artsvi.bakhchinyan
Logo

ՃՈՐՏՈՒՀՈՒ ՀԵՇՏԱՆՔԸ

Article image Զարուհի Պետրոսյանի և բոլոր ժամանակներում ընտանեկան բռնության զոհ դարձած հայուհիների հիշատակին

Արդեն չորսուկես տարի է՝ Հռիփսիմեն լուռումունջ ծեծուջարդի էր ենթարկվում ամուսնու կողմից: Առաջին թեթև ծեծը կերավ դեռ նշանված ժամանակ, ինչպես միշտ՝ խանդի հողի վրա (փողոցում մի տղա իրենից ժամ էր հարցրել, ինքն էլ պատասխանել էր): Բայց այդ ժամանակ արդեն ռիսկ չարեց նշանը հետ տալ. իրենց փոքրիկ քաղաքում իր անունը կընկներ, իսկ դա մեռնելուց վատ էր: Հասկացավ, որ վայրենու հետ է կյանքը կապում, բայց շրջապատը մի գլուխ հավանություն էր տալիս իր ամուսնությանը Գրիշի հետ, որը, ասում են, ՙթասիբով տղա է՚, իսկ ծեծ ուտելն էլ գիտեր, որ ընդունված բան է: Հրեն, իր հորեղբայրը պարբերաբար ծեծում է կնոջը, իսկ հարևանուհին մի անգամ քիչ էր մնացել կողոսկրը ջարդեր ամուսնու քացու տակ:
Ինչևէ, Հռիփսիմեն ամուսնացավ Գրիշի հետ, չորսուկես տարում երեք երեխա ունեցան, բայց ոչ մի օր սեր ու ուշադրություն չտեսավ ամուսնուց: Գրիշ կոչվածն արգելեց իրեն աշխատել, հինգ տարի համալսարանի ռոմանոյում սովորածը ջուրն ընկավ: Ցերեկները՝ կենցաղային անվերջանալի հոգսեր, երեկոները՝ նույնը, սակայն համեմված աշխատանքից վերադարձած հաճախ հարբած Գրիշի հայհոյանքներով և ծեծով, գիշերներն էլ՝ անհաճույք սեքս: ՙEs ist mein Leben!՚ ,– մտքում ասում էր իր ճակատագրին համակերպված Հռիփսիմեն՝ թարգմանելով հայտնի երգի բառերն իր սովորած լեզվով…
Բայց այս մի անգամվա ծեծը չլսված-չտեսնված տեսակից էր: Պատճառը՝ Հռիփսիմեն փողոցում տեսել էր բանակից նոր վերադարձած հեռավոր ազգականին և ամբողջ քաղաքի աչքի առաջ ժպտացել էր նրան ու դեռ մի քույրական պաչիկ էր տվել: Այս անգամ Գրիշը կնոջը կանգնեցրել էր սենյակի անկյունում, ինքը կանգնել էր սեղանին և լիքը քացիներ հասցրել Հռիփսիմեի կրծքերին ու դեմքին, մինչև որ կինն ուշաթափ ընկել էր: Սկեսուրը ջրհորի կիսակեղտոտ ջրից վրան մի դույլ թափել էր (բա մաքուր ջուրն ափսոս չի՞), դեմքին մի հատ թրջոց դրել և այդքանով իր գործը համարել ավարտված:
Սակայն հաջորդ առավոտ Գրիշը ստիպված եղավ մոր հետ Հռիփսիմեին բժշկի տանել, քանի որ կնոջ դեմքը կրկնակի ուռել, աջ հոնքն ու ձախ այտը պատռվել էին ու ողջ գիշեր արյունահոսել: ՙՔեզ կարգին պահեիր՝ էս օրը չէիր ընկնի՚,– ասաց Գրիշը: Երբ մտան պոլիկլինիկա, դեմները ելավ մի բժշկուհի, որն իրենց հեռու խնամի էր գալիս: Տեսնելով Հռիփսիմեին կրկնապատկված դեմքով՝ նա տեղում մեխված մնաց ու գոչեց.
–Վո՜ւյ, վո՜ւյ, ա՛յ անխիղճ, էս ի՞նչ օրն ես գցել աղջկան…
–Ե՞ս ինչ եմ արել,– քրթմնջաց Գրիշը,– աստիճաններից ա ընկել…
–Հա՞… դե էդ բանը հենց հիմա կգաս, դատական բժշկի՛ն կասես,– բղավեց բժշկուհին, բայց այստեղ Հռիփսիմեի սկեսուրը մեջ ընկավ.
–Գոռալով չի, է՞… դու մի հատ իրա՛ն հարցրու…
–Աղջի Հռիփսիկ, հո բոլորս էլ գիտենք, որ մարդդ քեզ ծեծում ա,– բորբոքված ասաց բժշկուհին,– դե ա՛սա, ծեծելուց չե՞ս էս օրն ընկել…
Հռիփսիմեն լուռ մնաց. ցավերից և ողջ գիշերն անքուն մնալուց բթացել, անզգայացել էր:
–Պատասխա՛նի, ա՛ղջի,– բշտեց Գրիշը:
–Պատասխա՛նի,– մյուս կողմից բշտեց սկեսուրը:
Հռիփսիմեն մտքում արագ ծանրութեթև արեց իր ճշմարիտ պատասխանի հետևանքները, իրեն պատկերացրեց չորս տախտակի մեջ և հորիզոնական վիճակում դուդուկի երաժշտության ներքո թափորի վրա օրորվելիս, պատկերացրեց երեխաներին խորթ մոր ձեռքի տակ մեծանալիս… և ուժերը հավաքելով՝ շատ կամաց շշնջաց.
–Ընկել եմ, բժշկուհի… շատ վատ վեր եմ ընկել…
Բժշկուհին ծպծպացրեց, գլուխն օրորեց ու ասաց.
–Ի՜նչ կարամ, որ ի՜նչ ասեմ… Ճիշտ խոսք ա, որ ամեն զոհ ինքն ա իր դահիճին գտնում: Դե գնացեք շուտ կարել տվեք, հուսամ ինֆեկցիա չի անցել: Ու քո ձեռքով կստորագրես, որ վեր ես ընկել ու ոչ մեկից պարտք ու պահանջ չունես…
Մեկ ժամ անց Հռիփսիմեն դողը սրտում պառկեց վիրահատության սեղանին: Գրիշը հրաժարվեց վճարել ցավազրկողների համար՝ ՙյա, ինչ էլ թա՞նկ են՚: Մտքում էլ երևի հաշվարկեց, որ այդ դեղերի փողով քանի անգամ կգնա Երևան՝ բոզի: Երևի նաև մտածեց, որ կինը սովոր է ցավ քաշելուն, կդիմանա: Բայց Հռիփսիմեն սարսափով էր սպասում հոնքի և այտի կարվելուն: Իր մաշկը, մարմինը հիմա ոնց որ՝ բարձի երես, ասեղը պիտի մտնի, դուրս գա, թելը քաշեն… ու առանց ցավազրկելու. իրենք փող չունեն:
–Երբ ասեղը մտցնենք՝ ամեն անգամ խորը շունչ կառնես, ցավ շատ չես զգա,– ասաց բուժքույրը:
Հռիփսիմեն ուժերը հավաքեց, ու հանկարծ չգիտես որտեղից գլուխը եկավ այն միտքը, որ երբ սկսեն իրեն կարել՝ ինքը, որպես ինքնապաշտպանություն և բնական ցավազրկող, պահ կմտնի իր ամենահաճելի հիշողությունների մեջ: Այդպես երբեմն անում է, երբ զզվանքը հաղթահարելով ձեռքով լվանում է տնեցիների ներքնաշորերը կամ երբ անքուն է մնում՝ հերթական երեխային օրորելով, մինչդեռ ամուսինը և տնեցիներն անհոգ հեռուստացույց են նայում կամ հանգիստ քնած են: Իսկ հիմա ինքը գիտի, թե ինչ պիտի անի: Հիմա իրեն մնացել է ապավինել իր ամենա-ամենանվիրական հիշողությանը, որի անունն է Կոնրադ: Փաստորեն իր կյանքի այդ թռուցիկ դրվագը դարձավ իր միակ լուսավոր հիշողությունը: Չորրորդ կուրսում էր, երբ կյանքը Գերմանիայի ինչ-որ անկյունից Երևանի համալսարան գցեց այդ ստանդարտ եվրոպական արտաքինով, միջահասակ, նուրբ դիմագծերով երիտասարդին, որն իրենց հետ լեզվի գործնական պարապմունքներ էր անցկացնում: Երեսուն տարեկան չկար Կոնրադը, տեղով մեղմություն ու ժպիտ էր, միշտ պատրաստ ծառայելու, թեև ոչ մեկի երես չէր տալիս, իսկ թվացյալ կոշտ գերմաներենը նրա շուրթերին հնչում էր շատ երաժշտական: Եվ չնայած կուրսում Հռիփսիմեից ավելի տեսքով աղջիկներ կային, Կոնրադը չգիտես ինչ հրաշքով հենց իրեն նկատեց: Երկու ամիս Հռիփսիմեն, որպես ադաթներով մեծացած հայ աղջիկ, դիմադրեց, պոչ խաղացրեց, նազ արեց, տուզ արեց, նազուտուզ արեց, հետո հասկացավ, որ գործ ունի լուրջ մարդու հետ և իր կողմից առնվազն էշություն կլինի նրա ուշադրությունն անտեսելը, մանավանդ որ ինքն էլ կյանքում առաջին անգամ որևէ տղամարդու հանդեպ ինչ-որ բան էր զգում մտքում, սրտում և այլ ներքին ու արտաքին մասերում: Կոնրադն իրեն ճանապարհում էր գրադարան, հանրակացարան, հետը նստում զբոսայգում, հրավիրում այստեղ-այնտեղ: Իրեն ոչ մի ավելորդ բան թույլ չէր տալիս: Որոշ ժամանակ անց Հռիփսիմեն արդեն ուզում էր, որ այդ ավելորդ բաներն էլ լինեին, բայց արդեն բացատրել էր անուշիկ Կոնրադին, որ իրենց հասարակությունը, մեղմ ասած, պահպանողական է, որ պետք է իրեն վերջնական պատասխան տալու համար նախ ստանա ծնողների համաձայնությունը: Գերմանացուն այդ ամենը տարօրինակ էր թվում, բայց համաձայն էր ամեն պայմանի, քանի որ, իր ասելով, ինքը ողջ կյանքում փնտրել է Հռիփսիմեի պես սև գանգուր մազերով ու խաժ աչքերով իր բոյի աղջկա և որ առաջին իսկ հանդիպմանը նրա հանդեպ ՙքիմիա է զգացել՚: Նա ուրիշ աղջկա չէր էլ նկատում: Կուրսընկերուհիները բացահայտ նախանձում էին Հռիփսիմեին: Մայրաքաղաքի աղջիկները տգեղ բաներ էին ասում նրա թիկունքում, որոնք հասնում և մի քիչ դիլխոր էին գցում Հռիփսիմեին, սակայն իրեն սպասելիք երջանկության ապրումների մեջ, նա մեծ նշանակություն չէր տալիս համակուրսեցիների չարակամությանը: Կոնրադի հայտնվելուց միայն չորս ամիս անց Հռիփսիմեն հերթական տունդարձի ժամանակ ծնողներին քաշվելով պատմեց իրեն ժամադրող գերմանացու մասին և ցույց տվեց իրենց միակ լուսանկարը՝ Մոնումենտի այգու լճի ափին: Եվ ավելի կարմրելով ասաց, որ իր դասախոսը պատրաստվում է գալ իր ձեռքը խնդրել:
Նրա մտքով չէր անցնում, որ հարազատների արձագանքն այդ աստիճան բուռն և հարձակվողական կլինի:
–Ուրեմն քեզ պահել-մեծացրել ենք, որ տանք օտար ազգի՞,– գոռաց հայրը,– մտքիցդ էդ բանը հանի՛…
–Էս էլ տղա ա՞, ոնց որ աղջիկ լինի, թո՛ւ,– ասաց մայրը՝ սեղանին շպրտելով լուսանկարը:
–Կարող ա գոմիկ ա,– հռհռաց եղբայրը:
Իսկ տոհմում բացառիկ հեղինակություն վայելող ավագ հորեղբայրը երբ իմացավ, ասաց.
–Մեր աղջկան տանք նեմեցին, տանեն սպանե՞ն…
Հռիփսիմեն մի շաբաթ տառապեց, բայց ենթարկվեց մեծերի կամքին: Դե, փոքր, անփորձ աղջիկ էր, քսանը նոր էր լրացել: Կոնրադը ոչ մի կերպ չհասկացավ նրա պատճառաբանությունը՝ ՙծնողներս դեմ են, որ ես գնամ ուրիշ երկիր՚: Նա մինչև անգամ Հռիփսիմեին առաջարկեց փախչել իր հետ: Աղջիկը, բնականաբար, միայն սարսափած հոգոց հանեց: Շուտով Կոնրադը մեկնեց Հայաստանից՝ ասելով, որ կսպասի Հռիփսիմեի վերջին խոսքին: Որոշ ժամանակ նամակներ ուղարկեց, որոնք Հռիփսիմեն կարդաց, վրան մի կուշտ լաց եղավ և կտոր-կտոր արեց՝ թողնելով անպատասխան: Մանավանդ որ Գրիշն արդեն պարբերաբար գալիս էր Երևան ու իրեն ուղեկցում էր հանրակացարան: Կուրսի աղջիկները թեթևացած շունչ քաշեցին՝ իր կողքին բարեհամբույր, սիրառատ, խարտյաշ, ժպտերես Կոնրադի փոխարեն տեսնելով ածուխի պես աչք-ունքով, կոշտ ձեռքերով, մազոտ թևերով և կարմրած աչքերով մի մռայլ սևազգեստ գավառացու, որը տարիներ շարունակ ռուսաստաններում քեֆ քաշելուց հետո տուն է վերադարձել և հիմա անաղարտ հայ աղջիկ է ուզում՝ ընտանիք կազմելու և ցեղը շարունակելու վեհ նպատակով: Ավարտելուց հետո Հռիփսիմեն վերադարձավ հայրենի քաղաք, ամուսնություն կնքեց Գրիշի հետ, որն օտար չէր, աղջկա նման չէր, համաշխարհային պատերազմներ սանձազերծած նեմեց ազգի ներկայացուցիչ չէր: Բնականաբար ոչինչ չպատմեց Կոնրադի մասին, բայց երբ մի անգամ Գրիշը հայտնաբերեց իրենց միակ լուսանկարը՝ մեծ սկանդալ սարքեց և հայհոյելով ճղրտեց: Այնպես որ Կոնրադի կերպարը Հռիփսիմեի մոտ մնաց սոսկ իր մտապատկերում՝ տարեցտարի, սակայն, ավելի ու ավելի խամրելով…
–Սկսում ենք… խորը շունչ քաշիր,– ասաց բժշկուհին:
Հռիփսիմեն աչքերն ոժեղ փակեց և կիսաբաց բերանով օդը բարձրաձայն սվսվացրեց ատամների արանքով: Ծակոց զգաց, բայց ոչ թե այտին, այլ ինչ-որ տեղ սրտում: Միաժամանակ իրեն պատկերացրեց այդպես պառկած ինչ-որ տեղ, գուցե Հռենոսի ափին, ավազների մեջ, իսկ Կոնրադին…
Նա մինչև անգամ զարմացավ իր համարձակության վրա: Բայց վեց տարի սանձած, կապկպված երևակայությունը արձակվել, հորդում էր՝ կարծես նույնիսկ իր կամքին հակառակ: Կուրծքը ճնշվում էր, շունչը կտրվում, բայց իր վրա ասես զգում էր հեռավոր հուշ դարձած խարտյաշ և ժպտերես թանկագին բեռան ծանրությունը: Ինչ-որ անբացատրելի հրաշքով Կոնրադը կարծես նյութականացավ, սկսեց ակտիվանալ, գործել համարձակ և անվրեպ՝ իրեն թույլ տալով այնպիսի գործողություններ, որպիսիք Հռիփսիմեն ռիսկ չէր անի նույնիսկ մտքում պատկերացնել, անգամ այն ժամանակ, երբ դեռ չէր մտել կամովին ճորտության մեջ: Կոնրադն ասես լիովին վերակենդանացավ իր մեջ՝ իր ամեն մի մազով, մաշկի ողջ ծակոտիներով, իրենից մշտապես եկող օտարոտի, բայց հաճելի բույրով, իր լեզվի յուրահատուկ հնչումով… Հռիփսիմեն թուլացել էր և չէր էլ զգում, թե ինչպես են իրեն կարում: Երբեմն պրկվում էր, երբեմն տնքում, սակայն ցավ չէր զգում: Ասես երազի մեջ լիներ: Մի երկու անգամ լսեց իր շշուկը՝ ՙJa, ja… wie gut es ist!՚ : Հասնել այս վիճակին՝ միայն ու միայն երևակայելով… Առաջին անգամ կյանքում, այն էլ վիրահատության սեղանին, իրեն կարելիս: Այնպես որ երբ բժիշկներն ավարտեցին իրենց գործը, Հռիփսիմեի կարված դեմքը զարմանալիորեն երանություն էր արտահայտում:
–Էս ինչ ուժեղն ես,– ասաց բուժքույրը:– Վերջ, պրծար…
–Ըհը, պրծա,– ասաց Հռիփսիմեն և կամացուկ շշնջաց: – Ինչ լավ էր…

Հ. Գ.
– Պատմվածքը հանձնված էր տպագրության, երբ իմացվեց, որ Հռիփսիմեի՝ Երևանում սովորող ավագ դուստրը սկսել է հանդիպել մի ամերիկացի երիտասարդի: Տանը դեռ չգիտեն այդ մասին…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1315
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott