ԱՄԵՆ ՕՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԵՊԻ ԻՄ ԱՐՄԱՏՆԵՐԸ
Ամերիկահայ կինոբեմադրիչ Էրիք ՆԱԶԱՐՅԱՆԻ անունն անծանոթ չէ հայ հանդիսատեսին: Երեք տարի անընդմեջ` 2008-2010 թթ. նա մասնակցել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնին: Նազարյանի առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Կապույտ ժամը», 2008 թվականի երևանյան կինոփառատոնում չորս մրցանակ շահեց` ճանաչվելով «Հայկական համայնապատկեր» ծրագրի լավագույն ֆիլմը` արժանանալով էկումենիկ ժյուրիի, ՀՀ վարչապետի և սփյուռքի նախարարի հատուկ մրցանակներին:
Էրիքն իր հաջորդ կինոֆիլմը նկարահանել է Թուրքիայում՝ որպես միջազգային մի կինոնախագծի մաս, որը կոչվում է «Չմոռանաս ինձ, Ստամբուլ»: Կինոնկարն առաջին անգամ ցուցադրվել է անցած տարվա ապրիլին՝ Ստամբուլի միջազգային կինոփառատոնում: Այս աշխատանքում յոթ տարբեր կինոբեմադրիչներ ներկայացրել են տարբեր տեսարաններ` Ստամբուլի ազգային փոքրամասնությունների կյանքից: Էրիք Նազարյանը ծնվել է Հայաստանում, մանկուց բնակվում է ԱՄՆ-ում: Նա ներկայացրել է անձնական պատմությունն իր մի հայրենակցի, ով Բոսֆորի ափերի հնագույն համայնքներից մեկի շառավիղն է: Նազարյանի 18 րոպե տևողությամբ ֆիլմում, որ վերնագրված է «Պոլիս», ընդգրկված են առտնին կյանքի տեսարաններ, սփյուռքահայ երաժիշտի և թուրք այրու հանդիպումը և խոսակցությունը: Այդ պատմության միջոցով բացահայտվում է մի ազգի ողբերգական ճակատագիրը:
- Էրիք, ինչպե՞ս հայտնվեցիր այս նախագծում:
- Իմ ստամբուլցի ընկերներից Չիյդեմ Մաթերը նախագիծը ներկայացրեց, իսկ պրոդյուսեր Հուսեյն Կարաբեյը հրավիրեց դրան մասնակցել: «Ի՞նչ ենք մենք հիշում և ի՞նչ ենք մեզ ստիպում մոռանալ». այս թեման կարևոր է ինձ համար՝ որպես հայի և կինոռեժիսորի: Նախագծի նպատակը, որ նախապես ինձ ներկայացվեց, Ստամբուլին հիշեցնելն էր այն ժողովուրդների մասին, որոնք նպաստել են քաղաքի կայացմանը: Ժամանակի ընթացքում այս ժողովուրդները «մոռացվել են», այստեղից էլ՝ «Չմոռանաս ինձ, Ստամբուլ» վերնագիրը: Ես զգում էի, որ իմ հերոս Արմենակի՝ Պոլիս վերադառնալու պատմությունը համապատասխանում է թեմային: Ֆիլմը նկարահանվել է իմ «Պոլիս» կինոսցենարի հիման վրա, որն Արմենակին հետևում է Լոս Անջելեսից մինչև Ստամբուլ: Նա փնտրում է իր մեծ հոր ուդի (հայկական նվագարան խմբ.) խանութը և ընտանեկան իրերը, որ անհետացել էին Հայոց ցեղասպանության ժամանակ:
- Դու ծնվել ես Հայաստանում, ծնողներդ ներգաղթել էին Իրանից, հիմա ապրում ես ԱՄՆ-ում: Ի՞նչ է հայկական Պոլիսը` քեզ համար:
- Երբ ես երեխա էի, շաբաթավերջին հաճախում էի հայկական դպրոց: Ամենը, ինչ սովորել եմ կինոյի, գրականության և արվեստի մասին, պարտական եմ իմ սիրելի հորը՝ Հայկ Նազարյանին, հորաքրոջս՝ երգչուհի Փառիկ Նազարյանին, քեռի Հասոյին և իմ ամբողջ ընտանիքին, որն ինձ մեծացրել է՝ գնահատել տալով բոլոր ազգերի արվեստն ու մշակույթը: «Պոլիս» բառի առաջին հիշողությունս գալիս է իմ սիրելի Հովհաննես պապիկից, որն ինձ գեղեցիկ պատմություններ էր պատմում Կոստանդնուպոլսի գրողների մասին: Նա է ինձ ծանոթացրել Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի գործերին, իսկ Փառիկ հորաքույրն ինձ հաղորդակից դարձրեց Կոմիտաս վարդապետի արվեստին: Իմ հայր Հայկը, որ լուսանկարիչ էր, ներկայացրել է ինձ Արա Գյուլերի անմահ լուսանկարները: Իմ հարազատներից եմ իմացել պոլսահայ հիանալի մշակույթի մասին: Երբ սկսեցի նկարահանումները` ուզում էի իմ հարգանքի տուրքը վճարել հին Պոլսի աշխարհին` երաժշտության միջոցով, քանի որ կինոն լսատեսողական արվեստ է: Ինձ համար կինոն իմ կինն է, երաժշտությունը՝ սիրուհին: Ուդի Հրանտ Քերքուլյանի երաժշտությունը պոլսահայ բլյուզի հիմնանյութն է: Ինչ Ռեյ Չարլզն է սոուլի և բլյուզի համար, նույնը Ուդի Հրանտն է` հայ-թուրքական երաժշտության համար... իսկական լեգենդ: Նրա «Սրտիս վրա քար մը կա» գործը նույնքան վճիտ և հզոր է, որքան 30-40-ականների Միսիսիպիի սքանչելի բլյուզ սփիրիչուելզները: Ստամբուլ ժամանելուս պես օգնականիս ասացի, որ ինձ տանի Շիշլիի հայոց գերեզմանատուն, որտեղ այցելեցի Ուդի Հրանտի ընտանեկան շիրիմներին, հետագայում այնտեղ նկարահանեցի ֆիլմիս առանցքային տեսարաններից մեկը:
- Լիովին համաձայն եմ հերոսիդ այն մտքի հետ, որ Ստամբուլը նման է հաշիշի, այդ քաղաքը շատ ձգող է:
- Ստամբուլն ինձ համար առեղծված է: Դա նման է սոխի, որ ես կեղևում էի ամեն օր՝ գիտենալով, որ երբեք չեմ հասնի միջուկին: Քաղաքը չափազանց ամբողջական է և այնքան պատմությամբ լեցուն: Համոզված չեմ, թե հնարավոր է բացահայտել նույնիսկ մի մասնիկը: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց` միտքս տարված էր Արմին Վեգների և «Մերձավոր Արևելքի նպաստամատույց ընկերության» լուսանկարներով, որոնք պատկերում են 1915-ի բռնագաղթը, Կոմիտասին, Սիամանթոյին, Վարուժանին, բոլոր մեր մտավորականներին և հասարակության անդամներին, ովքեր ձերբակալվել են միևնույն սարսափելի օրը: Ես Ստամբուլ գնացի լարված և զայրացած, սակայն իմ բարեկամների և պոլսահայերի շնորհիվ շուտով գիտակցեցի, որ իմ մշակութային ԴՆԹ-ի մի մասն իսկապես սկիզբ է առնում այնտեղից: Ստամբուլի որոշ փողոցներ «դեժա վյուի» տարօրինակ զգացողություն են առաջացնում: Մինչև հիմա չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ այդ զգացողությունը: Ես զգում էի, որ տուն եմ վերադարձել, բայց և գիտեի, որ դեռևս օտարական եմ այդ քաղաքում: Այդ վիճակում ես գիտակցեցի, որ ոչ ցեղասպանությունը, ոչ հալածանքները, ոչ քաղաքականությունը չեն կարող պակասեցնել կամ թուլացնել հայ ազգի արտակարգ օժանդակությունը Ստամբուլի ճարտարապետությանը, մշակույթին, պատմությանը, ժառանգությանը, երաժշտությանը և հասարակական կյանքին: Ճարտարապետության ականավոր դեմքեր Միմար Սինանից և Պալյան եղբայրներից մինչև Ուդի Հրանտ, Հրանտ Դինք և մյուսներ, հայ ժողովրդի մեծագույն դեմքերից շատերը Պոլսի ծնունդ են: Այո, չնայած ես ինձ զգացի «երկփեղկված», ինչպես ֆիլմի հերոս Արմենակն է ասում, նաև զգացի, որ քաղաքը շատ ձգող է:
- Մեր օրերում կարծես թե մոդայիկ է դարձել «վերադարձ արմատներին» թեման: Սակայն քո հերոսի՝ Արմենակ Մուրադյանի վերադարձը մի փոքր տարբեր է թվում:
- Դեպի արմատներ մեր ուղևորությունը չի սկսվում կամ ավարտվում մեկ կամ երկու ճամփորդությամբ: Կարծում եմ, որ ամեն օր մենք մի փոքր ուղևորություն ենք կատարում դեպի մեր ընտանիքների անցյալը և դեպի մարդկության հավաքական մշակույթը, լինի Հայաստանը, թե Հունաստանը, Մեքսիկան, թե Ռուսաստանը: Ես սիրում եմ համաշխարհային մշակույթը, այնպես որ ամեն օրն ինձ համար ուղևորություն է դեպի իմ արմատները` որպես հայ, բայց, ինչն ավելի կարևոր է, որպես մարդ, որի հետ կարող են շփման մեջ մտնել աշխարհի արվեստագետները: Իմ ֆիլմում Արմենակի կերպարը թվում է մի անորոշություն, որը որպես հայ պարտավորված է զգում դեմհանդիման կանգնել անցյալին և գնալ փնտրել այն, ինչպես ցանկացած դիցաբանական կերպար, որն ինչ-որ վայր կամ մարդու է փնտրում: Ես ավելի ու ավելի խոր եմ գիտակցում, որ որքան էլ մենք «արտաքին» աշխարհն ենք փնտրում, վերջիվերջո այն վերածվում է «ներքին» ուղևորության՝ հայտնագործելու համար մեր հոգիները և մեր կոչումը: Արմենակի համար իր պապի ուդի խանութը փնտրելը (որը կործանվել է 1915-ի ապրիլի 24-ին) իր կոչման մի մասն է: Այդ վայրի հայտնագործումն ազատագրում է ցավը և անդրիմացականը (տրանսցենդենտը), ինչի կարիքը նա ուներ՝ ի վիճակի լինելու համար լիովին ընդունելու 1915-ին կատարվածը: Հույս ունեմ, որ հանդիսատեսը (հատկապես Թուրքիայում) կսկսի գիտակցել, որ սփյուռքն ստեղծվել է ցեղասպանության պատճառով: Ուրիշ ի՞նչ պատճառով հաճընցիները պիտի հայտնվեին Արգենտինայում, մուսալեռցիները` Պորտ Սաիդում կամ կիլիկեցիները՝ Մարսելում: Նրանք լցվել են առաջին իսկ նավերը, որոնք նրանց փրկել են կոտորածներից և բռնագաղթից: Եվ գրեթե հարյուր տարի անց ցեղասպանության շառավիղների համար, ինչպիսին Արմենակն է, 1915-ի ապրիլի 24-ը տակավին երեկվա օր է:
- Առաջին անգամ թուրքական ֆիլմում օգտագործվել է «ցեղասպանություն» բառը: Ինչպե՞ս էր դահլիճի արձագանքը` ստամբուլյան առաջնախաղի ժամանակ:
- Ինձ համար սկզբունքային էր, որ իմ կինոնկարը պարզորեն և բացահայտորեն հնչեցնի «ցեղասպանություն» բառը: Դա իմ հերոսի հոգեբանության և պատմության մի մասն է: Դա այն է, ինչ կատարվել է իմ ժողովրդի հետ, և ես պետք է ազատորեն խոսեի այդ մասին: Դա նաև իմ պայմանն էր, որպեսզի մասնակցեի նախագծին: Առաջնախաղին չկարողացա մասնակցել, սակայն ներկա են եղել իմ «ջիգյարով» դերասանները՝ Ժաքի Ներսեսյանը և Սեռա Յըլմազը: Նրանք ինձ ասացին, որ դահլիճը քար լռության մեջ է եղել հերոսի այդ մենախոսության ժամանակ: Երբ Արմենակն ասում է. «Իմ տատիկի ողջ գերդաստանը Այնթապից և Արաբկիրից անհետացել է ցեղասպանության ժամանակ», այդ պահին, Ժաքիի պատմելով, իր առջև նստած գրեթե բոլոր հանդիսականները շրջվել են դեպի կողքինները՝ չհավատալով իրենց լսած բառին: Շատ զգացվեցի՝ իմանալով, որ ֆիլմը հուզել է բազմաթիվ մարդկանց: «Ոսկե ծիրանի» իմ ընկերներից ոմանք ներկա են եղել և ինձ շատ գեղեցիկ էլեկտրոնային նամակ գրեցին՝ հայտնելով, թե որքան հուզված է եղել հանդիսատեսը: Ես իսկապես կուզենայի նկարահանել ֆիլմեր, որոնք կկամրջեին հայերի և թուրքերի միջև եղած անդունդը: Ժամանակն է նոր ուղիներ գտնել՝ հաղորդակցվելով կինոարվեստի միջոցով: Մենք ունենք այդ ներուժը: Քաղաքական գործիչները կշարունակեն վիճաբանել, միմյանց ձեռք սեղմել, փաստաթղթեր ստորագրել և ժպտալ խցիկների առաջ: Նրանք միջազգային դիվանագետներ են: Իսկ արվեստագետները մշակութային դիվանագետներն են և կամրջում են մշակույթները: Թող քաղաքական գործիչներն իրենց ճանապարհով գնան, իսկ արվեստագետներն ազատորեն ստեղծագործեն: Ես հպարտ եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախաձեռնած «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմով», որ շարունակում է առաջ տանել այս երկխոսությունը՝ հայ և թուրք կինոգործիչներին հրավիրելով գաղափարներ փոխանակել և համատեղ ֆիլմեր նկարահանել:
- Թվում է, թե գլխավոր հերոսի համար Ժաքի Ներսիսյանից ավելի լավ ընտրություն չէր կարող լինել, սակայն անակնկալ էր տեսնել թուրք դերասանուհի Սեռա Յըլմազին, ում նախապես տեսել էինք միասեռական թեմայով երկու իտալական կինոնկարներում:
- Այո, Ժաքի Ներսեսյանին մենք լավ հիշում ենք «Մայրիկ» ֆիլմից: Նրան հանդիպել եմ տարիներ առաջ, Փարիզում, իմ առաջին՝ «Կապույտ ժամը» ֆիլմի ցուցադրման ժամանակ: Երբեք չեմ մոռանա նրա թողած տպավորությունը: Այնքան լեցուն է կյանքով: Շատ երախտապարտ եմ Ատոմ Էգոյանին, որ երաշխավորեց Ժաքիի թեկնածությունը: Իմ հորաքույր Փառիկ Նազարյանն իմ հերոսն ու թալիսմանն էր այս ուղևորության ընթացքում՝ ոգեշնչելով Կոմիտասի երաժշտությամբ և «Սուրբ Կարապետ եմ գնացել» երգով, որով սկսվում է ֆիլմը: Թուրքական և եվրոպական ֆիլմերի սիրված դերասանուհի Սեռա Յըլմազը ի բնե դերասանուհի է, անպատկերացնելի հոգու տեր: Նա բազմաժանր արտիստուհի է, ուստի անսպասելի չէ քո նշած իտալական ֆիլմերում նրա խաղը: «Պոլիսի» նկարահանումների ժամանակ մեր միջև զարմանալի աշխատանքային հարաբերություններ ստեղծվեցին:
- Ֆիլմում լուսավոր և ստվերոտ տեսարանները հերթագայում են: Ստվերներն էական դեր են խաղում կինոնկարում՝ ասես խորհրդանշելով, որ շատ բան ստվերված է այդ քաղաքում: Միտումնավո՞ր ես դա արել:
- Ես ֆոտոլրագրողի կրթություն եմ ստացել, և կարծում եմ կինեմատոգրաֆիան սկսվում է պատմելու համար ճիշտ պատկերներ ստեղծելուց: Այդ պատճառով էլ շատ ստամբուլյան տեսարաններ կան: Ամբողջ քաղաքը լույս և ստվեր է: HD-ով նկարահանված գունավոր ֆիլմում ես ուզում էի, որ ստվերները խորասուզվեն Ժաքիի դեմքի մեջ, երբ նա խոսում է իր ընտանիքի պատմության մութ հատվածի մասին՝ հնությունների խանութի հենքին: Իսկ Սեռան այնպիսի հիշարժան և արտահայտիչ դեմք ունի` մենք փորձում էինք նրան հնարավորինս քիչ լուսավորել, քանի որ նրա աչքերն ինքնին խոսուն են: Ժաքին ևս այնպիսի անզուգական ներկայություն ունի էկրանին: HD-ով դու կարող ես շատ լույս չգործածել, ինչը նշանակում է ավելի արագ նկարահանել: Ինձ համար հաճույք էր այդ խմբի հետ աշխատելը: Մենք վազվզում էինք Ստամբուլով մեկ՝ նկարահանելու համար ֆիլմ մի թուրքի և մի հայի մասին, ովքեր ընդհանուր կապ ունեն: Ես գիտեի, որ սա հատուկ նախագիծ է և ցանկանում էի, որ այն լինի ձոն իմ ընտանիքին, սիրո մի նամակ՝ ուղղված հին Պոլսի ժառանգությանը:
- Կինոնկարի կարևոր բաղադրամասերից է երաժշտությունը:
- Երաժշտությունը ֆիլմում կենտրոնական դեր է խաղում: Ես ցանկանում էի սկսել «Սուրբ Կարապետով», երբ հերոսը քաղաքի եվրոպական մասից անցնում է ասիական մաս, որպեսզի գնա ուդի խանութ և նորոգի իր նվագարանը: Հետո մենք օգտագործեցինք մի թուրքական երգ, որ կատարում է էրզրումցի կամ կեսարացի հայուհին: Այն գտանք հին ձայնապնակից, որը տրամադրեց մի հնահավաք: Իմ սիրելի ընկերներ Մարալ Ագթոքմաքյանի և նրա ամուսին Արթոյի միջոցով ես ծանոթացա Դանիել աղբարիկի հետ, որը «Քնար» հիանալի խմբի ուդահարն է, տիգրանակերտցի: Ֆիլմը նրա կատարած «Սարի սիրուն յար» երգով է ավարտվում: Պարտական եմ իմ ընկերներին, առանց նրանց աջակցության ֆիլմը և իմ ստամբուլյան փորձառությունը նույնը չէին լինի:
- Եվ հայաստանցի հանդիսատեսը ե՞րբ կդիտի քո ֆիլմը:
- Հուսով եմ՝ մենք այն կցուցադրենք «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |