Արտիստուհին՝ Երկվարդ անունով: Ի հիշատակ Ռոզի Վարդի
Հունվարի 14-ին աշխարհի լրատվական գործակալությունները գուժեցին ֆրանսիական թատրոնի, կինոյի եւ հեռատեսիլի հայազգի դերասանուհի Ռոզի Վարդի մահը: «Մնաս բարով, Մագի», «Նա իր դարաշրջանի ամենավառ կանանցից էր եւ ամենաականավոր կատակերգուհիներից մեկը» եւ այլ արձագանքներ վկայեցին այն սիրո եւ հռչակի մասին, որ վայելում էր Ռոզի Վարդը:
Թեեւ նրա ծննդյան թվականը մշտապես նշվել է 1927-ը, սակայն մահագրականներից պարզ դարձավ, որ դերասանուհին իրականում ծնվել էր 1923-ին: Նա ծնունդով Պոլսից էր, դուստրն էր Հովհաննես (Ժան) Մանուելյանի եւ Աղավնի (Կոլոմբ) Սարգիսի եւ իսկական անունը Նվարդ էր: Մի հարցազրույցի ժամանակ դերասանուհին ասել է. «Հայ ժողովուրդը չափազանց տանջված է: Երբեմն ռուսներն են մեզ վնասել, երբեմն թուրքերը ջարդել: Մի քանի ընտանիք, որոնց մեջ եւ իմը, ճողոպրել են այդ հավիտենական Սուրբ Բարդուղիմեոսից, 1927-ին եկել են Ֆրանսիա»: Մի քանի ամսական է եղել Նվարդը, երբ ծնողները տեղափոխվել են Լիոն, որտեղ հայրը ճաշարան է բացել, այնուհետեւ հաստատվել են Փարիզում: Նվարդը սովորել է Բուլոնյի իգական դպրոցում:
Առաջին անգամ Նվարդ Մանուելյանը բեմ բարձրացավ 10 տարեկանում՝ Սեւրի Մխիթարյան դպրոցում բեմադրված «Արաբո» ներկայացման մեջ խաղալով զինվորի դեր: Այսպիսով, ապագա ֆրանսիական սիրված դերասանուհու առաջին ելույթը հայ բեմի վրա էր, հայ հանրության առջեւ եւ հայոց լեզվով: «Երեք տարեկանից բեմում խաղալ եմ երազել: Երբ ինձ հարցնում էին, թե ինչ եմ ուզում, «թատրոն»՝ պատասխանում էի անվերապահորեն: Սակայն ծնողներս չէին հասկանում այդ փափագս: Մայրս, որ արեւելյան ավանդույթներին հավատարիմ կին էր, կյանքում ոտք չէր դրել թատրոն: Մորս համար անընդունելի էր ընտրությունս, նա ուզում էր, որ թողնեմ թատրոնը եւ ամուսնանամ արհեստավորի հետ: Իսկ իմ միակ փափագը սիրած գործը շարունակելն էր: Ամենեւին փառասեր չեմ: Հավանաբար արեւելյան ծագումիս եմ պարտական, որ ճակատագրապաշտ եմ: Եթե թատրոնը չլիներ, չգիտեմ, թե ինչ կդառնայի...»:
Լիցեյն ավարտելուց հետո Նվարդը դերասան Գաբրիել Ֆոնտարի ղեկավարությամբ հետեւել է կատակերգության դասընթացի: Ֆրանսիայի նացիստական բռնազավթման շրջանում Սեդայի դերով հանդես է եկել Շանթի «Հին աստվածների» բեմադրության մեջ: Հատկանշական է, որ թեեւ հայերեն կարդալ չի իմացել, սակայն դերը բերանացի անգիր է սովորել: Առանց որեւէ դժվարության մուտք է գործել թատրոն՝ պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ հանդես գալով 1945-ին Շանզ Էլիզեի թատերական ստուդիայում ներկայացված Մարտենսի «Ստահակները դրախտում» թատերախաղում: Սրան հետեւել է Անդրե Օբերի «Մարիան» թատերախաղը: Կարճահասակ, հաճելի արտաքինով, բուռն տեմպերամենտով օժտված Նվարդ Մանուելյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 1951-ին՝ Ռոբեր Դեսնոսի եւ Գիյոմ Անոտոյի «Ուրվականի գանգատը» թատերախաղում: Նրան շնորհավորանքի խոսքեր է ասել Փարիզում գտնվող իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Աննա Մանյանին: Ռոզի Վարդ բեմանվամբ հանդես եկող Նվարդը շուտով արժանացել է ֆրանսիական թատրոնի ականավոր բեմադրիչներ Ժան Վիլարի եւ Ժաք Էբերտոյի ուշադրությանը: Այս շրջանում նա պատասխանատու դերեր է ստանձնել նաեւ Սթայնբեքի «Մկների եւ մարդկանց մասին» վեպի թատերական տարբերակում (1946) եւ Մոլնարի «Լիլիոմ» պիեսի ներկայացման մեջ (1947): 1952-ին ֆրանսիական թատրոնի հայազգի բեմադրիչ Ռայմոն Էրմանտյեն Ռոզիին հանձնարարել է գլխավոր դեր Արիստոֆանեսի «Լիսիտրատեի» բեմադրության մեջ: Դերասանուհին աշխատել է փարիզյան գրեթե բոլոր մեծ թատրոններում՝ «Օդեոն», «Թեատրը դը Շանզ Էլիզե», «Մադլեն», «Միշել», «Պալե Ռուայալ», «Նոկտամբյուլ», «Ատելյե», «Պարի», «Թեատրը դը լ’Էստ Պարիզյեն», ինչպես նաեւ՝ «Կոմեդի Ֆրանսեզ»:
Ահա մի փունջ այն ներկայացումներից, որոնցում փայլել է Ռոզի Վարդը. «Զրկվածները դրախտում», «Լուար», «Այծերի կղզին», «Եթե երբեւէ քեզ բռնեմ», «Սեր, որ չի վերջանում», «Մեծ վագրաձի», «Ֆիլումենա Մարտուրանո», «Ձկնկի՞թ, թե՞ ոսպ», «Վասսա Ժելեզնովա», «Մարիա», «Միք Մալ», «Երեք հրացանակիրներ», «Մարի Թյուդոր», «Կամակոր կնոջ սանձահարումը», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Զբոսայգում ոտաբոբիկ», «Թագավորը վախճանվում է», «Պերճանք եւ թշվառություն», «Ստոկհոլմի դուստրը», «Մեր բարեկամ Տյուսան», «Հենրի Դ», «Խեղկատակների ընտանիքը» եւ այլն... Իր կատարած դերերի որոշակի թիվը դերասանուհին ինքն էլ չի իմացել, բայց փաստ է, որ դրանք 150-ից ավելի են...
Մամուլը մշտապես արձագանքել է հայազգի դերասանուհու ելույթներին, դրվատել նրա ճկուն, բնական խաղաոճը, հումորի վառ զգացումը, երգելու, կատակելու ձիրքը... Վարդն ավելի հաճախ մարմնավորել է քմահաճ, կռվազան, բացասական հերոսուհիների եւ հաջողության հասել կատակերգություններում: Ալֆրեդ Ժարիի «Ուբու» պիեսում (բեմադրիչ՝ Ժան Վիլար, 1958) նրա մարմնավորած մայր Ուբուի դերակատարման առթիվ քննադատ Գ. Լեոնը նշել է. «Ռոզի Վարդը նեապոլիտանուհի է այնքան, որքան թերեւս մայր Ուբուն ինքը: Այսինքն՝ նա մեծ դերասանուհի է...»:
Դերասանուհին անդամակցել է «Մոլիերի տուն» ընկերակցությանը, որի անդամները 1974 թ. Ռոզիին ներկայացրել են «Պատվո լեգեոնի» շքանշանի պատվավոր կոչման: «Կոմեդի Ֆրանսեզի» ավագագույն դերասան Ժան Շերոնը շքանշանի հանձման ժամանակ նշել է, որ Ռոզի Վարդն այն բացառիկ դերասաններից է, որի հետ ամեն դերասան փափագում է դեր ունենալ, իսկ ամեն բեմադրիչ ցանկանում է նրան ունենալ իր խաղացանկում:
Կինոյում Ռոզի Վարդի դեբյուտը կայացել է 1949-ին՝ Անրի-Ժորժ Կլուզոյի «Մանոն» ժապավենում: Դրան հետեւել են Անդրե Միշելի «Երեք կին» (1952), Ժան Ռենուարի «Ֆրանսիական կանկան» եւ Ալեքս Ժոֆֆեի «Հուսարները» (1955), «Կիրակնօրյա մարդասպանները» (1956), «Ֆորտյունատ» (1960) եւ «Վհատություն» (1961), Կառլո Ռիմի «Փոքրիկ ուսուցիչը» (1959), Ֆրանսուա Տրյուֆոյի «Սերը քսան տարեկանում» (1962) եւ «Սերը վազքի մեջ» (1979), Ժորժ Ֆրանժյուի «Թոմա Ինքնակոչ» (1964), Ֆիլիպ դը Բրոկայի «Ընկերակիցը» (1965), Լեո Ժոաննոնի «Երեք մանուկ շփոթության մեջ» եւ Դընի դը լա Պատելյերի «Հոր ուղեւորությունը» (1966), Էդուար Մոլինարոյի «Իմ քեռի Բենժամենը» եւ Ռիչարդ Բալդուչչիի «Ընտանիքի պատիվը» (1969), «Նոստրադամուս կամ երկրի մարգարեն» (1970), Կլոդ Բերիի «Հովանավորյալը» (1970), Պիեռ Չեռնիայի «Ցմահ» (1972), հայազգի Քրիստիան Կազայի «Մեծ Նուբան» (1973), Էդդի Մատալոնի «Մի՛ մտածիր, կանցնի» (1980), Կլոդ Սոտեի «Մատուցո՛ղ» (1985) եւ այլ շարժանկարներ: Հարկ է նկատել, որ կատակերգուհու դերահակումով Ռոզի Վարդին կինոնկարներում հաջողվել են նաեւ դրամատիկական եւ հոգեբանական կերպարները: Նրա ավանդը մեծ է նաեւ հեռատեսիլի բնագավառում, որտեղ գլխավոր դերերով հանդես է եկել Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը» (1962), «Հիշեցրե՛ք ինձ ձեր անունը» (1969), Ժորժ Ֆեյդոյի «Լոշի նշանվածները» (1970), Ալֆոնս Դոդեի «Գեղեցիկ նիվերնեզուհին» գործերի բեմադրություններում եւ մի շարք հեռուստաֆիլմերում: 1967-ին ֆրանսիական պատկերասփյուռը ցուցադրել է «Անմեղ ծաղկավաճառուհին», որտեղ հայազգի աստղը կատարել է ծաղիկ վաճառող Կոնչայի եւ մարշալի կնոջ դերերը: Մամուլի հավաստիացմամբ՝ «զարմանալի կատակերգուհի» Ռոզի Վարդն այս գործում մեկնաբանել է հրեշտակի պես բարի մի կնոջ եւ սատանայի պես չար մի կնոջ կրկնակ դերերը»:
Հայ հանդիսատեսն իր հայրենակցուհուն երեւանյան կինոպաստառներին առաջին անգամ տեսել է Թերեզի դերում՝ Ժաք Բեսնարի «Հաջող գործարք» (1972) կինոկատակերգության մեջ: Սրան հետեւել են Մոլիերի թատերգության էկրանացումը՝ Ռոժե Կոջջոյի «Քաղքենին՝ ազնվական» (տիկին Ժուրդեն) եւ Անրի Վեռնոյի «Սարսափ քաղաքի վրա» դետեկտիվը (Ժերմեն Դուազոն): Այս ժապավենում նրա խաղընկերն էր հռչակավոր Ժան-Պոլ Բելմոնդոն: Վերջինիս հետ Ռոզին նկարահանվել է նաեւ Ժորժ Լոթների «Ուրախ Զատիկ» շարժապատկերում (Մառլեն Շատենյո): Ռուսաստանի հեռատեսիլով 1992-ին ցուցադրվել է Արիան Ադրիանիի եւ Դիդյե Ալբերի «Մագի» ֆրանսիական կատակերգական շարքը, որտեղ գլխավոր հերոսուհու՝ Մագիի դերում Ռոզի Վարդն էր: Այդ դերակատարումով հայազգի դերասանուհին մեծ ժողովրդականություն է վայելել Արեւմտյան Եվրոպայում՝ չնայած կատակերգության ավելի քան պարզունակ բնույթին: 1987-ին ֆրանսիական հեռատեսիլի «Ոսկե յոթ» մրցանակաբաշխությունում «Մագիի» շնորհիվ Ռոզի Վարդը ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ մրցակիցներ ունենալով Միշել Մորգանի, Դելֆին Սեյրիգի եւ Միու-Միուի պես հռչակավոր դեմքերի: Ի դեպ, մրցանակը նրան հանձնել է ֆրանսիական թատրոնի, կինոյի եւ հեռատեսիլի մեկ այլ նշանավոր հայազգի դերասանուհի՝ Ալիս Սափրիչը:
Ռոզի Վարդը հանդես է եկել նաեւ որպես երգչուհի եւ՝ ձայնասփյուռում: 1968-ին «Ֆրանս Էնտեր» ռադիոկայանից ընթերցել է նովելներ, իսկ «Եվրոպա թիվ մեկ» կայանից կարդացել «Հեղինեն եւ իր ճակատագիրը» թերթոնը, որին հինգ տարի շարունակ անհամբերությամբ հետեւել են միլիոնավոր ունկնդիրներ: Մեծ ժողովրդականություն է վայելել նաեւ նրա ընթերցած «Չորս հովերի ծնունդը»:
Ռոզի Վարդը բավական ուշ է ամուսնացել՝ 1980-ին (կինոբեմադրիչ Պիեռ Բադելի հետ): Դեպքից դեպք մասնակցել է հայ գաղութի միջոցառումներին: 1968-ի ապրիլին Լյուտեսում Ալիս Սափրիչի եւ բանաստեղծ Ռուբեն Մելիքի հետ մասնակցել է Սիլվա Կապուտիկյանի հետ հանդիպմանը: Տարբեր ժամանակներում նա հանդիպել է նաեւ Հայաստանից ժամանած իր գործընկերների՝ Մհեր Մկրտչյանի եւ Վարդուհի Վարդերեսյանի հետ: 1989-ի սկզբին ընդգրկվել է Շառլ Ազնավուրի եւ Կառվարենցի «Քեզ համար, Հայաստան» երգը կատարող դերասանների եւ երգիչների շարքում:
2002-ին դերասանուհին հրաժեշտ է տվել թատրոնին, սակայն շարունակել նկարահանվել կինոյում: Նրա մասնակցությամբ նկարահանված վերջին ֆիլմն էր Լորանս Կատրիանի «Յուբերը եւ շունը» հեռուստաֆիլմը (2007), որտեղ նա մարմնավորել է գլխավոր հերոսուհիներից Էլեոնորին:
2005 թվականին Փարիզում բախտն ունեցանք հյուրընկալվել Ռոզի Վարդի տանը եւ հարցազրույց ունեցանք հետը (տես «Ազգ», 24.11.2005): Նա խոսում էր ֆրանսախառն հայերեն: «Առաջ ես շատ վարժ էի հայերեն խոսում: Մայրս՝ Աղավնի Սարգիսյանը, այդպես էլ ֆրանսերեն չսովորեց, ես ու քույրերս ստիպված նրա հետ միայն հայերեն էինք խոսում: Քրոջս զավակներին իմ ցանկությամբ ուսման տվեցինք Սեւրի Մխիթարյան վարժարան»: Եվ ապա. «Միշտ ուզել եմ Հայաստան այցելել, բայց այդպես էլ չի ստացվել: Մորեղբայրս 1947-ին հայրենադարձվեց Հայաստան, սակայն հետագայում վերադարձավ Փարիզ եւ ապրեց ու մահացավ հենց այս տանը: Նրանից շատ եմ լսել Հայաստանի մասին: Այժմ մի երիտասարդ բեմադրիչ ծրագրում է ֆիլմ նկարահանել Հայաստանում եւ ինձ էլ դեր է առաջարկել: Սցենարը կարդացել եմ, շատ լավն է: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ հաջորդ տարի այդ նկարահանող խմբի հետ կայցելեմ Հայաստան»:
Հայկական թեմայով այդ ֆիլմը նկարահանվեց, սակայն, ցավոք, առանց Ռոզի Վարդի, որն այդպես էլ չայցելեց նախնիների հայրենիք... Նա կյանքից հեռացավ թոքերի անբավարարվածությունից, Նեյի-սյուր-Սենի ամերիկյան հիվանդանոցում:
«Մահացավ լեգենդար դերասանուհին», արձանագրեցին ֆրանսիական գլխավոր թերթերը եւ կայքէջերը: Սակայն տարակույս չկա, որ Ռոզի Վարդ անունով լեգենդը դեռ շարունակելու է մեծ ու փոքր էկրաններից ծիծաղեցնել եւ հուզել հանդիսատեսին...
culture.azg.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |