ԱԴԱՆԱՅԻ ՋԱՐԴԵՐԸ
Ցանկանում եմ առանց մեկնաբանությունների վերարտադրել Ադանայի վիլայեթում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք գրի են առնվել Մերսինի Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Դարասի հավաստի հաղորդագրություններում, և որոնք նա ուղարկել է Թուրքիայում ավստրո-հունգարական պաշտոնական մարմիններին: Այդ գրառումները դիպուկ և մերկացնող կերպով նկարագրում են Ադանայի իրադարձությունները:
* * * *
15-ը ապրիլի 1909թ. Հալեպի ավստրո-հունգարական հյուպատոսություն
Պարոն Հյուպատոս,
Ինձ թույլ եմ տալիս Ձեզ ուղարկել այն հեռագրերի պատճենները, որոնք ես երեկ և այսօր առավոտյան հանձնել եմ Կոստւսնդնուպոլսի դեսպանատանը, Ձեր հյուպատոսությանը, ինչպես նաև Ադանայի վալիին' երեկվանից այնտեղ հայերի ջարդերը շարունակելու կապակցությամբ: Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ինքնապաշտպանության նպատակով մի հայ երկու մահմեդական էր սպանել, Ադանան այժմ ալեկոծության մեջ է:[1]
Մի հայ երիտասարդ իր պատիվն ու կյանքը հինգ մահմեդականներից պաշտպանելու համար կրակել էր վերջինների վրա, որի հետևանքով երկուսը մահացել էին: Երեքշաբթի երեկոյան, ապրիլի 13-ին, ամբոխը գնացել էր գլխավոր նահանգապետի մոտ և պահանջել իրեն հանձնել հայ մարդասպանին' նրան հրապարակայնորեն մահապաժի ենթարկելու համար, և քանի որ արդյունքի չէին հասել, նետվել էին փողոց և սպանել առաջին իսկ պատահած հային...
Չորեքշաբթի, ապրիլի 14-ին, քաղաքով մեկ տարածվեց «Մահ քրիստոնյաներին» կոչը: Այնուհետև մուսուլմանների սպիտակ չալմայավոր և մահակներով զինված հրոսակախմբերը դիրքավորվեցին տարբեր մզկիթների առջև և սկսեցին սպանել անցնող քրիստոնյաներին: Նրանց հետևեցին կողոպտիչները և կարճ ժամանակ անց Ադանայի շուկան թալանված և ավերված էր ... Զոհվեցին շատերը, ամենից առաջ դաշտից վերադարձողները, որոնք անտեղյակ էին Ադանայում պատահածի մասին, նրանք քաղաք վերադառնալիս անողոքաբար սպանվեցին:[2]
Հայերն էլ իրենց հերթին խրամատավորվեցին իրենց թաղամասերում և սպանեցին այդտեղով անցնող մահմեդականներին: Զոհերի ստույգ քանակը չենք կարող նշել, մոտավորապես երկու հազար, որոնցից մոտ 30 մահմեդական որոնցից չորսը զինվոր, իսկ մնացածը' հայեր ու երկու կամ երեք հույն:[3]
* * * *
15.04.09 Շտապ. Ավստրիական դեսպանատուն, Կոստանդնուպոլիս:
Ադանայում շարունակվում են ջարդերը, կողոպուտն ու հրկիզումները, տեղեկություններ ենք ստանում Տարսուսի դժվար վիճակի մասին, բանակի ղեկավարությունը կասկածներ է հարուցում, փողոցները լի են վտանգով, իրադրությունը' խիստ բարդ է: Չարիքը գնալով ավելի է մեծանում: Զեյթունից գալիս է զինված հայերի մի մեծ խումբ:[4]
* * * *
15.04.09 Շտապ. Ավստրիական դեսպանատուն, Կոստանդնուպոլիս:
Մահմեդականների և հայերի միջև սաստիկ կռիվները շարունակվում են և տարածվում մյուս քաղաքներում: Ադանան մեծ մասամբ հրդեհված է, պետական օգնությունն անհնարին է, խնդրում ենք շտապ կարգադրություններ անել ... Ավերածությունները նոր թափ են ստանում և շարունակվում: Նոր հրաման է արձակվել միայն հայերին սպանելու, իսկ այլ քրիստոնյաներին' առաջին հերթին արտասահմանցիներին հարգանքով վերաբերվելու մասին:[5]
* * * *
16.04.09 Ավստրիական դեսպանատուն, Կոստանդնուպոլիս:
Անհուսալի իրադրություն է, ջարդեր, կողոպուտ, հրդեհներ Ադանայում, Տարսուսում: Խուճապային իրավիճակ Աերսինում:[6]
* * * *
17.04.09 Ավստրիական դեսպանատուն, Կոստանդնուպոլիս:
Մերսինի մութասարիֆ լեյտենանտ Լուֆթի Բեյի[7] շնորհիվ պահպանվում է հանգիստը: Հրդեհվել է հայկական եկեղեցական թաղամասը Տարսուսում: Սարսափելի կողոպուտ, ջարդեր,:[8]
* * * *
19.04.09 Ավստրիական դեսպանատուն, Կոստանդնուպոլիս:
Վիլայեթում շարունակվում են ջարդերը, կողոպուտը, հրդեհները, գյուղատնտեսական մշակվող հողերը հրդեհվում և կողոպտվում են: Զոհերի թիվը 15 000 է, նյութական կորուստը հնարավոր չէ հաշվել: Սեզարեն ավերվել է, օտարերկրյա ոչ մի նավ չի ժամանում:[9]
* * * *
(27.)22.04.09 Փերա, հեռագիր Պալավիչինից Վիեննա:
Դրությունը ամսի 16-ից ճգնաժամային է: Հալեպի Ջամբին Քրիխան գյուղն ամբողջովին այրված է և հայերն սպանդի ենթարկված: Անթաքիայում 328 հայերի կոտորել են...Վարգասլիկի, Ատիկի, Սասուի, Քեսաբի, Իսկանդարունի շրջակայքի գյուղերը մասամբ վառված են և հայերը սպանդի ենթարկված: Բազմաթիվ բռնաբարված կանայք և աղջիկներ երեխաների հետ թափառում են սարերում և սովամահ են լինում: Դորթյոլում քրդերի և չերքեզների ջոկատները 7000 հոգու պաշարել են մինչև սովամահ լինեն: Իսկ իշխանության մարմինները միայն դիտում են...Այսօր առավոտյան անգլիական, ֆրանսիական և իտալական հրամանատարների ճնշման ներքո օսմանյան մի նավ ուղարկվեց Դորթյոլ' պաշարվածներին փրկելու համար: Արդյունքը արժանի չէ հիշատակման:[10]
* * * *
25.04.09 Ավստրիական դեսպանատուն, Կոստանդնուպոլիս:
Հինգ օտարերկրյա ռազմական նավերի (անգլիական, ֆրանսիական, իտալական, գերմանական և ռուսական) ժամանումը կրկին վերականգնեց վստահությունը, հույս առաջացավ, որ մի քանի օրից Ադանայում նույնպես իրադրությունը կբարելավվի, երբ Աալոնիկից ժամանած Կոմիտեի բանակը, ինչպես հանձնարարված էր, ավարտին հասցրեց ավերման ու ոչնչացման գործը ... Ռազմական նավերի սպաներն այդ վերջին իրադարձությունների լուռ վկաները դարձան: Նրանց ներկայությամբ զինվորները թալանում, հրդեհում և կոտորում էին:[11]
...Երկրի խորքերում գտնվող գյուղերում քրիստոնյա բնակչությունը ենթակա է սարսափելի ոճրագործությունների: Մահմեդականները ցանկանում են քրիստոնյաների արյունը: Ըստ ընդհանուր կարծիքի, ջարդերը դիտվում են որպես գրեթե բոլոր քրիստոնյաներին վերացնելու նախապատրաստություն: Կրոնական կամ քաղաքացիական ղեկավարությունը կամ անվանի մահմեդականները ահազանգ են հնչեցնում: Մարդկային կորուստը կազմում է 20 000 քրիստոնյա...[12]
* * * *
26.04.09 Ավստրիական դեսպանատուն, Կոստանդնուպոլիսլ:
Անցյալ գիշեր սարսափելի լուրեր ստացվեցին Ադանայից: Վերջերս ժամանած զորքերը հրդեհում են հայկական թաղամասը, սպանում փախչողներին: Մեծ է տագնապը: Բանակը գնալով ավելի է բորբոքվում, բնակչությունը սարսափահար է, մեծ խուճապ է: Կառավարության տրամադրության տակ կա 4 000 զինվոր:[13]
* * * *
27.04.09 Ավստրիական դեսպանաուն, Կոստանդնուպոլիս:
Ադանան հողի ու մոխրի է վերածվել, գրեթե բոլոր հայերին կոտորել են:[14] Կառավարությունը փորձում է այդ վերջին աղետը վերագրել հայերին և պնդում է, թե նրանց թաղամասը մի ծեր կին է հրդեհել, և որ հայերը դա որպես հեղափոխական դեպք են ներկայացնում: Աակայն իրականությունը հակառակն է աղաղակում, իմ բոլոր գործընկերները, ինչպես նաև ռազմանավերի հրամանատարները' այդ սարսափելի տեսարանների ականատեսները, միաձայն հայտարարել են, որ այդտեղ խոսքը ջարդերի մասին է, որոնք կազմակերպվել էին քրիստոնյաների դեմ և հետո սահմանափակվել միայն հայերով: Մա, Ձերդ Գերազանցություն, իմ անձնական համոզմունքն է, որ հիմնվում է իրադարձությունների վրա ու նաև այստեղի ուսյալ և երկրի ներսում գտնվող ունևոր մուսուլմանների հայտարարությունների վրա, որոնց հետ ես առևտրական կապերի մեջ եմ, և որոնք ինձնից չեն թաքցնում, որ հրամանը տվել են տեղական մարմինները' կոչ անելով զինվել և պատրաստ լինել...[15] Մարդկային կորուստը գնահատվում է 30.000, որից 2.000-ը ուղղափառ և կաթոլիկ հույներ են, 3ՕՕ-ը մուսուլման, իսկ մնացածը' հայեր:[16]
Նոր վալին խոստանում է կարգ ու կանոն հաստատել, բայց դա նրան դժվարությամբ կհաջողվի, Ադանայում շարունակվում են հրդեհներն ու սպանությունները: Զինվորական նոր պարետը ռազմական իրավունք է սահմանել, իսկ ռազմական դատարանը 5-րդ բանակային կորպուսի մուշիրի նախագահությամբ շուտով տեղկայվելու է Ադանայում: Արդեն ձերբակալվել են մոտ 300 մեղավորներ, սակայն բոլորն էլ հայեր են, և կարելի է մտավախություն ունենալ, որ այս ամբողջ դժբախտությունից ու ջարդերից հետո, նրանց կմեղադրեն նաև հեղափոխական լինելու մեջ, և որ նրանք ստիպված կլինեն նաև քավել մուսուլմանների կատարած մեղքերը:[17] Այժմ, երբ ամեն ինչ թալանված ու կողոպտված է, ամեն օր ժամանում են զինվորական նորանոր միավորումներ, թվով 8 ООО զինվոր: Այդքան զինվորներ ուղարկելը կարծես ոչ մի այլ նպատակ չունի, քան հաստատելու այն, որ այստեղ խոսքը հեղափոխության մասին է...[18] Երբ հայ կաթոլիկ եպիսկոպոս Թերզյանը դատարանին ներկայացրեց իր ծխականների վերջին ջարդերի զոհերի ցուցակը, եւ դեռ ներկայցրեց հանցագործների անունները, նրա հետ վարվեցին որպես խաբեբայի և ստախոսի: Այդ պարագայում ոչ մի քրիստոնյա այլևս չի համարձակվի ներկայանալ:[19]
Մի քանի մուսուլման էլ են ձերբակալվել և բանտարկվել, սակայն դրանք ցածր դասի մարդիկ են, ավել շուտ պասիվ մասնակիցներ, քան հրահորղներ: Նրանց ձերբակալումը, սակայն, նրանց համախոհներին վարանման առիթ տվեց և մի քանի խոջաներ սպառնացին ռազմական դատարանին, որ նորից կսկսեն ջարդերը, եթե նրանք դատապարտվեն... Միակ նպատակը, որ վալին դրել է իր առջև, որն առանց բացառության նաև քաղաքական և ռազմական վերնախավի նպատակն է, եվրոպացիների աչքում աղետալի իրադարձությունների չափերը մեղմելն ու ամբողջ մեղքը հայերին վերագրելն է, իսկ մահմեդականներին որպես զոհ ներկայացնելը...[20]
Ըստ մեր նոր տեղեկությունների, զոհերի թիվը զգալիորեն անցնում է 40 000-ի սահմանը: Մի խոսքով, սա հայերի իսկական բնաջնջում է... Գրեթե բոլոր կանանց ստիպել են ընդունել մահմեդականություն իրենց կյանքը փրկելու և հարեմները զարդարելու համար...[21]
1909թ. հուլիսի 21-ին Կոստանդնուպոլսում Ավստրո-Հունգարիայի դեսպան Պալավիչինին Վիեննա է հաղորդում ռազմական դատարանի դատավարությունների մասին. «Ռազմական դատարանը տխուր իրադարձությունների պատասխանատվության որոշ մաս բարդում է հայ բնակչության վրա, մեղադրելով նրան անջատողական միտումների և մուսուլմանական տարրին սադրելու մեջ ... Դատարանը, սակայն, միաժամանակ փաստում է մուսուլմաննների կրքերի բավականին բացահայտ բորբոքման մասին, որոնք ինչ որ մի պահ հավատացել են, թե հայերի ջարդերը “կարգադված են իշխանությունների կողմից, ինչպես 1896-ին:” Այնուհետև նա նշում է այն սոսկալի ցավերի մասին, որոնք ստիպում են դատարանին “սարսափից դողալ” և ի վերջո հաստատում է իշխանությունների մեղքը, որոնք չեն կարողացել արգելել ջարդերը և դրանց դեմն առնել: Ռազմական դատարանը նշում է նաև մահապատժի ենթարկվողների քանակը, և ավարտելով հաշվետվությունը ասում է, թե, եթե իրագործվի արդարությունն ամբողջապես, Ադանայի վիլայեթի ամբողջ բնակչությունը կհայտնվի բանտում: Այդ պատճառով նա հանդես է գալիս համաներման օգտին ... Խորհրդարանի խոսնակը հարցմանն ի պատասխան ասել է, որ ողբերգական իրադարձությունները մոռացության շղարշով պատելու և Ադանայում մուսուլմանների և հայերի միջև հաշտության հասնելու նպատակով Սահմանադրության տոնի առթիվ պետք է համաներում հայտարարվի»:[22]
Հետաքրքիր եմ համարում նաև Տրապիզոնում Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Մուրիցի մեկնաբանությունը, որը վերաբերում է Ադանայի դեպքերին և այնտեղ տեղի ունեցած ջարդերին. 1909թ սեպտեմբերի 9-ին նա գրել է Պալավիչինիին. «Հայերը մինչև հիմա աջակցում են երիտթուրքերին, որոնց նրանք պարտական են Աբդուլ Համիդի սարսափելի բռնակալությունից և նրա դահիճների չթուլացող հետապնդումներից և խոշտանգումներից ազատվելու համար, և այն ակնկալիքով, թե կվարձատրվեն իրենց ծառայությունների դիմաց: Ադանայի ջարդերը և քրդերի գնալով ավելի հաճախակի դարձող հարձակումներն ու սպանությունները սակայն, նրանց սովորեցնում են, որ ստիպված են նույնիսկ սահմանադրական ռեժիմում զգուշություն հանդես բերել: Իրապես չի կարելի սպասել, որ նրանք իրենց սրտերում սեր տածեն թուրքի հանդեպ:»[23]
- - - - - - - - - - - - - - - - - - - - -
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Արտես Օհանջանյան «Ավստրո-Հունգարիան և Հայաստանը 1872-1936», Վիեննա 1995, էջ 3368
2 նույն տեղում, էջ 3396
3 նույն տեղում, էջ 3369
4 նույն տեղում, էջ 3374
5 նույն տեղում, էջ 3398
6 նույն տեղում, էջ 3374
7 նույն տեղում, էջ 3405
8 նույն տեղում, էջ 3375
9 նույն տեղում, էջ
10 նույն տեղում, էջ 3392
11 նույն տեղում, էջ 3401
12 նույն տեղում, էջ 3375
13 նույն տեղում
14 նույն տեղում
15 նույն տեղում, էջ 3402
16 նույն տեղում, էջ 3403
17 նույն տեղում, էջ 3404
18 նույն տեղում, էջ 3405
19 նույն տեղում, էջ 3426
20 նույն տեղում, էջ 3427
21 նույն տեղում, էջ 3428
22 նույն տեղում, էջ 3460-3464
23 նույն տեղում, էջ 3688
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |