artsvi.bakhchinyan
Logo
Armenian Russian English

«ԿԱՏԱՐՅԱԼ ՉԻՆԱՑԻ» ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ

Article image Մեր գրոց-բրոց մարդիկ քիչ թե շատ տեղյակ են արտառոցության հասնող այն փաստին, որ Աստվածաշունչն ԱՌԱՋԻՆԸ չինարեն թարգմանել է մի հայորդի: Այս մասին առաջին անգամ կարդացի խորհրդային ժամանակներում հրատարակված պատի օրացույցում: Այնուհետև այդ հայի` Հովհաննես Ղազարյանի կամ Լասսարի հակիրճ կենսագրությունը կարդացի Գառնիկ Ստեփանյանի «Կենսագրական բառարանում»: Հետագայում հարկ եղավ շատ երկար որոնումներ կատարել` այդ անձի վերաբերյալ փոքր ինչ ընդարձակ տեղեկություններ գտնելու համար: Պարզվեց, որ հայկական սկզբնաղբյուրներում ինֆորմացիա բացակայում է այդ անձի վերաբերյալ, իսկ եղած անգլերեն աղբյուրները, հրատարակված 19-րդ դարի վերջում, մեզ անմատչելի են: Մեր օրերում, սակայն, Համացանցի շնորհիվ, հնարավոր է տանդ նստած, սեփական համակարգչով ընթերցել այդ սկզբնաղբյուրները…

Հովհաննես Ղազարյանի կամ անգլիական ձևով` Ջոաննես Լասսարի (Joannes Lassar) վերաբերյալ առաջինը գրել է նրա ժամանակակից, Չինաստանում գործած վերապատվելի դոկտոր Կլաուդիուս Բաքանանը: 1819-ին, Լոնդոնում հրատարակած իր «Քրիստոնեական հետազոտություններ Ասիայում» աշխատության մեջ: Նրա մասին տեղեկություններ կան նաև մի փոքր ուշ` 1834-ին Կանտոնում (Չինաստան) հրատարակված «Չինական շտեմարան» անգլերեն ժողովածուի երրորդ հատորում, որոնցից էլ օգտվել ենք սույն հոդվածը գրելիս:

18-րդ դարի վերջին Բենգալիայի Սերամփուր քաղաքում բրիտանական Արևելա-Հնդկական ընկերության հովանավորությամբ կրթական և գիտական աշխույժ գործունեություն է ծավալել Ֆորթ Վիլյամ անգլիական բողոքական միսիոներների քոլեջը: Այս հաստատության մեջ գործել է հատուկ խումբ` Աստվածաշնչյան ընկերակցությունը, Սուրբ Գիրքն արևելյան լեզուներով թարգմանելու նպատակով: Խմբի ղեկավարները փափագել են Սուրբ Գիրքը թարգմանել տալ չինարեն և որոնել են այդ լեզվին հմուտ մեկը, որը ոչ միայն կթարգմանի, այլև քոլեջում կդասավանդի չինարեն: Մինչդեռ Արևելա-Հնդկական ընկերության Բենգալիայի տարածքում չի եղել մեկը, որը նույնիսկ տարրական չինարեն գիտենար: Եվ ահա երկար և ապարդյուն որոնումներից հետո Ֆորթ Վիլյամի պաշտոնյաները գտել են չինահայ առևտրական Հովհաննես Ղազարյանին:

Այդ հայորդին ծնվել էր 1778-ին, Չինաստանի Մակաո (այժմ` Աոմին) քաղաքում, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական տիրույթ (1557-ից սկսած, ընդհուպ մինչև 1999 թվականը, Մակաոն պատկանել է Պորտուգալիային): Հովհաննես Ղազարյանի հայրը հարուստ առևտրական էր, ծնունդով հավանաբար Նոր Ջուղայից: Որդին չինարեն լեզվին տիրապետել է մանկուց` իրենց տանը ապրող երկու քրիստոնյա չինացի տղամարդ և կին ծառաներից: Նա վարժ իմացել է նաև հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները: Հետագայում ավագ Ղազարյանը որդու համար մի չինացի ուսուցիչ է բերել Կանտոն (այժմ` Գուանճոու) քաղաքից, որը Հովհաննեսին չինարեն գրել և կարդալ է սովորեցրել: Չափահաս դառնալով` Հովհաննես Ղազարյանն իր գործունեությունը սկսել է Կանտոնում` պաշտոնավարելով տեղի պորտուգալական գրասենյակում, խմբագրելով պորտուգալացիների կողմից Պեկինի արքունիք ուղարկվող պաշտոնական գրությունները: Ապա զբաղվել է վաճառականությամբ:

1802-ին 24-ամյա Հովհաննեսը մեկնել է Կալկաթա` առևտրական նպատակներով, որտեղ որոշ դժվարություններ է ունեցել: Անգլիական իշխանութունները, տեղեկանալով նրա չինագիտությանը, հրավիրել են աշխատելու որպես չինարենի թարգմանիչ: Այնուհետև նրան գտել է Սիրամփուրի միսիոներական հաստատության ղեկավարությունը` ի դեմս վերոհիշյալ վերապատվելի Կլաուդիուս Բաքանանի, և հրավիրել իրենց մոտ: Քոլեջի ղեկավարները և հատկապես Աստվածաշնչյան ընկերակցության հանձնախումբը ջերմորեն են ընդունել հմուտ չինագետ Հովհաննես Ղազարյանին` կատակելով, թե «Չինաստանը Սիրամփուր եկավ` փոխանակ Սիրամփուրը գնար Չինաստան»: Հովհաննեսին առաջարկել են ամիսը 300 ռուփի (տարեկան 450 անգլիական ոսկի) վարձատրությամբ մշտական աշխատանքի անցնել Ֆորթ Վիլյամ քոլեջում և զբաղվել Աստվածաշնչի չինարեն թարգմանությամբ: Ղազարյանը համաձայնվել է այս պայմաններով թողնել առևտրական ասպարեզը: Քոլեջի ղեկավարությունը, չկարողանալով Անգլիայից հայթայթել պահանջվող գումարը, վճռել է իրենց բյուջեից հոգալ Ղազարյանի աշխատավարձը` գիտակցելով գործի կարևորությունը:

Zoom Image


Աշխատանքի անցնելով` երիտասարդ հայորդին անմիջապես ձեռնամուխ է եղել Աստվածաշնչի թարգմանությանը: Ձեռքի տակ ունենալով հայերեն և անգլերեն հրատարակությունները` նախապես նա թարգմանել է Հովհաննու Ավետարանը: 1805-ի դրությամբ, նա թարգմանելիս է եղել Գիրք Ծննդոցը, Մատթեոսի Ավետարանը, և երկուսից էլ որոշ գլուխներ տպագրվել են: 1806 թվականի սեպտեմբերին Ֆորթ Վիլյամ քոլեջի ռեկտոր վերապատվելի Դ. Բրաունը Անգլիա ուղարկած մի նամակում նշել է. «Պարոն ուսուցիչ Լասսարն ինձ է ուղարկել երեք չինական նմուշ, նույն լեզվի տառերով, իր սեփական գլխի և ձեռքի աշխատանքը: Քանի որ նշված փոքր նմուշները այս առավոտվա հապճեպ արտադրություն են, ես չեմ հանձնարարում դրանք խիստ քննադատության, սակայն պարոն Լասսարը կատարյալ չինացի է և նա հրաշալի աշխատանք կկատարի` Աստվածաշունչը թարգմանելով այդ լեզվով, եթե Աստված նրան հինգ կամ վեց տարվա կյանք տա: Նա այդ լեզվով կարդում է ամեն ինչ այնքան արագ, որքան դուք` անգլերեն, և նույնպես գրում է արագորեն»:

1807-ին Ղազարյան-Լասսարն ավարտել է Մատթեոսի Ավետարանի թարգմանությունը, արտագրել չինական գեղագրությամբ և ուղարկել Մեծ Բրիտանիա, Քենթրբերիի արքեպիսկոպոսին, Լամբեթի մատենադարանի համար` որպես Բենգալիայի չինական հիմնարկության երախայրիք: Իսկ նրա թարգմանած Մատթեոսի, Ղուկասի և Մարկոսի Ավետարանները արդեն տպագրվել են 1808-ին` քոլեջում հաստատված չինական տպագրական մեքենայով:

Zoom Image
Չինարեն աստվածաշնչի տպագրությունը:

Նույն 1808 թվականին Հնդկաստանի ընդհանուր կառավարիչ լորդ Մինթոն Ֆորթ Վիլյամ քոլեջի տարեկան հանդեսի ժամանակ մեծ գոհունակությամբ և գովեստով հիշել է, որ երեք երիտասարդներ ոչ միայն չինարեն են խոսում, այլև կարդում են ու թարգմանում: Այդ առթիվ լորդ Մինթոն հատուկ նշել է նաև Ջոաննես Լասսարի եռանդուն և հարատև ջանքերը ու Աստվածաշնչի երեք հիմնական գրքերի նրա կատարած թարգմանությունները:

Թեև Լասսարի անժամանակ մահը խանգարել է գործն ավարտին հասցնել, սակայն փաստը մնում է, որ Աստվածաշնչի առաջին չինարեն թարգմանիչը եղել է հայորդի և որի թարգմանությունը համարվում է Սուրբ Գրքի չինարեն թարգմանություններից լավագույնը: Լասսարի չինարեն թարգմանած Հին և Նոր կտակարանները լույս տեսան 1815–1822 թվականներին, Սերամփուրում: Սա չինարեն աստվածաշնչի ամենավաղ տպագրությունն է, քանի որ ավարտվել էր 1822-ին, մեկ տարի շուտ, քան չինագիտությանն առավել հայտնի «Շեն-ծիան շեն-շու» աստվածաշնչյան թարգմանությունը, որ կատարել էին Ռոբերթ Մորիսոնը և Վիլյամ Միլնը: Վերջապես, լինելով բապտիստ քարոզիչների նախաձեռնությունը, Լասսարի թարգմանությամբ սկիզբ է դրվել Աստվածաշնչի չինարեն բապտիստական թարգմանություններին, որն առավել կամ պակաս չափով անկախ էր` մյուս բողոքական քարոզիչների թարգմանական փորձերից:

Zoom Image
Ռոբերթ Մորիսոն (1785-1839)

Նշենք նաև, որ Ջոաննես Լասսարին թարգմանության գործում աջակցել է նրա աշակերտ, անգլիացի չինագետ, բապտիստական քարոզիչ Ջոշուա Մարշմանը (1768–1837), որն արդեն փորձ ուներ Աստվածաշունչը տարբեր հնդկական լեզուներով թարգմանելու գործում: Այս վերջինս իր երկու զավակների և դոկտոր Քյոյի որդու հետ միասին դարձել են Լասսարի առաջին աշակերտները: Մարշմանը հրատարակել է Կոնֆուցիոսի գործերի առաջին հատորը` չինարեն բնագրով և անգլերեն թարգմանությամբ: Նա և Լասսարի մյուս աշակերտները նկատելի դեր են կատարել չինական մշակույթն Արևմուտքին ծանոթացնելու գործում…

Zoom Image
Ջոշուա Մարշման (1768–1837)

Հեղինակ` Արծվի Բախչինյան

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
Two discourses preached before the University of Cambridge, on commencement Sunday, July 1, 1810: And a sermon preached before the Society for missions to Africa and the East; at their tenth anniversary, July 12, 1810. To which are added Christian researches in Asia Google eBook, էջ 96:

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2849
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
28
Հունվ
»18:13
«ՕՆԻԿ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ, ՍԱԿԱՅՆ՝ Լ ...
Article image Սեպտեմբերի 23-ին Երևանի «Գևորգյան» ցուցասրահում տեղի ունեցավ հայազգի նկարիչ Օնիկ Սահակյանի անհատական ցուցահանդեսը: Սա այն դեպքն է, որի մասին անվերապահորեն կարելի է ասել՝ «անցավ աննախադեպ հաջողությամբ»: Ցուցադրությունը տևեց 15 օր, որի ընթացքում օրական 200-ից ավելի այցելու էր գալիս: Բերված 16 աշխատանքից յոթը վաճառվեցին (14-ը հատուկ նկարվել էր Երևան բերելու համար): Այստեղ մեծ դեր ուներ ոչ միայն պրոֆեսիոնալ գովազդը, այլև այն հանգամանքը, որ Սահակյանը եղել է Սալվադոր Դալիի մտերիմ բարեկամը և օգնականը: ...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:10
ՎԵՀԱՆՁՆ ՈՒ ԲՈՐԲՈՔՅԱԼ ՀՈԳԻՆ. Ար ...
Article image 1900 թվականին Ֆլորենցիայի եւ Փարիզի երկու հրատարակչություն լույս են ընծայել ֆրանսերեն մի գիրք՝ «Տեսություն (սոցիալական հետազոտություն)» («Considռrations (Etudes sociales)») վերնագրով, որի հեղինակը հանդես էր եկել Արմենա ծածկանվամբ: Գիրքը, որ վերաբերում էր հայկական հարցին և այդ խնդրի շուրջ եվրոպական դիվանագիտության դիրքորոշմանը, լայն արձագանք է ունեցել եվրոպացի մասնագետների շրջանում: Հեղինակին անվանել են «վեհանձն և բորբոքյալ հոգի», «հանրագիտակ»: Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսն այդ գիրքը համա...
Կարդալ
2013
28
Հունվ
»18:07
«ՄԱՐԴՈՒ ՓԱՅԼԸ ՆԵՐՔՈՒՍՏ ՊԻՏԻ ԼԻ ...
Article image Երևանյան դերասանների ընտանիքում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի Ռուզան Հակոբյանը էականորեն տարբերվում է իր գործընկերուհիներից։ Ոչ միայն իր տարաշխարհիկ, ոչ ստանդարտ արտաքինով։ Թվում է, թե մեր դերասանուհիներից ուրիշ ոչ մեկի խաղն այնքան ենթարկված չէ պլաստիկային, որքան նրանը։ Թվում է, թե իր մարմնի շարժումներով և արտահայտիչ դիմախաղով նա ի զորու է մարմնավորել ամեն մի երևույթ։ Պլաստիկայի լեզվով կերպարի ոչ միայն արտաքինը, այլև ներքինը պատկերելու նրա ձիրքն անուրանալի է։ Երբ որ Ռուզան Հակոբյանը մարմն...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:57
ՊԵՐՃ ՖԱԶԼՅԱՆ՝ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԹԱՏՐՈ ...
Article image Համաշխարհային թատրոնի պատմությունն ուսումնասիրելիս նկատելի է մի ուշագրավ իրողություն. 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին մի շարք հայորդիների վիճակվել է դառնալ այս կամ այն ժողովրդի թատերական գործի ռահվիրա։ Թուրքական պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներ դարձան Հակոբ Վարդովյանը և Մարտիրոս Մնակյանը, Իրանում եվրոպական տիպի առաջին ներկայացումը բեմադրեց Արմեն Օհանյանը, վրացական նոր թատրոնի հիմնադիրներից է Միխայիլ Թումանովը, ռուսական էստրադային թատրոնի հիմքը դրեց Նիկիտա Բալիևը, Մոսկվայի հրեական թատրոնինը՝ ...
Կարդալ
2013
28
Հունվ
»17:49
ԹԱՄԱՐԱ ՉԻՆԱՐՈՎԱ ՖԻՆՉ. Հայ կալ ...
Article image 2007թ-ին Լոնդոնում լույս տեսավ Ֆրանսիայում, Անգլիայում և Ավստրալիայում աշխատած բալետի պարուհի Թամարա Չինարովա Ֆինչի «Պարելով դեպի անհայտը. իմ կյանքը «Բալե Ռյուսում» և նրանից հետո» հուշագիրքը։ Այս պարուհին չի հասել համաշխարհային ճանաչման, սակայն ապրել է հարուստ և հետաքրքրական կյանքով։ Իննսունամյակի շեմին գտնվող նախկին արվեստագիտուհու այդ չափազանց հետաքրքրական հատորն ընթերցելուց հետո նամակով կապվեցինք այսօր Իսպանիայում դստեր հետ ապրող Չինարովայի հետ. վերջինս հաճույքով թույլատրեց թարգմանել իր գր...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott