Համոզված եմ՝ Հայաստանում կան շատ բաներ, որոնք ես կսիրեմ
«Գեղեցի՜կ էր. սահուն կատարում՝ բազմաթիվ ներշնչող պահերով, արդյունք՝ լավ նախապատրաստության, գերազանց նվագախմբի, հիանալի դիրիժորի, հոյակապ դահլիճի և անզուգական զգացողության, որ ես Բրազիլիան ներկայացնում եմ իմ տանը՝ Հայաստանում». այս խոսքերը գրեց նյույորքաբնակ 29-ամյա բրազիլահայ կիթառահար Ժոաո ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆԸ՝ Facebook-ի իր էջում, դեկտեմբերի 14-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգից հետո, որ կազմակերպել էր Բրազիլիայի դեսպանատունը, և նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20-րդ տարելիցին: Ժոաոյի մասին առաջին անգամ իմացա, երբ անցած տարի Նյու Յորքում ընկերներիցս մեկը տվեց նրա լուսանկարը և հպարտորեն հայտնեց նրա համերգի մասին՝ հեղինակավոր Քարնեգի հոլում… Համացանցի շնորհիվ կայացավ մեր ծանոթությունը, մինչև որ մի օր Երևանի երաժշտական ազդագրերից մեկին տեսա այդ ծանոթ անունը, ապա մեծապես վայելեցի նրա բարձրարվեստ ելույթը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարության ներքո: Հաջորդ օրը մի ընդհանուր ընկերոջ տանը զրուցեցի համակրելի, գեղարվեստական վառ խառնվածքով այդ երիտասարդ երաժիշտի հետ: Զրույցը սկսեցի հայերեն բարևով, որի պատասխանը Ժոաոն հնչեցրեց՝ «բարև դեզ»…
- Որքան գիտեմ՝ սա քո առաջին ելույթն էր սիմֆոնիկ նվագախմբի հետ…
- Այո… Այս այցելությունը բովանդակալի է շատ առումներով: Առաջին հերթին, իհարկե, ինձ համար՝ որպես հիսուն տոկոս հայկական արյուն ունեցողի, որի ընտանիքը մշտապես փորձել է պահպանել հայկական մշակույթը… Թեև ես հայերեն գրեթե չեմ խոսում, բայց միշտ էլ ընտանեկան հավաքների, իմ հայ տատիկի տանը կազմակերպված մեծ ճաշկերույթների ժամանակ զգացել եմ իմ հայկական ինքնությունը… Շատ ընդհանրություններ կան իմ ընտանիքում և այստեղ` Երևանում տեսածներիս միջև: Իսկ մասնագիտական առումով կարևոր էր մասնակցությունն այս մեծ միջոցառմանը, ֆանտաստիկ զգացողություն էր՝ ներկայացնել Բրազիլիան հայ-բրազիլական դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի առթիվ… Երաժշտական տեսակետից հոյակապ փորձառություն էր, քանի որ չնայած ես միշտ վարժ նվագել եմ Վիլա-Լոբոսի կոնցերտը (շատ հաճախ՝ դաշնամուրի նվագակցությամբ), երբեք փորձ չեմ արել կատարել նվագախմբի հետ… Այնպես որ սա ուղենշային միջոցառում եղավ ինձ համար:
- Վացո՞ւց ես կիթառ նվագում…
- Արդեն տասնհինգ-տասնվեց տարի է… Ես սկսել էի էլեկտրական կիթառից, այնուհետև անցել ավելի ժողովրդական ոճերի, ինչպես՝ բոսա նովա, Բրազիլիայի ժողովրդական երաժշտության մյուս ժանրերը, մինչև որ սկսեցի սովորել նոտագրություն և սովորեցի կատարել Վիլա-Լոբոսի որոշ ստեղծագործությունները…
- Պատմիր քո ուսումնառության մասին…
- Նախ ուսանել եմ Բրազիլիայում, 12 տարեկանում սովորել եմ իմ ծննդավայր Սան Ժոզե դու Ռիո Պրետոյի կոնսերվատորիայում… Այս քաղաքից մինչև Սան Պաուլու մեքենայով մոտ հինգ ժամ է, այնտեղ ավելի շատ ագարակների և կովբոյների աշխարհ է, քան մտավոր գործունեության կամ արվեստի, բայց ես իսկապես հարուստ մանկություն եմ ունեցել և ուրախ եմ, որ մեծացել եմ այնտեղ: Այնտեղ են իմ նախնիները հնարավորություն ունեցել հիմնել խանութներ և կարգավորել իրենց կյանքը… Իմ քաղաքում առաջին մասնավոր դասերս ստացել եմ հիանալի կիթառահար և կոմպոզիտոր Պրետո Մորենոյից, որով հիացած եմ մինչև հիմա և որի հետ վերջերս համագործակցել եմ մի համերգի ժամանակ… Ես դա արեցի որպես անակնկալ… Շատ զգացմունքային պահ էր, երբ ուսուցիչս բեմ բարձրացավ… Պատկերացրեք, նրա հետ տարիներ շարունակ պարապելուց հետո ես գնացի Սան Պաուլու, ապա` Նյու Յորք, հետո ճափորդեցի ամբողջ աշխարհում, իսկ հիմա վերադարձել եմ հայրենի քաղաքս ու առաջին ուսուցչիս հետ նվագում եմ կողք կողքի… 2006 թթ. երաժշտության բակալավրի աստիճան ստացա Սան Պաուլուի համալսարանում, իսկ 2007-2010-ին՝ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցում… Մինչև Միացյալ Նահանգներ վերջնականապես տեղափոխվելն ունեցա նաև մի շատ կարևոր ուսուցիչ՝ Պաուլո Մարտելին… Ես տակավին հիանում եմ նրանով ոչ միայն այն պատճառով, որ նա մեծ ուսուցիչ է, այլև ֆենոմենալ կիթառահար… Հենց նա էր, ով լավ առումով նեղացրեց իմ ուղին՝ տանելով դեպի դասական կիթառը: Նա թերևս ամենաազդեցիկ անհատականությունն է իմ երաժշտական կյանքում, ում ես պարտական եմ գրեթե ամեն ինչով… Որպես կատարող և ուսուցիչ՝ նա շատ խանդավառ է իր գործում, աներևակայելիորեն մեծահոգի է, անում է ամեն ինչ, որպեսզի իր ուսանողները լավ նվագեն: Մարտելին Ջուլիարդի շրջանավարտ է, և միշտ խրախուսել է ինձ երաժշտական կրթությունը շարունակել արտասահմանում, ինչը ես արեցի և այսօր շատ ուրախ եմ, որ նա հպարտանում է ինձնով…
- Կիթառը հաճախակի հյուր չէ մեր համերգասրահներում… Այս համերգը բացահայտեց ոչ միայն ևս մեկ տաղանդավոր երաժշտի, այլև այն իրողությունը, որ մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը կիթառի մենանվագով համերգի գեղեցիկ փորձառություն ձեռք բերեց… Ինչպե՞ս ես գնահատում կիթառի և սիմֆոնիկ նվագախմբի համադրությունը:
- Դասական կիթառը որևիցե նվագակցություն չի պահանջում: Կան որոշ կամերային ստեղծագործություններ, բայց միայն վերջերս են սկսել գրել և կատարել գործեր՝ կիթառի և սիմֆոնիկ նվագախմբի համար… Կիթառը մի քանի խնդիր ունի նվագախմբի հետ աշխատելու հարցում… Սակայն այսօր նման հարցերը տեխնիկայի միջոցով լուծվում են… Կարծում եմ, որ այստեղ դա ևս լավ գործեց, նվագախմբի երաժիշտները նույնպես ասացին, որ իրենց համար լավ փորձառություն էր՝ կարողանալ նվագել կիթառի հետ և վերահսկել իրենց գործիքները, նվագել հնարավորինս մեղմ և հանդարտ՝ հավասարակշռվելու համար կիթառի հետ և հասնելու լավ արդյունքի…
- Ի՞նչ կպատմես Բրազիլիայում կիթառի երաժշտության ավանդույթների մասին:
- 1950-ականների վերջին, 1960-ականների սկզբին կիթառի աշխարհում տիրում էր բոսա նովան, որից հետո Բրազիլիայում իսկական «բում» տեղի ունեցավ՝ այն դարձավ ամենատարածված նվագարանը… Մենք նաև շատ ամուր ավանդույթ ունենք, օրինակ Աբրեո եղբայրները կայծակնային կարիերա են ունեցել 1960-ականներին՝ ելույթներ ունենալով մեծ արվեստագետների և խոշոր նվագախմբերի հետ, ձայնագրվելով կարևոր ֆիրմաների համար… Այնուհետև եկավ Ասադ եղբայրների ժամանակը, նրանք մինչ օրս աշխարհում համարվում են դասական կիթառի թերևս լավագույն երկյակը… Բրազիլիայում կան կիթառահարներ, և ես ուրախ եմ՝ մաս կազմելով այդ ավանդույթին և այն ներկայացնելով Հայաստանում…
- Որքանո՞վ ես ծանոթ հայ երաժշտությանը…
- Հայ երաժշտությունը մի տարածք է, որը ես նոր եմ սկսել ուսումնասիրել… Դեռևս շատ բան չգիտեմ: Ես միշտ ցանկացել եմ կապ հաստատել իմ հայկական կողմի հետ ու նաև կատարել հայ երաժշտություն, բայց երբեք չէր հաջողվում դասական կիթառի հարմար փոխադրումներ գտնել… 2010 թ. Ջուլիարդն ավարտելուց հետո, երբ արդեն նվագել էի ավանդական դասական կիթառային գլուխգործոցները և նրա հիմնական երկացանկը, այլևս չլինելով ուսանող՝ սկսեցի փնտրել մեկ այլ իրականություն՝ արվեստագետի ինքնությանս համար… Լինելով կես հայ՝ անմիջապես սկսեցի ուսումնասիրել հայ երաժշտությունը, համացանցում որոնցի հայկական երաժշտություն՝ կիթառի համար… Մի քանի օր փնտրելուց հետո մի հունական, թե ռուսական կայքում գտա մի գիրք՝ Քոլանյանի հեղինակությամբ, որում հայկական ավանդական պարեղանակների փոխադրումներ էին դասական կիթառի համար… Ես ասացի ինքս ինձ. «Սա իրոք կատարյալ է, պիտի գնեմ»… Մի քանի շաբաթ անց հրավիրված էի համերգ տալու Սան Պաուլոյի հայկական ակումբում, այդ պատճառով ցանկանում էի որևէ հայկական բան կատարել… Ցավոք, գիրքն ինձ հասավ համերգից ընդամենը մեկ կամ երկու օր առաջ, այնպես որ ժամանակ չեղավ օգտվել… Համերգից հետո ես ավելի շատ ժամանակ ունեի դրանցով զբաղվելու, և ուղղակի տպավորված էի ոչ միայն հայ երաժշտության բովանդակությամբ, այլև հունահայ կիթառահար Յակովոս Քոլանյանի (Հակոբ Գոլանյան) փոխադրման ձիրքով… Կատարելու համար ընտրեցի երեք պարեղանակ՝ «Նուբար, Նուբար», «Յաման յար» և «Նազելի պար»… Հետաքրքիր է, թե ինչպես իրադարձություները զարգացան… Այդ գործերն ստանալուց մեկ-երկու ամիս անց հնարավորություն ստեղծվեց նվագել Քարնեգի հոլում… Նյու Յորքի հայոց առաջնորդարանը մեկ համերգ էր կազմակերպում Քարնեգի հոլում, որին մասնակցելու համար կարող են դիմել մեկ-երկու՝ ինձ նման հայկական ծագումով երաժիշտներ… Մասնակցության պահանջներից մեկը, անշուշտ, հայ երգահանների գործեր կատարելն էր… Եվ ես արդեն կատարում էի Քոլանյանի ստեղծագործություններից… Երբ հիշում եմ այս ամենը՝ ամեն ինչ թվում է կանխորոշված… Դիմումի ժամկետն անցել էր, բայց ամեն դեպքում մի քիչ հուսահատ գնացի հայկական առաջնորդարան, ասացի, որ ցանկանում եմ ներկայացնել իմ նյութերը, եթե դեռ հնարավոր է… Շտապ տեսագրեցի մի քանի կատարում, զբաղվեցի թղթաբանությամբ և ի վերջո ընդունվեցի… Դա իմ կարիերայի ամենամեծ ուրախություններից մեկն էր… Այդ համերգի շնորհիվ սկսեցի համագործակցել մի միջազգային երաժշտական գործակալության հետ, որի տնօրենն է Րաֆֆի Մենեշյանը… Այդ ժամանակ ես իմացա, որ Րաֆֆին համագործակցում է նաև, գուշակեք՝ ո՞ւմ հետ՝ Յակովոս Քոլանյանի… Րաֆֆին էլ դառնալով իմ պրոդյուսերը և մենեջերը, կապեց ինձ Յակովոսի հետ… Այնպես որ շուտով մեկնելու եմ Հունաստան՝ Քոլանյանի մասնավոր ստուդիայում թողարկելու իմ առաջին սկավառակը… Այսպիսով՝ իմ կարիերայում հանկարծակի ամեն ինչ իր տեղն ընկավ, և ես միայն ուրախ եմ դեպքերի նման զարգացման համար…
- Պատմիր քո հայկական արմատների մասին…
- Հայրական պապիս ամբողջ ընտանիքը սպանվել է ցեղասպանության ժամանակ, երբ նա եղել է կարծեմ երեք տարեկան: Այնպես որ մենք չգիտենք նրա իսկական ազգանունը… Որբ մնացած Արիսին (սա էր պապիս անունը) Մարսելում որդեգրել են Հովհաննես և Զարդար Կույումջյանները… Զարդարը և Արիսը Հովհաննեսից առաջ են եկել Բրազիլիա… Արիս պապիկս մահացել է 1989-ին… Թե հորս, թե իմ երկրորդ անունը նույնպես Արիս է… Տատիկիս ընտանիքը՝ Դարակջյանները, եղել են Ալբիստանից, հետո հաստատվել են Հալեպում… Նրա ծնողները՝ Սարգիսը և Արուստիկը, Բրազիլիայում հաստատվել են 1926ին… Տատիկս՝ Պարուհի Դարակջյան Կույումջյանը, 92 տարեկան է, ողջ-առողջ է՝ չհաշված հոդացավերը…
Ինչ վերաբերում է ծնողներիս, նրանք բժիշկներ են… Հայրս՝ Ժոաո Արիս Կույումջյանը, Սան Ժոզե դու Ռիո Պրետոյի հայկական կյանքում շատ ակտիվ է, կազմակերպում է տարբեր միջոցառումներ… Մայրս՝ Նիվիա Կանիլե դո Վալլե Կույումջյանը, բրազիլուհի է, բայց սրտով բավակաչափ հայ է: Նա գրկաբաց ընդունել է հայ մշակույթը և իրականում շատ խանդավառ է նրանով… Երբ եկա այստեղ, հաջորդ օրը մայրս ինձ հայտնեց, որ գիշերը հուզմունքից չի քնել այն մտքից, որ որդին հիմա Հայաստանում է, նաև հիշելով, որ ինքը հորս հետ եկել է այստեղ, մոտ երեսուն տարի առաջ, երբ դեռ Խորհրդային Միություն էր… Նա շատ զգացմունքային է եղել այդ ուղևորության ժամանակ և էլ ավելի զգացմունքային է հիմա…
- Հասցրե՞լ ես Հայաստանում որևէ բան տեսնել…
- Մինչև այսօր իմ առօրյան սահմանափակվել է հյուրանոցից ֆիլհարմոնիա և հակառակը երթուդարձով… Իհարկե անհամբեր եմ տեսնելու հնարավորինս շատ բան, շփվելու հնարավորինս շատ հայերի հետ…
- Հուսով ենք, որ շուտով կունենաս քո առաջին սկավառակը՝ հայ երաժշտությամբ հանդերձ և մենք պարբերաբար կտեսնենք քեզ մեր բեմահարթակներում…
- Հուսով եմ վերադառնալ շուտով և հասնել իմ նպատակին՝ Հայաստան այցելել տարին առնվազն մեկ անգամ, մի քանի լավ ծրագրերով… Առաջին տպավորություններս՝ մարդիկ շատ բարի են, Օպերայի շենքը ֆանտաստիկ է, ուտելիքը հիանալի է, համոզված եմ՝ կան էլի շատ բաներ, որոնք ես կսիրեմ և իհարկե՝ կկարոտեմ, երբ վերադառնամ Նյու Յորք… Մեկ այլ նպատակս հայերեն սովորելն է, որպեսզի կարողանամ բացատրվել հայոց լեզվով և ավելի սերտ կապեր հաստատել իմ հայկական կողմի հետ…
www.sobesednik.am
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |