Թուրքիայից: Կենտրոնական հետախուզական վարչության կողմից գաղտնազերծված 1943 թվականի մի գաղտնի փաստաթուղթ բացահայտում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը քաջատեղյակ է եղել հայկական պահանջներին՝ «վայրագությունները» ճանաչելու և թուրքական գրավյալ «նահանգները» վերադարձնելու մասին: Կենտրոնական հետախուզական վարչության նախորդի՝ Ռազմավարական ծառայությունների վարչության (ՌԾՎ) հեղինակած` 1943 թ. դեկտեմբերի 13-ի փաստաթղթում ասվում է. «Միացյալ Նահանգներում հրատարակվող ամբողջ հայկական մամուլը աշխույժ է՝ իր ընթերցողների հիշողության մեջ թարմ պահելով թուրքական կողմի կազմակերպած հայկական ջարդերը: Վախենալով, որ այս պատերազմի [Երկրորդ համաշխարհային պատերազմի] գերմանական վայրագություններն, ի վերջո, կմթագնեն նախորդ պատերազմի վայրագությունները, նրանք ուզում են վառ պահել Հայկական հարցն ընդդեմ Թուրքիայի: Հայերն ունեն ինչպես ներկայիս, այնպես էլ անցյալի բողոքներ Թուրքիայի հանդեպ, որտեղ ունեցվածքի հարկի՝ «Վառլիքի» ծանր բեռն ավելի շատ դրված է հայերի, քան Թուրքիայում ապրող որևէ այլ փոքրամասնության վրա: Հայության աչքին առավել աններելի է այն փաստը, որ Թուրքիան պահում է այն նահանգները, որոնք, ըստ նրանց հաստատ համոզման, իրավամբ պատկանում են Հայաստանին: Համայն հայության նպատակն է այս նահանգները վերադարձնել Հայաստանին»: ՌԾՎ-ի փաստաթղթի մեկ այլ հատվածում ճշգրտորեն հաղորդվում է, որ «հայերը, գրեթե առանց բացառության, ամենախորը կասկածանքի, թշնամանքի և վախի զգացումներ են տածում» Թուրքիայի նկատմամբ:

1944 թ. հուլիսի 31-ով թվագրված երկրորդ գաղտնազերծված փաստաթուղթը զարմանալի վերնագիր ունի. «Դաշնակցականները թեքվում են դեպի Խորհրդային Ռուսաստան»: ՌԾՎ-ն նշում է, որ «երբեմնի անզիջող հակախորհրդային Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պաշտոնապես փոխել է իր կողմնորոշումը և թեքվել դեպի Խորհրդային Միությանն աջակցելու ուղղությամբ, որն աստիճանաբար ավելի ակնառու դարձավ վերջին մի քանի ամիսների ընթացքում և իր գագաթնակետին հասավ խորհրդամետ քաղաքականության ընդունմամբ` հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Բոստոնում կայացած` Դաշնակցության տարեկան համագումարում»: ՌԾՎ-ի այս զեկույցը պատրաստվել էր այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը հայտարարել էր իր մտադրության մասին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պահանջել Թուրքիայի արևելյան նահանգները (Կարսը, Արդահանը և Սուրմալուն):

Խորհրդային այս պահանջն աջակցություն ստացավ Հայկական եկեղեցու, Խորհրդային Հայաստանի կառավարության և Սփյուռքի, այդ թվում՝ հակախորհրդային Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կողմից: ՌԾՎ-ն խորաթափանց կերպով հայտարարեց. «Դաշնակցականներն իրականում երբեք էլ չեն հրաժարվել իրենց երազանքից` ունենալ ազատ և անկախ Հայաստան, այդ թվում՝ թուրքական չմիացված տարածքը, որը լարվածության մեջ էր պահում նրանց ԽՍՀՄ-ի հետ` 1920 թվականին Հայաստանի՝ որպես խորհրդային [անընթեռնելի] ստեղծումից ի վեր… Անկախության տեսլականի նվաղումով, այժմ խորհրդամետ դաշնակցականներն իրենց ուշադրությունը շրջում են դեպի Խորհրդային Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի թուրքական նահանգների ձեռքբերմանը»: Բացատրելով ՀՅԴ կուսակցության հետպատերազմյան ակնկալիքները, ՌԾՎ-ն ասում է. «Եթե Թուրքիան, ինչպես դաշնակցականները հույս ունեն և հավատում են, ըստ պարոն [Ջեյմս] Մանդալյանի [Բոստոնում գործող ՀՅԴ «Հայրենիք» թերթի խմբագիր], չեզոք մնա [Երկրորդ համաշխարհային պատերազմում], ապա այն մեծապես խոցելի կացության մեջ կհայտնվի և իր չեզոքության հատուցումներից մեկը կլինի Թուրքահայաստանի զիջումը Խորհրդային Հայաստանին»:

ՌԾՎ-ի 1943 թվականի փաստաթուղթը նաև մի ընդարձակ զեկույց է պարունակում ամերիկահայ մամուլի վերաբերյալ` իր ուշադրությունը սևեռելով Միացյալ Նահանգներում հրատարակվող 17 հայկական թերթերից միայն 6-ի վրա` «Հայրենիք» և «Ասպարեզ» (դաշնակցական)` դասակարգված որպես «աջակողմյան-ազգայնական», «Պայքար», «Նոր օր» (ռամկավար) և «Երիտասարդ Հայաստան» (հնչակյան)` դասակարգված որպես «ազատական», նաև «Լրաբեր» (Ամերիկայի հայկական առաջադիմական լիգա)` դասակարգված որպես «ձախակողմյան-կոմունիստական»: Վերջին երկու թերթերն այլևս չեն հրատարակվում:

Ըստ ՌԾՎ-ի՝ «Հայրենիք» և «Ասպարեզ» թերթերը «խիստ ազգայնական, հակախորհրդային և հակակոմունիստական են», մինչդեռ «Պայքարը» «վճռականորեն դեմ է արտահայտվում դաշնակցականներին և նրանց սկզբունքներին: Ռամկավարները Խորհրդային Միության մեջ Հայաստանի ընդգրկումը ընդունում են որպես հայկական խնդիրների բավարարման լավագույն ելք և «Պայքար» թերթում տպագրված բազմաթիվ հոդվածներում գովաբանում են խորհրդային վարչակարգը Հայաստանում, հատկապես` Հայ Առաքելական եկեղեցու հետ նրա ունեցած հարաբերություններում»:

ՌԾՎ-ի գնահատմամբ` 1943 թ. Միացյալ Նահանգների 95 հազար հայերը, որոնք հիմնականում բնակություն էին հաստատել Մասաչուսեթս, Նյու Յորք և Կալիֆոռնիա նահանգներում, «բուռն հետաքրքրություն են դրսևորում իրենց հայրենիքի [Խորհրդային Հայաստանի] նկատմամբ, բայց թերևս ոչ մեկն էլ չի վերադառնա այնտեղ»:

Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հայտնում է yerkir.am-ը

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 06-08-2013 13:01:38
Դիտումների քանակը: 716
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԲԵՆԻԿ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՍԱՅՈՒ Աստղագետ: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1970), պրոՖ. (1972): ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1980): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott