artsvi.bakhchinyan
Logo

«ԲԱՅՑ Ի՜ՆՉ ԱՐԱԾ, ՀԱՅ ԵՍ ԾՆՎԵԼ….» Մայքլ Առլեն

Article image Անգլիագիր հայազգի գրող Մայքլ Առլեն-Տիգրան Գույումճյանը այսօր գրեթե մոռացված անուն է անգլիագիր գրականության մեջ, սակայն ժամանակին եղել է բավականին ճանաչված և նույնիսկ աղմուկ հանած հեղինակ:

Գորգավաճառ Սարգիս Գույումճյանի և նրա կին Սաթենիկի զավակ Տիգրանը աշխարհ է եկել 1896-ի նոյեմբերի 16-ին, Բուլղարիայի Ռուսե քաղաքում (գրականության մեջ նշվել են նաև 1894-ը և 1895-ը, սակայն գրողի որդու հավաստիացմամբ՝ ստույգ թվականը 1896-ն է): Գրողի հայրը մահացել է 1914-ին, մայրը՝ 1938-ին: Ի դեպ, Մայքլ Առլենի ազգականուհիներից Զապել Թյուրապյանը եղել է ֆրանսագիր բանաստեղծուհի, ծանոթ եղել Անդրե Մորուայի, Անրի Բորդոյի, Ժյուլ Ռամենի հետ[1], իսկ Էլվիր Ժանը (Գույումճյան) եղել է նկարչուհի Ֆրանսիայում:

Տիգրանը փոքր է եղել, երբ Գույումճյանների ընտանիքը հաստատվել է Մանչեսթրում: Նա ուսանել է Լոնդոնի Մալվըրնի դպրոցում, Էդինբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետում և որոշ ժամանակ էլ՝ Շվեյցարիայում: Լոնդոնում բնակվելու սկզբնական տարիները եղել են չափազանց ծանր: «Ես այնքան դառնացած եմ Լոնդոնում անցկացրած իմ առաջին ամիսների համար և հեշտորեն չեմ ներելու Լոնդոնին», հետագայում գրել է նա, իսկ 1913-ին հայտնել այն միտքը, որ «Ավելի լավ է մի սպանված իշխան լինել Հայաստանում, քան թափառաշրջիկ՝ Լոնդոնում»: Գրական ասպարեզ է իջել 1910-ականներին՝ հիմնականում հայ ժողովրդին նվիրված հոդվածներով՝ աշխատակցելով բրիտանական կենտրոնական «Դեյլի էքսպրես» պարբերաթերթին և Լոնդոնի հայության հրատարակած անգլերեն «Արարատ» հանդեսին: Ի դեպ, նրա առաջին քաջալերողներից է եղել անվանի գրող Դեյվիդ Հերբերթ Լոուրենսը:

Տիգրան Գույումճյանի առաջին մեծ գործերն էին «Վիպային տիկինը» (1918), «Լոնդոնյան արկածախնդրությունը» (1920, լոնդոնյան իրադարձությունների հավաքածու՝ պատմված Տիգրան անունով հայի անունից. լույս է տեսել արդեն Մայքլ Առլեն անվամբ) և «Ծովահենությունը» (1922): Սակայն նրա միջազգային ճանաչումը կապվում է 1924-ին «Կանաչ գլխարկ» վեպի լույսընծայման հետ, որտեղ Այրիս Սթորմի սիրո և անկման պատմության ֆոնին պատկերված են բրիտանական բարձրաշխարհիկ անձանց բարքերը: Եվրոպական հեղինակավոր պարբերականներն ամենաբարձր կարծիքն են հայտնել գրքի մասին՝ հեղինակին համեմատելով Մոպասանի, Ուայլդի, Լոուրենսի պես մեծ գրողների հետ: Վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (1926-ին, Կ.Պոլսում լույս է տեսել արևմտահայերեն՝ Հերմինե Իսկենտեր Աճառյանի թարգմանությամբ, մեր օրերում այն արևելահայերեն է թարգմանել Ալբերտ Խաչատրյանը, որը, ցավոք, մնում է անտիպ): «Միքայէլ Արլէն գրչանունին տակ ծածկուած է 25 տարեկան տաղանդաւոր հայ գրագէտ մը, որ վերջերս եւրոպական և ամերիկեան մամուլի մէջ ծանօթ դէմք մը դարձաւ իր «Կանանչ գլխարկը» հետաքրքրաշարժ վէպով: Ոչ ոք կրցած է մինչև հիմա այդքան կարճ ժամանակաշրջանի մէջ միլիոնաւոր ժողովուրդներու ուշադրութիւնը իր վրայ կեդրոնացնել՝ վէպի մը հրատարակութեամբ»,– գրել է սփյուռքահայ մամուլը[2]: Վեպը գրավել է Ուինսթոն Չերչիլի ուշադրությունը, որը 1940-ին տիկին Մոդ Քըներսի տանը կայացած ճաշկերույթի ժամանակ Առլենի երեսին զայրացած շպրտել է. «Դու օտարական ես, անկոչ հյուր, մի հայ, որը համարձակվել է գալ մեր երկիրը և գրքեր գրել՝ ձգտելով արտահայտել մեր ազնվականների կյանքն ու վարվելակերպը: Դու երբեք չես պատկանել և չպիտի պատկանես այն երկրի դասակարգերին, որոնց դու շահեկանորեն ներկայացնում ես: Դու անգամ իրավունք չունես նստելու այս սեղանի շուրջ»: «Կանաչ գլխարկի» մասին տեղյակ է եղել անգամ խորհրդային մեծ հրեշը՝ Ստալինը: Վերջինիս դուստրն իր մեմուարներում հիշել է, որ կյանքի վերջին տարիներին հորը սկսել է մտատանջել, թե ինչու, այնուամենայնիվ, 1930-ին ինքնասպան է եղել իր կինը՝ Նադեժդա Ալիլուևան, և տարբեր պատճառներ է փնտրել. «Մերթ հանկարծ զայրույթով էր արտահայտվում «կեղտոտ գրքույկի» մասին, որ մայրիկը կարդում էր մահից առաջ. դա այն ժամանակ մոդայիկ «Կանաչ գլխարկն» էր։ Նրան թվում էր, որ այդ գիրքը մայրիկի վրա ուժեղ տպավորություն է թողել...»[3]։

«Կանաչ գլխարկն» ունեցել է հետաքրքիր բեմական և էկրանային պատմություն: 1925-ին Նյու Յորքի «Բրոդհըրսթ» թատրոնում այն ներկայացվել է ամերիկյան թատրոնի թագուհի Քեթրին Քորնելի գլխավոր դերակատարմամբ: Թատրոնում Այրիսին հաջողությամբ մարմնավորել են նաև բեմի և էկրանի հանրահայտ աստղեր Թալուլա Բանքհիդը և Փոլա Նեգրին: Ի դեպ, վերջինս այն միտքն է հայտնել, որ Մայքլ Առլենն Անգլիայի գեղեցկագույն տղամարդն է, և մամուլը շտապել է ենթադրել, որ անհավանական չէ Փոլայի և Առլենի ամուսնությունը[4]: Ճիշտ է, Նեգրին իր «Աստղի հիշատակարանը» հուշագրության մեջ հիշում է հայազգի գրողին, սակայն հիշատակություն չկա նրանց հնարավոր ամուսնության մասին:

1927-ին հոլիվուդյան «Փարամաունթ» կինոստուդիան վարձել է «թանկ» գրողների՝ հատուկ Փոլա Նեգրիի համար սցենարներ գրելու նպատակով, որոնց թվում էր և Առլենը: Սակայն լեհական կինոթագուհուն վիճակված չէր էկրանին խաղալ Այրիսի դերը: 1928-ին Քլարենս Բրաունը Բեթ Մերեդիթի սցենարով նկարահանել է «Գործարար կինը» (ըստ «Կանաչ գլխարկի»), որտեղ հերոսուհու անունը դարձել էր Դայանա: Նրա դերակատարը հոլիվուդյան մեկ այլ աստղ էր՝ արդեն որոշ համբավի հասած Գրետա Գարբոն: Ժամանակի մամուլը սիրային պատմության առասպել է հյուսել նաև Առլենի և Գրետա Գարբոյի անվան շուրջ: Այս ֆիլմի համար Առլենը «Մետրո Գոլդուին Մեյերից» ստացել է 50,250 դոլար՝ այն ժամանակների համար առասպելական մի գումար: Կինոնկարի ցուցադրությունից հետո Լոնդոնում կանայք սկսել են կանաչ գլխարկ կրել:

Հնչուն կինոն արագ «վերհիշել» է Առլենի ամենահայտնի երկը, և առաջին էկրանավորումից յոթ տարի անց բեմադրիչ Ռոբերթ Զ. Լեոնարդը կյանքի է կոչել նրա նոր՝ «Հալածված լեդին» տարբերակը, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են Կոնստանս Բենեթը և Հյու Ուիլյամսը:

Մեծ Բրիտանիայում Առլենի գործերից էկրանավորվել են «Թղթախաղի ասը» (1926, բեմադրիչ՝ Լյութեր Ռիդ), «Լիլի Քրիսթին» (1932, Փոլ Սթայն), «Փողոցի հեծյալը» (1936, Հարոլդ Ֆրենչ), «Ջենթլմենն Ամերիկայից» պատմվածքը՝ «Ճակատագրական գիշեր» վերնագրով (Մարիո Ձամպի, 1948), իսկ Հոլիվուդում՝ «Ոսկե նետը» (1936, Ալֆրեդ Է. Գրին), «Աստվածային մարմինը» (Ալեքսանդր Հալ, 1943), «Հափշտակված թագը», «Թռչող հոլանդացին», «Այ քեզ զվարճալի ֆրանսիացի» և այլն: Սրանք հիմնականում առևտրական, մոդայիկ շարժապատկերներ էին, որոնք գրեթե հետք չեն թողել ամերիկյան կինոարվեստում: Իսկ Ալֆրեդ Հիչքոքը որպես հեռուստաֆիլմ նկարահանել է Առլենի «Ջենթլմենն Ամերիկայից» գործը: Մայքլ Առլենի դետեկտիվ հերոս Թոմ Լորենսի (հայտնի Բազե՝ Ֆալքոն մականունով) կերպարն իր և տարբեր կինոսցենարիստների կողմից օգտագործվել է 1940-ականներին ստեղծված 14 շարժանկարներում՝ Իրվինգ Րեյսի «Ժամադրություն Բազեի հետ» (1941), «Բազեն գործի է անցնում» (1942), Էդուարդ Դմիթրիքի «Բազեն հակահարված է տալիս» (1943), Ուոն Մարթինի «Վտանգի որոնումը» (1949) և այլն: Մայքլ Առլենը մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Չարլզ Չապլինի, Քլարք Գեյբլի և հայտնի այլ կինոգործիչների հետ:

Առլենը գրել է ուրիշ այլ վեպեր («Մեյ Ֆեըր», «Մանուկներն անտառում», «Տղամարդը կնոջից տարբեր է»), վիպակներ, պիեսներ և պատմվածքներ, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն, շվեդերեն և այլ լեզուներով: Նրա վերջին մեծ գործն էր «Մարդու մահկանացությունը» վեպը, որ նվիրել է հոր հիշատակին և որի հերոսներից մեկը հայ է:

Արձակագիրը 1928-ին ամուսնացել է կոմսուհի Ատլանտա Մերկատիի հետ (դուստրը Հունաստանի Կոնստանտին թագավորի երբեմնի թիկնապահ, կոմս Ալեքսանդր Մերկատիի ու նրա ամերիկուհի կնոջ՝ Հարիեթ Րայթի և թոռնուհին գերմանացի բարոնուհի ֆոն Փֆլյուգելի): Զոքանչը շտապել է գալ Շվեյցարիա՝ խափանելու այդ ամուսնությունը, բայց արդեն ուշ է եղել: 1932-ին ծնվել է Մայքլ Ջոն որդին, ապա՝ Վինիցա դուստրը: 1939-ից Առլենն ընտանիքով բնակվել է ԱՄՆ-ում:
Բնականաբար հարց է առաջանում, թե այս հայազգի գրողն ի՞նչ առնչություններ է ունեցել իրեն ծնող ժողովրդի հետ: Այդ վերաբերմունքը, իրոք, հակասական էր… Դեռևս 1915-ին Առլենը գրել է. «Հայ լինելս անեծք է: Դու կարող էիր լինել անգլիացի կամ ուրիշ որևէ ազգության ներկայացուցիչ, բայց ի՜նչ արած, հայ ես ծնվել»: 1925-ի մարտի 24-ին իր պատվին հայերի կազմակերպած մի ընդունելության ժամանակ նա ասել է, որ ընդունում է իր հայ լինելը, իր համար ընդունելու խնդիր չկա, այլ պարզապես ասում է, որ հայ է: Նա ավելացրել է, որ ստույգ է, թե հայության մեջ շատ թշվառություն կա, սակայն աշխարհը շատ զբաղված է՝ լսելու համար հայոց թշվառությունը, և «պետք է գործ արտադրել»: Մինչդեռ ահա Առլենի որդին հայ մամուլին տված հարցազրույցում հոր մասին ասել է. «Նա մոռանալու տվեց իր ազգությունը, ականջները փակեց ամեն հայկականի դեմ և իրականությունից փախչելու ելքը գտավ գրելու մեջ: Գրելով՝ նա ուղևորվեց իր հերոսների երևակայական աշխարհը: Ես մեծանում էի ապահովության մի զգացումով, որը դժբախտաբար հայրս չուներ, երբ իմ տարիքին էր: Նա ձգտում էր ինձ այնպես դաստիարակել, որ չունենամ այն խնդիրներն ու ցավերը, որ ժամանակին ինքն է կրել: Եվ երբ մի անգամ ես նրան հարցրեցի հայերի մասին, նա վախեցած և խռովահույզ ասաց. «Հայերը լավ մարդիկ են, բայց չի կարելի նրանց մոտիկ թողնել»[5]:

Մեկ այլ առիթով նա ասել է. «Եթէ տաղանդ մը ունիմ, կը պարտիմ հայ ըլլալուս : Երբէք չեմ վարանիր, չեմ ամչնար ամէն առիթով ըսելու, որ հայ եմ : Մարդիկ ազգութեան չեն նայիր, այլ գործին : Չեմ կարծեր, որ օգտակար է զբաղիլ հին մտայնութիւնով… Աշխարհը շատ զբաղած է իր մտահոգութիւններով. ամէն մարդ իր գոյութիւնը պահելու կը ջանայ… Ո՛չ խորհուրդ կու տամ, և ոչ ալ կþընդունիմ : Բայց կը կարծեմ, որ մեր գործը պէտք է ըլլայ մարդկային ընկերութեան մէջէն ջնջել նախանձը, չարութիւնը և ձգտիլ դէպի աւելի բարեբաստիկ ապագայի մը»[6]: Հանդիպելով Ալեքսանդր Խատիսյանի որդուն՝ նա ասել է. «Սրտով ու հոգիով հայ եմ, Պ. Խատիսեան, բոլոր գիրքերուս մէջ խոստովանած եմ ծագումս»[7]: Եվ ապա. «Հայ ըլլալս ոչ մէկ արգելք եղած է ինծի, ոչ ընկերային, ոչ ալ ուրիշ որևէ տեսակէտով : Ընդհակառակն, բոլորովին համոզուած եմ, որ Հայու ծնունդս մտքիս տուած է մասնաւոր ճկուն դարձուածք մը»[8]: Առլենի այս հայտարարությունները ոգևորել են շատ հայերի, մինչդեռ, օրինակ, Վահան Թեքեյանը 1925-ին գրած մի նամակում Լևոն Զավեն Սյուրմելյանին ասել է. «Arlen-ը երբէք չես կրնար ջախջախել. անիկա՝ անգղիացւոց մէջ ապրելով… ուզածը կը գրէ… Տաղանդ մը ունի հարկաւ, adaptation-ի հրաշալի տաղանդ մը նախ, և ոստոստուն պատմուածքի, խայթիչ դիտողութեան տաղանդը… Իր «Հայ եմ»ի բարձրէն ինկնող դաւանանքը՝ ես ալ չսիրեցի, մինչ հայեր հիացեր, յուզուեր, երախտապարտ եղեր էին ատոր համար»[9]: Սփյուռքահայ մամուլում ծայր է առել բանավեճ, որոշ հայ մտավորականների գտել են, որ անհրաժեշտ է քաջալերել օտարագիր հայ հեղինակին, ուրիշներն էլ առարկել են, թե նա դրա կարիքը չունի, պետք է հայագիրներին քաջալերել : Այս առթիվ «Հայրենիքի» մի հոդվածագիր անհրաժեշտ է համարել հիշել հետևյալը իրողությւոնը. «Մայքըլ Արլէն Աերիկա կու գայ համբաւ ու հռչակ վաստակած Անգլիացիներու եւ Ամերիկացիներու մէջ : Անիկա հայ գրագէտը չէ, գրպանը դատարկ, փորը անօթի, ապագան անստոյգ, եկ հոգին տանջուած : …Ահաւասիկ թէ ինչո՛ւ հայ հարուստը այսօր գրկաբաց, սրտաբաց եւ հպարտութեամբ կը դիմաւորէ Մայքըլ Արլէնը, նոյն այն Արլէնը, որ տարիներ առաջ իր պայքարի եւ ոգեւորութեան օրերուն, երբ Լոնտոնահայ մեծատան մը դռներն էր ափ առեր աշխատանքի մը ի խնդիր, «չենք ուզէր» պոռացել են իր երեսին եւ դուռը գոցեր են իր դէմ»[10]:

Սակայն որքան էլ Առլենը ազգային պատկանելությանը նշանակություն չէր տալիս («Եղբայր, ես հայրենիք չեմ ճանչնար, ես աշխարհաքաղաքացի եմ. մի կարծէք, որ ասիկա հայ ըլլալուս համար կþըսեմ. եթէ անգլիացի ալ ըլլայի՝ նոյնը պիտի ըսէի»[11]), նրա ժամանակակիցների (և առաջին հերթին՝ օտարազգիների) համար նա հայ էր: 1927-ի նոյեմբերի 14-ին «Դեյլի նյուզն» առաջին անգամ գրել է Առլենի հայ ծագման մասին «Առլենի իսկական անունը» հոդվածում. «Առլէն երբէք գաղտնի չպահեց այն իրողութիւնը, թէ ինք իրապէս հայ մըն է և կը կոչուի Տիգրան Գույումճեան. և թէ այդ գրական ծածկանունը առաւ, որովհետև անիկա դիւրահունչ է և յարմար»[12]: Դերասանուհի Թալուլա Բանքհիդը «Կանաչ գլխարկն» անվանել է «հայկական խառնուրդ»: Ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Մորիս Ռավելը «Պետք է ջազը լուրջ ընդունել» հոդվածում զուգահեռ է անցկացրել գրականության հետ: «Տեսեք անգլիացի հեղինակներին: Օրինակ, Ջոզեֆ Քոնրադին և Մայքլ Առլենին. մեկը լեհ է, մյուսը՝ հայ, և սակայն նրանք անգլիական գեղարվեստական գրականության մեծ անուններ են: Եվ ինչո՞ւ: Քանի որ նրանց արտահայտչամիջոցն անգլերեն լեզուն է»[13]:

Ինչպես վկայլե է Պրահայի գերմաներեն «Փրագեր թագբլաթ» պարբերականը, Չեխոսլովակիայի նախագահ Տոմաշ Մասարիկը, մի անգամ հանդիպում ունենալով մի գերմանացի գրողի հետ, երկար զրուցել է անգլիական ժամանակակից գրականության և մասնավորապես Մայքլ Առլենի մասին: Մասարիկը, լսելով, որ Առլենն ազգությամբ հայ է, ասել է. «Չեմ կարծեր, որ Մայքլ Առլէն իսկապէս հայ մըն է, որովհետեւ ան Անգլիացիներու վարքերուն ու բարքերուն, անոնց լեզուին նրբերանգներուն, ինչպէս նաեւ անոնց բարձր դասակարգերի ներքին կեանքի ծալքերուն շատ մօտէն ծանօթ է, բան մը, որ բնականաբար օտարականի մը համար չափազանց դժուար է»[14]:

1929-ին «Նեշընըլ մեգըզին» հանդեսում Մայքլ Առլենը հրատարակել է «Եվ 21 տարեկան էի» պատմվածքը[15]: Հայ հերոսը ընթրում է Փրինսիլդ անունով մի անգլիացու հետ և նրան պատմում Հայաստանի, հայերի, նավթատեր Մասկարյանի (հավանաբար նկատի ունի Մանթաշյանին) մասին: Եվ այս գրության մեջ Առլենը թույլ է տվել նման արտահայտություն. «Ո՜վ Հայաստան, ո՜վ դու անորսալի՛ կուրտիզանուհի, ինչո՞ւ դու չմեռար Նինվեի և Բաբելոնի հետ… Միգուցե դո՞ւ, Մա՛հ, կկարողանայիր հետաքրքրել հին աշխարհի պատմաբաններին: Դու կլինեիր միանգամայն հետաքրքիր մի դիակ: Բայց կենդանի՝ դու ձանձրացնում ես ամենքին և բեռ ես քո զավակների համար: Արևմուտքի ժողովուրդներն անկարող են ավելին անել, քան հաճույք քամել քեզ խղճալուց: Նրանք ձանձրացել են քո քրիստոնեությունից, քո կոտորածներից, քո խեղճությունից, քո գոյությունից: Եվ քո զավակները միայն աղբ են երկրի երեսին»:

Ահա այս արտահայտությունը հարուցել է շատ հայ մտավորականների (նաև Արշակ Չոպանյանի) վրդովմունքը: Գերմանագիր հայազգի գրող Շահեն Ալլանը, օտար միջավայրերում գործած հայազգի նշանավոր անձանց մասին իր հոդվածում, խոսելով 19-րդ դարի հայազգի գրող Համիլթոն Այդեի մասին, հարկ է համարել նշել, որ նա «իր հօրը ազգին վրայ այնպիսի անարժան, այնպիսի անամօթ, ինքզինքը նուաստացնող, մէկ խօսքով, այնպիսի կեղտոտ ու իր զէվզէկութիւնը ցոյց տուող խօսքեր թոյլատրած չէ երբէք իր գրչին՝ որպիսին նոր մէկ անգլիախօս և դժբախտաբար ծնունդով հայ գաճաճ մը»[16]:

Հետագայում մի առիթով հիշելով «Եվ 21 տարեկան էի» գործը, Առլենն ասել է. «Պատմուածքներէս մէկուն մէջ տխուր ակնոցով նայած եմ մեր պատմութեան և այդպէս ալ արտայայտուած. ատիկա բնաւ չի նշանակեր, որ հայութիւնս ուրացած եմ կամ ազգս չեմ սիրեր: Կը խոստովանիմ, որ ազգայնամոլ չեմ: Ինծի համար հայ լաւ մարդ մը լաւ անգլիացի մը կþարժէ և փոխադարձաբար: Անկարելի է, որ գէշ հայէ մը ախորժիմ, որովհետև ես ալ հայ եմ ազգութեամբ… այնքան փափաք չեմ ունեցած ազգութիւնս ծածկելու, որ առաջին գրքիս սկիզբը գրած էի. «Ես հայ եմ և անունս Տիգրան Գույումճեան է»: Ուրիշ առիթներով պատահած է, որ օտարներ ըսեն ինծի. «Դուք իրապէս անգլիացի էք», անմիջապէս և կտրուկ պատասխանած եմ. «Ո՛չ, ես իրապէս և ամբողջովին հայ եմ»[17]: Այն հարցին, թե ծանո՞թ է հայ գրականությանը, Առլենը պատասխանել է, որ կարդացել է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», բայց ծանոթ չէ նոր գրողներին: «Վերջերս սակայն Ամերիկայէն Ուիլիըմ Սարոյեան անունով երիտասարդ գրող մը մէջտեղ եկաւ, ինծի ղրկեր էր իր գրքէն օրինակ մը. անկեղծօրէն կþըսեմ, շատ լաւ տաղանդ ունի այդ տղան»[18]: Հետագայում Առլենին Սարոյանը հիշել է իր «Յոթանասուն հազար ասորի» պատմվածքում (ի դեպ, Առլենի անունը հիշատակել են նաեւ Էռնեստ Հեմինգուեյն իր «Տոն, որ միշտ քեզ հետ է» գրքում եւ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը «Գիշերն անույշ է» վեպում):

Մայքլ Առլենի «Կոտրած քիթը» պատմվածքի հերոսը մի զեյթունցի դաշնակցական է, որը Լոնդոնում հետապնդում է մի թուրք փաշայի[19]: Այս ստեղծագործությամբ Առլենը ցանկացել է ցույց տալ, որ հայը նաև վրեժխնդիր ժողովուրդ է, ոչ միայն սովահար և ջարդված: Ճիշտ նույն կերպ «Ես գիտեի դոկտոր Գեբելսին» պատմվածքում նա հիշել է, թե ինչպես տեսնելով նացիզմի պարագլուխ Գեբելսին՝ իր մեջ արթնացել է հայկական քնեած արյունը և հպրատորեն է արձանագրել, որ ի տարբերություն նացիզմի պարագլուխներից անհատապես վրեժ չլուծող հրեաների, երիտասարդ հայ վրիժառուները ծպտվեցին և սատկեցրին հայակեր երիտթուրք փաշաներին:

Մայքլ Առլենի հայկական զգացմունքների արտահայտություն կարող են լինել նաև նրա կյանքի հետևյալ երկու դրվագը: 1926-ին արձակագիրը 100 անգլիական ոսկի է նվիրել տագնապի մեջ գտնվող իր ծննդավայր Ռուսեի հայկական վարժարանին[20], իսկ 1937-ին Սոֆիայի հայկական եկեղեցուն 25 հազար լևի նվիրատվություն է կատարել:

Մայքլ Առլենը մահացել է 1956-ին, Նյու Յորքում: Կինը մահացել է 1964-ին և մեկ միլիոն դոլարի ժառանգություն է թողել զավակներին: Մայքլ Առլենի որդին՝ Մայքլ Ջոն Առլեն-կրտսերը (ծնված 1932-ին, Լոնդոնում), նույնպես գրող է: 1952-ին ավարտել է Հարվարդի համալսարանը: Աշխատակցել է «Նյու Յորք թայմս», «Քոսմոփոլիթան», «Հոլիդեյ», «Լայֆ», «Նյու Յորքըր», «Ուաշինգթոն փոսթ» և այլ պարբերականների: Տպագրել է վեպեր, պատմվածքների ժողովածուներ («Հյուրասենյակի պատերազմը», «Ամերիկյան կարծիք», «Տեսարան մայրուղուց», «Սեմին հրաժեշտ տուր», «Աքսորյալները»): 1974-ին կնոջ՝ լրագրող Էլիս Առլենի հետ այցելել է Հայաստան, որից հետո գրել է «Ուղևորություն Արարատ» գիրքը: Այն արժանացել է «Ազգային գիրք» մրցանակին, թարգմանվել 22 լեզուներով: 1989-ին երկրորդ անգամ է այցելել Հայաստան և նաև Արցախ, որից հետո «Նեյշըն» թերթում (24.04.1989) հրատարակել է «Ծորակի վաճառքներ և ջախջախման երևույթը» ծավալուն հոդվածը, իսկ 1991-ին՝ «Հայկական օրագրությունը»:

Աշխարհը շարունակում է Մայքլ Առլեն ավագին հիշել որպես հայի: Կինոգետ Էֆրաիմ Քացն իր կինոհանրագիտարանում Առլենին հիշել է որպես «հայ վիպասանի»[21]: Սակայն այդ անգլիագիր հեղինակն այսօր առավել հետաքրքրում է իր հայրենակիցներին: Նրա ստեղծագործության ուսումնասիրությամբ է զբաղվում Փենսիլվանիայի պետական համալսարանի դասախոս Լուսինե Համբարձումյան-Մյուլլերը, իսկ 2004-ին Երևանում նրա վերաբերյալ ատենախոսություն է պաշտպանել Ծովինար Արևյանը:

Zoom Image


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] «Նոր Մարմարա», 4.03.1973:

[2] «Ասպարէզ», 31.10.1924:

[3] Светлана Аллилуева, Двадцать писем к другу, Москва, 1990, ր. 108.

[4] «Ապագայ», Փարիզ, 21.11.1925:

[5] «Վերածնված Հայաստան», 1989, էջ 12:

[6] «Ասպարէզ», 10.04.1925:

[7] «Յառաջ», 28.04.1934:

[8] «Յառաջ», 28.03.1935:

[9] Վահան Թեքէեան, Նամականի, 1983, Ուօթըրթաուն, էջ 287:

[10] «Նաւասարդ», 1925, Գ պրակ, էջ 65:

[11] Տես «Արազ», 20.01.1935:

[12] «Ասպարէզ», 16.12.1927:

[13] Maurice Ravel, Il faut prendre le jazz au sռriaux, dans Lettres, ռcrits, entretiens. Rռunits, prռsentes et annotes par Arbie Orenstein. Harmoniques Flammarion, 1989, p. 326.

[14] «Արեւելք», 7.02.1933:

[15] Հայերեն թարգմանությունը տես «Յառաջ», 25–28.02.1930:

[16] “Le Foyer”, 1.02.1931.

[17] «Արազ», 4.04.1935:

[18] Նույն տեղում:

[19] Հայերեն թարգմանությունը տես «Յառաջ», 23-30.08.1934:

[20] «Երևան», 3.02.1926:

[21] Efraim Katz, The Film Encyclopedia, New York, 1994, p. 31.

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3933
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott