ԽԱՉՔԱՐԵՐԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Հետազոտության առարկան և նպատակը:
Խաչքարի ուսումնասիրությունն է, որպես տիեզերքի հայկական առասպելաբանական պատկերացումների հոգևոր-կոնստրուկտիվ խորհրդանիշ,Կենաց Ծառի իմաստակիր բաղադրիչներն և ժայռապատկերներից մինչև խաչքար զարգացումները՝ մինչև միջնադար: Խաչքարի ծագումը, բովանդակային և կոնստրուկտիվ տարբերիչ առանձնահատկությունները:
Հետազոտությունների հիմքերը:
Հնդեվրոպական ընտանիքի ժողովուրդների հնագույն բնակավայրերում պահպանված 5–ից 2-րդ հազարամյակների ճարտարապետության փոքր և մեծ հուշարձանների գիտական գնահատման արդյունքում ի հայտ են գալիս ինչպես կոթողների հորինվածքների, ոճի, շինարարական տեխնոլոգիաների, այնպես էլ զարդանախշերի և խորհրդանշանների ընդհանրություններ, որոնք չեն կարող պատահական լինել: Հայկական ժայռապատկերներից եկող և խաչքարերի ճարտարապետության մեջ հանգրվանած, ակնհայտորեն ընդգծված բնապաշտական և կոնստրուկտիվ ավանդապաշտությունը, որը արտահայտվում է ձևերի և ոճերի կայունությամբ դարեր շարունակ, ունի անընդհատական վերարտադրության ուղղվածություն և բնականաբար պետք ունենա որոշակի և հստակ պատճառաբանություն, որի բացահայտմանն է միտված մեր այս հետազոտությունը:
Հետազոտությունները:
Տեղերում կատարված գիտական հետազոտությունների աշխարհագրությունը ընդգրկել է Հայկական Լեռնաշխարհը, Կովկասը, Սինայի թերակղզին, Իտալիայի հարավն ու հյուսիսը, Ֆրանսիայի հարավը, Բրիտանական կղզիների հարավն ու Իռլանդիայի կենտրոնական հատվածը: Մասամբ դիտարկվել են Հնդկաստանի հյուսիսային հատվածում և Մոխենջո Դարոյում կատարված հնագիտական հետազոտությունների հրտարակումները:
Համեմատական վերլուծությունները ի հայտ են բերել ընդհանուր նմանություններ Գեղամա, Վարդենիսի, Արագածի լեռների և Ղարաբաղի բարձրավանդակի ժայռապատկերների և Իռլանդիայի Նյուգրենջիի, Սինայի Հար-Կարկոմի, Հյուսիս-արևելյան Կովկասի, հարավային Ֆրանսիայի ժայռերի վրա քարածեծ՝ խորհրդանշանների միջև:
Իռլանդիայի Բոյնե գետի ավազանի, Սիայի թերակղզու կենտրոնական մասի տարածքներում պեղված 4-ից 2-րդ հազարամյակների, շրջանաձև հատակագծով, թմբաձև դամբարանների ճարտարապետական ընդհանրությունները Հայկական Լեռնաշխարհի 5-ից 2-րդ հազարամյակների նմանատիպ դամբարանների և քարե դռներով անթրոպոգեն քարանձավային շինությունների միջև:
Իռլանդիայում մինչև 20-րդ դարը, Իտալիայի հարավում մինչև մեր օրերը կիրառվող ,,հազարաշենի,, շինարարական սկզբունքով կառուցված տները:
Ֆրանսիական Քառնաքում, Մեծ Բրիտանիայի հարավում, Իռլանդիայի Բոյնե գետի ավազանում մենաքարային և ֆալլային կոթողների և Հայկական Լեռնաշխարհում տարածված հորիզոնական և ուղղահայաց տեղադրված ,,վիշապների,, ու դեռևս Գյոբեկլի Թեփեյից սկսած և մինչև վաղ միջնադար կիրառական՝ ֆալերի և փոքր չաի ճարտարապետության հուշարձանների հորինվածքների ընդհանրության պատճառները:
Հետազոտության արդյունքները:
Գեղամա լեռներում, Ճաղատ, Սառցալի, Ծխուկ լեռների ժայռապատկերներում մարդու կերպարով Կենաց Ծառերի և այծապատկերների խաչքարային վարկածներին մենք հանդիպել ենք Սառցալի լեռան ստորոտում, Գնիշիկ գյուղի գերեզմանոցում, Արենի գյուղի եկեղեցու բակում: Ժայռապատկերներից մինչև միջնադարյան նրբահույս խաչքարերը զարգացումների բոլոր փուլերը արձանագրված են քարեղեն վկայությունների տեսքով և հաստատում են ձևերի և ոճերի՝ Կենաց Ծառից ծագած լինելու տեսությունը: Կենաց Ծառի բաղադրիչները՝ հատիկը-սերմը, ընդերք-երկիր-երկինք կապող ուղղիղը՝ ցողունը , աղեղնաձև, կամ հորիզոնական ուղղահայացին խաչվող գծերը՝, ընդերք-երկիր-երկինք տարանջատման սահամաները, պտուղը՝ արեգակը՝ իրար հետ ստեղծում են տիեզերական արարչագործության փաստի պատկերային արձանագրություն: Կենաց Ծառը հաճախ հանդիպում է օձի, կամ օձերի և այծի հետ համանկարների տեսքով, կազմելով տիեզերքի առասպելաբանական մոդելը:
Կենաց Ծառի պատկերով մենաքար-հուշարձաններ և նրա բաղադրիչներով ժայռապատկերներ՝ հանդիպում են Ֆրանսիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Իրանի, Սինայի թերակղզու հնավայրերում հաստատելով ընդհանուր մշակույթային դաշտի առկայության փաստը Ք.ա. 4-ից մինչև վաղ միջնադար՝ Իռլանդիայից մինչև Փենջափ աշխարհագրական ահռելի տարածքի վրա:
Ժայռապատկերների տեսքը, ոճը, փորգրման տեխնոլոգիան, այն է սրացող ծայրով,բութ գետաքարով առանձին, հարթ, փայլուն մակերեսով ժայռաբեկորի վրա՝ քարածեծման մեթոդով պատկեր ստանալու եղանակը՝ կիրառելի է եղել ամենուր՝ մեր նշած տարածքներում: Այս բոլոր ժայռապատկերներում հստակ, կամ մասմբ կարելի է նշմարել Կենաց Ծառը, կամ ապագա խաչքարի ուրվագծերը:
Խաչքարը շրջանակող Երկնային և Ընդերքի միահյուսվաված վիշապների զարդանախշերը դարերի ընդացքում ոճավորվելով, այնուամենայնիվ պահպանել են նախատիպերի բովանդակային իմաստը, որը մեկ այլ կոնստրուկտիվ լուծում ստանալով մեզ է հասել Նյուգրենջիի դամբարանային 4-րդ դարի երկրորդ կեսով թվագրված ծիսավայրերի կառույցի ճարտարապետության տեսքով: Թմբաձև այս դամբարանները, որոնցից ամենախոշորները 50մ-ից ավելի տրամագիծ ունեցող արհեստական բլուրներ են, արտաքին շրջանագծի ամբողջ կորագծով վիշապաքարերով են շրջափակված: Վիշապների վրայի զարդանախշերը խորհրդանշում են օձեր, կամ ջրեր, հանդիպում են նաև կետ, խաչ: Շրջանակը խորհրդանշում է երկու վիշապները, որոնք քաոսից պաշպանում են կանոնակարգված տիեզերքը՝ շրջանը, կամ Նյուգրենջիի դեպքում՝ դամբարանաբլուրը, որի կենտրոնում, պրոեկցիայում, քառակուսի, կամ խաչաձև հատակագծով դամբարանն է: Հայկական Լեռնաշխարհում տարածված շրջանաձև թմբատեսք դամբարաններում հանդիպում են ծիսական թաղումներ, որտեղ հանգուցյալը տեղադրված է սաղմի տեսքով: Այսպիսի դամբարաններ տասնյակներով հանդիպում են Սինայի Հար-Կարկոմում, Արևմտյան Եվրոպայում:
Եզրակացություններ:
Ք.Ծ.ա. 4-3-րդ հազարամյակների դամբարանների կառուցվածքը հայկական առասպելաբանական տիեզերքի եռամասնական կառուցվածքի պրոեկցիան է հարթության վրա: Տիեզերական առասպելաբանական վիշապները պաշպանում են կանոնակարգված տիեզերքը քաոսից: Ունեն սֆերայի տեսք, հարթության վրա պրոեկցվում են շրջանի տեսքով: Շրջանի, կամ կանոնակարգված տիեզերքի կենտրոնում Կենաց ծառի պտուղն է՝ Արեգակը: Արեգակի շուրջը շրջանակն է, որը սահմանագծում է նրա ոլորտը: Կենտրոնական մասում ուղղանկյուն գծագրությամբ, խաչաձև, կամ քառակուսի երկրաչափական պատկերը՝ երկրի խորհրդանիշն է:
Նորավանքի եկեղեցու հարավային ամբողջ պատով մեկ, խորհրդանշական՝ հավանաբար Մոմիկի հեղինակած որմնապատկերը, ներկայացնում է տիզերքի կառուցվածքի հնագույն առասպելաբանական կառուցվածքի մանրամասները՝ պրոեկցիայում:
Նորվեգիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, կենտրոնական Եվրոպայում Կենաց Ծառի զարգացումները հանգեցրել են հավասարաթև խաչարձանների, հավասարաթև խաչքարերի, կամ հազվագյուտ դեպքերում, ծիսական բնութագրեր ունեցող խաչապատկերային որմնաքանդակների, որտեղ պահպանվել են տիեզերական տիեզերական սրբազան վիշապները, իրենց առասպելական առաքելության շեշտադրմամբ:
Ամփոփում: Խաչքարը հոգևոր, կոնստրուկտիվ, գեղագիտական, ճարտարապետական կատարյալ համակարգ է, որով և բացատրվում է նրա անխոցելիությունը, իր պահպանողական ձևի մեջ ոճական առումով անընդհատ ինքնազարգացման գործընթացները, տարատեսակ հորինվածքային մեկնաբանությունները խարսխված հիմնական սկզբունքային նախատիպին:
Խաչքարը հայկական առասպելաբանական տիեզերքի եռամասնական կառուցվածքի պրոեկցիան է հարթության վրա: Պատկերի կենտրոնում կենաց ծառն է իր կարևորագույն բաղադրիչներով՝ սերմ, հատիկ՝ շրջանի տեսքով, ընդերքը-երկիր-երկինք կապը, ցողունի տեսքով, պտուղը-արեգակը գնդի տեսքով:
Գրականություն
1. Շահինյան Ս., ՚Հայաստանի քարանձավներըՙ հ. I, 2005թ., Զանգակ-97, Երևան, էջ 170:
2. Շահինյան Ս., Քարանձավները հայ ժողովրդի հոգեկերտվածքի և մշակույթի ձևավորման գործընթացում, Հաղորդում 1-ին, Հայկական լեռնաշխարհը Հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան, ԳԱԱ ՊԻ, 2004թ., Երևան, էջ 24-32:
3. Շահինյան Ս., Քարանձավները հայ ժողովրդի հոգեկերտվածքի և մշակույթի ձևավորման գործընթացում, Էջմիածին, N 5, 2003թ., Էջմիածին, էջ 55-75:
4. С.М.Шагинян. Непосредственное влияние факторов экосистемы на сложение Армянских мофологических представлехий о Космосе. Научные Чтения “Белые ночи-2011”Великий Новгород, 2011. РФ стр 112-118
5. С.М.Шагинян. Эндемическая культура и боздействие экологическиих факторов экотопа. XX Международная научно-практическая конференция. ЭКОЛОГИЯ И ЖИЗНЬ Сборник статей 2011 Пенза стр 202-204
6. ”Atlas of Irish History” G.E. Sean Duffy, Second Edition; Gill&Macmillan;2000.Derbyshire, p144 UK,www.gillmacmillan.ie.
7. Ãåîìîðôîëîãèÿ, 1962ã., Åðåâàí, ñò 56-64.
8. David Wengrow. .”The Archaeology of Early Egypt”. Cambridge Univesrity Press. 2006. Cambridge.
9. Language-tree divergence times support the Anatolian theori of Indo-European origin. Russel D.Gray&QuentinD. Atkinson. NATURE|VOL.426 |27november2003, www.natur.com/natur
10. Mene J. ,, Celtic ornament’’ Mercier Press 1974. Dublin p.104.
11. Nash G. and Chippindale C. European Landscapes of Rock-art. Rout ledge 2002 London
12. O`Kelly C.,,Newgrange ”Eden Publication.1996 (Reprinted 2003;2007). Ireland elenpublications@gmail.com Gill&Macmillan;2000.Derbyshire,UK,www.gillmacmillan.ie.on p.120.
13. Schmidt Klaus. Geobekli Tepe, Southeastern Turkey. A Preliminary Report on the 1995-1999 Excavations.. In: Paléorient. 2000, Vol. 26 N՛1. pp. 45-54.
14. S.M.Shahinyan. Global Climate Changes and Pantheistic Spiritual Perseptions in Armenia Higland Beforand After the Last Wurm Glaciation. http://www.inqua2011.ch Swiss, Bern july20-28 INQUA congress
15. Shahinyan S., The “Xenophon Dwellings” and their Analogues in the Basin of Lake Sevan, UIS congress. August 1989. Budapest, p. 446-448.
16. S.Shahinyan S., Cave Dwellings with Stone Doors. UIS Congress, August 1989, Budapest, p 440-442.
17. S.M.Shahinyan. Global changes of environment and the great migration of people from Asia Minor at the end of the Quaternary period. WAC – 6 IRELAND 2008, 29-th JUNE – 4th JULY. Dublin p.300.
18. S.M.Shahinyan. Pantheistic prerequissitis of developments from petrogliphs to symbols and architectural moduls. 3rd International conference CPAC. Beijing.China. Nov.20-24,2011. Published by Institution of Engineering and Technology China. Vol.5 p.38-42
19. S.M.Shahinyan. Petrogliphs and Ansient symbols of Armenian Highland. Vol.1. YSUAC. 2010. Zangak-97. Yerevan. 114p.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |