ԱՆՐԻ ՎԵՌՆՅՈՅ-ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ. ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
2010-ին լրացավ համաշխարհային կինոյի անցյալի նշանավոր հայորդիներից Անրի Վեռնյոյ-Աշոտ Մալաքյանի ծննդյան 90-ամյակը և ժամանակակից կինոյի նշանավոր հայորդիներից Ատոմ Էգոյանի ծննդյան 50 տարին։ Ռուբեն Մամուլյանի հետ մեկտեղ նրանք կազմում են միջազգային կինոյի երեք տարբեր սերունդների ամենից նշանակալից հայազգի կինոբեմադրիչների եռյակը։
Վեռնյոյն ու Էգոյանը ոճով և գեղագիտությամբ միմյանցից բավական տարբեր, գրեթե հակոտնյա արվեստագետներ են։ Եթե առաջինի կինեմատոգրաֆը քննադատությունը վաղուց ի վեր որակել է որպես «առևտրական» կամ «ժողովրդական», ապա երկրորդինը, ընդհակառակը, «էլիտար»։ Եթե Վեռնյոյը չէր վարանում հայտարարել, թե մեծ ուղերձներ չունի մարդկությանը փոխանցելու և իր առաքելությունը մարդկային մտածողությունը հեղաշրջելը չէ, այլ մի լավ գործ ներկայացնելը առավելագույն թվով մարդկանց («Ինչո՞ւ արհամարհել զանգվածին: Մեկ միլիոն հանդիսատես չի նշանակում մեկ միլիոն տխմար: Այնտեղ բոլոր դասակարգերն ու խավերն են»), ապա Էգոյանն էլ չէր վարանում հայտարարել, թե «Ասում են, որ ես ռիսկի եմ դիմում՝ նկարահանելով էլիտար շարժապատկերներ՝ հասցեագրված ինտելեկտուալ հանդիսականին: Շարունակելու եմ հետագայում էլ անել, ինչն անհրաժեշտ եմ գտնում. ես չեմ ձգտում նվաճել ողջ աշխարհը»: Եվ իսկապես, եթե Վեռնյոյի ֆիլմերն առավելագույն հետաքրքությամբ մատուցվող դետեկտիվ-ոստիկանական ուղղագիծ պատմություններ են, ապա Էգոյանի ֆիլմերը՝ բազմաշերտ և ընդգրկուն, որոնք հաճախ ներկայացնում են մարդկային հարաբերությունների ոչ թե «տեսանելի» կողմերը, այլ հաճախ ներքինը, աննշմարելին։ Էգոյանին գրավում են համամարդկային թեմաները, որոնք նա դիտարկում է ընտանիքի, սիրո, պարտքի, զգացման օտարացման, սերունդների միջև հարաբերությունների խնդիրների համատեքստում: Այս ամենը էկրանային կյանք է ստանում միմյանց անտեսանելի թելերով կապված բազմաթիվ կերպարների, առաջին հայացքից իրար հետ առնչություն չունեցող իրադրությունների, նաև տեխնիկայի մշտական ներկայության շնորհիվ: Բեմադրիչը մատը դնում է հասարակության խնդիրների ամենացավոտ կետերի վրա, որպիսիք են գիտատեխնիկական նվաճումների ազդեցությունը մարդկային հարաբերությունների վրա, մարդու միայնությունը և մարդկայինի նահանջը բռնության, սեքսի և արժեքների անկման տիրապետության ներքո, ընտանեկան նորմերի խախտումները և հաճախադեպ՝ մոտիկ հարազատների ֆիզիկական կորստի առաջացրած դժվարին և անհաղթահարելի իրավիճակները։ Եվ չնայած հաճախ սարքովի դիպաշարերին՝ Էգոյանը կարողանում է հասնել կինեմատոգրաֆիական բացառիկ համոզչության, հուզական մեծ ներգործության:
Այդուհանդերձ, թե՛ Անրի Վեռնյոյի, թե՛ Ատոմ Էգոյանի ստեղծագործություններում հնարավոր է դիտարկել որոշ ընդհանրություններ։ Նրանց միավորում է ոչ միայն ազգային պատկանելիությունը, համեստ հայ գաղթական ընտանիքից սերված լինելը, գործունեության սկզբում գրականությամբ և երաժշտությամբ զբաղվելը, այլև կինոպատումներ արարելու վարպետությունը, իրականության մեջ անհավանական պատմությունները միանգամայն հավաստի ներկայացնելու ձիրքը։ Երկուսն էլ իրենց առաջին կինոփորձերը սկսել են հայկական թեմաներից (Վեռնյոյը՝ «Հայ վշտի և ազատության երգիչը» փաստագրությամբ՝ Ավետիս Ահարոնյանի մասին, Էգոյանը՝ հայ հերոսներ ունեցող «Հարազատը» խաղարկային ֆիլմով)։ Երկուսն էլ Մեծ եղեռնի զավակներ էին, ուստիև միանգամայն բնական էր այդ թեմային անդրադարձը երկուսի կողմից էլ՝ ի դեմս «Մայրիկի» և «Արարատի», որոնք եղան մեծ էկրանին ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմերի փորձերը։ Սակայն եթե հայ հանդիսատեսը եղեռնապատում լայնակտավ կինոյի իր մեծ սպասումներն ավելի արդարացրած գտավ Վեռնյոյի միագիծ, սովորական շարժանկարում, նրա համար մեծ մասամբ այդպես էլ անհասկանալի և անընդունելի մնաց «Արարատը», որը ֆիլմ է և ֆիլմ չէ հայոց եղեռնի մասին, որտեղ ցեղասպանությունը ոչ թե պատմական իրադարձությունների սոսկական վերհանում է, այլ սփյուռքահայ սերունդների գիտակցության մեջ առկա և նրա պատմական հիշողությունն ու ինքնությունը կերտող գործոն։
Ի դեպ, պետք է նշել, որ երբ երկու բեմադրիչներն էլ շեղվեցին իրենց ոճից և թեմաներից, երկուսն էլ չհասան գոհացուցիչ արդյունքների։ Կինեմատոգրաֆիկ առումով միանգամայն թույլ էին թե՛ դետեկտիվի վարպետ Վեռնյոյի «Մայրիկ» չափազանց անձնական մելոդրաման, թե՛ հոգեբանական դրամաների վարպետ Էգոյանի «Որտեղ թաքնված է ճշմարտությունը» դետեկտիվը, որտեղ բացակայում է էգոյանական ինքնատիպ կինոձեռագիրը։ Ճիշտ է, «Մայրիկը» հնարավորություն տվեց լայն հանդիսատեսին առնչվել անցյալի ողբերգական իրադարձություններին, սակայն այդքանով սահմանափակվեց նրա դերը:
Կյանքի վերջին Անրի Վեռնյոյը դարձավ Ֆրանսիական Ակադեմիայի անդամ՝ արժանանալով «անմահներից» մեկը կոչվելու պատվին։ Կանադան ևս կոչումներ և պարգևներ չի խնայում Էգոյանին՝ անվանելով նրան իր ազգային հպարտությունը։ Երկու կինոբեմադրիչներին ծնած ժողովուրդը ևս ըստ արժանվույն գնահատում է իր զավակների վաստակը։ Ֆրանսիական և կանադական կինեմատոգրաֆում իրենց որոշակի խոսքն ասած և իրենց ազգային ինքնությունն էկրանին արտահայտած այս երկու վարպետները մեծարվեցին «Ոսկե ծիրան–2010»-ի շրջանակներում…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |