artsvi.bakhchinyan
Logo

ՄԵՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Article image Երիտասարդ ամերիկյան կինոբեմադրիչ Քևին Շահինյանն այն քչաթիվ սփյուռքահայ կինոգործիչներից էր, որ ամենայն պատրաստակամությամբ ընդառաջեց իմ դիմումին՝ ուղարկել իր մասին տեղեկություններ իմ «Հայերը համաշխարհային կինոյում» աշխատության համար: Ավելին, նրանից ստացա նաև երկու կարճամետրաժ կինոնկարները՝ «Ինչի համար որ հաստատված է» և «Քարթերի ցանկությունը». վերջինն ընդգրկվեց նաև «Ոսկի ծիրան» Երևանի առաջին միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Մեր հանդիպումը կայացավ 2004 թվականի մայիսին Լոս Անջելեսում, և Քևինը՝ չափազանց համակրելի երրորդ սերնդի ամերիկահայ այդ երիտասարդը, զրույցի ընթացքում պատմեց իր տատիկից: «Նա ծնվել է Բեռլինում, դերասանուհի և ասմունքող է եղել Գերմանիայում»: Այս տեղեկությունը լարեց ուշադրությունս: Գերմանիայում ծնված հայ դերասանուհի, հազվագյուտ դեպք…

Տիկին Մերի Հակոբյանի հետ սահուն հայերենով հեռախոսազրույցից հետո բարեկամս՝ բեմադրիչ Արա Մածունյանը, որն անձամբ ճանաչում էր նրան, տարավ Մոնթեբելլո փոքրիկ քաղաքը: Եվ Ամերիկա կատարած իմ ուղևորության վերջին օրը ես նվիրեցի տիկին Մարի Հակոբյանին՝ հյուրընկալվելով նրա փոքրիկ, գողտրիկ տանը, որի բակում կար Ամերիկային ոչ բնորոշ մի… թթենի: Գեղեցիկ դիմագծերով, ազնվական շարժումներով տիկին Մարին ինձ նվիրեց հանգուցյալ ամուսնու՝ ծնունդով երևանցի նկարիչ Սուրեն Հակոբյանի ինքնակենսագրությունը, ստեղծագործություների վերլուծությունը և նկարները, ինչպես նաև հայ մտավորականների հետ Մերի Հակոբյանի ունեցած նամակագրությունն ամփոփող մի գիրք: Ինձ համար հաճելի էր տեսնել, որ գիրքը Երևանում 2000-ին հրատարակել է ինձ ծանոթներից մեր Ազգային պատկերասրահի աշխատակցուհի Անգինե Առաքելյանը:

Արևմտահայ ծնողների զավակ և արևելահայի հետ կես դարից ավելի ապրած տիկին Մերիի հայերենը Լևոն Շանթի գրական լեզվին է նման, և հրատարակելով իր հետ վարած մեր հարցազրույցը՝ հարկ համարեցինք անփոփոխ թողնել նրա լեզուն և ոճը:

–Այսօր հունիսի 1-ն է, 2004 թվական, գտնվում եմ Մոնթեբելոյում, Մերի Հակոբյանի բնակարանում: Տիկին Մերի, սկսե՞նք հարցազրույցը…

–Ինձ համար մեծ անակնկալ է, որ այսօր ձեզ հետ հանդիպեցա և վերհիշեցի իմ այցելությունս Հայաստանում և շատ զգացված եմ, որ այդ վերջին օրը տրամադրում եք ինձ մոտ գալու, ինձ հետ լինելու: Շա՜տ, շա՜տ զգացված եմ:

–Մեր ընթերցողներին խնդրեմ մի քանի բառով պատմեք ձեր մասին:

–Շատ բարի, պիտի փորձեմ անշուշտ, թեև հայերենս այդքան էլ լավ չէ…

–Հարգելի ընթերցողներ, տիկին Մերին ճիշտ չի ասում, նրա հայերենը հոյակապ է: Շարունակենք:

–Ես ծնված եմ Բեռլին, Գերմանիա: Մայրս՝ Փոլինը, պոլսեցի էր, որ ժամանակին երգել է Կոմիտասի երգչախմբում: Մի անգամ տանը նստած՝ նա դաշնամուր է նվագել և երգել, մեկ էլ դուռը ծեծել է մի անծանոթ և ասել. «Օրիորդ, ես անցնում էի այստեղով և հանկարծ լսեցի ձեր երգը… չէի՞ք ցանկանա արդյոք իմ երգչախմբում երգել»: Այդ մարդը Կոմիտաս վարդապետն էր… Իսկ հայրս՝ Հովսեփ Փաջանյանը, մարաշցի է եղած: Ժամանակին հայրս գերմանացի միսիոնարների մոտ է սովորել և որպես առաջնակարգ ուսանող մի ընկերոջ հետ ևս կարողացել է Գերմանիա գնալ և շարունակել իրեն ուսումը: Առաջին համաշխարհային պատերազմով, 1915 թվին, ինքը լուր է ստանում, որ ընտանիքը կոտորված է, բայց միևնույն ժամանակ պահանջում են, որ ինքը վերադառնա Մարաշ և հայերու դեմ կռվի, որովհետև ինքը այդ ժամանակ տաճկական հպատակություն ուներ: Հայրս կեսգիշերին ախուվախով փախչում է Ֆրանկֆուրտից դեպի Բեռլին և հաստատվում այնտեղ: Մայրս, որպես այցելություն էր կատարում Եվրոպայում և շրջում էր Ֆրանսիա, Բելջիկա, Գերմանիա, և այնտեղ ծանոթացավ հորս հետ: Անշուշտ, հայրս սիրահարվեցավ մայրիկիս վրա, և խնդրեց, որ մնա Գերմանիայում: Ամուսնացան և ընտանիք կազմեց հայրս Բեռլինում: Հայրս ինձ և եղբորս տանում էր հայկական հանդեսներին, որ շատ տպավորիչ էր: Մենք լսել ենք պրոֆեսոր Արտաշես Աբեղյանին և ուղղակի հիանում էինք նրանով, մեր փառք ու պարծանքն էր: Եվ այդ Արտաշես Աբեղյանը և իր տղան՝ Վաչեն, մեր հայերի կյանքը փրկեցին, ոչ միայն Գերմանիայում, այլև կարող եմ ասել՝ Եվրոպայում: Իրենք գիշեր-ցերեկ նստած արխիվներից կարողացան տեղեկություններ ստանալ, որ հայերը արիական ցեղին են պատկանում և մեր կյանքը փրկեցին դրանով:

–Այսօր ասում են, որ այդ տեսությունը նացիոնալիստական է, չկան արիական ժողովուրդներ, սակայն այն ժամանակ թերևս այդպես էր պետք վարվել՝ հայերի կյանքը փրկելու համար:

–Այո, որովհետև Հիտլերի նպատակն այն էր, որ հրեաներից վերջը ինքը միտք ուներ հայերին կոտորել: Բայց քանի որ փաստեցին հայերի արիական ցեղին պատկանելը, այդ փրկություն էր:

–Դուք երբևէ տեսե՞լ եք Հիտլերին:

–Պատահում էր, որ մայիս 1-ին իրենք փողոցներում էին անցնում, տոնում էին մայիս 1-ը, և հայրս մեկ քանի մը անգամ տարած է մեզ, այնպես որ անցնելու ժամանակ պատեհություն ունեցանք տեսնել Հիտլերը և Մուսոլինին: Հայրս գերմանական հպատակությունը երբեք չընդունեց, չնայած որ իրեն քանի անգամ առաջարկել էին, որ ինքը ավելի լավ գործ կունենա, ավելի լավ հնարավորություններ կունենա, սակայն ինքը երբեք չընդունեց, մնաց մինչև վերջը անհպատակ: Բայց իմ ընկերուհիներս բոլորն այդ հիտլերական շրջանի մեջ էին և ինչպես այստեղ՝ Ամերիկայում, բոյսքաութ-գըրլսքաութ էին ասում, տղաները Հիթլերյուգըն (Hitlerjunge) էին դառնում, իսկ աղջիկները՝ բունդդոյչեմիդըլ (Bund Deutche MՊdel): Ես լաց էի լինում, ասում էի՝ ես ուզում եմ իմ ընկերների, ընկերուհիների հետ լինել, այդ շարժումին մասնակցել, հայրս ասում էր՝ մենք գերմանացի չենք, դու ավելի լավ է տունը մնա: Այնպես որ երբեք չմիացա այդ շարժումին և անշուշտ հիմա շնորհակալ եմ, որ չեմ միացել:

1936 թվականին մասնակցել եմ օղիմպիական խաղերին Բեռլինում, այն ժամանակ 11 տարեկան էի, ինձ առաջարկեցին, որ մեծերի հետ մասնակցեմ, որովհետև ես բավական ճկուն էի և սիրով մասնակցում էի գիմնաստիկի մեջ: Խմբով առաջին շարքում կանգնած էի և ամենից փոքրն էի մասնակցողների մեջ:
–Ուրեմն, թերևս, ձեր մասնակցությամբ կադրեր օգտագործվա՞ծ կլինեն Լենի Ռիֆենշթալի՝ 1938-ին նկարահանված «Օլիմպիա» վավերագրական կինոնկարում…
–Լենի Ռիֆենշթալը, որ անցած տարի մեռավ 102 տարեկանում, շատ հայտնի էր, ասում էին նույնիսկ, թե Հիտլերի սիրուհին է եղել… Ես չեմ տեսել «Օլիմպիա» ֆիլմը, բայց շատ հավանական է, որ ես լինեմ այնտեղ, փակման հանդիսության մեջ, քանի որ, ինչպես ասացի, ես ամենափոքր մասնակիցն էի… Գիմնաստիկից բացի ես նաև պարում էի: Տիկին Նատալյա Աբեղյանը ինձ որպես երեխա սովորեցրել է հայկական պարեր, արտասանություններ: Բայց ես ավելի արտասանություններով զբաղած էի և սիրում եմ հայկական թատրոնը, և խաղացել եմ անշուշտ: 16 տարեկանում ծանոթացել եմ գերմանացի հայտնի դերուսույց Գուստավ Գրյունդգենսի հետ և նրա միջոցով հաճախել պետական թատերական դպրոց, որ չեմ ավարտել: Հետագայում, Շթութգարդի մոտի Բադգանշթադթ քաղաքում հավաքվել էին նախկին դիփիներ (D.P., displaced people՝ տեղահանված մարդիկ – Ա. Բ.), որ պատրաստվում էին Ամերիկա գնալու: Եվ ես դիփիներից չէի, քանի որ Գերմանիա էի ապրում, բայց ամուսինս դիփի էր հաշվվում: Բավական մեծ ճամբար էր, այնտեղ ամեն մի հնարավորություն ունեինք՝ եկեղեցի, դպրոց, թատրոն, ճաշարան: Քանի որ ես սիրում էի թատրոնը, նոր էի եկած այդ Բադգանշթադթ, բեմադրություն էին ցույց տալիս՝ «Նամուսը»: Խաղեն վերջը գնացի դիրեկտորի մոտ, ըսի՝ ես շատ հետաքրքրված եմ, ուզում եմ մասնակցել ձեր խմբի մեջ: Ասաց՝ այո, բայց ես ուզում եմ լսել, կարո՞ղ ես ոտանավոր արտասանել, որ գաղափար մը ունենամ: Արտասանեցի, ասաց՝ վաղվանից կգաս մեզ մոտ, մեր խմբին կպատկանես: Եվ մենք շատ լավ բեմադրիչներ ունեինք, շատ կարող, և կարող դերասաններ: Երկու հոգի նախկին, կարծեմ Սունդուկյան թատրոնից, մեկը՝ Սուրեն Աբեղյանը, որը շատ լավ ռեժիսոր էր միևնույն ժամանակ (դժբախտաբար իր լսողությունը խանգարում էր, բայց ինքը հոյակապ բեմադրիչ էր):

–Ձեր դերասանական գործունեությունը շարունակեցի՞ք Միացյալ Նահանգներում:

–Այո: Մենք առաջ Բոստոն էինք ապրում և այնտեղ նույնպես դերասանական խումբ կար, որ Չափրաստ անունով մեկը խումբ ուներ (նկատի ունի դերասան Եդուարդ Չափրաստին – Ա. Բ.): Իր խմբին մասնակցեցի և քանի մը անգամ ելույթ ունեցա՝ «Պատվի համարի» մեջ, «Նամուսի», «Չար ոգիի», «Պեպոյի», «Բաղդասար աղբարի»: Վերջը որ մենք տեղափոխվեցանք Լոս Անջելես, արդեն այստեղի խումբը կատարյալ խումբ էր, և մասնակցությունս բերեցի:

–Հայաստան ընդամենը մեկ անգամ եք այցելել…

–Այո, 1966 թվին: Մինչև այդ արտասանել եմ գրեթե մեր բոլոր ոտանավորները, որ գովաբանում են Հայաստանը, Արարատը, Սևանա լիճը, և այնքան հուզմունքով եմ արտասանել, որ միշտ պատկերացրել եմ դրանք, և որ հնարավորություն ունեցա այնտեղ գնալու, ինձ համար շատ մեծ տպավորություն էր: Օդանավի մեջ արդեն հեռվից, Արարատը տեսա, սկսեցի լաց լինել: Հիշեցի իմ ծնողներս, հիշեցի պատմվածքները: Մենք մնում էինք «Արմենիա» հոթելի մեջ: Այնտեղ մեզ ասացին, որ թուրիսթների հետ հանդիպում պետք է ունենան Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, գուցե Պարույր Սևակը: Ինձ հետ եկել էր Արտաշես Աբեղյանի աղջիկը՝ Ռուզան Աբեղյանը: Հանդիպման ժամանակ նա վեր կեցավ, ասաց՝ ինձ հետ միասին եկել է Մերի Հակոբյանը, եթե թույլ տաք, ինքը ուզում է արտասանել Կապուտիկյանի «Քո մայր լեզուն չմոռանաս»: Ես վեր կացա, որ գնայի, Պարույր Սևակը այն ժամանակ ներս մտավ: Ես արտասանեցի: Երևի լավ արտասանեցի, որովհետև վերջը եկավ Սևակը և շնորհավորեց: Ինձ հարցրեց՝ ո՞ւմ ես այցելում այստեղ: Ասացի՝ իմ ամուսնու հեռու ազգականները: Ասաց՝ այդպես բան չկա, այսօրվանից ես եմ քո ազգականը, ուրեմն ինձ որպես հարազատ հաշվիր: Եվ իրապես, երբ ծանոթացրեց իր կնոջ՝ Նելլիիի հետ, որ շատ ազնիվ վրացուհի տիկին էր և լավ էլ հայերեն էր խոսում, հիացել էի: Եվ այն օրվանից շարունակ մեզ հետ էր: Ինձ տարավ Էջմիածին, ծանոթացա Վազգեն Առաջինի հետ, իրեն հետ կարողացա գերմաներեն խոսել և նա շատ հոյակապ գերմաներեն էր խոսում: Սևանա լճում «Ախթամար» անունով ճաշարան կա: Մատուցողին ասաց՝ մեզ իշխան ձուկը բերեք: Ասացին՝ մենք չունենք, չկա: Ասաց՝ այս րոպեին պիտի ճարեք: Եվ իսկապես ճարեցին, ու հիանալի ժամանակ անցկացրինք: Արդեն իմ ամուսինն էր ասել՝ եթե Հայաստան գնաս, անպայման Պարույր Սևակի հետ հանդիպում ունեցիր: Իր գրքերից այդ ժամանակ չէր ճարվում, նա իր բոլոր սեփական գրքերը ինձ տվեց և ասաց՝ այն պայմանով, որ դու սովորես իմ գրություններից գոնե մեկ-երկուսը: Եվ մենք նամակագրություն ունեինք այդ ժամանակվանից, և վերջը իմացանք այդ սարսափելի արկածը, որ Սևակն ունեցավ:

–Մի քանի խոսք էլ ձեր ամուսնու, զավակների մասին:

–Ամուսնուս՝ Սուրեն Հակոբյանի հետ ծանոթացել եմ Գերմանիա: Ինքը առաջ ռուսական բանակի մեջ էր, վերջը գերի բռնվեց գերմանացիների կողմից: Երբ որ գերմանաբնակ հայերը իմացան, որ այդ գերիների մեջ հայեր կան, դիմեցին իրենք կառավարության, ըսելով, որ այդ զինվորները, ովքեր որ հայեր են, կամավոր չեն գրված, այլ ստիպողաբար, ռուսներին համար, այնպես որ պետք է իրենց ավելի դյուրություններ ստեղծեք: Այդպես էլ արեցին, այդ հայերին հավաքեցին, մի քանի բեռլինաբնակ հայերի կողմից գնացին, ազատեցին և կարողացան մի ճամբարի մեջ ապրել և ազատություն ունեին՝ գնալ-գալու: Անշուշտ, Բեռլինում միշտ ռմբակոծություններ էր լինում պատերազմի ժամանակ և մի օր, որ նորից այդ ալարմը (տագնապի ազդանշան – Ա. Բ.) սկսեցավ, եղբայրս ասում էր՝ պետք է մենք գնանք բետոնից մասնավոր պատրաստված հսկայական մառանը: Ութ րոպեում վազեցինք այնտեղ, մոտավորապես երկու հազար հոգի կարողանում էին տեղ գտնել և փրկվել: Մի անկյունում կանգնած հայերեն ենք խոսում, քանի մը րոպե վերջը մոտենում են երկու երիտասարդներ, ասում են՝ ներողություն, դուք հայերեն էիք խոսում, դուք ո՞րտեղացի եք: Մեկը իմ ամուսինն էր, իսկ մյուսն էլ՝ իր ընկերը: Այդ ալարմը որ վերջացավ, սարսափելի դրություն էր Բեռլինում, ուղղակի տանիքներից կրակ էր թափվում: Այդ ճամփան, որ ութ րոպե էր տևում, երկու ժամ տևեց, մինչև մենք տուն հասանք: Մեզի տուն հասցուցին, նորից շնորհակալություն հայտնեցինք: Սուրենը խոսակցության ժամանակ ասաց, որ նկարիչ է: Հետաքրքիր տպավորություն թողեց վրաս: Ասացի՝ ես շատ եմ հետաքրքրվում նկարչությամբ (բայց իմս եղած է դպրոցական աշխատանքներ, շատ չնչին): Ասացի միայն այն նպատակով, որ իրեն հետ ծանոթանամ: Ասաց՝ օ, կհետաքրքվեմ, կուզեմ տեսնել: Արդեն իմ ուզածն այն է, որ ինքն ուզում է տեսնել այդ աշխատանքները: Համենայն դեպս, ցտեսություն ասացինք, երկու ամիս անցավ, Վուսթրա քաղաքի այդտեղի ճամբարում, պարի ղեկավարն ինչ-որ մեկի էր փնտրում, որ իր պարի խմբի մեջ մասնակցեր: Բեռլինաբնակ հայերն իմ անունս էին տվել և Ռուզան Աբեղյանի: Ինձ զանգ են տալիս, ասում են՝ այսպես-այսպես առաջարկ կա, դու ուզո՞ւմ ես մասնակցել: Ես էլ խենթանում էի թատրոնի, պարի համար, արդեն ինձ համար մեծ բան էր: Օրը նշանակեցին, այդ պարուսուցիչը՝ Վազգեն Կարապետյան, Ալթունյան խմբի մեջ է մասնակցել, ասաց՝ մի քանի շարժումներ արա, հետո երբ տեսավ, ասաց՝ շատ հարմար կլինես, մենք քեզ կսովորեցնենք: Այդ ճամբարը գնացինք, որտեղ ծանոթացա նախկին ռուսական զինվորների հետ, որոնք, անշուշտ, հայեր էին: Մեկն ասաց՝ ափսոս, մեր մեջ մի երիտասարդ նկարիչ կա, մենք կուզեինք, որ դուք էլ իրեն հանդիպեիք: Դու մի ասա իմ ապագա ամուսնու մասին է խոսքը: Նորից ինձ վերցրին, տարին այդ ճամբարը, որ սովորեմ հայկական պարերը, «Այլուխի պարը», քանի մը նազելի պարեր, բայց հաջորդ անգամը Սուրենը այնտեղ էր: Եվ այն օրվանից մտերմացանք: Ինքը շատ հոյակապ բնավորություն ուներ, շատ ազնիվ, շատ վեհանձն, շատ բարի մարդ էր: Իմ հայերենս այն ժամանակ բնավ լավ չէր, բայց քանի որ ես հետաքրքրվում էի և սովորում էի այդ հայերեն ոտանավորները, կամաց-կամաց լեզուս բացվեցավ, ամուսինս ինձ օգնեց անշուշտ: Այդ խմբի համար ես արտասանում էի «Գովք Հայաստանին» (նկատի ունի Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» – Ա. Բ.), թե՛ հայերեն, թե՛ գերմաներեն լեզվով: Նույնիսկ գերմանացի զինվորները, իրենց կանայք լաց էին լինում՝ գերմաներեն երբ որ արտասանում էի: Այդպես ամուսնացանք, ընտանիք կազմեցինք, բայց դեռ պատերազմի ժամանակ էր: Ռուսերը արդեն մոտենում էին Բեռլին, ամուսնուս և իրեն նմաններին ավելի կարևոր էր հեռանալու Բեռլինից: Անշոշտ, հայրս, մայրս, մեծ եղբայրս մնացին Բեռլին: Բայց ես ամուսնուս հետ միասին դեպի հարավ գնացինք: Կամաց-կամաց առաջ Ռոթվալ քաղաքի մեջ ապրեցանք, հետո իմացանք, որ Շթութգարդի մոտ ճամբար է բացվում, այնպես որ Ռոթվալից առաջ հեծանիվով գնացինք Շթութգարդ, որ 100 մղոն էր, որ տեսնեինք, թե ինչպիսի քաղաք է: Հավանեցինք, հաջորդ անգամ գնացքով գնացինք: Կամաց-կամաց տեղավորվեցինք այդ ճամբարի մեջ, որտեղ մնացած դիփիներն ապրում էին: Եվ այնտեղ արդեն կամաց-կամաց թե՛ եկեղեցի պատրաստեցին, որ ամուսինս ամբողջ ներքին ձևավորումը, նկարները և խորանը ինքը պատրաստեց և թատրոն ունեցանք, դպրոց, ճաշարան: Մեծ աղջիկս՝ Անիկը, ծնվեց Գերմանիայում, մյուս աղջիկս՝ Փոլա-Շուշանիկը, Բոսթոնում: Այնտեղ հետևեցի թատերական խմբերին, նորից արտասանություններ կատարեցի: Ամուսինս շարունակեց նկարել...

–Ի՞նչ կուզեք ասել հայաստանցի ընթերցողներին:

–Կարոտով բարևում եմ ձեզ, աշխարհի բարիքները ձեզ: Երանի աշխարհի դրությունը այնպես փոխվի, որ դուք մի քիչ գոնե, ինչպես որ մենք ապրում ենք այստեղ՝ Ամերիկայում, դուք էլ այդ հնարավորությունները ունենաք: Երբ որ գնացի Հայաստան, ես շատ տպավորվեցա և մինչև օրս անընդհատ այդ պատկերը աչքիս առջևն է, այդ ընդունելությունը, հրաշալի մարդկանց հետ տեսնվելը: Անչափ շնորհակալ եմ, որ Ամերիկա գտնվելուդ վերջին օրը նվիրեցիք ինձ:

Տիկին Մերին երկյուղածությամբ ցույց է տալիս Պարույր Սևակից և այլ հայ մտավորականներից իր ստացած նամակները: (Պաշտամունքը Սևակի հանդեպ նրա մոտ այն աստիճան է եղել, որ նա մինչ օրս պահպանում է բանաստեղծի սիգարետների ծխուկները, որ մի հանդիպումից հետո տիկին Մերին հավաքել և պահել է իր մոտ): «Ախար… ա՛յ ծամկտրած, միանգամից այնպես հարազատացար, որ կարծես ծնվել ու մեծացել ենք նույն բակում: Ու եթե ես սիրում եմ քեզ, այս իմ տիկին Նելլին պարզապես սիրահարվել է քեզ»,– գրել էր նրան Սևակը: Ես համոզեցի տիկին Մերիին Սևակի նամակները տալ ինձ՝ մեր Գրականության և արվեստի թանգարանում գտնվող Պարույր Սևակի ֆոնդին հանձնելու համար: Մեծ դժվարությամբ տիկին Մերին բաժանվեց այդ թղթերից՝ մի վերջին անգամ նայելով դրանց վրա և ցտեսություն ասելով:

Նա ինձ ցույց տվեց նաև մի բեմական խուրջին, որը ստացել էր ամերիկահայ դերասան Սեդրակ Սուրաբյանից, որն էլ իր հերթին ստացել էր հայ բեմի մեծ վարպետ Հովհաննես Աբելյանից: Տիկին Մերին խոստացավ այդ արժեքավոր խուրջինը մի քանի ամսից անձամբ բերել և հանձնել Գրականության և արվեստի թանգարանին…

Եվ նա իր խոստումը կատարեց: 2004-ի օգոստոսին Մերի Հակոբյանը և Քևին Շահինյանը՝ տատիկ և թոռնիկ, այցելեցին Հայաստան: Տիկին Մերիի համար հուզական մեծ ցնցում էր կրկին Հայաստանում լինելը, հին ծանոթներին հանդիպելը… Իսկ Քևինը, այդ տիպիկ ամերիկացի երիտասարդը, Հայաստանում լինելով առաջին անգամ՝ վերափոխվեց, չափազանց խանդավառվեց այդ երկրով, նրա մասին արտահայտվելով որպես «իմ հայրենիքը», ոչ թե շատ երրորդ սերնդի սփյուռքահայերի պես՝ «իմ նախնիների հայրենիքը»: Ամերիկայում նրանից հայերեն ոչ մի բառ չէի լսել, իսկ Հայաստանում նա ինձ անակնկալի բերեց՝ օգտագործելով ամենատարբեր, հաճախ տիպիկ երևանյան հայերեն արտահայտություններ: Օգոստոսի 25-ին Գրականության և արվեստի թանգարանում հանդիպում կայացավ Մերի Հակոբյանի և Քևին Շահինյանի հետ: Ելույթներով հանդես եկան Ազգային պատկերասրահի աշխատակից Անգինե Առաքելյանը, որը մասնավորապես ներկայացրեց Սուրեն Հակոբյան մարդուն և նկարչին, իսկ թատերական բաժնի վարիչ Բախտիար Հովակիմյանը ներկայացրեց հայ նախկին ռազմագերիների թատերական գործունեությունը Գերմանիայում: Մերի Հակոբյանը Գրականության և արվեստի թանգարանին հանձնեց վերոնշյալ խուրջինը, ինչպես նաև իր և Քևին Շահինյանի գործունեության վերաբերյալ զանազան նյութեր…

Միջոցառման վերջում ներկաները դիտեցին «Մարգարտահատիկ» մանկական թատերախմբի ներկայացրած երաժշտա-ասմունքային կոմպոզիցիան, ինչպես նաև Քևին Շահինյանի երկու՝ «Ինչի համար որ հաստատված է» և «Քարթերի ցանկությունը»՝ տարբեր փառատոներում մրցանակների արժանացած կարճամետրաժ կինոնկարները…

–Ես արժանի չեմ այսքան ուշադրության,– մշտապես կրկնում էր տիկին Մերին,– ես անցյալն եմ… հիմա թոռնիկիս ժամանակն է, Քևինն է ապագան…
Մինչդեռ հայտնի է, որ ապագան կերտվում է անցյալում… և զարմանալի չէ, որ ետպատերազմյան ծանր տարիներին պարտված Գերմանիայում հայ թատրոնը և պոեզիան վառ պահած, Եվրոպայում ծնված շնորհալի հայուհու և բախտի քմահաճույքով օտար ափեր նետված երևանցի տաղանդավոր նկարչի թոռն այսօր պիտի հաջողություններ արձանագրեր արվեստի աշխարհում։

Հ.Գ.
– Տնտեսական ճգնաժամի պատճառով ԱՄՆ-ի անկախ կինոն բավականաչափ տուժել է, և ցավոք, Քևին Շահինյանը դեռևս ոչ մի նոր ֆիլմ չի նկարահանել։ Նրա վկայությամբ իր սիրելի տատիկը ողջ-առողջ է և արդեն բոլորել է կյանքի տասներորդ տասնամյակը...

Լոս Անջելես-Երևան
2004 թ

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2208
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott