artsvi.bakhchinyan
Logo
Armenian English

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ-ԾԱՂԻԿԸ

Article image Կարող եմ ասել, որ իմ ոչ մի հոդված այնքան մեծ արձագանք չի ունեցել, որքան 2002 թվականին «Ազգ» օրաթերթում հրատարակածս գրությունը Չինաստանում ուսանող երևանցի Լիանա Եդիգարյանի մասին, որը նկարահանվել է բազմաթիվ չինական հեռուստաֆիլմերում: Այդ հոդվածը թարգմանաբար լույս տեսավ Սփյուռքում՝ ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն, Համացանցում՝ անգլերեն և ռուսերեն, Լիանային սկսեցին հրավիրել հեռուստահաղորդումների… Լիանա Եդիգարյանը դարձավ 2004-ին հրատարակված իմ «Հայերը համաշխարհային կինոյում» աշխատության գլխավոր «հերոսուհիներից», նրանց մեջ հիրավի ամենից էկզոտիկը: Փաստն, իսկապես, աննախադեպ է և արժանի ուշադրության. երևանցի գեղեցկատես հայուհին, որ մանկուց մեծ սեր է ունեցել դեպի Չինաստանը և նրա մշակույթը, չինարենի իր հրաշալի իմացության և դերասանական օժտվածության շնորհիվ մի քանի տարի դարձել էր աչքի ընկնող դեմք չինական երկնագույն էկրանին…

Հ.– Սիրելի՛ Լիանա, դու փաստորեն չինարենին տիրապետում ես մայրենիի պես… իսկ փորձե՞լ ես կատարել թարգմանություններ հայ գրականությունից:

Պ.– Երբ բակալավրի երրորդ կուրս էի, մեզ առաջադրանք տվեցին, որ ամեն ազգի ներկայացուցիչ իրենց գրականությունից որևէ հետաքրքիր բան թարգմանի: Ես փորձեցի թարգմանել Թումանյանի «Ախթամարը»: Ավելի շատ գործնական բանավոր թարգմանություններ եմ կատարել և կատարում՝ հայերենից չինարեն և հակառակը:

Zoom Image

Հ.– Մինչև հիմա հայ գրականության որոշ նմուշները չինարեն թարգմանվել են ռուսերենից, ինչպես՝ «Սասունցի Դավիթը»: Իմ կարծիքով, քանի որ 21-րդ դարը Չինաստանի դարն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր փոքրաթիվ ժողովրդին այդ մեծաթիվ ժողովուրդը ճանաչի:

Պ.– Չնայած հայ-չինական կապերը շատ հնուց են՝ երկրորդ դարից կամ ավելի վաղուցվանից, մինչև օրս գոյություն չունեն հայերեն-չինարեն կամ չինարեն-հայերեն բառարաններ, մենք օգտվում ենք ռուսերեն բառարաններից: Հիմա ես նպատակ ունեմ ստեղծել նման բառարաններ: Կարծում էի, թե դա հեշտ գործ կլինի, սակայն սկսելով՝ զգացի, որ ահռելի աշխատանք է պահանջում, պետք է լեզվաբան մասնագետների օգնությունը: Թերևս այս աշխատանքը սկզբնապես կլինի զրուցարանի ձևով, որին կհետևեն ավելի լուրջ աշխատանքներ: Վերջերս թարգմանեցի Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, որ հանձնված է տպագրության։

Հ.– Լիանա, Չինաստանում ապրած տարիների ընթացքում դու ամենից ակտիվ եղել ես դերասանական արվեստի ասպարեզում: Պատմիր, թե ինչպես սկսվեց:

Պ.– Ընդամենը ինն օր էր անցել Չինաստան իմ ժամանելուց, 1994 թվականին, երբ ինձ մոտեցան չինական հեռուստատեսությունից և նկարահանման առաջարկ արեցին: Այն ժամանակ ես տակավին չէի տիրապետում չինարենին, նրանց պետք էր միայն իմ արտաքինը: Իմ առաջին դերը Չինաստանում եվրոպական մի պետության դեսպանի աղջիկն էր, որն օթյակում նստած օպերա է դիտում: Հետո, երբ արդեն տիրապետում էի չինարենին, չինացի բեմադրիչների համար շատ ձեռնտու դերակատար դարձա, քանի որ չինարեն խոսող եվրոպական տեսքով դերասանուհիները շատ չեն: Նկարահանումները հետևում էին մեկը մյուսին, հեռուստաֆիլմերի կոնկրետ թիվը և շատերի վերնագրերը ես էլ չգիտեմ, քանի որ դերերի մեծ մասը եղել է դրվագային և զանգվածային տեսարաններում: Օր է եղել, որ երեք տարբեր տեղերում եմ նկարահանվել՝ ամենատարբեր ազգությունների աղջիկների դերերով:

Zoom Image

Հ.– Սակայն դու կատարել ես նաև գլխավոր դերեր… ես ձեր տանը տեսել եմ հատվածներ մի հեռուստաշարքից, որի գլխավոր դերակատարուհին դու էիր…

Պ.– Այո, վեց հեռուստատեսային ֆիլմաշարում հանդես եմ եկել գլխավոր դերերով: Առաջին մեծ դերս Գերմանիայի արքայադուստր Ֆելիսիան էր՝ «Չինական դինաստիայի սուրհանդակը» 30-մասանի ֆիլմաշարում: Այստեղ փոքր դերով հանդես է եկել նաև քույրս՝ Մարինան: Մյուս մեծ դերերս էին ամերիկացի ոստիկան Քեթին՝ «Արտակարգ գործ», ամերիկուհին՝ «Ջուն Գուան Ցուն փողոցը» հոլանդուհին՝ «Տայվանցի հերոս Ջըն Չըն Գուն», Ջեսին՝ «Հնաոճ կայսրը» ֆիլմաշարերում: Իսկ քո նշած ֆիլմը «Վաղ թառամած ծաղիկը» հեռուստատեսային ֆիլմաշարն է, որտեղ իմ ամենամեծ դերն եմ կատարել, Ջենի անունով մի ամերիկուհու դեր, որը 1940-ականներին ամուսնանում է չինացու հետ և Չինաստանում շատ պրոբլեմներ ունենում ամուսնու ընտանիքի, չինական հասարակության հետ:

Հ.– Ես գիտեմ, որ Եդիգարյան քույրերին Չինաստանում անվանել են «Յամեյնիյա ձիեմեյ խուա», այսինքն՝ «Հայ քույրիկ ծաղիկներ»: Դիտել եմ նաև մի տեսագրություն, որտեղ դու քրոջդ հետ չինական երգ էիր կատարում…

Պ.– Ես և Մարինան բազմաթիվ միջոցառումների և հեռուստատեսային շոուների ենք մասնակցել, չինացի դերասանների հետ խաղացել ենք երգիծական փոքրիկ բեմադրություններում, կատարել ենք չինարեն երգեր, հաճախ նաև՝ հայկական երգեր՝ հայկական տարազներ հագած: Մի անգամ Մարինան կատարեց Կոմիտասի «Կաքավիկը», իսկ ես քանոնով նվագակցեցի նրան: Մեկ այլ համերգում ես քանոնով կատարեցի Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» երգը, ու նաև Չինաստանում շատ տարածված ույղուրական ժողովրդական «Տաբանչընի աղջիկը», որ ինքս էի փոխադրել քանոնի վրա: Հանդիսականները շատ ջերմ ընդունեցին այս համարը, ամբողջ կատարումը ցուցադրեցին նաև հեռուստատեսությամբ:

Zoom Image

Հ.– Իսկ ինչո՞վ է զբաղվում այժմ Մարինան:

Պ.– Քույրիկս ավարտեց ուսումը Պեկինի համալսարանի չինարեն լեզվի բաժնում, այժմ աշխատում է ռուսական մի ավիաընկերությունում որպես թարգմանչուհի՝ չինարենից ռուսերեն և հակառակը: Երբեմն, շաբաթ-կիրակի օրերին, հրավիրվում է մասնակցելու հեռուստաշոուների: 2002-ին Պեկինի օպերայում գեղարվեստական մրցույթ էր հայտարարվել՝ Չինաստանում բնակվող արտասահմանցիների միջև, և Մարինան շահեց «Ոսկե վիշապ» մրցանակը:

Հ.– Չինաստանում որքա՞ն հայ կա այժմ:

Պ.– Կոնկրետ թիվը չգիտեմ, բայց կարծում եմ, որ 30 հոգուց ավելի չի լինի: Միայն Պեկինում 15 հայաստանցի ուսանող կա: Այսօր Չինաստանում են ապրում գործարար Տիգրան Գյուլեքյանը, ջութակահար Սերգեյ Գևորգյանը, որ դասավանդում է Գուանչժոուի կոնսերվատորիայում, հեծանվասպորտի մարզիչ Ալբերտ Սոլոյանը, հայաստանցի Աննան, որ Սըչուանի համալսարանում անգլերեն է դասավանդում: Չինահայերը հավաքատեղի չունեն, երբեմն Պեկինում Հայաստանի դեսպանատունն է հավաքավայր դառնում նրանց համար:

Հ.– Ի՞նչ ծրագրեր ունես:

Պ.– Երազում եմ նորից վերադառնալ դերասանական ասպարեզին: Կուզեի հաստատվել Չինաստանում, սակայն քանի որ այդ երկիրը չի տալիս քաղաքացիություն, իմաստ չունի այնտեղ մնայուն աշխատանք փնտրելը: Իսկ կյանքիս նպատակն է՝ որտեղ էլ լինեմ, կամուրջ հանդիսանամ հայ և չինացի ժողովուրդների միջև, այդ կապերի զարգացման մեջ մի կարևոր ներդրում կատարեմ: Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Յամենիա վան սըյ (կեցցե Հայաստանը)։ Kecce Chinastan!

Zoom Image

Հարցազրույցից հետո Լիանան սկսեց իմ խնդրանքով ինձ մի չինարեն երգ սովորեցնել: Այժմ ձեռքիս միշտ ունեմ «Հուշեր Սիեմընի թեյարանից»»՝ Չինաստանում շատ սիրված երգի բառերը, որ չափազանց դժվար է սերտելը, չինացիներն իրենք էլ դժվարությամբ են երգում, սակայն երևանցի Լիանայի շուրթերից հնչում են այնքա՜ն թեթևությամբ և հարազատությամբ: Հիշեցի իմ ամերիկահայ բարեկամ Րաֆֆի Սեթյանի պատմածը. աշխատելով չինական հյուսիսի մի քաղաքի համալսարանում, պարոն Րաֆֆին մի անգամ խնդրել է չինացի քարտուղարուհուն զանգահարել Պեկին՝ Լիանա Եդիգարյանին: Հեռախոսազրույցից հետո երիտասարդ չինուհին ոչ մի կերպ չի կարողացել հավատալ, որ ինքը ոչ չինացու հետ է խոսում, այնքան վարժ և առանց առոգանության էր խոսում Լիանան չինարենը…

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3193
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott