ՎԵՐԴԻԻ ԵՎ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ՍՈԽԱԿԸ ՆԱԴԵԺԴԱ ՊԱՊԱՅԱՆ
1890–1900-ական թվականներին ռուսական կայսերական օպերայի ներկայացումների ազդագրերում փայլում էր մի հայկական ազգանուն՝ Պապայան։ Հազարավոր հանդիսականների սքանչացնում էր սև աչք-հոնքով թխագանգուր այդ հայուհու հազվագյուտ գեղեցիկ ձայնը, և բնատուր արտիստականությունը։
Նա ապրեց ընդամենը 37 տարի, սակայն իր անունը հավերժացրեց հայ և ռուս վոկալ արվեստի պատմության մեջ որպես բացառիկ մի երգչուհի։
Նադեժդա Պապայանը ծնվել էր 1868-ին, Աստրախանում, հայ մանր վաճառական Համբարձում Պապայանի և տնային տնտեսուհի Ելիզավետա Կոտայանի ընտանիքում։ Մանկության տարիներին աղջիկը երաժշտական կրթություն չի ստացել, սակայն սերը երգի և դերասանական արվեստի հանդեպ ի հայտ են եկել մանկուց։ Լսելով դստեր հաճելի երգեցողությունը՝ Համբարձում Պապայանը հպարտությամբ ասել է, որ գիմնազիան ավարտելուց հետո դստերը պիտի ուղարկի կոնսերվատորիա՝ ձայնը մշակելու։ Բարի, աշխույժ, սրամիտ Նադյան 16 տարեկանում ծանոթացել է մեկ տարով Աստրախան եկած երգիչ Կիպսեի հետ և խնդրել ունկնդրել իրեն։ Ստուգելով պատանի հայուհու երաժշտական տվյալները՝ հիացած Կիպսեն աղջկա ծնողներին խորհուրդ է տվել դստերն անպայման ուղարկել Մոսկվայի կամ Պետերբուրգի կոնսերվատորիա։ Աստրախանի օրիորդաց գիմնազիան ոսկե մեդալով ավարտելուց հետո Նադեժդա Պապայանը 1886-ին հոր հետ մեկնել է Պետերբուրգ։ Վոկալ քննությանը նրա երգեցողությամբ հիացել է Պետերբուրգի կոնսերվատորիայի այն ժամանակվա ռեկտոր, նշանակավոր կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը։ Նադյան ընդունվել է պրոֆեսոր Վիլհելմինա Ռաաբի դասարան և սկսել զարգացնել իր գեղեցիկ լիրիկական սոպրանոն։ Ցուցաբերած մեծ առաջադիմության շնորհիվ շուտով նրան դերերգեր են վստահվել կոնսերվատորիայում բեմադրվող դասական օպերաների բեմադրությունների մեջ։ Մյուս կողմից Պետերբուրգի հարուստ երաժշտական և օպերային կյանքը բարերար ազդեցություն է թողել Պապայանի ընդհանուր մշակութային զարգացման վրա։
Սակայն մյուս կողմից Պապայանի վրա բացասասբար է ազդել Պետերբուրգի սառնաշունչ կլիման։ Այդ իսկ պատճառով 1890 թվականին երիտասարդ երգչուհին մեկնել է երգի ու երաժշտության երկիրը՝ Իտալիա։ Միլանում նա հաճախել է վոկալ արվեստի պրոֆեսոր Վիլլա Ֆիորիտայի դասերին։ Համեստ ապրող, սակայն երբեմն որոշ համերգների մասնակցող Նադեժդա Պապայանն իր վրա է հրավիրել իտալացի երաժիշտների ուշադրությունը։ Նրան աշխատելու առաջարկներ են եղել տարբեր թատրոններից, այդ թվում հռչակավոր Լա Սկալայից, սակայն Պապայանը ցանկացել է աշխատել Ռուսաստանում։
1893-ին Թիֆլիսում կայացել է Նադեժդա Պապայանի առաջին մենահամերգը, որով նա միանգամից գրավել է երաժշտական հագեցած կյանքով ապրող այդ քաղաքի ինչպես հասարակության, այնպես էլ քննադատության համակրանքը։ Առաջին իսկ անգամին նա մերժել է գրվել ռուսական ձևով՝ Պապաևա, ձգտելով ինքնահաստատվել իր հայկական անունով։ Մանավանդ որ իր գործունեության հենց սկզբում էլ երգչուհին ռուս և եվրոպացի կոմպոիտորների գործերի կողքին հանդես է եկել հայկական երգերի կատարումներով։ Նա համագործակցել է հայ երգիչներ Ներսես Շահլամյանի, Բեգլար Ամիրջանյանի և այլոց հետ։ Ի դեպ, Թիֆլիսում 1893-ին Պապայանի հետ «Ֆաուստ» օպերայում հանդես է եկել սկսնակ Ֆեոդոր Շալյապինը։
Պարբերական ելույթները Թիֆլիսի Արքունական թատրոնում Պապայանին դարձրել են տեղի երաժշտասերների բացարձակ սիրելին և հպարտության մի նոր աղբյուր հայ հասարակության համար։ Նրա կատարումներից հետո օթյակներից բեմ են շաղ տվել գունավոր թերթիկներ, որոնց վրա հայերեն, ռուսերեն և այլ լեզուներով գրված է եղել «Կեցցե Պապայանը», «Կեցցե հայ սոխակը» և այլն։
Ահա ժամանակի մամուլի բազմաթիվ գնահատականներից միայն մեկը. «Ամենամեծ հաջողությունը օրիորդ Պապայանն ունեցավ. նրա խաղը դրամատիկական խոշոր արտիստի խաղ էր, նրա ձայնի բոլոր նոտաները վերին աստիճանի գեղեցիկ են և արժեքավոր։ Բարձր ռեգիստրում ձայնը հնչում է դուրեկան և հազվագյուտ արծաթային մաքրություն ունի։ Նրա մեջ է արտահայտվում արտիստուհու ուժը և նրա հաջողության գաղտնիքը»։
Չնայած վայելած ժողովրդականությանը՝ հայ երգչուհին մշտապես չի գոհացել ձեռք բերածով։ Առավել կատարելագործվելու նպատակով նա մեկնել է Փարիզ և երկու տարի պարապել Մարկեզիի վոկալ ստուդիայում։ Միաժամանակ հանդես է եկել Փարիզի օպերային թատրոններում և համերգասրահներում՝ արժանանալով ֆրանսիական մամուլի դրվատիքին։ 1897-ին Ֆրանսիայում և Անգլիայում հանդես է եկել հայկական ծրագրից կազմված համերգներով։ Վերադառնալով Ռուսաստան՝ հանդես է եկել Թիֆլիսում և Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Ռուս երաժշտական քննադատությունը բարձր է գնահատել Պապայանի արվեստը։ Ռուս մեծանուն կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովը կարծիք է հայտնել, որ իր «Թագավորի հարսնացուն» օպերայում Պապայանն է ստեղծել Մարֆայի դերը։
Նադեժդա Պապայանը հանդես է եկել Վիոլետայի («Տրավիատա»), Ռոզինայի («Սևիլյան սափրիչ»), Սանտուցցայի («Գեղջկական ասպետություն»), Լիզայի («Ագռավի աղջիկը»), Միմիի («Բոհեմ»), Մարգարիտայի («Ֆաուստ»), Ջուլիետի («Ռոմեո և Ջուլիետ»), Ջիլդայի («Ռիգոլետտո»), Տատյանայի («Եվգենի Օնեգին»), Լակմեի («Լակմե»), Իոլանտայի («Իոլանտա») և շատ այլ դերերգերով։ Որպես հրավիրված երգչուհի հանդես է եկել Դոնի Ռոստովի, Տագանռոգի, Բաքվի օպերային թատրոններում։
Հայ մեծանուն գրող Կոստան Զարյանն իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ դպրոցական տարիներին լսել է Նադեժդա Պապայանին և այդուհետ սիրել օպերային արվեստը («Թբիլիսիում ինձ տարին օպերա։ Երգում էր հայ հռչակավոր Պապայան անունով մի երգչուհի։ Ամբողջ երեկո նա ինձ հրապուրեց, և ինքը օպերան մոգության հանգամանք առավ»)։
Ռուսական կայսրությունում հայերի հանդեպ անբարյացակամության, Մարիինյան թատրոնի ետնաբեմային ինտրիգների և բարձր շրջանակներում հովանավորյալներ չունենալու պատճառով Պապայանը ստիպված է եղել հեռանալ Պետերբուրգից։ Նա մեկնել է Փարիզ՝ այդուհետ այնտեղ աշխատելու որոշումով։ Սակայն մահամերձ հիվանդ մորը տեսնելու նպատակով նա 1905 թվականին վերադարձել է ծննդավայր՝ Աստրախան։ Այստեղ նրան էր սպասում մի ողբերգական պատահար, որը ճակատագրական էր լինելու։ Երեք ավազակ, ծպտված որպես ուսանողներ, կողոպուտի նպատակով մուտք են գործել Պապայանի հայրական տուն։ Նրանք սպանել են երգչուհու հորը և ծանր վիրավորել Նադեժդային։ Մահափորձից հետո տարաբախտ երգչուհին ապրել է երեք շաբաթ և վախճանվել 1906 թվականի հունվարի 19-ին՝ մահվան մահճում երգելով Տրավիատայի արիան։ «Կորավ Վերդիի և Չայկովսկու սոխակը»,– գրել են ժամանակի թերթերը։ Ճակատագրի հեգնանքով Նադեժդա Պապայանի թաղման օրը Փարիզից ստացվել է հեռագիր, որտեղ հաղորդվում է, որ նա պաշտոնապես հրավիրվում է «Օպերա կոմիկ»՝ որպես առաջին մեներգչուհի…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |