artsvi.bakhchinyan
Logo

«ՐԱՖՖԻՆ ԱՇԽԱՐՀԻՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ», համոզված է թարգմանիչ Դոնալդ Աբգարյանը

Article image Հոկտեմբերին Երևանում կայացած «Թարգմանությունը մշակույթների երկխոսության բանալի» խորագրված միջազգային գիտաժողովին մասնակցեց նաև ամերիկահայ Դոնալդ Աբգարյանը, որի անգլերեն թարգմանությամբ Րաֆֆու «Խենթը» Փրինսթոնի Կոմիտաս ինստիտուտի հրատարակությամբ լույս էր տեսել 2000 թվականին։ Գեղատես այս հրատարակության շապիկի վրա իսկ Րաֆֆին ազդարարվում է «Հայաստանի մեծագույն վիպասանը», նշվում, որ վեպն առաջին անգամ լույս է տեսել 1881-ին և որ սա անգլերեն նոր թարգմանություն է (առաջինը, որ կատարել էր Ջեյն Ուինգեյթը, տպագրվել էր 1950-ին)։ 217 էջ ընդգրկող հատորն օժտված է թարգմանչի ծանոթագրություններով, բառարանով և քարտեզով։

Մի քանի խոսք թարգմանչի մասին։ Նա Ուիլյամ Սարոյանի համաքաղաքացին է. ծնվել է 1938-ին Ֆրեզնոյում, սովորել է Կալիֆորնիայի համալսարանի փիլիսոփայության բաժանմունքում, այնուհետև ուսանել համեմատական գրականություն և ֆրանսերեն։ Մինչև այժմ նա ոչ մի թարգմանություն չէր կատարել հայ գրականությունից՝ լոկ հայերեն չիմանալու պատճառով, իսկ 1996-ին նա սկսել է հայերեն գրել-կարդալ սովորել՝ հատկապես իր հոր սիրելի հեղինակ Րաֆֆուն անգլերեն թարգմանելու նպատակով...

-Ի՞նչը Ձեզ մղեց ձեռք զարկել Րաֆֆու այս վեպի թարգմանությանը...

-Կարող եմ ասել, որ դեր խաղացին երեք հիմնական գործոն։ Նախ, Րաֆֆու առեղծվածը, որ մանկությունից ասես ննջելիս լիներ իմ գիտակցության մեջ, ապա՝ սերը համաշխարհային գրականության և լեզուների նկատմամբ, և երրորդ՝ չթուլացող անհանգստությունը հայոց եղեռնի փաստի հանդեպ։ Այս թարգմանությունը նվիրված է սիրելի հորս՝ Մանուկ Աբգարյանի հիշատակին, որ ծնվել էր 1894-ին, Տիգրանակերտում և մեծացել այնտեղ։ Հայրս 1912-ին մեկնեց Ամերիկա՝ բախտ փնտրելու և այլևս չտեսավ իր ընտանիքի անդամներին, որոնք զոհվեցին 1915-ին։ Հայրս անժամանակ մահացավ 1952-ին, հիմա ես տարիքով մեծ եմ նրանից, և այսքան տարի անց գիտակցում եմ, որ, բառերով արտահայտված չլինելով հանդերձ՝ որքան խորն էր նրա սերը հայ ազգային կյանքի և անհանգստությունը՝ նրա ճակատագրի հանդեպ։ Եվ այս գիրքը հարգանքի տուրք է ոչ միայն հորս, այլև նրա ողջ տառապած սերնդի հանդեպ, ովքեր ականատես եղան իրենց հայրենիքի և սիրելիների բնաջնջմանը։ Բացի այդ, հայերենից անգլերեն թարգմանություն կատարելն իմ հիմնական միջոցն էր հայերեն կարդալ սովորելու համար, քանի որ կարդացածս անգլերենով ճշգրիտ վերարտադրելու դեպքում միայն ես կարող էի համոզվել, թե իսկապե՞ս ըմբռնել եմ ընթերցածս։ Թարգմանական աշխատանքս տևեց չորս տարի, որից անմասն չմնացին նաև կինս, որդիս և դուստրս... Ի դեպ, դուստրս՝ Ջեքինդան (հայերեն՝ Հակինթ) ինձ ապահովեց հայոց պատմության վերաբերյալ գրականությամբ, ինչը մեծապես օգնեց ավելի լավ ըմբռնելու թարգմանածս երկի միջավայրը։ Ինչպես ամեն թարգմանիչ, ես էլ շաբաթներով և անգամ ամիսներով տքնեցի մեկ բառ կամ արտահայտություն պարզելու համար: Սակայն երբ գտնում էի ուզածս, ունենում էի այն ձկնորսի զգացողությունը, որը սառը, քամոտ օրվա վերջում մի փոքր ձուկ է բռնում ու իրեն բախտավոր է զգում... Հաշվի առնենք նաև, որ իմ իմացած հայերենը բանավոր արևմտահայերենն էր, իսկ ես ուսանում էի Րաֆֆու գրական և գրավոր արևելահայերենը։ Գուցե հետաքրքիր կլինի իմանալ, որ արևելահայերեն գրավոր լեզվին տիրապետելու համար ես Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը սկսեցի կարդալով համեմատել Թեհրանում հրատարակված արևելահայերեն թարգմանության հետ, որ ինձ նվիրեցին ամերիկացի, ոչ հայ բարեկամներս...

-Շատերը կարծում են, որ Րաֆֆին հնացած հեղինակ է ժամանակակից ընթերցողի համար...

-Ըստ իս՝ այդ կարծիքը սխալ է։ Ինչպես Արա Սարաֆյանը՝ Կոմիտաս ինստիտուտի տնօրենը և «Խենթի» հրատարակիչն ասաց. «Րաֆֆու վեպերը ժամանակից դուրս են, քանի որ դրանք արտացոլում են իրենց ժամանակի իրականությունը, ազգագրական մանրամասներից մինչև իր ժամանակի խնդիրները, և այս ամենը ներկայացված է հանրամատչելի լեզվով»։ Գուցե Րաֆֆին, ինչպես անգլերենում են ասում, «հին գլխարկ» է հայերի համար։ Սակայն ես խորապես համոզված եմ, որ եթե Րաֆֆու գործերը «թորեն» և «լցնեն» նոր շշերի մեջ, աշխարհը կտեսնի, թե նա իրականում ինչ արժեք ունի, և սեփական դատողությունները կանի։ Րաֆֆին արժանի է իր տեղը գրավելու համաշխարհային գրականության մեջ. առանց նրա միջազգային գրականությանը պակասում է մի կարևոր տարր։ Ինձ քաջ հայտնի է, որ Րաֆֆուն շատերը (և առաջին հերթին՝ հայեր) մեղադրում են նրա այսպես կոչված ազգայնականության համար։ Որոշ հիմքեր կան այս տեսակետի համար։ Բայց ես կարծում եմ, որ մեծ սխալ կլինի ուրանալ Րաֆֆու այլ մեծ արժանիքները, որպես պատմաբան, բարոյագետ փիլիսոփա, սոցիալական քննադատ և հատկապես՝ որպես գերող վիպասան։ Եվ ոչ միայն սոսկ հայ գրականության մեջ։ Վերցնենք Րաֆֆու օրոք տպագրված մի այնպիսի վեպ, ինչպիսին է, դիցուք, Տուրգենևի «Կուսական հողը»: Այն թեմատիկայով մոտ է «Խենթին». երիտասարդ հեղափոխականները փորձում են բարձրացնել գյուղացիների գիտակցությունը։ Րաֆֆու գրելաոճը շատ տարբեր չէ Տուրգենևից և ես անկեղծորեն հավատում եմ, որ «Խենթը» նույնքան լավ և ամբողջական վեպ է, որքան «Կուսական պողը», արժանիքներով թերևս ավելի բարձր։ Այստեղ Րաֆֆու ոճը զերծ է մանրամասներից, առկա է երկխոսությունների խճողում, մի տեսակ էկզիստենցիալ երկմտում, որ հատուկ է, ասենք, Դոստոևսկու հերոսների մեծ մասին։ Սակայն Րաֆֆին հայ էր։ Հայերը թիրախի տակ էին։ Նրանք գրականությամբ պայքարում էին գոյատևման համար։ Նրանք անկում ապրած ազնվականներ չէին, նրանք համլետներ չէին։ Նրանք խելացի և բազմաբառ երկխոսությունների ժամանակ չունեին։ Նրանք անում էին հնարավորը՝ պահպանելու համար իրենց մշակույթը և ապրելակերպը։ Կարծում եմ՝ հայ գրականության մեջ սա ոչ ոք չի կարողացել արտահայտել ավելի արժանահավատորեն, քան Րաֆֆին։

-Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք։ Նկատի ունեմ ոչ լեզվական-տեխնիկականը...

-Լինելով զգացմունքայնորեն և հոգեբանորեն միայնակ՝ ինձ համար հեշտ չէր թարգմանել «Խենթը»՝ նրանում առկա ցեղային վրդովմունքի և նախապաշարումների պատճառով։ Ազգային հարցերի, նույնիսկ սեռերի փոխհարաբերությունների առումով Րաֆֆին ժամանակակից չափանիշերով «քաղաքականապես կոռեկտ» չէ, ինչպես ամերիկացիներս ենք ասում։ Սա գիտական եզրահանգում չէ, սակայն ինձ թվում է, որ «Խենթը» Րաֆֆին գրել է իր կյանքի ամենադառը ժամանակահատվածում, մի բան, որ ես առնչակցում եմ քրիստոնյաների, հատկապես հայերի սարսափելի վիճակին Օսմանյան կայսրությունում։ Ինձ թվում է, որ նա ծայրահեղ հուսալքված և զայրացած էր այն բանի համար, որ իսլամը ոչնչացնում է հայ կյանքը։ Նրա վեպերից ոչ մեկը չունի դառնության և ցեղային կանխակալության այս աստիճանը...

-Կարծո՞ւմ եք, որ Ձեր թարգմանությունը կարող է գրավել ոչ միայն հայ հանդիսատեսի ուշադրությունը։

-Այս գիրքը հասցեագրված է հայոց պատմությամբ և գրականության հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու։ Ընթերցողն այս գիրքը կարող է ընթերցել սրտով կամ գլխով։ Իմ խորին համոզմամբ՝ հայ լինելու մասին ոչ մեկի իմացությունն ամբողջական չի կարող լինել, եթե նա ծանոթ չէ Րաֆֆուն։ Թե՛ ուրիշներից եմ լսել և թե՛ անձամբ համոզվել եմ որոշ դեպքերում, որ վեպը գրավել է նաև ոչ հայերի։ Մի երիտասարդ, «Գիթար փլեյինգ մագազին» ամսագրի գրողներից մեկը, «Խենթի» մասին ինձ մեծ խանդավառությամբ ասաց. «Սա պիտի կինոնկարի վերածել»։ Զարմանալի է, որ մի քանի սերունդ շարունակ, իրենց առօրյա աշխատանքից դուրս հայ գրականությունից թարգմանություններ կատարող սփյուռքահայերի մեջ չէր եղել մեկը, որ պատշաճ անգլերենով ներկայացներ Րաֆֆուն։ Խորապես համոզված եմ, որ նրա բոլոր մեծ գործերը պիտի հնչեն այլ լեզուներով, հատկապես անգլերենով և այն էլ՝ լավ, գեղարվեստական անգլերենով։ Ուզում եմ հուսալ, որ տարբեր երկրների հայերը կիրականացնեն դա։ Րաֆֆին միայն հայերին չի պատկանում։ Րաֆֆին աշխարհին է պատկանում։

-Ի՞նչ թարգմանական ծրագրեր ունեք...

-Ինձ համար առաջնային է «Խենթի» թարգմանության երկրորդ խմբագրության հրատարակումը։ Հաջորդը՝ տպագրության հանձնել Րաֆֆու «Ջալալեդդին» վիպակի թարգմանությունս։ Այժմ ես աշխատում եմ «Կայծեր» վեպի հիմնական գլուխների թարգմանության վրա։

-Եվ որպես վերջաբան ավանդական հարցն առանց հարցականի. դուք առաջին անգամ եք Հայաստանում...

-Ես չափազանց երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հրավիրեցին մասնակցելու այս գիտաժողովին։ Ես առաջին անգամ այցելու էի մի երկրում, որը ողջ կյանքիս ընթացքում ինձ համար եղել էր ոչ թե սոսկ աշխարհագրական վայր, այլ առասպելական հայրենիք, մի գոյություն, որ երազել էր իմ հայրը և նրա ողջ սերունդը, ու պայքարել նրա համար։ Տպավորություն հայտնելը ներառում է նաև արժեքներ դատելը։ Սակայն ես ոչինչ չեմ դատի։ Իմ այցելության ժամանակ ես ոչ քննադատաբար, և ոչ էլ վերլուծաբար էի տրամադրված, զգացմունքներով լցված եմ՝ պարզապես լինելով այստեղ։ Պատկերացրեք իմ զգացողությունները, երբ կանգնեցի Խենթի, ապա և Լալայի գերեզմանների մոտ... Երևանը գեղեցիկ քաղաք է։ Ես պայծառ ապագա եմ տեսնում նրա համար։ Այստեղ սակայն զգացի, թե որքան անչափելի է Արևմտյան Հայաստանի կորուստը, որ դա ներկա հանրապետության համար մեծ վնաս է՝ տնտեսապես և մշակութապես։ Սակայն ես հուսով եմ, որ անցումային ժամանակաշրջանում գտնվող Հայաստանը Սփյուռքի հետ մեկտեղ մի նոր և հրաշալի ոգի կկերտի։

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2144
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott