artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

Աշխարհի հայազգի տպագրիչները

Article image այ տպագրության 500-ամյակի առթիվ արժե հիշել նաև աշխարհի տարբեր ժողովուրդների կյանքում տպագրական գործի ռահվիրաներ դարձած մի քանի հայորդիների: Լուսավորության անընդհատ ձգտմամբ, նորի հանդեպ մշտական հետաքրքրությամբ և հարևան ժողովուրդների շրջանում քաղաքակրթության նվաճումները տարածելու առաքելությամբ ներշնչված հայ ժողովրդի զավակները մեծապես կարևորել են նաև այդ հեղաշրջիչ հայտնագործության՝ տպագրության նշանակությունը և ամենատարբեր երկրներում նպաստել գիտության ու մշակույթի զարգացմանը:



Տպագրական գործին հայ մարդու առաջին առնչությունը կապվում է կաթոլիկ արքեպիսկոպոս Անտոն Սուլթանիեցու անվանը: 14-րդ դարի 30-ական թվականներին այս հայ կրոնավորը ճամփորդել է Չինաստանում և գրել «Տեղեկություններ Չինաստանի մեծ խանի պետության մասին» լատիներեն աշխատությունը: Անտոնի անունը մի քանի դար մոռացված է եղել, ապա նրա ծառայություններն ըստ արժանվույն հիշել են 17-րդ դարում:

Չինաստան ուղարկված ռուսական դեսպանության ղեկավար Նիկոլայե Միլեսկու Սպաֆարին (1638-1708) իր «Ասիա մայրցամաքի առաջին մասի նկարագրությունը» աշխատության մեջ գրել է. «...հին գրքերում գրում են, որ... իսկական մետաքսի արդյունագործումը մյուս երկրները չինացիներից սովորեցին և ոչ միայն այդ. այլև թնդանոթներ ձուլելը և ծովում լաստով նավարկելը. նմանապես և գրքեր տպելը Եվրոպայում չինացիներից սովորեցին: Որովհետև երբ... թաթարները եկան Չինաստան, նրանց հետ Չինաստան եկան հայր Օդորիկոն և Անտոն հայը և Մարկո Պոլո վենետիկցին, և իրականում Չինաստանից այդ արհեստները ու արվեստները նրանք Եւրոպա բերին»:





Այս վկայության իսկությունը մինչ օրս հետազոտողները վիճարկում են, ոմանք գտնում են, որ տեղեկությունն արժանահավատ չէ, քանի որ վկայել է ոչ թե ժամանակակիցը, այլ մի քանի դար անց ապրած հեղինակը:

16-րդ դարում, երբ հայ տպագրությունն արդեն կայացած իրողություն էր, հայկական տարբեր գաղթավայրերում սկսեցին գործել հայազգի շատ տպագրիչներ: Այսպես. լեհական տպագրության առաջին հարյուրամյակում իր անունը թողեց Կրակովի հայ համայնքի անդամ Լազար Անդրիսովիչը, նրա հայկական անունը հավանաբար եղել է Ղազար Անդրեասյան: 1550 թ. Կրակովում նա հիմնել է տպարան, որը ղեկավարել է մինչև 1577-ը: Մահից հետո նրա տպագրական գործը շարունակել է որդին` Յան Յանուշևսկին:

Հատկապես նշանակալի գործունեություն են ծավալել Օսմանյան կայսրության հայ տպագրիչները, ովքեր նպաստել են ոչ միայն հայկական և թուրքական, այլև կայսրության այլ ժողովուրդների տպագրական գործին£ Անշուշտ, ամենահայտնին Պողոս Արապյանն էր (1742, Ապուչեխ-1835, Կ. Պոլիս): Նա 70 տարի Կոստանդնուպոլսում աշխատել է տպագրության ասպարեզում և եղել Օսմանյան կայսրության ամենահայտնի տպագրիչը: Ստեղծել է հայկական տպատառեր, հիմնել հայկական տպարաններ: Նա ստեղծել է նաև թուրքական «նեսիհ» և «թալիգ» տառատեսակները, որոնք կոչվել են իր անունով՝ «Արապ օղլու»: 1770-ին Հերակլ թագավորի հրավերով գնացել է Թիֆլիս, պատրաստել վրացական տպատառեր, սարքավորել տպարաններ և տպագրել վրացերեն գրքեր: Մասնակցել է նաև Էջմիածնում հայկական նորաստեղծ առաջին տպարանի կատարելագործմանը:

Կոստանդնուպոլսում 1839-ից տպագրական տառատեսակների ստեղծման և ձուլման աշխատանքներով է զբաղվել Հովհաննես Մյուհենտիսյանը (1810-1891), նա եղել է ոչ միայն հայտնի փորագրիչ, այլև երաժիշտ: Աշակերտել է անվանի երաժիշտ Համբարձում Լիմոնջյանին: Նա իր գործունեությունն սկսել է հայկական տառատեսակների ստեղծմամբ, այնուհետև 1843-ից զբաղվել է նաև թուրքերեն արաբատառ տառատեսակների պատրաստմամբ, որոնք գործածվել են մինչև 1928-ը և կոչվել «Մյուհենտիսյան տառեր»: Նա տպագրել է հայերեն և թուրքերեն գրքեր ու թերթեր, գծագրել և պատրաստել թուրքական մի քանի թղթադրամներ: Նրան անվանել են «թուրքական Գուտենբերգ»:

Բուլղարական տպագրության ռահվիրաներից է Թադևոս Տիվիթճյանը (1810, Կ. Պոլիս, մահացել է Բուլղարիայում): 1841-ին նրա աջակցությամբ Կոնստանտին Օգնյանովիչը հիմնել է Կ. Պոլսի առաջին բուլղարական տպարանը` «Ժրաջան մեղուն»: Տիվիթճյանը ձուլել է բուլղարերեն տառեր, տպագրել ինքնուրույն և թարգմանական 77 բուլղարերեն գիրք: Իր լուսավորչական գործունեության համար նա բազմիցս ձերբակալվել է և ի վերջո ապաստանել Բուլղարիայում: Նրա հետևորդներից Ա. Մինասյանը 1856-73 թթ. Կ. Պոլսում տպագրել է 97 բուլղարերեն գիրք: Ավելի քան խոսուն փաստ է, որ Կ. Պոլսում մինչև Բուլղարիայի ազատագրումը տպագրված 452 բուլղարերեն գրքերից 221-ը լույս է տեսել հայ հրատարակիչների նախաձեռնությամբ:

Պոլսեցի Մկրյան ընտանիքից է սերել լիբանանահայ տպագրիչ Ժորժ (Գէորգ) Մկըրը: Նա մանկուց բնակվել է Բեյրութում: Գիտելիքները խորացնելու նպատակով Մկըրը մեկնել է Ֆրանսիա, այնուհետև Թունիս, որտեղ իտալական քարոզչությանը հակազդելու համար հրատարակել է արաբերեն թերթ: Ֆրանսիայում արաբերեն մամուլ ստեղծելու համար տեսակցել է վարչապետ Գամբետայի հետ: Մեկնելով Լեյդեն (Հոլանդիա)` զբաղվել է արաբերեն գրքերի տպագրությամբ: Ֆրանսիայում գնել է տպագրական մեքենա և վերադառնալով Բեյրութ` հիմնադրել Լիբանանի առաջին արաբական տպարանը: Հետագայում բերել է նաև հայկական տառեր և հրատարակել հայերեն գրքեր:

Հայերը տպագրությամբ նպաստել են նաև սերբական նոր մշակույթի և լեզվի զարգացմանը: Հայտնի է, որ սերբ լուսավորիչ, բանասեր, արդի սերբահորվաթերեն լեզվի հիմնադիր Վուկ Ստեֆանովիչ Կարաջիչը (1787-1864) սերբահորվաթերեն լեզվի իր պատմական բառարանը հրատարակել է Վիեննայի Մխիթարյան տպարանում: Նրա առաջին գրքերը լույս էին տեսել Սերբիայում, սակայն առանց սերբական հոգևոր առաջնորդի՝ մետրոպոլիտի արտոնության: Այս իրողությունը սաստիկ զայրացրել է սերբ կղերականներին, քանի որ այդ ժամանակ նրանց ձեռքին է եղել սերբերեն գրքեր տպագրելու մենաշնորհը: Կարաջիչն իր գործը տեղափոխել է Վիեննա, որտեղ չէր տարածվում միտրոպոլիտի ազդեցությունը: Տեղեկանալով, որ Մխիթարյան տպարանն ունի սլավոնական տառամայրեր՝ նա 1818-ին այնտեղ հրատարակել է իր կոթողային աշխատությունը՝ «Սերբական բառարանը»: Դա պատմության մեջ առաջին սերբերեն գիրքն էր, որ գրված էր նոր ուղղագրությամբ, ժողովրդական լեզվով, միաժամանակ՝ առաջին սերբերեն և առհասարակ սլավոնական գիրքը՝ տպված Վիեննայի Մխիթարյանների տպարանում:

Կարաջիչից հետո Վիեննայի Մխիթարյանների տպարանում է հրատարակվել նաև սերբական առաջին այբբենարանը (1827) և Չեռնոգորիայի իշխան, եպիսկոպոս և բանաստեղծ Պետար Բ. Պետրովիչ-Նիեգաշի (1813-1851) «Լեռնային Պսակ» փիլիսոփայական գիրքը (1841), ինչպես նաև «Երեք օր Տրիեստում 1844-ի հունվար ամսին» գիրքը (1844):

Մոլդովայի հրատարակչության պատմության մեջ իր անունն է թողել Ակիմ Իվանի Պոպովը (հավանաբար Պապյան), որ եղել է Քիշնևի առաջին հրատարակիչը: Նա Գրիգորիուպոլիս քաղաքի հայ էր£ 1840-ի հունիսից Պոպովը սկսել է հրատարակչական գործունեությունը` տպագրելով մոլդովերեն, ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն գրքեր: Հրատարակել է «Նորմալ կոնտակտ» (1846), «Արմենուպոլ-Դոնիչի օրենսգիրքը» (1850) գրքերը, մոլդովերենի նախնական դասընթացը և այբբենարանը, այլ գործեր: Ակիմ Պոպովը մահացել է 1885 թ.:

Անգամ 20-րդ դարում, երբ գրեթե բոլոր ժողովուրդներն արդեն տպագրություն ունեին, շարունակվել է հայերի գրահրատարակչական աշխարհասփյուռ գործունեությունը: 1930-ականներին Ադիս Աբեբայի չորս տպարաններից երկուսը պատկանել են հայերի: 1931-ին Գևորգ Ճերահյանը (մահ. 1996, Մոնրեալում) իր եղբայր Եղիայի հետ հիմնել է Եթովպիայի առաջին մասնավոր առևտրական՝ Գեղարվեստից տպարանը: Այն համարվել է Եթովպիայի բարձրակարգ և մասնավոր մեծ բիզնեսներից մեկը:

Այս փոքրիկ ակնարկում հիշեցինք 16-20-րդ դարերում ապրած ութ հայորդիների անուններ, որոնք նպաստել են եվրոպական, ասիական և աֆրիկյան ինը ժողովուրդների տպագրական գործի զարգացմանը՝ մի կողմ թողնելով Չինաստանից տպագրության տեխնիկան Եվրոպա հասցրած Անտոն հայի վարկածը... Հայերի՝ տպագրական գործի հանդեպ հետաքրքրությունը քաղաքակրթության և նորարարության հանդեպ նրա մշտական ձգտման բնորոշ արտահայտություններից է:

www.sobesednik.am

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1601
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott