samvel.shahinyan
Logo

ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՇԱՊՆԵՐԻ ԷՊԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ և ՆՐԱՆՑ ՆՎԻՐՎԱԾ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ

Article image Համառոտագրություն: Հոդվածը նվիրված է Հայոց մշակույթի պատմության վաղնջական շրջանին, երբ ապրելու միջավայրի գործոնները կանխորոշում և ձևավորում էին մարդկանց և մարդկային խմբերի փոխհարաբերությունները, կենցաղը, հոգևոր ներաշխարհը, տիեզերքի և շրջապատող աշխարհի կառուցվածքին վերաբերյալ առասպելաբանական պատկերացումները և մոդելները: Սկսվում էր ձևավորվել, իր հատկանիշներով զուտ բնապաշտական մշակույթը, իր բազմանիստ և բազմաշերտ դրսևորումներով:

Սեփական կենսամիջավայրում անընդհատ ապրած ժողովրդների մշակույթում նախաստեղծ արժեքները գերակայող են, ժառանգաբար փոխանցվում և չեն կորսվում: Յուրաքանչյուր նոր ձևավորված և առաջին հայացքից նախկինի հետ իր կապերը խզած մշակույթը միևնույնն է կրում է նախամշակույթի խորը կնիքը: Կենսամիջավայրը չլքած ժողովրդների մոտ նախամշակույթը, նախաստեղծ արժեհամակարգը ընդհանրապես և մասնավորապես նրա առանձին տարրերը` ժառանգաբար փոխանցելիության հատկանիշ են ձեռք բերում, տրանսֆոմացվելով նոր արտահայտչամիջոցների, ձևերի, կառուցվածքների մեջ:

Հիմնավորելով հնագույն նախամշակույթի պահպանված և երևակվող արժեքների և տարրերի, դիտարկելով այդ արժեքների դերը ժամանակակից ազգային արժեհամակարգում` դյուրին է դառնում Հայկական Լեռնաշխարհում հայ Էթնոսի տեղաբնիկության հարցում փաստարկներ առաջադրելը:

Վերջին սառցապատումը իր բազմաթիվ բացասական հետևանքներով հանդերձ չափազանց կարևոր գործոն դարձավ հասարակության և մշակույթի զարգացման մի նոր փուլի համար: Սառցապատման, սրա հետևանքով Վերին և Միջին միջագետքում սկսված երկարատև երաշտը պատճառ դարձան մարդկանց մեծ արտագաղթի: Մարդկային այս խմբերի մշակույթը նոր բնակության վայրում, բիոտոպի և բիոցենոզի գործոնների խորը ազդեցության հետևանքում, անընդհատ փոփոխվում էր: Մայր մշակույթի տարրերը ուղղորդիչ և ձևավորող հատկանիշներով հանդերձ, այլևս չէին ուրվագծվում նոր ձևավորված մշակույթի ընդհանուր համատեքստում:

Իսկ Հայկական Լեռնաշխարհում, սառույցներով շրջապատված, արտաքին աշխարհից մեկուսացած մի քանի վայրերում գոյության համար մաքառող մարդկանց խմբերի մոտ, փոփոխվող միջավայրի գործոնների ազդեցությամբ` սկսեցին ձևավորվել նոր վերաբերմունք, որը հարիր էր միջավայրի գործոններին: Արմատական փոփոխություններ կրեցին աշխարհի ու տիեզերքի վերաբերյալ նրանց առասպելաբանական պատկերացումները: Մարդը և այծը դարձան կենտրոնական կերպարներ դիցաբանական պանթեոնում: Այս երկու կերպարներից զատ, ժայռապատկերներում, առավել հանդիպողը` արեգակը խորհրդանշող պատկերներն են:

Մարդու, այծի և արեգակի, ինչպես նաև սրանց ստիլիզացված կերպարների մաս կազմող տարրերից ստեղծված խորհրդանշանային բնույթ ունեցող պատկերներից բացի, ժայռապատկերների համանկարներում հաճախ են հանդիպում օձերը: Հայկական Լեռնաշխարհում օձերի թեման նախասիրված էր: Ամենահին պատկերները մենք կարող ենք տեսնել Ք.ա. տասերորդ հազարամյակի բարձրաքանդակներում` Գյոբեկլի-Թեփեյի պեղածո տաճարների սյուների վրա:

Հայկական Լեռնաշխարհի հնագույն բնապաշտական հայեցակարգում և տիեզերքի առասպելաբանական պատկերացումներում, դատելով հնագույն քարակոթողների և ժայռապատկերների ձևի, ոճի, թեմատիկ համանկարների ընդգծված փոփոխություններից, բեկումնային խոշոր պահ գրանցվեց հավանաբար Ք.ա. վեցից հինգերորդ հազարամյակների սահմանագծում: Ժայռապատկերներում այս հանգամանքը իր արտացոլանքն է գտել համապատկերներում տարբեր կերպարների չհամակարգված, կամայական, ավելի շատ զգայական, քան տրամաբանական կոմպոզիցիաների փոխարինումը` տրամաբանված, պատկերների կոնստրուկտիվ - երկրաչափական, ներքին կուռ կառուցվածք ունեցող հորինվածքներով: Ժայռապատկերների զարգացման այս նոր փուլում առանցքային էին մարդու, այծի և կենաց ծառի կերպարները: Պահպանվեց նաև օձերի (վիշապ, բարի,չար, ձևավորած, այլաբանական) կենտրոնական դերակատարումն ու նշանակությունը համանկարներում:

Խորը փոփոխություններ կրեցին նաև քարակոթողները, բացի ֆալային կոթողներից: Հավանաբար այն պատճառով որ վերջիններս չիմաստազրկվեցին և պահպանեցին իրենց գործառույթային բովանդակությունը: Մնացած բոլոր տիպի քարակոթողները նվազ, կամ առավել չափով կրեցին կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ:

Հնագույն հուշարձաններից մեզ հասած նյութական արժեքներից կարևորներն են ֆալլային կոթողները (վիշապներ, ֆալլեր), առանձին և խմբավորված քարակոթողները (մենհիրներ, դոլմեններ, կրոմլեխներ), դամբարանային ու ծիսական կառույցները և ժայռապատկերները: Այս կոթողային հուշարձանները առաջնային ու կարևորագույն նշանակություն են ունեցել հայկական մշակույթի ձևավորման և կայացման գործում: Մենք արժանահավատ տեղեկատվություն չունենեք գորգագործության ու գորգարվեստի,երաժշտության և պարարվեստի, կրոնական հիմների մասին մինչև Ք.ա. երրորդ հազարամյակը: Այն մասին, թե ինչպիսին էին գեղարվեստի այդ դրսևորումները հնագույն մշակույթային դաշտում, թերևս, միայն ենթադրություններ կարելի է անել, որը ինչ խոսք` գիտական արժեքավորում չի կարող ունենալ: Սակայն պեղածո քարեղեն հուշարձանները` քանակական, որակական, բովանդակային իրեց հատկանիշներով, մեզ հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հնագույն մշակույթային միջավայրի առանձնահատկությունների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված և հետազոտված վիշապները, չնայած սակավաթիվ լինելուն, կարևոր ու էական հավելում են հնագիտական նյութական արժեքների հայկական գանձարանում: Մեզ հայտնի վիշապների քանակը չի անցնում երեք տասնյակից: Սրանց մի մասը տեղահանվել են իրենց բնական միջավայրից և այլ տեղ տեղափոխվել, մեզ զրկելով հուշարձանը իր կայացման վայրում հետազոտելու, միջավայրին տեղակցելու, միջավայրի հետ, որպես մի ամբողջություն դիտարկելու հնարավորությունից: Վիշապների ստեղծման ժամանակագրությունը վերջնական ճշտգրված չէ: Սակայն որոշակի զարդանախշերի, պատկերների, խորհրդանշանների առկայությունը Գյոբեկլի Թեփեյի քարկոթողների և տաճարային սյուների մակերեսներին, մեզ հուշում են, որ վիշապների նախատիպերը սկիզբ են առնում հենց այս ժամանակներից, այսինքն Ք.ա. 10-8-րդ հազարամյակներում: Այլ է ֆալլական հուշարձանների տարիքի խնդիրը: Նույն Գյոբեկլի Թեփեյի, Կլաուս Շմիտդի ղեկավարությամբ իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ գտածոների մեջ առանձնանում են մի քանի դասական ֆալոսներ, որոնք աննշան ոճական տարբերությամբ` նման են ավելի ուշ շրջանի Հայկական Լեռնաշխարհի տարբեր տեղերում եղած ֆալլայիին քարակոթողներին: Մի բան կարելի է վստահաբար ասել, որ ընդհուպ մինչև քրիստոնեության հաստատումը և նույնիսկ դրանից հետո մեր ժողովուրդը դեռ շարունակել է կերտել նմանատիպ հուշարձաններ:

Անցաց դարասկզբից սկսած, երբ առաջին Վիշապաքարը2 պեղվեց, հետազոտվեց և արժեքավորվեց, որպես մշակույթային արժեք, մինչև այսօր հայտնաբերված մեգալիթային այս հուշարձանները մի շարք ընդգծված բնութագրերով բաժանվում են երկու խմբերի: Համենայն դեպս, մինչ այսօր մեզ հայտնի են այս բնույթի երկու տիպի քարակոթողներ: Սրանցից մեկը ուղղահայաց կանգնեցված, դեպի վեր լայնացող, նիստերը մշակված, եզրագծերը լավ պահպանված, հարյուր հիսունից հինգհարյուր սանտիմետր բարձրությամբ, երեսունից վաթսուն սանտիմետր լայնությամբ, գագաթային նիստը մի փոքր կորությամբ, սրացող ծայրը հողի, կամ ապարի մեջ խրված, դրվագված հոծ, իսկ որոշ դեպքերում էլ քիչ ծակոտիներ ունեցող բազալտի քարակոթողներ են: Թեմատիկ առումով դրվագումները հիմնականում նույնն են: Վերևի հատվածը զբաղեցնում է տիկ հանած ցլի ստիլիզացված գլուխը` կոտոշներով, կողքերից մինչև կոթողի երկու երրորդ բարձրությամբ տիկի ոտքերն են կախված` կճղակներով: Սովորաբար ձախ կողմից, կամ անմիջապես ցլի գլխի տակ, դրվագված են լինում մեկ, կամ մի քանի օձերի խորհրդապատկերներ, կենտրոնում թռչուն, այծ, կամ խոյ: Որոշ դեպքերում օձապատկերները տեղադրված են լինում ներքևում հորիզոնականի ուղղությամբ, կամ ավելի բարձր, դիմային մակերեսի ձախ, կամ աջ կողմում, ուղղահայացի ուղղությամբ, կամ մի քիչ թեք: Օձապատկերները կարող են լինել շատ կարճ, կամ բավական երկար և ձգվել քարակոթողի գրեթե ստորոտից մինչև ցլապատկերը: Հանդիպում են նաև կենաց ծառի դրվագումներ: Որոշ վիշապաքարերի երկու մակերեսներն էլ դրվագած են լինում: Այսօր հնարավոր չէ ճշգրիտ ասել թե դրվագված համանկարը երկրի չորս մասերից որ մեկին է նայել, որոհետև հայտնաբերված բոլոր վիշապներն էլ, կամ տեղահանված են եղել, կամ թաղված հողի տակ, սակայն մենք գրեթե վստահ ենք, որ այդ նիստը արևահայաց է եղել: Վիշապներից շատերը ձեվափոխվել են գերեզմանաքարերի և կամ խաչքարերի: Վիշապաքարերի պղծման գործընթացը նոր չէ: Ք.ա. յոթերորդ դարում Սևանա լճի ավազանում, ուրարտական սեպագրեր են փորվել, առանձին մի վիշապաքարի վրա: Այսինքն Ք.ա. առաջին հազարամյակի սկզբում վիշապաքարերը այլևս կորցրել էին իրենց երբեմնի գործառույթային նշանակությունը և երկրպագության առարկա չէին:

Վիշապների մյուս տեսակը ձգված օվալի ձև և ձկան տեսք ունի: Սրանցից հայտնաբերել են անցյալ դարասկզբին Գեղամա լեռների միջին բարձություններում` Ոխտաակունքի վերին հոսանքի ավազանում: Այնուհետև վիշապաձկներ են գտնվել նաև Սևանա լճի ավազանում, Արագածի վրա, Արարատյան դաշտավայրի հյուսիսային հատվածում, Ախուրյանում, Ախլքալակում: Մեզ հասած տվյալների համաձայն, վիշապներ կան նաև Արարատ լեռան հարավային ստորոտում, Բայազետում և այլն: Սրանք նույնպես զանգվածեղ կոթողներ են, որոնց երկարությունը հասնում է մինչև չորսհարյուրվաթսուն սանտիմետրի, իսկ բարձրությունը յոթանասունհինգ սանտիմետրի: Ձկնակերպ վիշապաքարերի պաշտանմունքը հավանաբար մեծ մասսայականություն է վայելել և խորհրդանշել է մարդու համար կենսականորեն կարևոր առարկա, տարերք, կամ գործառույթ, քանի որ նույնիսկ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, եկեղեցին ոչ միայն հանդուրժել է սրանց գոյությունը, այլև իր կարիքների համար չի փորձել ձևափոխել, կամ օգտագործել որպես շինանյութ, ինչին մենք ականատեսն ենք եղել ուղղհայաց մենհիրների դեպքում: Դաշտադեմում, Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերում ուղղահայաց կանգնեցված վիշապաքարերը ձևափոխել են ըստ պահի անհրաժշտության` մահարձանի, գերեզմանաքարի, խաչքարերի: Ձկնակերպ վիշապաքարերի նկատմամբ հանդուրժողականության ցայտուն օրինակ է Ավանի կաթողիկե եկեղեցու արևմտյան մուտքի ներսի կողմից, առանց ձև և տեսքի որևէ փոփոխության, կամարի փոխարեն տեղադրված համեմատաբար փոքր չափի վիշապաքարը, որպես կոնստրուկտիվ բաղադրիչ :

Վիշապաքարերը տեղադրվել են ջրային ավազանների մոտ, ավելի հաճախ ակունքներում: Ձկնակերպ վիշապաքարերը հավանաբար դրվել են նաև ձկնառատ լճերի մոտ, իսկ ուղղահայաց դիրքով: Այստեղ տեղին է նշել, որ չնայած բազմաթիվ հալոցքային լճերի առկայությանը ջրբաժանների գագաթամերձ տարածքներում, ցլակառափի հարթաքանդակով վիշապաքարերը մեզ չեն հանդիպել երեք հազար մետրից բարձր վայրերում: Գիտական արշավների ընթացքում, ես անձամբ, մանրամասն հետազոտել եմ բոլոր բարձրավանդակները Գեղամա, Վարդենիսի, Ծաղկունյաց, Ղարաբաղի, Մռովի, Լալվարի, Սյունաց և այլ լեռնաշղթաներում և խիստ կասկածում եմ, որ հետագա գիտարշավների ժամանակ, ջրբաժանների գագաթներում, կամ գագաթամերձ սարահարթերում` որևէ նման հուշարձան տեսնեմ, կամ հայտնաբերեմ:

Վիշապաքարերը մեր լեռնաշխարհի վաղնջական շրջանի պաշտանմունքային հուշարձաններն են: Դատելով մշակման, դրվագման որակից, տեղադրման վայրի ընտրությամբ և այն ահռելի ջանքերից, որ կիրառել են նախաարդյունաբերական ժամանակաշրջանի մարդիք` շեշտում է այս հուշակոթողների առանձնահատուկ ու կարևոր նշանակությունը: Մենք գրեթե համոզված ենք, որ ձկնակերպ վիշապները նվիրված են ջրերին, կամ ջրային տարերքին: Պնդելով որ սրանք նվիրված են կոնկրետ տարերքի, կամ առարկայի, մեր դեպքում` ջրին, մենք ամենևին հակված չենք այս քարակոթողներում կուռք, կամ որևէ աստվածության մարմնավորում տեսնել: Ինչպես օրինակ առանց մակագրությունների և խորհրդանշանների գերեզմանաքարը, կամ ռոմանտիզմի շրջանի որևէ պոետի էրոսին նվիրված չափածո զեղումները որևէ կրոնական հատկանիշներ չունենալով, այնուամենայնիվ հասցեատեր ունեն: Սակայն հասցեատեր ունենալու հանգամանքը ամենևին չի ենթադրում, կամ չի պարտադրում երկրպագություն:

Ձկնակերպ վիշապաքարերի տեսքը արժանապատվ հանդարտություն և անդորություն է ճառագում, ի հակադրություն իր սարսափազդու անվանմանը, չնայած, որ, այնուամենայնիվ` այս զանգվածային քարակոթողներում հազիվ գծագրվող օձային ուրվապատկեր է նշմարվում: Օրինակ Գեղամա լեռներից բերված և Օղակաձև այգու, Դրամատիկական թատրոնի դիմացի լճափին հանգրվանած վիշապաձուկը չնայած իր զգալի ծավալին ու զանգվածին ` ստեղծագործողը կարողացել է թեթևություն հաղորդել քանդակին` վարպետորեն մշակելով վերացրել բոլոր անկյունները, ստեղծելով լծորդված, գրեթե առանց բաժանարար գծերի` մակերեսներ: Ավելին, հնագույն քանդակագործը նախանձելի վարպետությամբ կարողացել է շարժման և թռիչքի զգացողություն հաղորդել անշուչ բազալտին: Բոլոր ձկնակերպ վիշապաքարերը իրար նման լինելով հանդերձ, նրանցից յուրաքանչյուրը յուրովի ինքնատիպ է և արվեստի մի առանձին, բարձրարժեք ստեղծագործություն:

Վիշապների մասին մեզ հասած հեքիաթները, պատումները, առասպելները բազմաթիվ են: Ժողովրդական բանահուսության մեջ սրանք հանդես են գալիս որպես երկնային և երկրային միֆական արարածներ: Այն փաստը, որ հայկական առասպելաբանության մեջ վիշապները հաճախ են հիշատակվում Վահագն աստծո հետ, խոսում է այն մասին, որ այս առասպելաբանական վիշապանման էակների ծագումը պետք է փնտրել մեր ժողովրդի ձևավորման վաղնջական ժամանակներում: Քանի որ հայկական աստվածների պանթեոնում հնագույնը Վահագն է: Նրա հետ կապված բոլոր հերոսական անցքերը, գործողությունները և կերպարները, այդ թվում և վիշապները` նույնպես պետք դասել հնագույն ժամանակաշրջանին, եթե իհակե դրանք ավելի ուշ ժամանակների հավելումներ չեն բուն էպիկական ստեղծագործությանը: Վիշապաքաղ Վահագնի մասին հայ և օտար գիտնականները բազմաթիվ մեկնաբանություններ ու ենթադրություններ են արել համեմատական ստուգաբանության ճանապարհով: Թող ինձ ներեն արժանահիշատակ հանգուցյալ մեր գիտնականները և նրանք` ովքեր դեռ կենդանի են (ի միջիայլոց նրանց երկարակեցությանը հնարավորություն է ընձեռնում նորեն վերանայել իրենց տեսակետները հնագիտության ժամանակակից հայտնագործությունների լույսի տակ), որ որևէ մեկի մեկնաբանությունը, չնայած մասնագիտական տեսանկյունից անբասիր լինելուն ավելի խճճում, քան օգնում է բացահայտելու ծագումնաբանական հիմքերը: «Վիշապաքաղ» և «Վահագն» հայերեն բառերի ստուգաբանության համար այնքան կենդանի, անկենդան և մեռած լեզուներ են վկայակոչում, որ ցանկացած ընթերցող խճճվում է վերջնականապես: Մենք համոզված ենք որ վերլուծությունները արդյունավետ կարող են լինել հնագույն առասպելաբանական պատկերացումների շրջանակում, որի տրամաբանությանը անհարիր են կենցաղային ողջամտությունը, կամ մատերալիստական ռեալիզմը, որով ներծծված են այդ հետազոտությունների հիմնական մասը: Վիշապաքաղ Վահագնի մասին հնդևրոպական լեզուների բառամթերքի օգնությամբ համեմատական ստուգաբանություն կատարած, այս հարցով մտահոգ գիտնականներից և որևէ մեկը չի փորձել զուտ բանասիրական քննությունը զուգորդել, պատմա-աշխարհագրական, հնաաշխարհագրական, չորրորդականի երկրաբանության, բնակության վայրի էկոհամակարգերի բնականոն և աղետային կտրուկ փոփոխությունների գիտությանն արդեն հայտնի փաստերով: Այս ցավալի բացթողման պատճառով նրանց եզրակացությունների մի զգալի մասը անցյալի պատմա-հասարակական և մշակույթային իրողությունների պատկերը վերականգնելու հիմք չեն կարող ծառայել:

Մեր աշխատության սկզբում անդրադարձ ենք կատարել տիեզերական, կամ ընդերքի(մութ աշխարհ) և երկնային ջրերին (լույս աշխարհ), որոնց խորհրդապատկերները օձերն են: Օձերը իրեց պատկերների ալիքանման զիգզագներով նաև խորհրդանշում են ջուրը: «Վահագն» բառի մեկ այլ, աճառյանական մեկնաբանությամբ «Վահ»-ը` ջուրն է, « ագն»-ը` կրակը: Մենք մեկ տասնյակից ավել ժայռապատկերների օրինակներ կարող ենք բերել, որտեղ արու այծերի, կամ նոխազների ոտքերից, կամ պոզերից սկիզբ են առնում ալիքանման զիգզագներ: Նման պատկերները ժայռապատկերներում, ինչպես արդեն նշեցինք խորհրդանշում են ջուր, կամ օձ (վիշապ): Այստեղ միանգամայն տեղին է հիշատակել Բ.Ն.Առաքելանին, որը հենվելով «Նոր բառագիրք Հայկազյան լեզուի» և Ստ. Մալխասյանի «Հայերեն բացատրական բառարան»-ի «Վիշապաքաղ» բառի մեկնաբանություններին պնդում է «Վիշապաքաղը հարաբարդված է վիշապ և քաղ բառերից: Քաղ նշանակում է արու այծ, նոխազազ, կամ քոշ » Բ.Ն.Առաքելան «Դիտողություններ Վիշապաքաղ Վահագնի մասին» ՏՀԳ, ԳԱ ՀՍՍՀ 1951թ., No2, էջ78.

Մենք անդրադառնում ենք գիտնականների կողմից «Վիշապաքաղ» և «Վահագն» բառերի կատարված տարբեր ստուգաբանություններին և մեկնաբանություններին, քանի որ կարևորում ենք այս հարցը մեր հետագա ասիլքի սահմաններում: Հայ առասպելաբանության մեջ Վահագնի բնութագրերը, վիշապային քարակոթողները, ջրի, լույսի, արեգակի երկրպագության մեզ հասած չափածո և արձակ մատենագիր պատառիկները, այծի, օձի խորհրդապատկերները նույն համատեքստում դիտարկելու դեպքում` մենք համոզվում ենք, որ վիշապաքարերը ջրի և արևի պաշտանմունքային կոթողներ են: Այս կոթողների հովանավորը հավանաբար եղել է Վիշապաքաղ Վահագն աստվածը, որը Ծով-Ծիրանիի(երնային օձ,վիշապ, կամ ջուր) եղեգնից է ծնվել և իր մեջ ընդհանրացնում է երկու հզոր ու կենարար տարերքները` ջուրը և արեգակը ( լույսն ու ջերմությունը): Վահագնը տարբերակում է ընդերքի Սև ջրերը, երկնքի Ծով-Ծիրանի ջրերից և «...քաղ»հանելով Սև ջրերը` վիշապներից մեկին, պաշպանում, կամ հովանավորում է «բարի» վիշապին: «քաղ»-ը ինչպես արդեն ասացինք արու այծն է, որը ժայռապատկերներում բազմաթիվ գործառույթներ է իրականացնում, որոնցից են նաև արևածագի լույսը բերելը, արևմուտին` լույսը տանելը, արեգակը իր տիեզերական այծեղջյուրների տակ պատսպարելը Սև ջրերից, կամ վիշապից, որ փորձում է նրան կուլ տալ և այլն: Հնագույն առասպելաբանական պատկերացումներում Վահագն աստվածությանը շնորհված Վիշապաքաղը անունը հնարավոր է նաև ցույց է տալիս միայն այդ աստվածությանը բնորոշ որոշ գործառույթներ, այդ թվում տիեզերական այծի օգնությամբ, կամ նրան կառավարելու միջոցով` Երկնքի և ընդերքի ջրերի( օձ,վիշապ) նկատմամբ որոշակի գործողություններ իրականացնելը: Տիեզերական այծի առասպելաբանական գործառույթներից են, թերևս, երկնքում և անդրաշխարհում ճամփորդելու եզակի կարողությունը: Մութ ու Լույս աշխարհներ ճամփորդելու համար, որպես փոխադրամիջոց սև և սպիտակ խոյ, կամ ոչխար օգտագործելու, հայկական հեքիաթներում հաճախ հանդիպող պատումները, նույնպես այս հանգամանքն են մատնացույց անում:

Ժողովրդական բանահուսության նմուշներում և էպիկական պատումներում Վիշապներին վերապահված հատկությունները, ընդունակությունները, գործառույթները ստեղծել են մեկը մյուսից տարբեր բազմաթիվ կերպարներ: Մի տեղ չար, միտեղ բարի, մի ուրշ տեղ դժբախտ, կամ ողբերկական: Ամեն ժամանակաշրջան իր կեցաղին, ոգուն ու իրականությանը հարիր, իրեն բնորոշ հավելումները, ուղղումներն ու խմբագրումներն է կատարել: Նախաստեղծ կերպարը հազիվ է ուրվագծվում ժամանակի ընթացքում ձեռք է բերված նոր հատկանիշների, վերագրված նոր գործառույթների շերտերի հաստվածքի միջից: Էպիկական նախաստեղծ կերպարի բնօրինակը փնտրելու համար, միայն բանասիրական աղբյուների քննությունն ու համեմատական ստուգաբանությունները անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են:

Վիշապները հայկական առասպելաբանության մեջ նախաստեղծ էակներ են: Նրանք կենսատու ջրերի սկզբնավորողներն են և միևնույն ժամանակ ջրերի պահապանն ու ջրի պաշարները արգելափակող հրեշները: Միաժամանակ և դրական և բացասական հատկանիշները բնութագրական են առասպելաբանական վիշապներին: Օրինակ` հայկական ավանդապատումներից մեկում` ցուլ-լեռ Տավրոսը պոզահարում , սպանում է վիշապ-լեռ Զագրոսին որի վերքերից հոսող կենարար հեղուկից էլ ձևավորվում են Զաբ գետի ջրերը: Այստեղ Զագրոսը հանդես է գալիս իչպես չարի, այնպես էլ բարու` կերպարում: Հայկական և ընդհանրապես հնդևրոպական լեզվախմբի ժողովրդների առասպելներում և ավանդազրույցներում բնութագրական առանձնահատկություններից են դուալիստական մոտեցումները: Օրինակ եղբայրներ` Սանասարն ու Բաղդասարը` Սասնա Ծռեր, Ռաման ու Կրիշնան` հին հնդկական « Ռամայանա» էպոսներում: Հայկական առասպելաբանական վիշապները նույնպես երկուսն են` ընդերքի և երկնքի, որոնք իրար հետևից ընկած, գտնվում են հավերժական շարժման մեջ ստեղծելով տիեզերական սֆերան: Այս պատկերացմաների խորհրդանշանային քարեղեն մարմնավորման ամենահին օրինակը, Հայկական միջագետքում, Գյոբելի Թեփե հնավայրում հայտնաբերված, երկու մասից բաղկացած, կարծր ապառից կերտված, անվանման, մեկ և կես մետր բարձրությամբ քարակոթողն է:

Վիշապաքարերի կոթողոյին նախատիպը հավանաբար կարելի է փնտրել Գյոբեկլի Թեփեյի հնավայրում: Այս հնավայրի պեղումները հեղաշրջեցին անցյալի մասին մեր պատկերացումները և ստիպեցին այլ տեսանկյունից դիտարկել մարդկային քաղաքակրթության զարգացման մի շարք ելակետային դրույթներ: Հողագործության ենթադրյալ հայրենիքը այլևս չի կարող Եգիպտոսը համարվել, իսկ քոչվորությունից նստակյաց կյանքի անցնելու ժամանակաձողը` միանգամից հետ է տարվել վեց հազար տարով: Իսկ տաճարների հատակագծային հորինվածքի, կոնստրուկտորական տեխնոլոգիաների, ճարտարագիտական գիտելիքների բարձր մակարդակը, շինարարական աշխատանքներ կատարման համար երկրաչափության և մաթեմատիկայի իմացական անհրաժեշտ որակները, շինարարների հավանական արհեստավարժությունը, որը ժամանակի, փորձի ու ավանդականություն է ենթադրում, պարզապես գլխիվայր է շուռ տվել մեր պատկերացումները մեր, այսինքն մարդկության անցյալի մասին գրեթե բոլոր պատկերացումները:

Նույնիսկ հպանցիկ դիտարկման ժամանակ` Գյոբեկլի Թեփեյում աչքի է զարնում տաճարային սյուների վրայի բարձրաքանդակների կատարման տեխնիկայի բարձր մակարդակը: Պարզ է, որ բարձրաքանդակների կատարման նման բարձր որակները բազմաթիվ սերունդների ստեղծագործական որոնումների արդյունք են, իսկ ժամանակային առումով դարեր են անհրաժեշտ եղել նման ձեռքբերումների համար: Հայկական Լեռնաշխարհի հնագույն բնապաշտական հայեցակարգում և տիեզերքի առասպելաբանական պատկերացումներում, դատելով հնագույն քարակոթողների և ժայռապատկերների ձևի, ոճի, թեմատիկ համանկարների ընդգծված փոփոխություններից, բեկումնային խոշոր պահ գրանցվեց հավանաբար Ք.ա. վեցից հինգերորդ հազարամյակների սահմանագծում: Խորը փոփոխություններ կրեցին նաև քարակոթողները, բացի ֆալային կոթողներից: Հավանաբար այն պատճառով որ վերջիններս չիմաստազրկվեցին և պահպանեցին իրենց գործառույթային բովանդակությունը: Մնացած բոլոր տիպի քարակոթողները նվազ, կամ առավել չափով կրեցին կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ:

Գրականություն
1.Հայկազուն Ա., Խորհրդանշանային մտածողությունը հայ ճարտարապետությունում, 2005թ., Ալաս, Երևան, 178 էջ, 106 աղյուսակ: Բ.Ն.Առաքելան «Դիտողություններ Վիշապաքաղ Վահագնի մասին» ՏՀԳ, ԳԱ ՀՍՍՀ 1951թ
2.Հարությունյան Ս. ,Հայ առասպելաբանություն. Համազգային.2004. Բեյրութ. 527էջ
3.Սարդարյան Սանդրո, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, 1967թ., «Միտք», Երևան, 416 էջ:
4.Պետրոսյան Ս. ,Դասերը և եռադասության դրսևորումները Հին և Վաղմիջնադարյան Հայաստանում,Հառիճավանք . 2001. Գյումրի. 62 էջ 5.Պետրոսյան Ս.,Հայոց մեհենագրության ակունքներում,Դպիր. 2008. Գյումրի. 106էջ
6.Մովսիսյան Ա. Ե, Սրբազան լեռնաշխարհ, ԵՊՀ 2004 Երևան. 78էջ
7. 1.Art as Metaphor: The Prehistorik Rock-Art of Britain. Mazel A. Mash G. Waddington C. Archaeopress 2007 Oxford p.256.
8. Nash G. and Chippindale C. European Landscapes of Rock-art. Rout ledge 2002 London p.120 Mene J. ,, Celtic ornament’’ Mercier Press 1974. Dublin p.104
9. Nash G. and Chippindale C. European Landscapes of Rock-art. Rout ledge 2002 London p.120
10. Mene J. ,, Celtic ornament’’ Mercier Press 1974. Dublin p.104.
11. Language-tree divergence times support the Anatolian theori of Indo-European origin. Russel D.Gray&QuentinD. Atkinson. NATURE|VOL.426 |27november2003 | www.natur.com/natur
12.O`Kelly,,Newgrange ”Eden Publication.1996 (Reprinted 2003;2007). Ireland elenpublications@gmail.com Gill&Macmillan; 2000.Derbyshire,UK,www.gillmacmillan.ie;
13.Shahinyan S. M. ,,Global changes of environment and the great migrotion of people from Asia Minor at the end of the Quaternary period’’ WAC-6 World Arckeological Congress 2008. Dublin’’p.300.

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3628
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
26
Ապր
»23:42
Նախաքրիստոնեական մշակույթի արձ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման մի...
Կարդալ
2013
22
Ապր
»14:25
ԱՎԱՆԴԱԿԱՆ ճԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ...
Article image Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը ձևավորվում են ապրելու միջավայրի բնապատմական և հասարակական զարգացումների արդյունքում՝ տեղածին և տեղաբնիկ ժողովրդի ձևավորված աշխարհաճանաչողության, աշխարհընկալման, աշխարհահայացքի արդյունքում ստեղծված ուրույն մշակույթի սահմաններում և նրա բնորոշիչ բաղադրիչներն են: Ազգային և ավանդական ճարտարապետությունն ու կերպարվեստը, որպես նախամշակույթի անընդհատական դրսևորում, արմատական տեղաբնիկների, այսինքն այդ նախամշակույթի կրողների, բնապատմական օրրանի սահ...
Կարդալ
2013
07
Ապր
»12:36
Կենսամիջավայրի ազդեցությունը ...
Article image Իր բնակության վայրում՝ բնօրրանում, անընդհատական ապրած ժողովրդի ազգային մշակույթը ձևավորվում է բնական գործոնների և հասարակական հարաբերությունների անընդհատական ազդեցության տակ և իր մեջ կրում է ազգի հոգևոր, բարոյական, գեղագիտական նախաստեղծ սկզբունքները, որոնք և որոշում են նրա հավաքական վարքագծի դրսևորումները: Ազգային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից ճարտարապետությունը խարսխվում է բնական գործոնների՝ կենսամիջավայրի և կենսացենոզի անընդհատական և երկարատև ազդեցությամբ ձևավորված աշխարհաճանաչողութ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»12:51
ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ...
Article image Եթե դիտարկենք հայկական ճարտարապետության փուլային զարգացումները, որոնք իրենց բնութագրական հատկանիշներով խորապես տարբեր, մշակութային ուրույն շրջաններ են, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր փուլից դեպի մյուսն անցումը սահուն ու լծորդված չէ, այլ կտրուկ և սահմանազատված: Ստեղծվում է այնպիսի տպավորություն, կարծես հայ ժողովուրդը մշակութային կոնկրետ փուլում հաջողություններ ու շոշափելի ձեռքբերումներ ունենալով, ճարտարապետական արվեստում և շինարարական տեխնոլոգիաներում հասնելով զարգացման ...
Կարդալ
2012
01
Դեկտ
»11:55
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒ ...
Article image Եկեղեցիների և խաչքարերի ճարտարապետության մեջ ակնհայտորեն ընդգծված ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտման փորձ ենք կատարում մեր այս հոդվածի սահմաններում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott