artsvi.bakhchinyan
Logo

ԹԵԺ ԿԵՏԵՐԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՒՀԻՆ

Article image «Երրորդ» աշխարհ, խնդրահարույց տարածաշրջաններ և իրադարձություններ՝ լինի Վիետնամի պատերազմը թե իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Թայլանդի ու Լաոսի ազգային փոքրամասնությունների կամ Հնդկաստանի այլևայլ հիմնահարցերը, պոլինեզացիների պայքարի պատմությունը և Եգիպտոսի ու Սիրիայի հեղափոխությունները... Մարդկային յուրօրինակ ճակատագրեր, հին ու նոր, կանանց ու տղամարդկանց, խաթարված մեծ տերությունների խաղերի հետևանքով... Եվ, իհարկե, հայկական հիմնախնդիրներ, ցեղասպանության մշտագո թեման՝ բեկված վերապրողների և նոր սերունդների ճակատագրերում, նաև արցախյան ազատամարտ, սփյուռքահայի ինքնություն... Այս է վավերագրող Սյուզան Խարտալյանի կինոմիջավայրը, նրա տասնյակ ֆիլմերի և ռեպորտաժների աշխարհը։ Քառորդ դարից ավելի է, ինչ այս կինոխցիկով կինը հայտնվում է աշխարհի ամենատարբեր թեժ կետերում և կինոյի լեզվով աշխարհին պատմում այսօրվա աշխարհի անվերջանալի խնդիրների մասին...

Արմատներով Կիլիկիայից և Մուսա լեռից, 1956-ին Բեյրութում ծնված և Շվեդիայում բնակվող Սյուզան Խարտալյանը բազմամշակույթ և միաժամանակ սեփական մշակույթին փարված սփյուռքահայի այն տեսակն է, որի եռանդուն գործունեությունը չի սահմանափակվում մեկ բնագավառով։ Միջազգային հարաբերությունների մասնագետ, որ նկարահանում է ֆիլմեր և հեռուստատեսային ռեպորտաժներ՝ հաճախ լինելով նաև դրանց սցենարի հեղինակը և խմբագիրը, հայերեն, անգլերեն և շվեդերեն հոդվածներով աշխատակցում մամուլին, պայքարում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Սյուզանն ուսանել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում (կենսաբանություն և գիտությունների դասավանդում), Փարիզի լրագրողների կատարելագործման կենտրոնում (հետաքննական լրագրություն) և ամերիկյան Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր դպրոցում (իրավունք և դիվանագիտություն), մայրենի հայերենից բացի վարժ տիրապետում է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, շվեդերեն լեզուներին (գիտի նաև տարրական թուրքերեն և իտալերեն)։ Ամուսնանալով շվեդ կինովավերագրող Փեո Օքե Հոլմքվիսթի հետ՝ հաստատվել է Ստոկհոլմում, որտեղ դարձել է Շվեդական դրամատիկ ինստիտուտի գիտաշխատող և սկսել վավերագրական ֆիլմեր նկարահանել սկանդինավյան հեռուստաընկերությունների համար։

Եվ Շվեդիայում հաստատված հայուհու շնորհիվ էր, որ հայության հետ լայն կապեր չունեցող այդ երկրում ստեղծվեց հայոց ցեղասպանության և հայերի պահանջատիրության մասին պատմող առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Վերադարձ Արարատը» (1988)։ Սյուզանն ամուսնու հետ շրջեց Արևմտյան Հայաստանում, գտավ և խոսեցրեց եղեռնը հիշող ծպտյալ հայերի, եղավ տարբեր գաղթավայրերում, ցույց տվեց հայության հանրային և առօրյա կյանքը ու նրա ամենօրյա պայքարը հանուն արդարության վերականգնման, ինչպես նաև թուրքերի ժխտողականությունը։ «Վերադարձ Արարատը» ճանաչվեց 1988-ի լավագույն շվեդական ֆիլմը՝ արժանանալով «Գուլդբագեն» մրցանակի (շվեդական «Օսքարին»)։ Այն ցուցադրվեց 30 հեռուստակայաններով, իսկ 1989-ին՝ նաև երևանյան կինոէկրաններին, մեծ խանդավառություն առաջացնելով ազգային զարթոնք ապրող և երկրաշարժի ու արցախյան խնդիրների ցավերով տառապող հայաստանցիների մեջ։ Առաջին անգամ էկրանին հայաստանցի հանդիսականը շոշափելիորեն տեսավ Արևմտյան Հայաստանի՝ այն ժամանակ այնքան հեռու և անմատչելի թվացող տեսարանները, ինչպես նաև գոհունակությւոն ապրեց՝ ֆիլմի վերջում տեսնելով նաև արցախյան շարժման միլիոնանոց միտինգների կադրերը։

Հայկական և միջազգային թեմաներն ասես հերթագայում են Սյուզան Խարտալյանի ստեղծագործության մեջ։ Հիմնականում ամուսնու համագործակցությամբ ստեղծված նրա ֆիլմագրությունն ընդգրկում են «Հաղորդում Լեռնային Ղարաբաղից» (1990), «Երեխաների Բեյրութը» (1990), «Նրանք թակեցին մեր դուռը» (1991), «Նորից արի, Գաբի» (1991), «Անապահով հող» (1993), «Թաքնվիր, Անիսլա», «Գազայի առյուծը» (1996), «Նրա հայ ասպետը» (1997), «Հաշիշից մինչև քրիզանթեմներ» (2000), «Բառեր և քարեր» (2001), «Որտեղ է իմ հաղթանակը» (2002), «Ատում եմ շներին. վերջին վերապրողը» (2005), «Ցնդաբանություն» (2006), «Գազայի երիտասարդ Ֆրոյդը» (2008) և այլ վավերագրություններ: Խարտալյան-Հոլմքվիսթ զույգի բոլոր ֆիլմերը, անկախ այս կամ այն չափով քաղաքականացված լինելուն, ընդհանուր առմամբ անտեսվածների, ճնշվածների հանդեպ ուշադրության և արդարության կոչեր են, հանդուրժողականության ուղերձներ։ Այսպես, «Անապահով հողը» ներկայացնում է օտարերկրացիներին հակակրող երկու երիտասարդ շվեդների, որոնց ուղևորությունը Բեյրութ հիմնովին փոխում է նրանց կյանքը...

Հայկական թեման Խարտալյանի վավերագրության անքակտելի մասն է, որը չի սահմանափակվում միայն ցեղասպանությամբ (ի դեպ, այդ թեմայով իր հետազոտություները նա ամփոփել է 2009-ին հրատարակած «Պատմվածի ազատագրումը» շվեդերեն գրքում)։ Սյուզանը, հավատարիմ հետազոտող լրագրողի իր մասնագիտությանը և կոչմանը, գրչով և կինոխցիկով հետամուտ է եղել մի շարք անթեղված ճակատագրերի և իրողությունների վերհանմանը։ «Նրա հայ ասպետը» փաստագրության հերոսուհին Ուփսալայի ծեր բնակչուհի Յոթա Ֆյել-Երզնկյանն է, որը բառացիորեն կինոխցիկի աչքի առաջ ֆիլմի հեղինակների հետ մեկտեղ բացահայտում է հանգուցյալ ամուսնու՝ Շվեդիայում ապաստանած խորհրդային երբեմնի պետական գործիչ և գրող Սուրեն Երզնկյան-Լորելլիի իրական կերպարը: «Ատում եմ շներին. վերջին վերապրողը» ֆիլմի հերոսը եղեռնից փրկված Կարպիսն է, որի վերապրելու անձնական փորձառության միջոցով բացահայտվում է նաև շների հանդեպ նրա ատելության գաղտնիքը։ «Որտեղ է իմ հաղթանակը» կինոնկարով բարձրացվում է շատ նուրբ (և ցավո՛տ) մի թեմա՝ արցախյան ազատամարտիկների հետագա կյանքը պատերազմից հետո։ Իսկ նրա վերջին՝ «Տատիկի դաջվածքները» կինոֆիլմում սեփական ընտանիքի անցյալի մի ծանր գաղտնիքի վերհանմամբ Խարտալյանն առաջին անգամ երևան է բերում ցեղասպանության տաբուներից մեկը՝ բռնաբարության և սեռական ստրկության թեման։ Այս աշխատանքը դիտել են միլիոնավոր հանդիսատեսներ, հատկապես «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով ցուցադրվելու շնորհիվ, որի լսարանն ընդգրկում է ողջ Աֆրիկան, Ասիան, Եվրոպան, Ավստրալիան: Այն դիտել են նաև Ճապոնիայում և Լատինական Ամերիկայում...

«Ես ինքս նույնքան ծանր եմ կրում Եղեռնի հետևանքները, որքան բոլոր հայերը, բայց ինձ պարտված, կլանված ու խորտակված չեմ զգում: Ընդհակառակը...»։ Այս հավատամքով է ապրում և ստեղծագործում Շվեդիայում ընտանիք կազմած, սակայն աշխարհով մեկ իր կինոխցիկով ճշմարտություններ արձանագրող այս անդադրում, ազգանվեր հայուհին՝ գրող-կինովավերագրող Սյուզան Խարտալյանը...

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1843
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott