artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian

ԲՈՒԼԳԱԿՈՎՆԵՐԻ ՏԱՆ ԱՐԵՎԻԿԸ. Մարիկա Չմշկյանը՝ Միխայիլ Բուլգակովի մտերմուհին

Article image 1927 թվականի ապրիլի 24-ին Միխայիլ Բուլգակովը կնոջ՝ Լյուբով Բելոզերսկայա-Բուլգակովայի հետ ժամանել է Թիֆլիս։ Մի անգամ նրանց ընկերուհիներից մեկը ամուսիններին տարել է մի հրուշականոց և ծանոթացրել տիրուհու՝ տարեց մի ֆրանսուհու և վերջինիս թոռնուհու՝ Մարիկայի հետ։ Երիտասարդ և գեղեցիկ Մարիկա Չմշկյանը միանգամից գրավել է Բուլգակովների համակրանքը և ծանոթությունը վերածվել է երկարատև, ամուր, անշահախնդիր բարեկամության։ Մոտ տաս օրվա ընթացքում Մարիկան գրեթե ամեն օր եղել է Բուլգակովների հետ և ցույց տվել նրանց հարազատ քաղաքը։ Բաժանվելով՝ նրանք Մարիկայից խոսք են վերցրել կապ պահել։ Այնուհետև Բուլգակովների հրավերով Մարիկան մոտ երկու տարի ապրել է նրանց մոսկովյան նեղլիկ բնակարանում՝ դառնալով տան արևիկը։ Գրողը նրան հիշել է իր պատմվածքներում, իսկ թիֆլիսցի աղջկան է վիճակվել որպես գթության քույր և բարեկամ հերթապահելու Բուլգակովի մահվան սնարի մոտ…

Հայ բեմի մեծ վարպետ Գևորգ Չմշկյանի թոռնուհին Մարիկա (Մարիա) Արտեմի Չմշկյանը, ծնվել է 1904-ին, Թիֆլիսում, հայ հոր և ֆրանսուհի մոր ընտանիքում։ Աշխատել է երկաթուղում, սակայն գեներով անցած դերասանական շնորհքի և գեղեցիկ արտաքինի շնորհիվ նա գրավել է կինոբեմադրիչների ուշադրությունը։ Մարիկան նկարահանվել է վրացական երկու ֆիլմում՝ Իվան Պերեստիանիի «Կրետի բույնը» (1927, Ռիկա) և Նիկոլոզ Շենգելայայի «Էլիզո» (1928, Մուսլիմաթի)։ Սակայն արտաքին հմայքից և ջերմ բնավորությունից բացի նա ունեցել է մի բացառիկ հատկանիշ՝ կարողացել է ընկերություն անել տղամարդկանց հետ։

Երկաթուղում աշխատելը Մարիկա Չմշկյանին հնարավորություն է տվել տարին մեկ անգամ անվճար ճամփորդել ԽՍՀՄ-ով մեկ, և նա 1927 թվականի վերջին մեկնել է Լենինգրադ։ Այստեղ է եղել նաև Բուլգակովը, որն էլ իր տեղացի ծանոթների հետ միասին ութ օր շարունակ թիֆլիսցի գեղեցկուհուն ցույց է տվել քաղաքը և ապա պատվիրել Թիֆլիս վերադարձի ճանապարհին ութ օրով կհյուրընկալվի իր մոտ՝ Մոսկվայում։ Մի քանի օր անց, երբ Մարիկան դուրս է եկել Մոսկվայի երկաթուղային կայարանում, նրան դիմավորել են ոչ միայն Բուլգակովները, այլև դեռ Թիֆլիսից իրեն ծանոթ Վլադիմիր Մայակովսկին, հայտնի վրացի կինոդերասանուհի Նատո Վաչնաձեն և իր ռիթմիկայի ուսուցչուհին՝ Աշխեն Մամիկոնյանը։ Բոլորը սկսել են վիճել, թե ում մոտ պետք է մնա Մարիկան։ Այդժամ Բուլգակովը խլել է Մարիայի ճամպրուկը և տեղավորել տաքսիում։ Իսկ Մայակովսկին վերցրել է Մարիկայի տոմսը, դրել գրպանը և ասել. «Երբ մենք հարմար գտնենք, այն ժամանակ էլ դու կվերադառնաս»։

Բոլորի սիրելի Մարիկան, այսպիսով, հյուրընկալվել է Բուլգակովների տանը, որոնց սերը աղջկա հանդեպ ավելի է մեծացել և նրանք առաջարկել են կրկին հյուրընկալվել իրենց մոտ։ Որոշ ժամանակ անց վերոհիշյալ խումբը Մարիկային ճանապարհել է Թիֆլիս։ Ինչպես գրել է Լյուբով Բելոզերսկայա-Բուլգակովան իր «Օ, մեղր հիշողություների» հուշագրության մեջ, «Վլադիմիր Վլադիմիրովիչը (Մայակովսկին – Ա. Բ.) մեծ ուշադրություն էր ցուցաբերել Մարիկայի հանդեպ՝ բերելով շոկոլադ, ըմպելիք՝ ճանապարհի համար, ամսագրեր, որ նա չձանձրանա։ Եվ ամեն ինչ կարծես շատ պարզ էր ու քնքուշ։ Ճիշտն ասած, ես դա չէի սպասում նրանից։ Մենք վերադարձին լուռ էինք։ Ես ասացի.

–Ինչո՞ւ չենք խոսում։ Կարծես թաղումից վերադառնալիս լինենք։

Նատան և Մական (Բուլգակովը – Ա. Բ.) լուռ մնացին, իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասաց.

–Իսկապես որ, կարծես թաղումից…

Նա պիտի որ շատ հավանելիս լիներ մեր Մարիկային»։

1928 թվականին Մարիա Չմշկյանը հաստատվել է Մոսկվայում՝ աշխատելով Գոսկինոֆոնդում և դարձյալ օթևանել է Բուլգակովների տանը՝ դառնալով նրանց ամենօրյա ուրախությունը և հարազատ բարեկամը։ Պատահել է, որ Բուլգակովը գիշերվա կեսին արթնացրել է Մարիկային և կնոջը՝ կարդալու համար նրանց իր նոր գրած ստեղծագործությունը։ Մարիկան այդ գիշերային ընթերցանությունները համարել է իր կյանքի ամենից բանաստեղծական պահերը։ Բուլգակովը Մարիկային նվիրած իր երկու լուսանկարներն ընծայագրել է «Սիրելի Մարրոնին»։

1929-ի գարնանը Բուլգակովները և Մարիկան ծանոթացել են Մոսկվայում գտնվող իտալացի լրագրող Կուրցիո Մալապարտեի հետ, որին Լյուբով Բելոզերսկայա-Բուլգակովան իր հուշերում համարել է «երբևէ իմ տեսած ամենագեղեցիկ տղամարդը»։ Նա է եղել Մարիկայի կյանքի շատ բուռն, սակայն կարճաժամկետ և միակ սիրավեպի հերոսը։ Նույն թվականի ամռանը Մարիկային սիրահարվել է ռուս թատերագիր Սերգեյ Երմոլինսկին (1900–19849։ Բուլգակովները չափազանց տխրել են, երբ Մարիկան 1929-ի հոկտեմբերին ամուսնացել է նրա հետ և հեռացել է իրենց տնից։ Լյուբով Բուլգակովան, տնային աշխատող Մարուսյան և Մարիկան ինքը երկար արտասվել են հրաժեշտի ժամանակ։ Ինչպես հետագայում գրել է Մարիկան, «Ճամպրուկս բացելով՝ այնտեղ տեսա Սուվորովի բյուստը, որը միշտ դրված էր Միխայիլ Աֆանասևիչի գրասեղանին։ Ես շատ զարմացա։ Միխայիլ Աֆանասևիչը խորհրդավոր կերպով ասաց. «Դա, եթե Երմոլինսկին հարցնի, թե ուր է քո բյուստը, չշփոթվես, արագ կհանես Սուվորովի բյուստը»։ Բոլորը ծիծաղեցին և արցունքները դադարեցին….»։

Մարիկայի ամուսնությունից հետո Բուլգակովը հաճախ է այցելել Երմոլինսկի ամուսիններին, Մարիկան նույնպես շարունակել է հաճախակի գնալ հարազատ դարձած իր տունը, ինչը սկզբնապես առաջացրել է Երմոլինսկու խանդը։ Նրա կարծիքով կինն ավելի շատ հետաքրքրվել է Բուլգակովի, քան իր գործերով, իսկ Մարիկան ասել է, որ դրա պատճառն այն է, որ Բուլգակովը միշտ իրեն տեղյակ է պահել իր գործերից։ Սակայն Բուլգակովներն աստիճանաբար համակերպվել են Երմոլինսկուն և նրա հետ նույնիսկ գնացել են դահուկ քշելու։

Տարիների ընթացքում Բուլգակովի առողջությունը վատացել է։ Եկել է մի պահ, երբ բժիշկները պահանջել են շուրջօրյա հերթապահություն հիվանդի մոտ։ Նրանք բուժքույրեր են առաջարկել, սակայն Բուլգակովը խնդրել է կանչել քրոջը և Մարիկային։ Բուլգակովը, լինելով բժիշկ, կանխատեսել է հիվանդության բոլոր դրսևորումները՝ խնդրելով չվախենալ։ Չնայած իր ծանր վիճակին՝ նա ուժ է գտել սրամտելու և կատակելու։ «Չհամարձակվե՛ք ինձ վրա լաց լինել, ուրախ կհիշեք ինձ»։ Մարիկան Բուլգակովի քրոջ և կնոջ հետ միասին անձնվիրաբար խնամել է իր սիրելի Միխայիլ Աֆանասևիչին, մինչև վերջինս հավիտյան փակել է աչքերը 1940 թվականի մարտի 10-ին։ «Նա լուռ մահացավ։ Ինչպես մեզնից շատերը՝ ես կորցրի մեծ մոտիկ ընկերոջ»,– հետագայում գրել է Չմշկյանը։

1940 թվականը ծանր է եղել Մարիկա Երմոլինսկայա-Չմշկյանի համար։ Այդ տարի ամուսնուն՝ Սերգեյ Երմոլինսկուն մատնությամբ ձերբակալել և աքսորել են Ղազախստան։ Նույն թվականին նրա սցենարով նկարահանված «Մաշենկա» ֆիլմը, որը կրել է Մարիկայի անունը, էկրան է բարձրացել առանց Երմոլինսկու անվան հիշատակության՝ որպես «ժողովրդի թշնամու»։ Մարիկայի համար մեծ ցնցում է եղել ամուսնու ձերբակալությունից հետո հարցաքննության կանչվելը, ուստիև կենտրոնի աչքից հեռու լինելու համար նա վերադարձել է ծննդավայր՝ շարունակելով անել հնարավոր ամեն բան՝ ամուսնուն աքսորից ազատելու համար։ Երմոլինսկին կնոջը միացել է միայն 1945-ին՝ աքսորից վերադառնալով Թիֆլիս, ապա միասին՝ Մոսկվա։ Հետագայում, 1956-ին, նրանք անաղմուկ ամուսնալուծվել են։ Երմոլինսկին մի անգամ տուն է վերադարձել և ասել է կնոջը. «Ես ձևակերպեցի մեր բաժանումը, բայց թողեցի քեզ իմ ազգանունը՝ Երմոլինսկայա»։ Ու թեև Մարիկան չի սիրել ամուսնու ազգանունը, սակայն ոչինչ չի ձեռնարկել՝ դրանից ազատվելու համար։ Իսկ Սերգեյ Երմոլինսկին հետագայում Բուլգակովի մասին իր հուշերում Մարիկայի անունը հիշատակել է՝ առանց նույնիսկ հիշելու, որ նա 27 տարի իր կինն է եղել…

Կյանքի վերջին տարիներին Մարիկա Չմշկյանը կուրացել է, սակայն նրա հիշողությունը պայծառ է մնացել մինչև իր մահը՝ 1990 թվականի հունվարին։ Բուլգակովի կենսագիրները բազմիցս հանդիպել են հաճելի տեսքը պահպանած Մարիկա Արտեմևնա Չմշկյան-Երմոլինսկայային՝ խնդրելով մանրամասներ պատմել նրան գրողի մասին, քանի որ, ինչպես գրել է բուլգակովագետներից մեկը, Մարիկան «իմացել է նրա մասին այն, ինչ ոչ ոք չի իմացել…»։

Zoom Image

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 1868
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott