ՍՈՒՐԻԿ ԱՍՄԱՐՅԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ՝ «ԱՐՄԱՎԻՐ»
Ռաֆայել Սահակյան
Հայաստանի գրողների միության անդամ,
բանաստեղծ, գրող, հրապարակախոս,
Արմավիրի մարզային
«Հայրենականչ» թերթի խմբագիր
Արամայիս նահապետից մինչև Արմավիրի համայնք ուշագրավ խորագրի տակ «Արմավիր» գիրքը պատմավավերագրական ուսումնասիրության արժեքավոր աշխատություն է, որին համարձակորեն ձեռք է զարկել մեզ հանրածանոթ լրագրող, հասարակական գործիչ, հետազոտող-պատմաբան Սուրիկ Ասմարյանը: «Հեղինակը, որը ծնվել և ապրում Է Արմավիր գյուղում, ներկայացնում է հայոց Արմավիր մայրաքաղաքի հնագիտական պեղումների արդյունքները, նորահայտ հնագիտական և պատմական վավերագերի հիման վրա ուրվագծում Արմավիր մայրաքաղաքի պատմական դարա-շրջանները և մայրաքաղաքի ժառանգորդների` Արմավիր քաղաքի հիմքի վրա ձևավորված Արմավիր գյուղական համայնքի, նախկին Ղուրդուղուլի գյուղ – շրջկենտրոնի, 17 - 20 -րդ դարերի գոյապայքարի 400 - ամյա պատմությունը»: Սա այս գրքի ծանուցում-նախա-խոսքն է,որի ընդարձակ շուքի տակ հեղինակը իմաստասերի հմտությամբ, պատմաբան-հետազոտողի համառությամբ ուսումնասիրել է բազմաթիվ և բազմազան փաստաթղթեր, մենագրություններ, վկայաբանություններ, որպեսզի կարողանա հիմնավոր փաստերով բացահայտել, թե ովքեր ենք մենք` արմավիրցիներս և որտեղից ենք գալիս: Ուսումնա-սիրության տարածական այս քարտեզի վրա Ասմարյանը որպես սկիզբ ներկայացնում է 38 դարերի Արմավիր մայրաքաղաքի, նրա մասին հուշագրություններ՝ Հայկազուն Արամայիս նահապետից (որի անունով կոչվել է Արմավիր) մինչև հետագա բուռն ու տևական տարեգրությունների շրջանը, հասնալով մինչև ներկայիս Արմավիր գյուղը:
Պարզապես զարմացնող ու տիտանական աշխատանք է կատարել Սուրիկ Ասմարյանը: Օգտագործելով պատմական աղբյուրները, նա կարողացել է ի մի բերել ժամանակի կարևոր իրադարձությունները, պատերազմող պետությունների ու արքաների վարքը, Հայաստանի հարևանների դիրքորոշումներն ու նենգ քաղաքականությունը, տևական պայքարը օտար նվաճողների դեմ: Միաժամանակ հեղինակը իր առջև խնդիր է դրել ներկայացնել Արարատյան աշխարհը, նրա բնակլիմայական պայմանները, այդ հողի վրա ստեղծված մշակույթի օջախներն ու պաշտպանական բերդերը, պատմական վավերագրերի և աղբյուրների մանրամասը տեղեկատվությունը՝ Արմավիր – Ղուրդուղուլի մեծ ժամանակի ամբողջական կտրվածքով: Լինելով ուսումնասիրող պատմաբան հեղինակը հաջողությամբ է կատարել իր պարտքը, ընթերցողին առջև բացելով հատկապես Ղուրդուղուլի-Արմավիր փաստագրությունը՝ սկսած 1800-ական թվականներից մինչև մեր օրերը: Դա պատմականորեն մի վիթխարի տարածք է, որին Ս. Ասմարյանը վերաբերվել է ճշգրիտ վերլուծականներով, հանդես բերել ուսումնասիրող- պատմաբանի բացառիկ հմտություն:
«Արմավիր» գրքի լույս աշխարհ գալը որդիական պարտքի դրսևորում է Սուրիկ Ասմարյանի կողմից: Նա մոտիկից է ճանաչել իր ծննդավայրի հինը, ավանդականն ու նորը, տասնամյակներ շարունակ շփվել է գյուղի իմաստուն այրերի հետ, երազում էր հարազատ պատմական շենի բովանդակ պատմությունը այսպես փոխանցել գալիք սերունդներին, որ հին ու հզոր հայոց արքաների հայտնի անունների կողքին չմոռացվեին 20-րդ րդ դարը իրենց ուսերին վրա տանող արմավիրցիները, ովքեր երեկ և այսօր հպարտությամբ են կրել Արմավիրի դրոշը, արձագանքել են հին մայրաքաղաքի ավետիս-ղողանջներին, որոնք գիշեր ու զօր պահպանել են արմավիրյան բլրի հավերժական ներկայությունը:
Սուրիկ Ասմարյանը ձգտել է չմոռանալ ոչ ոքի, ի խորոց սրտի, որդիական երախտագիտությամբ մեկ-մեկ ներկայացրել է Արմավիրի հրաշալի մարդկանց, նրանց տոհմապատմությունը, նախ ներկայացել է իր իմաստնացած խոսքի շքեղությամբ, բնութագրել ընտանիք առ ընտանիք, գնահատել նրանց տեղն ու դերը՝ Արմավիրի ավան-դույթն ու պատվախնդրությունը աչքի լույսի պես պահել պահպանելու ճանապարհին:
Սուրիկ Հայկազի´, այսքանից հետո թող չուշանա հանրության երախտագիտությու-նը քո հանդեպ: Դու ծննդավայրիդ մեծ երթի ճանապարհը մեն մենակ կտրեցիր, ֆիզի-կական ծանր վիճակում կատարեցիր քո սխրանքը: Դու հոգուդ կերտվածքի քո անձնուրաց մղումը պարգևեցիր արմավիրյան մեծ դարձի ղաղանջներին և հիմա բոլոր քայլողների առջից ես գնում՝ հայացքդ առջև հինավուրց հայրենյաց հողն է և քեզ միշտ լույսին մոտեց-նող Արմավիր հնավուրց բարձրունքը:
10 03 2014 թ
«Հայրենականչ» թերթ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |