«ԵՐԲ ՏՈՒՆՍ ԱՅՐՎԵՑ ԵՎ ԵՍ ԷԼ ՀԵՏՆ ԱՅՐՎԵՑԻ»: Լեոնարդո Ալիշանի մահվան առթիվ
Հրատարակվել է 2005 թ-ին:
2005թ-ի հունվարի 9-ի գիշերը իր տանը ծագած հրդեհից զոհվել է գրող, գրաքննադատ, Յութայի համալսարանի պարսկերենի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների պրոֆեսոր Լեոնարդո Ալիշանը:
Ալիշանին քչերն էին ճանաչում Հայաստանում. նա մեր ընթերցողին ծանոթ է մամուլում թարգմանաբար լույս տեսած հատուկենտ արձակ և չափածո ստեղծագործություններով, մինչդեռ նրա գրականությունը հիրավի արժանի էր լայն ճանաչման:
Լեոնարդո Ալիշանը ծնվել էր 1951-ին, Թեհրանում: Իր ասելով՝ պապն իրենց տոհմիկ ազգանունը փոխել էր Ալիշանի, մեծագույն ակնածանք տածելով առ հայր Ղևոնդ Ալիշանը և անժառանգ հայագետի ազգանվան հարատևման մտահոգությամբ, իսկ իրեն Լեոնարդո էին անվանել դարձյալ ի պատիվ մեծանուն գիտնականի… 1973-ին Լեոնարդոն տեղափոխվել էր ԱՄՆ՝ բարձրագույն կրթություն ստանալու: Գրում էր անգլերեն և պարսկերեն, թեև կարդում և գրում էր հայերեն: Կինը, որից ամուսնալուծված էր, և երեք զավակները բնակվում էին Քալիֆորնիայում, մինչդեռ ինքը տարիներ շարունակ ապրում էր Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում, որի համալսարանում 20 տարի շարունակ դասավանդում էր պարսից լեզու և գրականություն: Մասնակցել է մի շարք Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ընկերակցության, Համեմատական գրականության հարավային ընկերակցության, Հայագիտական ընկերակցության, Ամերիկյան արևելագիտական ընկերակցության, Իրանագիտության հետազոտության և վերլուծության կենտրոնի կազմակերպած գիտաժողովներին, ներկայացնելով զեկուցումներ պարսից և հայ դասական և ժամանակակից գրականության վերաբերյալ: Զեկուցումներ է կարդացել որպես հրավիրյալ դասախոս Բերքլիի Քալիֆորնիայի, Լոս Անջելեսի Հարավային Քալիֆորնիայի, Վանքուվերի Բրիտանական Քոլամբիայի, Չիքագոյի, Թեքսասի, Քոլամբիայի, Նյու Յորքի համալսարաններում, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում:
Այստեղ էր, որ առաջին անգամ ունկնդրեցի Լեոնարդո Ալիշանին, արդեն հեռավոր 1989 թվականին: Իսկ նրա հետ անձամբ ծանոթացանք 2003-ի նոյեմբերին, Լոս Անջելեսում: Երկուսս էլ մասնակցում էինք Հարավային Քալիֆորնիայի համալսարանում պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի կազմակերպած «Պատմական հայկական նահանգներ և քաղաքներ» թեմայով հերթական գիտաժողովին, նվիրված Նոր Ջուղային: Այստեղ Լեոնարդո Ալիշանը ներկայացրեց ջուղայեցի նկարիչ Սմբատ Կյուրեղյանին կյանքը և գործունեությունը՝ խոսքը ծաղկեցնելով նկարչի գործերի սահիկների ցուցադրությամբ և սեփական բանաստեղծությունների ընթերցմամբ: Գլենդեյլում Նարդոն (ինչպես նրան մտերիմներն էին անվանում) իջևանել էր «Բաց նամակ» գրական ամսագրի հրատարակիչների՝ բանաստեղծ Գուրգեն Արզումանյանի և նրա տիկնոջ՝ Էլիզաբեթ Գրիգորյանի տանը: Այդ սիրալիր հարկի ներքո էլ, գրոց-բրոց այլ մարդկանց ընկերակցությամբ, մի անմոռանալի երեկո անցկացրինք: Նարդոն արդեն ինձ ծանոթ էր «Արարատ» անգլիալեզու ամսագրում լույս տեսած գրական գործերով և մի փոքրիկ բանաստեղծական ժողովածուով, որ հրատարակել էին Գուրգենն ու Էլիզաբեթը: Թեև երեսուն տարի է բնակվում էր ԱՄՆ-ում՝ սակայն իր տեսքով, շարժուձևով, պահպանողականությամբ, մտայնությամբ, պարսկահայ բարբառով և սիրազեղ արտահայտություններով («ղուրբան», «ջիգյար», «շունշանորդի») այնպիսի տպավորություն էր թողնում, կարծես երեկ էր եկել Պարսկաստանից: Նարդոն կես անգլերեն, կես հայերեն պատմում էր իր նախնիներից, հատկապես Մեծ եղեռնի ժամանակ անլուր տանջանքներ տեսած տատից, որի կերպարը հաճախ էր հանդես գալիս իր գրվածքներում («Լուսնի կերպերը», «Ցեյլոնից բերված կրիան»): Խոնարհ էր իր անձի և գրականության մասին խոսելիս: Երբ ասացի, որ հիացած եմ իր գրություններով և հատկապես՝ արձակ բանաստեղծություններով, Նարդոն միայն ասաց. «Դրանք կարևոր չեն»: Մենակ, անօգնական, կոտրված մարդու տպավորություն էր թողնում, ալկոհոլին գերի, խոսում-մորմոքում էր ինքն իրեն. «Ես չգիտեմ՝ որտեղ եմ ապրում, ում եմ պատկանում՝ Պարսկաստանին, Հայաստանին, Ամերիկային… Ի՞նչ եմ անում այստեղ, ի՞նչ գործ ունեմ… ապուշ բանաստեղծություններ եմ գրում»: Անզոր ցասումով էր խոսում հայությանը բաժին ընկած տխուր ճակատագրի, այսօրվա Հայաստանում տիրող անօրինությունների մասին: «Ուրեմն ճիշտ է՞, որ հայ աղջիկներն ազատ դուրս են գալիս փողոց պոռնկությամբ զբաղվելու… չէ՛, չեմ ուզում լսել, չե՛մ ուզում իմանալ»: Իսկ հրաժեշտ տալիս Նարդոն ասաց. «Հիմա եմ հասկանում, թե ինչու է Դայանա Տեր-Հովհաննիսյանը քեզ շատ սիրում… ես էլ քեզ սիրեցի, եղբայրս, ինչ որ բանի պետք ունենաս՝ դիմիր ինձ, կարողացածիս չափ քեզ կօգնեմ»:
Բայց երանի թե մեկը լիներ և օգներ Լեոնարդո Ալիշանին՝ չմոխրանալու համար հրդեհի ճիրաններում… Այս սարսափելի լուրն առնելով՝ անմիջապես հիշեցի Նարդոյի «Զատիկը և պարսկական գորգը» ստեղծագործության սկիզբը.
«Տատս չորս թոռ ուներ և չգիտեր՝ ինչպե՞ս իրեն բաժաներ չորս հավասար մասի: Ուստի ընտրեց ինձ: Ի վերջո, երբ տունն այրվում է, հո բոլորը հետը չեն այրվում: Ես այրվեցի, երբ մոտ ինը տարեկան էի: Երբ տատս սովորականի պես արտասվում էր, իսկ տանն ուրիշ ոչ ոք չէր լինում, գլուխս դնում էի նրա լայն գոգին, ավելի ճիշտ՝ խամրած ծաղկանախշերով հին, փափուկ զգեստին, և զուր էի փորձում իմ կարճ թևերով գրկել նրա հաստ մեջքը: Նրա արցունքները կաթում էին մազերիս և դեմքիս աջ մասին: Այո, դա այն օրն էր, երբ տունս այրվեց, և ես էլ հետն այրվեցի»:
Չեմ զարմանա, եթե մի օր պարզվի, որ Նարդոն՝ այդ տարօրինակ, աշխարհի և իր դեմ դառնացած մարդն ինքն էր վարպետորեն բեմադրել իր տխուր վախճանը…
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |