Read
«ՔԱՐԱՀՈՒՆՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
vachagan.vahradyan
Logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆՈւՆԸ (Ծագումնաբանական վերլուծություն)

Article image Երևան դարձած իմ Էրեբունի …
Պարույր Սևակ

Մեր քաղաքի անվան ծագումը ժողովրդական բանահյուսությունը կապում է բիբլիական Նոյի հետ: Թերևս, ամեն հայ, դեռ մանուկ հասակից, լսել է այդ զրույցը: Այդ թվում նաև ես: Ինձ հասած պատումը հետևյալն է. «Երբ համաշխարհային ջրհեղեղի ջրերը հետ քաշվեցին և Նոյն իր ընտանիքով իջնում էր Մասիս սարից, նա տեսավ առաջին ցամաքն ու բացականչեց. «Երևաց…» Դրանից հետո այդ վայրը կոչվել է Երևան:»

Zoom Image

Քաջ հիշում եմ, որ իմ հարցին թե. «Նոյը հայերե՞ն արտասանեց այդ բառը», ես հստակ պատասխան չստացա:

Ժամանակն է պատասխանել այդ և դրա հետ կապված այլ հարցերին:

* * * *

Բնական է, որ այս պատումը չի կարող բավարար համարվել «Երևան» բառի գիտական ստուգաբանության խնդրում: Նախ այն պատճառով, որ Նոյի մասին պատմող առասպելը ջրհեղեղի մասին պատմությունների հրեական տարբերակն է և ուրեմն Նոյը պետք է որ հրեա համարվեր: Ուրեմն նա չէր կարող հայերեն արտասանել «երևաց» բառը: Կարելի է ենթադրել, որ Նոյը եբրայերեն է ասել. «Երևաց», իսկ հետո այն թարգմանվել է հայերեն: Բայց այդ բացատրությունն էլ քննություն չի բռնում:

Բանից պարզվում է, որ Նոյը չէր կարող իջնել Մասիս սարից ու չէր կարող տեսնել առաջին ցամաքը և, բնականաբար, չէր էլ կարող բացականչել. «Երևաց», թեկուզ և եբրայերեն, այն պարզ պատճառով, որ նա երբեք չէր բարձրացել Մասիս սարը, առավել ևս` տապանով: Բիբլիական առասպելում իրականում պատմվում է, որ նոյան տապանը իջավ Արարատյան լեռներում, այլ ոչ թե Արարատ լեռան վրա ինչպես դա ներկայացվում է ժամանակակից հայերեն թարգմանության մեջ:

Zoom Image

«Արարատյան լեռներ» ասելով այն ժամանկվա հրեաները հասկանում էին ողջ Հայկական լեռնաշխարհը և ոչ երբեք` Մասիս սարը կամ Սիսն ու Մասիսը: Այս միտքը հաստատվում է նրանով, որ մեկ այլ տեղ այդ գրքում հիշատակվում է «Արարատյան թագավորություն» բառակապակցությունը, որտեղից պարզ է դառնում, որ խոսքը տարածքի` Հայկական լեռնաշախարհի մասին է, այլ ոչ թե առանձին սարի:

Zoom Image

Բացի դրանից, կա մեկ այլ շատ լուրջ փաստարկ ևս: Մինչև XII-XIII դարերը հայերեն ոչ մի գրքում «Արարատ» բառը որպես Մասիս սարի անվանում չի վկայված: Այսպիսով նշված ժամանակաշրջանից առաջ աշխարհում ոչ ոք, առավել ևս հայերը, Մասիս սարը Արարատ բառով չեն կոչել: Առաջին անգամ դա արել է Հակոբ Մծբնեցին XII-XIII դարերում և նրա հետևորդները:

Zoom Image

Այդ վանականը, որը հետագայում սրբացվեց, այդպես է վարվել զուտ քաղաքական նկատառումներից դրդված: Նա խնդիր էր դրել համոզել խաչակիրներին, որ Հայաստանում էլ կան սուրբ մասունքներ և սրբավայրեր, որոնք կապված են բիբլիական պատումների հետ և դա փաստարկելով առաջարկել խաչակիրներին Հայաստանն էլ, Երուսաղեմի հետ մեկտեղ, ազատագրել մահմեդականության լծից:

Հնագույն ժամանակներում օյկումենան կազմող բոլոր այլ ժողովուրդների հոգևոր պատկերացումներում նույնպես Հայկական լեռնաշխարհն է (այլ ոչ թե Մասիս կամ որևէ այլ կոնկրետ սար) հանդես գալիս որպես ջրհեղեղից փրկված տապանի կայանելու վայր, ինչպես դա վկայում են Բերոսոսը իր «Բաբիլոնիկա» գրքում, անվանելով այդ տարածքը հենց Armenia («Բաբիլոնիկա» գիրքը գրված էր հունարեն լեզվով), ինչպես նաև շումերական և աքքադական էպոսները: Ըստ այդ ժողովուրդների (որոնք շատ ավելի հին են քան հրեաները) հոգևոր ընկալումների Հայկական լեռնաշխարհը աստվածների ու անմահների երկիր էր: Այդ իսկ պատճառով ջրհեղեղի ջրերը չեն ծածկել Հայկական լեռնաշխարհում գտնվող Արատտա երկիրը ու չեն ոչնչացրել այդ տարածքի բնակչությանը` չէ որ նրանք բարեպաշտ ու օրինասեր էին: Աքքադա-շումերական «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրվում է հետևյալ բնորոշումը .

«Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ,
այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան
…»:

Այսպիսով, բացառված համարելով «Երևան» բառի ծագման ժողովրդական մեկնությունը, հարկ ենք համարում նշել, որ այդ բացատրության մեջ կա, ինչպես ընդունված է ասել, ռացիոնալ հատիկ: Դրան մենք դեռ կանդրադառնանք:

* * * *

Հիմա քննարկենք գիտական հավակնություն ունեցող մի բացատրություն:

Խոսքը որոշ տարածում գտած մի մեկնության մասին է, ըստ որի «Էրեբունի» բառը բարդ բառ է: Այն բաղկացած է «էր» և «բուն» արմատներից: Միջին «ե»-ն կապող հոդ է, իսկ վերջին ի-ն մասնիկ է: «Էր» արմատը նույնացվում է «ար» արմատի հետ և դիտարկվում որպես արիական ցեղերի անվան հնչյունադարձություն: Իսկ «բուն» արմատի նշանակությունը մեկնաբանվում է որպես բնօրրան: Այսպիսով ստացվում է որ «Էրեբունի» բառը նշանակում է «արիների բնօրրան»:

Zoom Image

Որպեսզի քննադատության ենթարկենք այս վարկածը պետք է դիտարկենք Արգիշտի թագավորի արձանագրությունը Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին:
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք` ի հզորություն Բիայնի(լի) երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի` Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնի(լի) երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Ուշադիր ընթերցելով արձանագրությունը տեսնում ենք, որ չկա որևէ հիմք քաղաքի Էրեբունի անվանումը մեկնաբանել որպես արիների բուն կամ բնօրրան: Իրոք, արձանագրության մեջ նշված է, որ «տեղն ամայի էր» և ուրեմն բուն կամ բնօրրան չէր կարող հանդիսանալ: Եթե նոր պետք է հիմնվեր արիների բունը այդ տարածքում, ապա ինչու՞ էր բերվում և այդտեղ բնակեցվում 6600 ռազմագերիներ խեթերի երկրից և Ծոփքից առանց նշելու նրանց արիական ծագումը, ինչպես դա հայտնի է դառնում մեկ այլ արձանագրությունից: Բացի դրանից, արիների բուն հիմնելու ոչ մի կարիք չկար Հայկական լեռնաշխարհում, քանի որ հենց ողջ լեռնաշխարհն ինքն էր արիների բնօրրանը: Առավելևս, որ արիները արդեն վաղուց էին տարածվել աշխարհով մեկ և ոչ մի արիական ժողովուրդ չէր էլ ժխտում, որ իր նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է:

Ինչպես տեսնում ենք, իսկապես, այս բացատրությունը նույնպես չի դիմանում գիտական քննադատությանը:

* * * *

Անդրադառնանք այսպես ասած ակադեմիական մեկնություններին:

Ժամանագրական առումով առաջիններից մեկը պատկանում է Մ. Իսրայելյանին: Հեղինակը առաջարկում է հետևյալը` «Էրեբունի» նշանակում է «հաղթանակ»:

Մանրամասնորեն քննարկենք հեղինակավոր այս ուրարտագետի կարծիքը: Նա որպես ելակետ է ընդունում հետևյալ դատողությունը. «Քանի որ բերդը կառուցել է Արգիշթի Ա-ն և ինքն էլ անվանակոչել է այն, պետք է ենթադրել, թե այդ անունը ուրարտերեն բառ է և, ուրեմն, որևէ իմաստ է ունեցել ուրարտերենում» : (Ընդգծումը մերն է:)

Zoom Image

Նկատենք, որ Մ. Իսրայելյանը միայն ենթադրում է, որ այդ բառը ուրարտերեն է: Այո, կասկածելու տեղ կար և ապագան ցույց տվեց, որ այդ կասկածը անհիմն չէր: Պարզ է, որ քննվող ժամանակաշրջանի մասին այն ժամանկվա առկա գիտելիքների (մասնավորապես, հայագիտության) մակարդակը ինչպես նաև ուրարտա- և հայագիտության մեջ իշխող պարադիգմը` մտքի ուղղվածությունը, ինչպես նաև ոչ գիտական բնույթի որոշ այլ հանգամանգներ, թույլ չէին տալիս այլախոհություն այդ ասպարեզում:

Իրատեսական և անկողմնակալ քննությունը հուշում է, որ որևէ պետության մեջ կիրառվող արձանագրությունների լեզուն միարժեքորեն չի որոշում այդ պետության բնակիչների և անգամ իշխող ազնվականության խոսակցական լեզուն: Որպես օրինակ նշենք, որ հելենական ժամանակաշրջանի Հայաստանում արձանագրությունների լեզուն հունարենն էր: Սակայն այստեղից չի կարելի բխեցնել, որ այդ նույն ժամանակ հայաստանաբնակ հայությունը` Հայաստանի հիմնական բնակչությունը ևս խոսում էր հունարեն:

Բացի դրանից, կա մի շատ ուշագրավ փաստարկ ևս, որ խոսում է այդ ենթադրության դեմ: Բանն այն է, որ արձանագրությունների լեզուն Ուրարտույի գոյության երեք հարյուր տարվա ընթացքում ոչ մի էական փոփոխության չի ենթարկվել: Իսկ դա նշանակում է, որ ուրարտական արձանագրությունների լեզուն իր կիրառման (գրանցման) պահին արդեն մեռած լեզու էր : Այլ կերպ ասած այդ լեզվով, համենայն դեպս, Ուրարտույում (Հայաստանում կամ ավելի ընդհանուր` Հայկական լեռնաշխարհում) չէին խոսում և այդ պատճառով էլ այն չէր զարգանում ու փոփոխություն չէր ունենում: Քանի որ այդ լեզվով չէին խոսում, լուրջ հիմքեր կան կարծելու, որ ժողովուրդը այդ լեզուն չգիտեր: Այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ Ար‎գիշտին բերդ-քաղաքը անվաներ ժողովրդին անհասկանալի մի բառով: Չէ որ, բերդը իր տեսքով և, իհարկե, նաև անունով, պետք է հզորության գիտակցում ներշնչեր իր ժողովրդին:

Այսպիսով, առաջին ենթադրությունը (հիշեցնենք` «Էրեբունի» բառը ուրարտերեն է) խիստ կասկածելի է:

Ինչևիցէ, մի պահ հետևենք այդ ենթադրությանը և ընդունենք, որ Էրեբունի բառը ուրարտերեն է :

Մ. Իսրայելյանը փնտրում և գտնում է այդ բառի նման գրվող մեկ այլ բառ` «erbuni», որը Կարմիր Բլուրում գտնված կավե սեպագիր սալիկներում է օգտագործվում, այն էլ միայն երկու անգամ: Չնայած այն հանգամանքին, որ «սալիկների բովանդակության մեջ թեև շատ բան դեռ մութ է, անմատչելի» , այնուամենայնիվ, այդ բառը որպես հիմք է վերցվում և դիտարկվում (նույնպես ենթադրաբար, նկատենք` բոլորովին չհիմնավորված) որպես բայ, անցյալ կատարյալի եզակի III դեմքով և, հետևելով Ի.Մ. Դյակոնովին, թարգմանվում «հափշտակեց» իմաստով: Հետո, չհիմնավորված ենթադրության վրա հենվելով, արվում է նոր ենթադրություն, որ «եթե ուղիղ խնդիրը շարժական առարկա է` իր, մարդ, կենդանի, ապա «erbuni» բառը թարգմանվում է որպես թալանել, հափշտակել, գողանալ, առևանգել և այլն»: Իսկ «անշարժ օբյեկտի դեպքում (բերդ, քաղաք, երկիր) բացառված չէ, (ընդգծումը մերն է) որ erbuni-ն նշանակեր «գրավեց», «նվաճեց», «տիրեց» և այլն» : Մենք հատուկ ենք ընդգծել «բացառված չէ» արտահայտությունը, քանի որ դա նշանակում է, որ ոչ մի առարկայական հիմք գոյություն չունի այդ ենթադրության համար:

Եվ վերջին ակորդը ենթադրությունների այդ սիմֆ‎ոնիայում` «Մեր համոզմունքով, - գրում է հեղինակը, - նույն այս er(e)bu- բայիմաստն է պարունակում նաև բերդ-քաղաքի անունը և, երևի, ուրարտերենում այն պետք է նշանակեր (ընդգծումը մերն է) «Գրավեց», «Նվաճեց», «Հաղթեց». իսկ գոյականի իմաստով` «Գրավում», «Նվաճում», «Հաղթանակ»:

Այսպիսով ունենք.
-երեք անհիմն ենթադրություն և
-ոչ մի բացատրություն, թե ինչպե՞ս և ինչու՞ «erbuni» բառում ավելացավ «e» հնչյունը և դարձավ er(e)bu- բայիմաստ և
-ոչ մի բացատրություն, թե ինչպե՞ս և ինչու՞ «Գրավեց», «Նվաճեց», «Հաղթեց» բայերը կարելի է և պետք է դիտարկել գոյականի իմաստով` «Գրավում», «Նվաճում», «Հաղթանակ»:

Կարծում ենք, որ այսքանը բավարար է, որպեսզի ««Էրեբունի»` նշանակում է հաղթանակ» ենթադրությունը համարենք գիտականորեն անհիմն:

* * * *

Հ. Կարապետյանն առաջարկում է «Էրեբունի» բառը կարդալ «Երեբունե» և գտնում է, որ այն բաղկացած է երկու արմատից «եր» կամ «երե» և «բոն» (բույն): Այսպիսով նրա մեկնությամբ ստացվում է, որ «Էրեբունի» նշանակում է «երջանիկ քաղաք» :

Այս դեպքում, նախ, անհասկանալի է, թե ինչու՞ հենց այդպես պետք է կարդալ «Էրեբունի» բառը: Եվ, երկրորդ, այդպիսի անվանումը տրամաբանորեն ոչ մի կերպ չի կապվում ու չի համապատասխանում արձանագրության տեքստի ոգուն:

Իսկապես, ինչու՞ և ի՞նչ տրամաբանությամբ պետք է ամայի տեղ գտնվող բերդ-քաղաքը, որը կառուցվել էր ռազմագերիների ուժերով և պետք է սարսափ ու հզորություն ներշնչեր թշնամիներին, կոչվեր «Երջանիկ»:

Կարծում ենք, որ այս ենթադրությունն էլ պետք է համարել գիտականորեն անտրամաբանական:

* * *

Քննարկենք Ա. Տերյանի առաջարկը, ըստ որի «Էրեբունի» բառը նշանակում է Ար աստծո քաղաք»: Այս հեղինակը նույնպես գտնում է, որ «Էրեբունի» բառը բաղկացած է երկու, սակայն այլ արմատներից` «էր» և «էբունի» : Առաջին արմատը նա դիտարկում է որպես Ար աստծո անվան մեկ այլ տարբերակ: Երկրորդ արմատը նույնացվում է «էբանի» բառի հետ: Վերջինի մասին նա ճշմարտացիորեն ասում է, որ դա պետք է նույնացնել հայերեն «ավան» բառի հետ:

Նորից դիտարկենք Էրեբունի ամրոցի հիմնելու մասին արձանագրությունը: Միանգամից աչքի է զարնում այն փաստը, որ քաղաք-ամրոցը կառուցվել է «Խալդ աստծո մեծությամբ», այսինքն` հովանավորությամբ: Այդ է վկայում նաև զինվորի արձանիկի պատվանդան հանդիսացող բրոնզե գլանի վրա արված հետևյալ արձանագրությունը: «Խալդ աստծուն` իր տիրակալին, այս առարկան «շաե» փայտից, Արգիշտին, Մենուայի որդին պատրաստեց, երբ կառուցվեց Էրեբունի քաղաքը»: Ուրեմն եթե քաղաքը անվանակոչվելու էր որևէ աստծո պատվին, ապա բնական կլիներ այն անվանել հենց Խալդ աստծո անունով, այլ ոչ թե Ար աստծո:

Կարելի է ենթադրել, թե Խալդը Ար աստծո ուրարտերեն անվանումն է: Բայց դա դեռ լուրջ հիմնավորման կարիք ունի:

Հետո, եթե բերդը կոչվելու էր որևէ (օրինակ` Ար կամ Խալդ) աստծո պատվին, ապա այն կկոչվեր, օրինակ` Արինի կամ Խալդինի, Թեյշեբաինի բառի նմանությամբ, որտեղ «Թեյշեբա» արմատը աստծո անունն է (Թեսևս հունական աստծո ուրարտական անալոգը):

Բացի դրանից, հեղինակը բավարար հիմքեր (կարելի ասել ընդհանրապես որևէ հիմք) չի ներկայացնում, թե ինչու՞ պետք է արձանագրությունում գրված «էբունի» արմատի փոխարեն կարդալ «էբանի»:

Կարծում ենք, որ ընթերցողի համար պարզ է դառնում, որ այս մեկնությունը նույնպես չի բավարարում խիստ հիմնավորված լինելու պահանջներին:

* * *

Գոյություն ունի, Ա. Տերյանի մեկնության մի տարատեսակ ևս (ինքն է հիշատակում, ի միջիայլոց, առանց քննադատության), որը մենք նույնպես կնշենք առանց քննադատության:
Ըստ այդ վարկածի «Էրեբունի» անվան հիմքում ընկած է Արա Գեղեցիկի անունը :
Հասկանալի է, որ այն ինչ ասվել է նախորդ պրակում Ար աստծո հետ կապված համարյա առանց փոփոխության վերաբերում է նաև Արա Գեղեցիկին:

* * * *

Գոյություն ունեցող կարծիքների քննարկումն ու քննադատությունը համարելով ավարտված, համենայնդեպս նշենք, որ, ըստ մեր տեղեկացվածության, կան մեկնաբանություններ, որոնք արդարացիորեն քննադատվում են այս հարցին նվիրված աշխատանքներից գոնե մեկում և այդ պատճառով չարժե նրանց վրա կանգ առնելով կրկնել քննադատությունները: Դրանց թվում են`
- Ի.Մ. Դյակոնովի կարծիքը թե Erebuni=Ere-ebani, այսինքն` Ere ցեղի երկիր £ Քննադատել է Մ. Իսրայելյանը :
- Հ.Հ. Կարագյոզյանի կարծիքը, ըստ որի Erebuni բառը երկու տարբեր լեզվարմատների է տրոհվում` ուրարտա-թրակական ere+bon և թարգմանվում է «ժողովրդաշեն» իմաստով : Քննադատել է Մ. Իսրայելյանը :
- կար մեկ այլ կարծիք ևս, որը գոյություն ուներ մինչև Էրեբունի բերդի հիմնադրման մասին արձանագրության հայտնաբերումը, ըստ որի Երևանը անվանակոչվել է Երվանդունիներից վերջինի պատվին: Քննադատել է Ս. Վարդանյանը :
- այլ ոչ արժանահիշատակ կարծիքներ:


ՄԵՐ ՏԵՍԱԿԵՏԸ

Նախաբան
Այս ուսումնասիրության խնդրո առարկա հանդիսացող հարցի վերաբերյալ մեր տեսակետը հենված է այն կանխավարկածի վրա, ըստ որի չնայած ուրարտական արձանագրությունների լեզուն հայերեն չէ (կան փորձեր հիմնավորելու հակառակը), սակայն Ուրարտու կոչվող պետության մեջ, եթե ոչ արքունի, ապա գոնե ժողովրդա-խոսակցական լեզուն եղել է հայերենը (ավելի ստույգ` հայերենի այն ժամանակվա տարբերակը): Այն միտքը, որ հայերենը, որպես լեզու, իսկ հայ ժողովուրդը` որպես ազգ ձևավորվել էր դիտարկվող ժամանակներից շատ ավելի վաղ շրջանում և անընդմեջ ապրել է իր հայրենիքում` Հայկական լեռնաշխարհում , հիմա արդեն կարծես թե լուրջ գիտնականների կողմից քննադատության չի ենթարկվում: Բերենք Ի.Մ. Դյակոնովի կարծիքը. «Արդյո՞ք հայերը հանդիսանում են Հայկական լեռնաշխարհում ուշ նեոլիտի – վաղ բրոնզեդարի ժամանկներից ապրող բնակչության ուղղակի կենսաբանական հետնորդները, ապա այդ հարցին կարելի է միայն միանշանակ պատասխանել ` այո, իհարկե, հանդիսանում են… Արդյո՞ք հայերը հանդիսանում են այն մեծ քաղաքակրթությունների մշակութային ավանդույթների կրողներն ու շարունակողները, որոնք ստեղծվում էին այստեղ միջին և ուշբրոնզի ժամանակներից մինչև հնադար, ապա այստեղ էլ բանավիճելու տեղ չկա. այդ հարցը անվերապահորեն լուծվում է դրականորեն» :
Բոլոր դեպքերում ներկայացնենք մեր առաջ քաշած կանխավարկածի մեր հիմնավորումը: Համակողմանիորեն ապացուցված համարելով հնդեվրոպական մայր լեզվի կրողների Հայկական լեռնաշխարհում բնակվելու մասին գիտական պնդումը , անենք տրամաբանական մի քանի քայլ ևս:

Ըստ համեմատական լեզվաբանության տվյալների հնդեվրոպական մայր լեզվից վերջինները անջատվել են հնդ-իրանական լեզվախումբը, հունարենը և հայերենը: Դա կատարված իրողություն էր արդեն մեր թվարկությունից առաջ 15-րդ դարում: Դիտարկենք թե ինչպես են անջատվել այդ լեզուները և մասնավորապես ու հատկապես` հայերենը:

Ընդհանրապես լեզուներն անջատվել (ու հիմա էլ անջատվում) են մայր լեզվից նրա տարբեր բարբառների կրողների միջև երկարամյա աշխարհագրական կամ քաղաքական պատճառներով տարանջատվածության հետևանքով: Քանի որ այդ ընթացքում բարբառները զարգանալով տարբեր պայմաններում և տարբեր արագությամբ մոտավորապես 6-7 հարյուր տարի հետո իրարից այնքան են հեռանում, որ դառնում են իրար համար անճանաչելի: Հենց դա էլ նշանակում է, որ առաջացել է նոր լեզու և, իմիջիայլոց, նաև նոր մշակույթ, նոր լեզվամտածողություն, նոր ինքնագիտակցություն և, ուրեմն, այսքանով հանդերձ` նոր ազգ: Որպես օրինակ կարելի բերել արևելասլավոնական լեզուների և ազգերի առաջացումը:

Մոտավորապես նույնը, ըստ համեմատական լազվաբանության տվյալների, տեղի է ունեցել 4000-3500 տարի առաջ հնդ-իրանական լեզվախմբի, հունարենի և հայերենի հետ:

Եթե նախահնդ-իրանական լեզվախմբի ու նախահունարենի մի կողմից և հնդեվրոպական մայր լեզվի կրողների մյուս կողմից աշխարհագրական-քաղաքական տարանջատվածության և այդ պատճառով այդ լեզուների առաջացման հանգամանգը ակնհայտ է, ապա հայոց լեզվի առաջացման հարցը պարզաբանման կարիք ունի:
Մեկ անգամ ևս հատուկ նշենք.

Լեզուներն անջատվում են մայր լեզվից միայն ու միայն մեկ ճանապարհով` աշխարհագրական և/կամ քաղաքական մեկուսացվածության հետևանքով:

Եթե համարենք, որ հայոց լեզուն անջատվել է հնդեվրոպական մայր լեզվից ապա անհրաժեշտորեն պետք է ընդունենք, որ եղել է, այսպես կոչված, «նախահայերենի» կրողների և մայր լեզվի կրողների երկարամյա տարանջատված մեկուսացման ժամանակաշրջան:

Ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ - անհասկանալի է:

Առարկայորեն մտածող հետազոտողների կողմից ընդունվում է այն միտքը, որ հայ ժողովուրդը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում և ոչմի տեղ այդտեղից չի հեռացել և հետագայում չի վերադարձել: Հետևաբար և չի եղել ընդհանուր հնդեվրոպական մայր լեզվի մեզ հետաքրքրող հիպոթետիկ «նախահայերեն» կոչվող բարբառի կրողների և հենց մայր լեզվի կրողների միջև էական ու երկարատև աշխարհագրական որևէ մեկուսացում:

Ենթադրենք թե հայոց լեզվի անջատումը մայր լեզվից տեղի է ունեցել քաղաքական մեկուսացման հետևանքով: Այդ դեպքում հիպոթետիկ «նախահայերեն» կոչվող բարբառի կրողները Հայկական լեռնաշխարհի բնակչության` ընդհանուր հնդեվրոպական մայր լեզվի կրողների նկատմամբ պետք է բացահայտ փոքրամասնություն կազմեին: Հարց է ծագում. «Ի՞նչ եղան, ու՞ր կորան հնդեվրոպացիների հիմնական զավգվածը: Ինչպե՞ս էին նրանք իրենք իրենց և ուրիշները նրանց անվանում» Ինչու՞ նրանց մասին այդ ժամանակաշրջանի գրավոր աղբյուրներում ոչմի հիշատակություն չկա: Չէ որ նրանք պետք է երկար ժամանակ, մոտավորապես 5-6 հարյուր տարի, Հայկական լեռնաշխարհում զուգահեռաբար ապրեին «նախահայերենի» կրողների հետ մինջև հայերենի «ձևավորում-անջատումը» ու նաև դրանից հետո էլ մոտ 1000-1500 տարի էլ կպահանջվեր մինջև «հնդեվրոպացիների» և «հնդեվրոպական» մայր լեզվի վերացումը պատմության թատերաբեմից: Ինչպե՞ս է տեղի ունեցել այդ գործընթացը: Ինչու՞ այդ մասին ոչմի հիշատակություն չկա պատմության մեջ: Չէ որ խոսքը գնում է ընդամենը մ.թ.ա. 20-15-րդ դարի իրադարձությունների մասին:

Այդ երկու դատողությունները հակասում են այն ենթադրությանը, որ հայոց լեզուն անջատվել է մայր լեզվից:
Այս և նման այլ հակասություններից շփոթված Ի.Մ. Դյակոնովը գրում է. «Բայց ե՞րբ և որտե՞ղ է այն (հայոց լեզուն – Վ.Խ.) առաջացել և ձևավորվել, - դա աղբյուրներից անմիջականորեն չի բացահայտվում: Ակնհայտորեն, մեր տեղեկություններում ինչ-որ բացեր կան, կամ հայ ժողովրդի նախնիները թաքնվում են մեր աղբյուրներում ինչ-որ չնույնացված անվանումների տակ»:

Միակ ենթադրությունը, որի դեպքում ոչմի հակասություն չի առաջանում հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուների ձևավորման ու անջատման տեսության և պրակտիկայի (պատմական տվյալների) հետ այն է, որ հայոց լեզուն չի անջատվել հնդեվրոպական մայր լեզվից և/այլ հանդիսանում է նրա բնականոն պատմական զարգացման արդյունք:

Հետևաբար հայ ժողովուրդն էլ հանդիսանում է հենց հնդեվրոպական մայր լեզվի կրողը; Այլ կերպ ասած հնդեվրապական կոչվող մայր լեզուն այն ժամանակվա հայոց լեզուն էր:

Որպես ասվածի անուղղակի հիմնավորում նշենք ռուս գիտնական Գ. Կլիչկովի հետազոտությունների արդյունքը. «Հնդեվրոպականներից հայոց լեզվին է բնութագրական ամենամեծ չափով մոտարկումը նախահնդեվրոպական խորքային մոդելին…, այսինքն ժամանակագրական այն մակարդակին, որը սովորաբսար, վերաբերվում է մ.թ.ա. V հազարամյակից ոչ ուշ ընկած ժամանակներին» :

Բնական է, որ լեզուն զարգանում էր և, հետևաբար, փոփոխությունների էր ենթարկվում ինչպես և աշխարհի բոլոր կենդանի լեզուները, ու փոփոխվեց անճանաչելիության (ոչմասնագետի համար) աստիճան լեզուների զարգացման օրինաչափություններին լիովին համապատասխան: Այսպես, տեսանելի անցյալում` վերջին 1600 տարիների ընթացքում ունենք հայերենի երեք տարբերակ. գրաբար, միջին հայերեն և աշխարհաբար:

Ուրեմն տեղին է ենթադրել, որ քննվող ժամանակաշրջանում, Էրեբունի քաղաքի հիմնադրման ժամանակ, Մաշտոցից մոտ 1000 տարի առաջ հայ ժողովուրդը խոսում էր գրաբարից տարբերվող հայոց լեզվի մեկ այլ տարբերակով:

Որպես բերված դատողությունների հիմնավորում նշենք մի կարծիք ևս:

Ըստ Լ. Լ. Կովալի-Սվորզայի հայերենը Հայկական լեռնաշխարհում տարածված խոսակցական լեզու էր դեռևս 7000 տարի մ.թ.ա. :

Բերված կանխավարկածից տրամաբանորեն հետևում է, որ ինչպիսին էլ լինի ուրարտական կոչվող սեպագիր արձանագրությունների լեզուն, հատուկ անունները, մասնավորապես այն տեղանունները, որոնք գտնվում են Հայկական լեռնաշխարհի տարածքում, անհրաժեշտորեն պետք է կարդալ և/կամ մեկնաբանել նրանց ծագումնաբանությունը հայերենի հիմքի վրա:

Հիմա անդրադառնանք «էրեբունի» բառին:


Ինչպե՞ս պետք է կարդալ «էրեբունի» բառը:

Ինչպես լայնորեն հայտնի է մասնագետներին ուրարտական սեպագիր արձանագրությունների լեզուն վանկային է: Այսինքն` որպեսզի գրվի «ն» հնչյունը փորագրվում է սեպագիր մի նիշ, որը համապատասխանում է «նի» երկհնչյունին, ինչպես մենք տեսնում ենք «Բիայնի(լի)» կամ «Էրեբունի» բառերի դեպքում: Այլ կերպ ասած, եթե մենք դիտարկում ենք տեղանուն և դիտարկում ենք այն հայոց լեզվի հիման վրա, մենք պետք է «Էրեբունի» բառում անտեսենք վերջին «ի» հնչյունը, քանի որ այն ուրարտերենի ուղղական հոլովին հատուկ ձև է: Այսպիսով ստացվում է «Էրեբուն»: Իմիջիայլոց նույն օրինաչափությանը հետևելով, «Բիայնի» բառը պետք է կարդալ «Բիայն»=> «Բայն»=> «Բան»:
Շարունակենք: Քաջ հայտնի է բոլոր մասնագետներին, որ տարածված երևույթ է «բ/վ» հնչյունադարձությունը: Մասնավորապես, ուրարտերենում օգտագործվող այն բառերում որոնք հայերենում զուգահեռներ ունեն և եթե պարունակում են «բ» հնչյունը, ապա հայերենում այն համապատասխանում է «վ» հնչյունին: Տվյալ դեպքում «Էրեբունի» գրվածքը պետք է կարդալ ոչ թե «Էրեբուն», այլ «Էրեվուն»: Իսկ «Բիայնի» բառը պետք է կարդալ ոչ թե «Բան» այլ «Վան», ինչն էլ ապացուցվում է իրականության մեջ հենց այդ ձևի օգտագործմամբ: Նույն այս տրամաբանությամբ է ուրարտական արձանգրություններում վկայված «էբանի», «արծիբի» և այլ բառերը նույնացվում հայերեն, համապատասխանաբար, «ավան» և «արծիվ» բառերի հետ:
Այսպիսով ստացվեց «Էրևուն» հնչողությունը…


Ի՞նչ է նշանակում «Էրևուն» բառը:

Հիշենք «Երևան» բառի ժողովրդական բացատրության «ռացիոնալ հատիկը»: Բանն այն է, որ «երևան» բառը նշանակում է երևացող:
Այն ստացվում է «երևալ» բայից ածականակերտ «-ան» վերջածանցի օգնությամբ: Այդպես կառուցված ածականների օրինակները շատ են` կծել-կծան, ծծել-ծծան (թուղթ), վազել-վազան, փչել-փչան և այլն: Սակայն մենք ունենք նաև ածականակերտ «-ուն» վերջածանցը: Օրինակ` ցցել-ցցուն, կպչել-կպչուն (ունենք նաև «կպչան» ձևը), սահել-սահուն, սողալ-սողուն, թռչել-թռչուն և այլն:


Նույն օրինաչափությամբ «էրևալ» բայից ստացվում են և’ «էրևան» և’ «էրևուն» միևնույն ածականի երկու ձևերը: Այսպիսով, ստացանք էրևուն և էրևան (Երևան, է-ե բարբառային տարբերությամբ) բառերի «երևացող» իմաստային նույնությունը:


Ինչու՞ էր Արգիշտի արքան այդպես անվանել նոր բերդ-քաղաքը:

Ուրարտական ամրոցները կառուցվում էին իրարից այնպիսի հեռավորության վրա և այնպիսի դիրքերում, որ ապահովված լիներ անմիջական տեսողական կապը նրանց միջև: Դա արվում էր այն բանի համար, որպեսզի թշնամու դեմ պայքարում կրակով տրվող ազդանշանների միջոցով փոխհամաձայնեցվեն ամրոցների կայազորների համատեղ գործողությունները: Այդ մասին պատմում է Ասորեստանի թագավոր Սարգոն II-ը: Նա գրում է. «Այդ կրակին (ազդանշանային կրակին - Վ.Վ.) զօր ու գիշեր հետևում էին ուրարտացի զինվորները» : Այսպիսով երևացող լինելու հանգամանգը, կարևոր դեր կարող էր ունենալ բերդի անվանակոչման համար:
Բացի դա, արձանագրությունից էլ երևում է, որ արքան այն կառուցել է «ի սարսափ թշնամիների և ի հզորություն Բիայնի(լի) երկրի…» (Փակագծերում նկատենք, որ նույն՝ ռազմական նպատակահարմարության տրամաբանությամբ, ռուսները տասնիներրորդ դարում հեռավոր արևելքում նվաճված հողերում կառուցեցին ամրոց տառացիորեն հենց նույն անունով՝ Форт Видный – Երևացող ամրոց:) Այնպես որ, իմաստ կար բերդաքաղաքն անվանել Էրևուն-Էրևան-երևացող: Եվ իսկապես էլ այդպես է: Բերդը երևում է շատ հեռվից և իր պարիսպների բարձրությամբ, իսկապես, կարող էր սարսափ տարածել թշնամիների վրա ու միաժամանակ հզորություն ներշնչեր Բիայնի(լի)-Վանա երկրի բնակիչներին` հայ ժողովրդին:
Բացառված չէ, որ տեղի ունենար հետևյալ իրադարձությունը։ Ասենք, Արգիշտի արքան նոր ամրոցի համար տեղ է փնտրում և այս նպատաով շրջագայում է նոր գրաված տարածքներում։ Հանկարծ նրա առջև հառնում է մի բարձրունք (հետագայում` Արին Բերդը) և Արգիշտին բացականչում է. «Երևաց…» Այս բացականչությունն էլ դառնում է ամրոցի անվան հիմքը։
Հնարավոր է, որ հետագայում այս պատումը դիմափոխվում է և հարմարեցվում քրիստոնեական առասպելաբանությանը։
Պետք է ասել, որ դա բավական տարածված երևույթ է։ Որպես օրինակ նշենք, որ «Արա Գեղեցիկ և Շամիրամ» պատումը շատ ավելի հին արատտա-շումերական «Դումուզի և Իննանա» դիցապատումի դիմափոխությունն է։


--------------------------------
1. Ծննդոց, գլ. Ը
2.Երեմիա, գլ. ԾԱ
3.Պետրոսյան Հ., Սուրբ լեռը, «Գարուն» ամսագիր, 2003, № 7-8, էջ 30
4. Ֆրեզեր Ջ. Ֆոլկլորը Հին Կտակարանում, Մոսկվա, (ռուս. լեղվով), 1989, էջ 69
5. Մովսիսյան Ա., Սրբազան լեռնաշխարհը. Հայաստանը Առաջավոր Ասիայի հնագույն հոգևոր ընկալումներում, Երևան, 2004 էջ 40-44, 61
6.Այս մեկնությունը ինձ միայն բանավոր է ներկյացվել տարբեր մարդկանց կողմից:
7. Իսրայելյան Մ., Էրեբունի բերդաքաղաքի պատմությունը, Երևան, 1971 էջ 12
8. Իշխանյան Ռ., Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր, Երևան, 1988, էջ 629.
9. «Ուրարտերեն» կամ «ուրարտական լեզու» հասկացությունը, իհարկե, նույնքան պայմանական է որքան և «ուրարտական ազգ» հասկացությունը: Այս եզրույթն օգտագործելիս մենք հասկանում ենք ուրարտական արձանագրությունների լեզուն: Ռ. Իշխանյանը նշված աշխատության մեջ (էջ 60) գrտնում է, որ դա խուռիերենի մի տարբերակ է, որը նա պայմանականորեն անվանում է «նոր խուռիերեն»:
10. Իսրայելյան Մ., նշված աշխատություն, էջ 12
11. «erbuni» բառը օգտագործվում է հետևյալ նախադասության մեջ` «Թաթան, ստրուկը տիրուհու մի աղջիկ «erbuni»: Նախադասությունը կիսատ է ընթերցվում սալիկի ջարդվածության պատճառով: Անհասկանալի է թե ինչու՞ այստեղ «erbuni» բառը պետք է դիտարկել որպես բայ: Նույն ( եթե ոչ ավելի մեծ) չափի հիմնավորվածությամբ կարելի ենթադրել, որ դա ածական է, ասենք օրինակ աղչկա որևէ բնութագիր է, օրինակ, Երևելի, կամ երևացող` գեղեցիկ իմաստով և այլն, և այլն: Չէ որ ուրարտերենում բնութագրող բառը դրվում է բնութագրվող բառից հետո: Օրինակ` «Արքա մեծ, Արքա հզոր»:
12. Իսրայելյան Մ., նշված աշխատություն, էջ 13
13 Կարապետյան Հ., Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբյուրներում, հ. 1, գիրք 1, Երևան, 1998, էջ 79-81
14.Տերյան Ա., Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան, Երևան, 2002 էջ 72-74£
15. Հովհանիսյան Կ., Էրեբունի. Երևանի 2750 ամյակի առթիվ, 1968, էջ 25£
16. Դանիելյան Է., Հին հայոց առասպելաբանական պատկերացումները աստղային երկնքի մասին, ՊԲՀ, 1989, 3, էջ 111 (ծանոթա•րություն): Հղումը տրվում է ըստ Ա. Տերյանի նշված աշխատության Էջ 73:
17. Դյակոնով Ի.Մ. Մելիքիշվիլի Գ.Ա. Նաիրի-Ուրարտու գրքի նախաբան, Թբիլիսի, 1954: Հղումը տրվում է ըստ Իսրայելյան Մ., նշված աշխատություն էջ 13:
18. Իսրայելյան Մ., նշված աշխատություն էջ 13:
19. Կարագյոզյան Հ.Հ., «Երեկոյան Երևան» օրաթերթ, սեպտեմբերի 17, 1968, էջ 4: Հղումը տրվում է ըստ Իսրայելյան Մ., նշված աշխատություն էջ 13:
20. Իսրայելյան Մ., նշված աշխատություն էջ 13:
21. Վարդանյան Ս., Հայոց մայրաքաղաքները, Երևան, 1985, էջ 129
22. Շատ հետաքրքիր և կարևոր հարց է նաև Ուրարտու բառի մեկնությունը: Արժե, իհարկե, այդ խնդրին նվիրել ամբողջ մի հոդված: Իսկ այստեղ մենք առանց բացատրության բերենք մեր կարծիքը: «Ուրարտու» բառը, ըստ մեզ, բաղկացած է երկու արմատից «ուր» և «արտու»: Առաջինը ասորերեն (և որոշ այլ սեմական լեզուներում) նշանակում է «երկիր»… Երկրորդը ասորերենի քերականական կանոնների համաձայն «Արատա» բառի սեռական հոլովի ձևն է:
Այսպիսով «Ուրարտու» նշանակում է «Երկիր Արատտա»: Նույն կերպ ենք մենք մեկնաբանում նաև «Արարատ» բառը:
Այն եբրայերեն նույն իմաստն ունի` «Ար» և «Արատ» տրոհմամբ:
23. «Ազգ», «Հայրենիք» և այլ հասկացությունների մեր մեկնաբնությունների մասին տես Վահրադյան Վ. Ազգային-քաղաքական որոշ հասկացությունների մասին, «Գարուն» ամսագիր, 2003թ., № 7-8, էջ 3-9£
24. Իշխանյան Ռ., Նշված աշխատություն, Lang D., Armenia. Cradle of civilization, London, 1970, Covali-Svorza L., Genes Peoples and Languages, 2000, Herouni P.,, Armenians and old Armenia, Yerevan, 2004, Մովսիսյան Ա., Նշված աշխատություն, Վահրադյան Վ., Ազ•ային գաղափարախոսության հարցի առնչությամբ, Երևան, 1994, Վարպետյան Ա., Ո՞վքեր են ի վերջո արիացիները. Երևան, 1990, Տերյան Ա., Նշված աշխատություն և այլք:
25. И.М. Дьяконов, «К праистории армянского языка», ИФЖ, № 4, 1985, стр. 149
26. Гамкрелидзе Г., Иванов В. Индоевропейский язык и индоевропейцы, Тбилиси, 1984.
27. И.М. Дьяконов, Прендыстория армянского народа. Ереван, стр. 189 Հղումը տրվում է ըստ Խաչատրյան Վ. «Урарты или урартийцы –кто они?» Ереван 1991, стр. 76.
28. Клычков Г., «Модель глоттогенеза армян», ВОНА, 1980,№ 8,стр. 87-99 . Հղումը տրվում է ըստ Խաչատրյան Վ. «Урарты или урартийцы –кто они?» Ереван 1991, стр. 48
29. Covali-Svorza L.L., pp.160-161,164: Հղումը տրվում է ըստ Տերյան Ա. Նշված աշխատություն, Էջ 9:
30. Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, Երևան, 1987, էջ 428:
31. Հովհաննիսյան Կ., Նշված աշխատություն, էջ 14-15:


Վաչագան ՎԱՀՐԱԴՅԱՆ
6 հուլիսի 2006 թ.

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 16200
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2012
22
Հուն
»15:49
АВТОРСКИЕ ПЕРЕВОДЫ АРМЯНСКИХ П ...
Article image НАС МАЛО, НО МЫ АРМЯНЕ (отрывок) Паруйр Севак Мало нас, но мы армяне – это знаем. Превыше никого себя не почитаем. Просто, давай признаемся мой брат, Что мы и только мы имеем Арарат. И что у нас – в голубизне севанских вод Копию с себя снимает небосвод. Просто, здесь у нас Давид сражался. Просто, здесь у нас Нарек писался… Просто в жизни нашей вековой, Когда сильны мы были – дух был боевой Мы никого в рабов не превращали, И от ударов наших народы не страдали. Вот книгами мы...
Կարդալ
2012
29
Մայ
»02:28
ПОЩЕЧИНА
Article image - Это сделал твой род, детка. – Сказал мне дед Вардан, сразу же утром, как только он меня увидел во второй день нашего приезда в деревню Мсмна, что в Карабахе. Я с раннего детства знала деда Вардана. Он часто захаживал к моему прадедушке Аваку. Обычно это бывало под вечер, скорее к темноте. Прабабушка моя Эрикназ, которую мы просто называли бабушкой, знала, зачем он заходит и, потому не спрашивая: «Что вы будете пить, и будете ли ужинать вообще?», всегда молча, накрывала на стол. Обычно, они ...
Կարդալ
2012
11
Հունվ
»15:25
ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇ ՀԱՍԿԱՑՈ ...
Article image Գիտական-աշխարհայացքային հավակնություն ունեցող բանավեճ-քննարկումներում և հրապարակային ելույթներում հաճախ ենք օգտագործում բառեր կամ, գիտական լեզվով ասած, տերմիններ, որոնց նշանակությունը թվում է լիովին ակնհայտ: Իրականության փորձը, սակայն, ցույց է տալիս, որ շատ դեպքերում նման հասկացությունների մասին ինտուիտիվ պատկերացումները անճշտությունների, հակասությունների և թյուրիմացությունների աղբյուր են հանդիսանում: Այդպիսի բառ-հասկացություններից են` ՙԺողովուրդ՚ և ՙԱզգ՚, ՙԱզգային ծագում՚ ՙԱզգային պատկանելությ...
Կարդալ
2012
10
Հունվ
»18:17
Բրիտներ
Article image Բրիտներ...
Կարդալ
2012
10
Հունվ
»15:18
Genova
Article image Genova...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott