artsvi.bakhchinyan
Logo

«ՈՐՈՇԵՑԻ ԳՐԵԼ ԱՅՆ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿՈՒԶԵԻ ԿԱՐԴԱԼ»

Article image Բանասեր Արծվի Բախչինյանի զրույցը թարգմանչուհի և արձակագիր Շուշան Ավագյանի հետ նրա «Գիրք-անվերնագիր» և «Շուշանիկ Կուրղինյան. Ապրել եմ ուզում» գրքերի առնչությամբ:


Ա.Բ. - Սիրելի Շուշան, կարելի՞ է հետդ մի քիչ զրուցել: Այս ցանկությունը բխում է այն պարզ իրողությունից, որ երեկ վերջապես կարդացի «Գիրք-անվերնագիր»՝ մեզանում նմանը չունեցող «վեպդ»: Ներիր չակերտների համար, սակայն քո վեպը դասական առումով վեպ չէ…

Չզարմանաս, որ կես տարի առաջ նվիրածդ գրքին նոր եմ անդրադառնում: Ամիսներով գիրք ու ամսագիր է կուտակվում գրասեղանիս, քանի որ ընթերցանության համար ժամանակ չունեմ: Բայց ահա տաս օր է՝ գործով գնում էի Մարաշ, որտեղ ազատ ժամանակ հնարավորություն էր տսեղծվում կուտակված գրքերի հանդեպ մոլի ընթերցամոլիս պարտքը մեկիկ-մեկիկ մարել: Հետաքրքիր զուգադիպությամբ ընթերցված հատորների հեղինակներից մի քանիսը կանայք էին՝ քո երկու գրքերը, Քլեր Հսու Ակկոմանդոյի «Սեր և գոնգեղը», Ջոյս վան Դայքի «Մի աղջկա պատերազմը», Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մայրիկս», ռուս ժամանակակից արտակենտրոն (այսինքն՝ էքսցենտրիկ) քերթողուհի Վերա Պավլովայի ժողովածուները: Նշածս բոլոր հատորները, վերջինից բացի, կապ ունեն հայ ժողովրդի հետ: Սիրում եմ կարդալ կին հեղինակների, թեև չեմ ընդունում, որ կա առանձին կին գրականություն. կան կին հեղինակներ, բայց ոչ կանանց գրականություն:


Շ.Ա. -Այո, համամիտ եմ չսահմանափակող գրականությանը, բայց երբ ձեռքիդ տակ ունես միայն «սպանված աղավնիներ» ու «նամուսով» աղջիկների մասին գրքեր, որտեղ բացի դժբախտ ու մահապարտ ապագայից ուրիշ ոչինչ չկա (այսինքն, բացի այդ կարծրատիպերից գրողներն այլ բան չեն պատկերացնում), ապա ուզում ես ստեղծել քոնը, կամ կարդալ այնպիսի գրքեր, որտեղ որ կարող ես ինչ-որ ձևով պատասխան գտնել հարցերիդ կամ հաճույք ստանալ ընթերցանության գործընթացից։ Չէ՞ որ ընթերցանությունը հիմնականում հաճույք քաղելու գործունեություն է։ Յուրաքանչյուր անձի համար կարևոր է ինչ-որ չափով հարաբերակցվել ու նույնիսկ նմանակցվել գրքի հերոսներից մեկին, սակայն երբ գրականության մեջ կանայք կամ սպանվում են իրենց որդիների ձեռքով (Րաֆֆու Սամվելը), կամ ինքնասպան լինում (Շիրվանզադեի Մարգարիտը), ինչպես չցանկանալ ունենալ կանանց գրչով գրված գրքեր, որտեղ ներկայացված է աղջկա կամ կնոջ աշխարհայացքը իր տեսանկյունից, օրինակ մի հերոսուհի, որ լքում է իր սիրած անձին, պատերազմում բուժքույր աշխատելու նպատակով (Կուրղինյանի Մարթան)։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր «գրականություն» սահմանափակող է, ինչպես և ամեն ինչ այս կյանքում. մի բանի հաստատումը նշանակում է մեկ այլ բանի հերքում: Անհրաժեշտ է ձերբազատվել նման կարծրատիպային մտածելակերպից։


Ա.Բ.-Ուրեմն կարդում եմ Մարաշի բարձունքում, համեղ և առատ թթվածնի մեջ, հեռու երևանյան աղմուկից, կարմրադեղնավուն ծառերի կողքին, իսկ գիրկս եկել-նստել է շեկ բրդով և շեկ աչքերով մի հրաշալի փիսիկ, ես նրան շոյում եմ, նա դռռում է և ես կարդում եմ: Ընթերցանությանս շարունակությունը նվազ ռոմանտիկ էր. լեփ-լեցուն երթուղային տաքսու ետնանկյունում կծկված, երկար ճանապարհ՝ Մարաշից Աջափնյակ, բայց ես ոչ մի բանի վրա ուշադրություն չեմ դարձնում, կարդում եմ: Կարդացի մեծագույն հաճույքով, մտովի անընդհատ զրուցելով քեզ հետ, Շուշանիկ Կուրղինյանի հետ, Զապել Եսայանի հետ, նաև Սրբուհի Տյուսաբի հետ, նաև մեծն Սիրանույշի հետ, նաև իշխանուհի Մարիամ Թումանյանի հետ, նաև աշխարհում առաջին կին դիվանագետ Դիանա Աբգարի հետ, նաև պարուհի Արմեն Օհանյանի հետ, նաև երգչուհի Մարգարիտ Բաբայանի ու նրա քույրերի հետ, նաև արդիական երգի թագուհի Քեթի Բերբերյանի հետ (թվում եմ անցյալի հայ կանանց դիմասրահի իմ ամենասիրելի անձանց անունները, որոնցից վերջին երեքի մասին կենսագրական-բանասիրական հատորներ կդնեմ մի օր ընթերցողի սեղանին): Դեռ մանկուց երևելի հայուհիներն ինձ մի հատուկ ձևով էին հուզում, ոգևորում, ոգեշնչում, և ես կազմում էի նրանց ցուցակները, հավաքում նրանց մասին հոդվածները, բոլորին պատմում, որ գիտե՞ք, իսկ ինչո՞ւ չգիտեք, որ ահա այսպիսի-այնպիսի հայուհիներ ենք ունեցել: Ընթերցանության հաճույքի պատճառը ոչ միայն այն էր, որ գլխավոր հերոսուհիներդ ինձ դեռ մանկուց շատ սրտամոտ էին, նաև որ «վեպի» ձևն էր հետաքրքրական, նոր, թարմ և անհավակնոտ (անդադար անհանգստանում էի, թե հանկարծ չափի զգացումը չդավաճանի հեղինակին, որ չընկնի չափազանցությունների գիրկը, և գոհունակությամբ նկատեցի, որ չդավաճանեց): Ոչ միայն այն պատճառով, որ գրքում նշված մարդկանց մեծ մասը ծանոթ են և ավելին՝ ընկերներ: Նկատի ունեմ ոչ միայն Վիոլետին, այլև Թինա, Մարկ, Դայանա, Րոու, մինչև անգամ՝ Վերա Հակոբյան և Պերճ: Այլ որ շատ հարազատ էին ինձ գրքում հնչող թեմաները, հայ կնոջ վիճակի անցյալի ու ներկայի արժևորումը, մտավորական հայուհու կերպարը:


Շ.Ա.-Ինչ խոսք, դու բազմապատկեցիր «Գրքում» եղած հերոսներին, որոնք իրավ շատ կարևոր դեր են կատարում պատմությունը պեղելու ու վերաստեղծելու գործում։ Սակայն «Գիրքը» հիմնականում ընթանում է երկու զուգահեռներով. Եսայան-Կուրղինյան վիպագրական հանդիպումն ու իմ-Լարայի իրական, ինչպես նաև վիրտուալ հարաբերությունները, որոնց արմատներում զարգանում են առաջին զույգի երևակայական աշխարհները։ «Գիրքը» գրեցի մի պարզ պատճառով. գրականության սովից։ Որոշեցի գրել այն ամենի մասին, ինչի մասին կուզեի կարդալ։ 1990ականներին, երբ երկար ու մութ ձմեռների ժամանակ կամ պիտի դոմինո խաղայիր հարևաններիդ հետ (մոմի լույսի տակ), կամ լսեիր մեծ պապիդ հիշողությունները իր երիտասարդ տարիների մասին, ես արագ-արագ կուլ էի տալիս Իսրայիլ Օրու, Ռաֆայել Իշխանյանի և հայոց պատմությանը վերաբերող այլ գրքեր։ Հպարտ էի պապիս նվաճումներով, բայց ուզում էի նաև ինքս նվաճել ինչ-որ բան ... Փորձում էի ընկճող ժամերն անցկացնել բովանդակալից ձևով, որ չկորցնեմ կյանքիս թանկարժեք պահերը։ Կարդում էի հայ գրականություն, որտեղ բացակայում էր հայ կնոջ ձայնը։ Ուզում էի նմանվել հայ գրականության հերոսներին, բայց կին լինելով... ո՞ր հերոսի հետ կարող էի համեմատվել, Իսրայիլ Օրո՞ւ, Դավիթ Բեկի՞, Սամվելի՞ ... հետևաբար կարդում էի անէացած։ Ինչո՞ւ պիտի, այսօր մեր երիտասարդ կանայք չունենան իրենց գրականությունը... այսինքն, ինչո՞ւ ինչ-որ Շուշան Ավագյան պիտի գնա գրականության թանգարանում պրպտի փոշիների մեջ, որ վերջապես գտնի իրեն հարազատ մի գրողի, որ ներկայացնում է իր իրականությունը, իր երազներն ու իր գաղափարախոսությունը։ Ինչո՞ւ այս սովահարությունը։ Ինչպե՞ս բավարարել սնունդի այս ցանկությունը, որ տարիներ շարունակ եղել է խնդիր։ Իմ լուծումն էր «Գիրք-անվերնագիրը», որտեղ ներկայացված են բազում ցանկություններ, չկատարված ու կատարված ցանկությունների ամբողջություն։ Դրանք իմ ցանկություններն են, բայց կան բազում այլ ցանկություններ, և ես կուզեի տեսնել նոր ցանկությունների շարաններ, նոր գրքեր, նոր լուծումներ։


Zoom Image

Ա.Բ.-Տողերդ խտացված են, մտածված, երբեք ինքնանպատակ չես տկտկացրել ստեղծնաշարդ (այլևս չեմ կարող ասել՝ շարժել գրիչդ): Քո գրքում համադրված է մեր անցյալը, ոչ վաղ դաժան անցյալը (որին այսօր էլ շատ դդմագլուխներ երանի են տալիս), և իհարկե, ներկան՝ մարմնավորված դրա վերաբերյալ քո մտորումներում, կապված լեզվի, գրականության, թարգմանության հարցերի, բնակավայրի հետ: Զգացի քո սերը այս ամեն ծանոթ օտարի հանդեպ, որով ես էլ տառապել եմ տարիներ շարունակ, սակայն ի վերջո եկել մի հաշտեցման՝ ինքս ինձ հետ և մասամբ նաև՝ այդ ծանոթ օտար կամ ասենք անծանոթ հարազատ իրականության հետ, որտեղ պատահականություն ենք ունեցել աչք բացել և ուզենք թե չուզենք՝ կապված ենք հազար կապերով: Միայն մի բան ինձ մի քիչ տխրեցրեց՝ Կոստան Զարյանը դաժան քննիչի դերում: Գիտեմ, իրավունք ունես, քմահաճույքդ չէ: Գիտենք, որ Զարյանը ծաղրել է Եսայանին՝ նրան անվանելով ազգային հնդկահավուհի, գիտենք, որ նա կին գրողների գրականությունն անվանում էր «սեռային թուլության արտահայտություն», նման այլ քամահրական մտքեր էլ բազմիցս թույլ է տվել այդ քմահաճ, սնոբ, բայցևայնպես՝ տաղանդաշատ գրագետը, այդ մեծ և անհատնում կղզին հայ գրականության մեջ, որին անվերապահորեն սիրում և ընդունում եմ՝ իր բոլոր հակասություններով հանդերձ: Ինչպես որ, լինելով ֆեմինիզմին համակիր, հատուկ սեր ունեմ ճապոնացի ազգի հանդեպ՝ գիտենալով հանդերձ նրա շարունակվող ստորադաս վերաբերմունքը կնոջ հանդեպ, բայց չեմ կարող գլուխ չխոնարհել նրա մյուս դրսևորումների հանդեպ:


Շ.Ա.-Զարյանը կնատյաց էր, չհանդուրժող ու չափազանց ինքնասեր, իմ կարծիքով սրանք հիասքանչ տարրեր են քննիչի/քննադատի դեր խաղալու գործում։ Իրավ, մենք բոլորս էլ քննիչներ ենք ինչ-որ չափով, սակայն ոմանք զբաղվում են ինքնաքննությամբ, իսկ մյուսները, «անհանգիստ» զգալով (վախ, տարակույս, ատելություն) իրենք իրենցից, մեծ հաճույքով իրենց վախն ու տարակույսը արձակում են այլոց վրա։ Կարծում եմ որ Զարյանը հրաշալիորեն իր վախն ու տարակույսը փոխարձակում էր այլ գրողների վրա, հետևաբար նման կարևոր ու հստակ դեր ունի «Գիրք-անվերնագրում». առանց նրա գիրքն անիմաստ է ... Իրոք, ինչպե՞ս չծաղրել մեկին, որն իրեն գրող համարելով, հանդգնում է իրենից առավել արժեքավոր գրողներին գնահատական տալ, և այն էլ ոչ ըստ գրական արժանիքների, այլ ըստ հագուստի կամ պահվածքի։ Զարյանի կերպարը կարևոր էր նաև ներկայացնելու մի ողջ «ոհմակի», որը հաճախ որսի է դուրս գալիս գրականության դաշտում, մոռանալով որ զուրկ է հոտառությունից։ Քննիչներից մեկն ասում է. «Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Ձեր բացիկները այսուհետ պահելու ենք գրասենյակում՝ հետաքննության համար։ Դրանց պարունակությունը դեռևս անհասկանալի է, հետևաբար՝ կասկածելի։ Այն, ինչ չենք հասկանում՝ անհրաժեշտ ենք համարում դատապարտել» ...

Ա.Բ.-Ճիշտ ես, բայց միաժամանակ հիշենք, որ Կոստան Զարյանը հայրենադարձվելուց հետո կարելի է ասել՝ կիսեց Եսայանի ճակատագիրը: Ինչպես գիտես, նույն Զարյանի գրականությունն էլ յոթ կողպեքի տակ պահվեց նույն խորհրդային վարչակարգի օրոք և նա ողջ կյանքում եղավ պատժված գրող իր երկրում: Եվ եթե Զապել Եսայանին պարկի մեջ գցած ծեծամահ արին Կասպից ծովի վրա 1943-ին, ապա Կոստան Զարյանին Աբովյան փողոցի իր իսկ բնակարանի խոհանոցում ծեծասպան արին 1969-ին այս մասին ինձ երկու անգամ պատմել է իր գերմանուհի հարսը, Երևանի իմ ամենասիրելի կանանցից մեկը՝ լուսահոգի ֆրաու Մարիան։

Անցնենք քո մյուս գրքին: Շուշան, մեր գրականությունն այնքան քիչ է ներկայացված միջազգային ասպարեզում, որ հայ գրողի՝ ցանկացած լեզվով հրատարակված նոր ժողովածու դառնում է ուշագրավ երևույթ: Էլ չենք ասում, եթե թարգմանվում է այսօրվա միջազգային լեզվով՝ անգլերեն: Դու անգլերեն ընթերցողի սեղանին դրեցիր ոչ ավել, ոչ պակաս՝ Շուշանիկ Կուրղինյանի հատընտիրը: Բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ Կուրղինյան, որը մեծ հեղինակ չէ, երբ կան շատ ուրիշ առավել արժանավոր գրողներ։ Արդյոք այս ընտրությունը մի տո՞ւրք էր մեր օրերում մեծ ծավալում ստացած և արդեն շահարկվող ֆեմինիստական հետաքրքրություններին, թե՞ դու ունեիր ավելի սկզբունքային և բարձր նպատակներ:


Շ.Ա.-Կուրղինյանի կերպարն ինձ հետաքրքրել է դեռևս 6-րդ դասարանում, երբ ընկեր Ղազարյանի գրականության լսարանում պատահաբար բացեցի դասագրքումս մի էջ, որտեղ Կուրղինյանի սև ու սպիտակ պատկերից ուղղակի շվարեցի. ինչպիսի վստահ, աններողամիտ ու ինքնամփոփ հայացք։ Հետո կարդացի նրա անունն ու առավել ևս շվարեցի։ Այդ ժամանակ արդեն գրում էի փորձնական կարճ բանաստեղծություններ, Տերյանի մելանխոլիկ ոճով։ Կուրղինյանի բանաստեղծությունը, բնականաբար չհետաքրքրեց. «Բանվորները» գործն էր։ Տարիներ անց, երբ արդեն Ամերիկայում կարդում էի Վիրջինիա Վուլֆի, Թոնի Մորիսոնի, Քերոլ Մեյսոյի գրքերը, և միևնույն ժամանակ ծանոթանում ֆեմինիստ գրականության պատմությանը, թե ինչպես 60ական թվականներից սկսյալ ֆեմինիստ գրականագետները արխիվներում պեղումներ կատարելով հայտնագործել ու դեռ հայտնագործում են բազում կին գրողների աշխատանքները, Կուրղինյանի պատկերը կրկին հայտնվեց մտքումս։ Երբ գրադարաններից գտա նրա երկու գրքերը, այդ ժամանակ Սիդար Քրեսթ համալսարանում էի, արվեստի բաժնում, և գրականությամբ շատ հետաքրքված չէի։ Բայց քանի որ տարիներ շարունակ թարգմանությամբ եմ զբաղվել (ՄԱԿ-ի, և այլ միջազգային կազմակերպությունների համար), առաջին մոտեցումս Կուրղինյանի տեքստին ինքնաբերաբար անգլերենի թարգմանելն էր, իհարկե նախ՝ ինքս ինձ համար, որպես պարզագույն հաճույք։ Երբ սկսեցի լուրջ ուսումնասիրել երկու գրքերում եղած բանաստեղծությունները, ապշեցի. նրա թեմաները այնքանով առաջադեմ ու հեղափոխական էին իր դարաշրջանի ֆեմինիստ մտածելակերպի համար, որ հարկադրված ու պարտավորված եղա նրա ձայնը լսելի դարձնել համաշխարհային գրականության «դաշտում»։ Նրա աշխատանքը ամբողջացնում է ֆեմինիստ գրախոսության տարբեր ու մասնատված ձայները։ Մեկը, որ խոսում է դասակարգային, ռասսայական և, իհարկե, սեռի տարբերություններից, քննադատում բարոյապես ընկած եկեղեցական ու կառավարական մարմինների գործունեությունը, ծաղրում ամեն տեսակի կեղծիք, և ամենակարևորը՝ իր դուստրերի համար թողնում է ժառանգություն՝ իր ստեղծած ֆեմինիստ իդեալները։


Zoom Image


Ա.Բ.-Գիրքը կարդալուց հետո ես քեզ մտովի շնորհակալություն հայտնեցի ոչ միայն Շուշանիկ Կուրղինյանին նորովի ներկայացնելու, այլև քո կատարած բարեխիղճ բանասիրական-բնագրագիտական աշխատանքի համար: Համեմատել ձեռագրերի և տարբեր հրատարակությունների հետ, շրջանառության մեջ դնել ցարդ անտիպ մնացած լուսանկարներ՝ հիրավի խրախուսելի է:

Շ.Ա.-Ձեռագրերի ու հրատարակությունների համեմատական աշխատանքը հիմնականում գալիս է աշխատանքային փորձից, քանի որ երեք տարի աշխատել եմ «Դալքի Արքայվ» հրատարակչության հետ և համարյա ամեն օր առնչվել գրողների ու նրանց բնագրերի հետ։ Երևի թե գիտես, որ ոչ մի աշխատանք չի տպագրվում առանց խմբագրության, և երբեմն խմբագրական մեծածավալ փոփոխություններից հետո վերջնական, տպվող գործը համարյա թե չի կրում բնագրի սկզբնական տեսքը։ Սկզբում դա ինձ համար դժվար էր ընկալել. թվում էր ոճրագործություն է գրողի տեքստի հետ խաղ անելը։ Իրոք, երբեմն անտաղանդ խմբագրային աշխատանքը կարող է վնասել գործին, էլ չեմ ասում մասնավոր գրաքննության մասին, որն ուղղակի անտանելի է գրողի համար, բայց շատ հաճախ խմբագիրների ձեռքի տակով անցնող տեքստը ստանում է ավելի հղկված տեսք։ Կուրղինյանի դեպքում, իմ կարծիքով, սովետական խմբագիրները փորձել են ֆեմինիստական գաղափարներին տալ ընդհանուր պրոլետարական տեսք, որ չընդգծվի նրա առանձնահատուկ կեցվածքը։ Ինչ վերաբերում է նկարներին, դրանք հիմնականում թանգարանում պահվող արխիվներից ու Կուրղինյանի դստեր՝ Անուշ Ասլանյանի, ընտանիքի ալբոմներից են։ Դրանք, ասես, մարմնավորում են բանաստեղծություններն ու տալիս հավելյալ պատկերավոր իմաստ։ Մեր գրողները անընդհատ փորձել են գտնել ճանաչում, ընդունում օտար դիսկուրսում. այլ բառերով, ուզեցել են գտնել մի, ասենք, «օտարախոս» լեզու, որով մեզ կհասկանան, կընդունեն, կընկալեն ու կճանաչեն։ Կուրղինյանի լեզուն լիովին տարբերվում է այդ դիսկուրսից. նա ստեղծում է ինքն իր համար, բնականաբար ուտոպիստ է, ու ինչ-որ տեղ էքզիստենցիալիստ։ «Դև կամ հրեշտակ» գործը, որը հաճախ արհամարհվել և թերագնահատվել է նրա աշխատանքներից, հենց դա է մարմնավորում. գրողն ուզում է ձերբազատվել թելադրող, կալանավորող ուժերից, կարող ենք հասկանալ չափանիշներից։ Նա գրում է. «Ես ինքնիշխան, անկախ և անոք / Շրջեի ազատ՝ անհայտության մեջ. / Որ չզգար մեկը, չտեսներ ոչ ոք՝ / Իմ կյանքը, դեմքը, կրծքի ելևէջ ... / Ազատ և մենակԷդև կամ հրեշտակ»։ Եվ իրոք, նրան երբևէ չի վախեցրել այն միտքը, որ նա մենակ է այս աշխարհում, որ նա պիտի ստեղծի այն, ինչ ճիշտ է իր համար, չի համակերպվել այլ լեզուներին (ինչպես, օրինակ, ես եմ համակերպվում), ապրել է տարբեր միջավայրերում, գրել իր հարազատ լեզվով, իր հարազատ թեմաներով, ստեղծել իր աշխարհը։ Այն կյանքը, որ չի հպատակվում մեծամասնության կամ ուժեղի ձայնին, որ իբր ազատ է շահագործման ֆաբրիկայից, հիրավի ուտոպիական է։ Իմ «Գիրք-անվերնագիրը» փորձում է վերականգնել այդ դիսկուրսը, որ մի խոսքով ինքնամփոփ է, գոյություն ունի «ինքնիրհամար»։ Այսինքն, ստեղծում է էներգիա, թեկուզ աննշմար քանակությամբ, ու միևնույն ժամանակ՝ ապրում ու սնվում այդ էներգիայով։

Մի փոքր շեղվեմ ու օրինակ բերեմ մեր երկրի ղեկավարների վարվելակերպը (սա պարզագույն ինքնագնահատման սկզբունք է), որոնք գտնում են ավելի հարմար ու դյուրին մեկ ուրիշին վստահել մեր երկրի էներգետիկան, որն անկախ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է, քան վերցնել այդ պատասխանատվությունը իրենց վրա։ Համեմատենք դա ոմն անձի գործունեության հետ. մեկը, որ հանձնում է իր մարմնի թափի կառավարումը մեկ ուրիշին, մի խոսքով՝ որն ընտրում է հաշմանդամություն և ինչ-որ տեղ դառնում անիրավունակ։ Հետևաբար, նա կախման մեջ է նրանից, ով որ ուղղություն է տալիս իր թափին։ Կուրղինյանն իր հանդուգն ու ինքնաշահագործ կեցվածքով դեմ էր ցանկացած կախված գոյության: Ըստ իր տրամաբանության, ավելի ճիշտ է սխալվել, կորել, ապա փնտրել ու գտնել մի ելք, քան փնտրել մեկին, գուցեև անգիտակ մեկին, որն «իբր» ուղղություն կտա դեպի ելք։

Ինչևէ, շեղվում եմ բուն թեմայից, իսկ դա նշանակում է մեկ բան։ Երևի արդեն ձանձրացար ինձանից ... Ես էլ գնացի թեյ խմելու։

«Ակտուալ արվեստ ամսագիր», թ. 4-5, 2006, էջ 103-106։

Լուսանկարը՝ Լուսինե Թալալյանի։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2303
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott