ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՀԻՆԳ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՍ ԵՐԱԶՈՒՄ ՇՓՎՈՒՄ ԷԻ ՉԱՐԵՆՑԻ ՀԵՏ
Դայանա ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ մեր ընթերցողին ներկայացնելու կարիք չկա… Ամերիկյան գրական ասպարեզում կես դարից ավելի գործող այս անխոնջ հայուհին առաջացած տարիքում էլ շարունակում է գրել և թարգմանել… Անցած հոկտեմբերին լինելով Բոսթոնում, մասնակցելով Դայանայի ղեկավարած Նոր Անգլիայի բանաստեղծության ակումբի հերթական միջոցառմանը՝ հաճելի էր տեսնել, թե որքան հարգանք ու պատիվ է վայելում ամերիկյան գրական միջավայրում այդ փխրուն, հայկական ամեն ինչի հանդեպ գերզգայուն, բայց նաև ուժեղ նկարագրի տեր տիկինը…
2011 թվականը արգասաբեր եղավ Դայանա Տեր-Հովհաննիսյանի համար, հաջորդաբար լույս տեսան նրա երեք նոր գրքերը՝ հեղինակային և թարգմանական… Այդ գրքերի և առհասարակ Դայանայի ստեղծագործությանն է վերաբերում ներկայացվող հարցազրույցը, որ վարեցինք սիրված բանաստեղծուհու՝ գրքերից, ձեռագրերից ու նկարներից ասես շնչահեղձ լինող տանը...
- Այս տարի երեք նոր գիրք ավելացրիր քո հրատարակություններին… Ընդհանուր քանի՞սը եղան…
- Տասնհինգ՝ հեղինակայինները և տասը՝ թարգմանությունները…
- Թարգմանական նոր հատորդ՝ «Մեր ժամանակների հայ պոեզիան», սկսվում է 20-րդ դարասկզբի մեր մեծերից՝ Վարուժան, Սիամանթո, Թեքեյան, և հասնում մերօրյա երիտասարդ բանաստեղծներին, մինչև Վահե Արսեն… Երկա՞ր ժամանակ աշխատեցիր…
- Այո, շատ երկար…
- Թարգմանությունը համարում ես սեփական աշխատանքի մի մա՞սը, թե դրանով մաս ես կազմում քեզ հիացմունք պատճառած հրաշալի պոեզիային…
- Բոլոր հարցերին ես «այո» կպատասխանեմ… Թարգմանություն կատարելն այնքան հաճելի չէ, որքան սեփական նոր բան ստեղծելը… Եվ այն շատ պատասխանատու գործ է… Սակայն ես սկսեցի այս աշխատանքը, քանի որ անգլերենով գոյություն չուներ ժամանակակից հայ պոեզիայի ժողովածու… Առանձին բանաստեղծություններ անցյալի պոետները թարգմանել են, անգամ Հենրի Լոնգֆելոն… Բայց 1896 թվականին Ալիս Սթոուն Բլեքուելը հրատարակել է հայ պոեզիայի առաջին անգլերեն ժողովածուն՝ իր հայ բարեկամների կատարած տողացի թարգմանությունների հիման վրա… Այնուհետև 1917-ին նա մի քանի այլ բանաստեղծություններ էլ է թարգմանել և վերահրատարակել իր գիրքը «Մերձավոր Արևելքի նպաստամատույց հանձնախմբի» համար՝ ուշադրություն գրավելու համար դեպի 1915-ին զոհված հայ բանաստեղծները և Հայոց ցեղասպանությունը…
- Բլեքուելը հայերի մեծ բարեկամն էր և մարդասեր, սակայն նա բանաստեղծ չէր… Կարծում ես, որ նրա բանաստեղծությունները հարազա՞տ են բնագրերին…
- Անշուշտ, դրանք հնացած են… Նա օգտագործել է 18-րդ և 19-րդ դարերի լեզուն և ոճը… Ափսոս, որ ժամանակին հանրահայտ բանաստեղծուհի Ջուլիա Ուարդ Հաուն, որ նույնպես ակտիվ է եղել հայանպաստ շարժման մեջ (նա «Հայաստանի բարեկամներ» ընկերության նախագահն էր), չի զբաղվել թարգմանությամբ…
- Բլեքուելի գիրքը շատ վաղուց էր տպագրվել, կարծում եմ՝ ա՞յդ պատճառով դու սկսեցիր զբաղվել հայ պոեզիայի թարգմանությամբ…
- Մինչ գրքերով հանդես գալը ես բանաստեղծություններով աշխատակցում էի մամուլին, երբ մի բուլղարացի բանաստեղծ ինձ առաջարկեց համագործակցել բուլղարական պոեզիայի անգլերեն ժողովածու կազմելու գործում… Եվ ես ասացի՝ ոչ, չեմ կարող, քանի դեռ չկա ժամանակակից հայ պոեզիայի ժողովածու: Եվ ես սկսեցի հորս հետ… Մենք արդեն միասին մի քանի բան թարգմանել էինք… Առաջինը Բոսթոնում կայացած մի համերգի համար էր, որի ընթացքում խմբավար Ռուբեն Գրիգորյանի ղեկավարությամբ կատարվեցին շարականներ… Երկրորդը Դանիել Վարուժանի մասին դասախոսության համար էր, որ կարդաց հայրիկս և նրան անհրաժեշտ էին վեց բանաստեղծությունների անգլերեն թարգմանություններ… Այդ օրերին ես արդեն հրատարակում էի բանաստեղծություններ: Եվ երբ ես տեսա, թե ինչպես ստացվեցին Վարուժանի թարգմանությունները, ուղարկեցի թերթի խմբագիրներից մեկին, որն ինձ զարմացրեց՝ ընդունելով և հրատարակելով բոլորը…
- Ուրեմն այդպե՞ս սկսվեց…
- Ոչ… Իրականում մեկ այլ խմբագիր ինձ հրավիրեց հանդիպման և ասաց, որ մտադիր է «Քրիսչըն սայընս մոնիթոր» թերթում համաշխարհային պոեզիայի էջ սկսել և ցանկանում է, որ ես թարգմանեմ հայ բանաստեղծների գործերը… Ես ասացի, որ այնքան լավ չեմ տիրապետում հայերենին… Նա նայեց ինձ և ասաց. «Դե, դու երիտասարդ ես… Սովորիր»… Այդպես էլ արեցի, սկսեցի հաճախել Հարվարդի և Բոսթոնի համալսարանների հայերենի բոլոր դասընթացներին… Բացի այդ՝ ինձ շատ օգնեցին… Հորս մահից հետո շատ բարեկամներ ինձ ուղարկում էին բանաստեղծություններ կամ կարդում էին ինձ համար… Եվ իհարկե՝ Հայաստանում իմ ուսանողներն ինձ համար գտնում էին գրքեր, ու նաև բանաստեղծները տրամադրում էին իրենց գործերը… Միակ գիրքը, որ թարգմանել եմ առանց որևէ մեկի օգնության, Վահան Տերյանի ժողովածուն էր, նաև հայրենների հատորը… Ես դրանք թարգմանել եմ բառարանով, հետո ստուգել… Տարօրինակ էր, բայց հայրենների լեզուն դժվար չէր… Այն նման էր տատիկիս բարբառին… Ամենաբարդը Նարեկացին էր: Առաջին ժողովածուս կազմելիս ես Նարեկից հատվածներ էի թարգմանել Ուոթերթաունի Սուրբ Երրորդության եկեղեցու քահանա հայր Օշականի օգնությամբ… Իսկ ամբողջական «Մատյանը» ես թարգմանել եմ այժմ Հայաստանում հաստատված ամերիկահայ բանասեր Թոմ Սամուելյանի հետ… Երբ տարիներ առաջ Ֆուլբրայթի ծրագրով գտնվում էի Երևանում, ամեն առավոտ Թոմը վարորդի հետ ինձ էր ուղարկում տողացի թարգմանությունները, այնուհետև, իմ Բոսթոն վերադառնալուց հետո աշխատանքը շարունակեցինք էլեկտրոնային նամակագրությամբ…
- Ինչպե՞ս ես կատարում թարգմանելիք բանաստեղծությունների ընտրությունը…
- Կարծում եմ՝ թարգմանիչը հաճախ ընտրում է այն բանաստեղծությունը, որն ինքն անձամբ կուզենար գրած լինել… Կամ եթե դա շատ կարևոր բանաստեղծություն է, առանցքային նշանակություն ունի պատմական առումով, և թարգմանելն անհրաժեշտություն է… Օրինակ, ես պետք է թարգմանեի Պետրոս Դուրյանի գործերը, քանի որ նա պատմականորեն կարևոր է... Նա առաջիններից է գործածել աշխարհաբարը և գրել անձնական թեմաներով…
- Բայց դու չե՞ս սիրում Դուրյանին…
- Ոչ, չնայած նա մորս սիրելի բանաստեղծն է… Իմ կարծիքով նա մեկ հրաշալի բանաստեղծություն ունի՝ «Տրտունջքը»… Թարգմանության իմ օրենքները ներառում են երեք պարտականություն՝ ա) թարգմանիչն ընթերցողին պարտական է բանաստեղծությունը, որ բանաստեղծը գրել է, բ) նա թարգմանվող բանաստեղծին պարտական է լավագույն հնարավոր տարբերակը՝ թարգմանելիք լեզվով, քանի որ այդ բանաստեղծի հեղինակությունն իր ձեռքին է, գ) նա պարտական է թարգմանվող լեզվով երկրորդ կյանքով ապրեցնել բանաստեղծությունը…
- Դայանա, դու Մարզպետ Մարկոսյանի հետ Եղիշե Չարենցի ծավալուն հատորն ես թարգմանել… Այդ թարգմանություններից մի քանիսը վերջերս օգտագործվել են Շիրին Անդերսոնի «Չարենց. փնտրելով իմ հայ բանաստեղծին» վավերագրական ֆիլմում… Իսկ Չարենցը քո սիրելի բանաստե՞ղծն է…
- Սիրելի չէր, երբ նոր էի սկսել թարգմանել… Բայց Չարենց թարգմանելու հինգ տարիների ընթացքում ես երազում տեսնում էի նրան… Մենք քննարկումներ էինք ունենում այդ երազներում… Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ ես հանդիպեցի նրա դուստրերին: Շատ ժամանակ էի անցկացնում Անահիտ Չարենցի հետ…
- Հիշո՞ւմ ես` Հայաստան կատարած քո մի ուղևորության ժամանակ մենք այցելեցինք Ռեգինա Ղազարյանին…
- Այո, այո: Դա անմոռանալի հանդիպում էր մի հազվագյուտ անձի հետ, ով փրկել էր Չարենցի ձեռագրերի մի ստվար մասը… Հուսով եմ՝ Հայաստանում նրան երբեք չեն մոռանա… Կարևոր է հանդիպել մարդկանց, ովքեր մոտիկից ճանաչել են այն հեղինակներին, ում գործերը դու թարգմանում ես…
- Քո նոր գրքերից մեկը կոչվում է «Պարելով վանքում»… Այնտեղ շատ արձակ բանաստեղծություններ կան… Հրաժարվե՞լ ես ավանդական հանգ ու չափից…
- Ոչ… Իմ վերջին ձեռագրում մեծ թվով սոնետներ և վիլլանելլաներ կան…
- Բայց քո նոր ժողովածուն՝ «Հիմա ես տեսնում եմ դրանք», ներկայացնում է պատկեր-բանաստեղծություններ… Ի դեպ, գիտե՞ս, որ դրանք հայ պոեզիայում սկիզբ է դրել քո չնախընտրած Պետրոս Դուրյանը, ով գրել է խաչի և քնարի տեսքով քերթվածներ…
- Այդ բանաստեղծությունները նոր են տպագրվել, սակայն գրվել են տարիներ առաջ… 16-րդ դարում անգլիացի բանաստեղծ Ջորջ Հերբերտը գրել է մի քանի կրոնական բանաստեղծություն՝ խորանի, հրեշտակի թևերի տեսքով… 1950-ականներին Բրազիլիայում և Գերմանիայում որոշ արվեստագետներ շարունակել են այդ ավանդույթը: «Շիփ մեդոու» հրատարակչության իմ խմբագիրը միշտ հանում էր ցանկացած թեթև կամ հումորով գրված գործեր, անսովոր կառուցվածք ունեցող բանաստեղծությունները… Ի դեպ, ես պաշտում եմ Չարենցի թեթև և երգիծական բանաստեղծությունները, որոնք թարգմանել եմ մեծ հաճույքով…
- Իսկ երազ չե՞ս տեսել, Չարենցի հետ չե՞ս քննարկել այդ գործերը…
- Չեմ տեսել (ծիծաղում է)…
- Պատմիր, խնդրեմ, գրելու քո սովորությունների մասին… Ամեն օր գրո՞ւմ ես… Վերաշարադրո՞ւմ ես… Պահո՞ւմ ես հին տարբերակները… Վերջերս ամերիկացի բանաստեղծ Քենեդիի հետ մի ծրագիր վարեցիր, որ կոչվում է «Որտեղի՞ց է գալիս բանաստեղծությունը»… Եվ ի՞նչ, պարզեցի՞ք, թե որտեղից է գալիս…
- Պարզեցինք, որ գալիս են բանաստեղծներից, իսկ դրանք բանաստեղծների մոտ գալիս են ամենաանսպասելի տեղերից՝ օրվա լուրերից, մտապահված զրույցից, մեկ ուրիշ բանաստեղծությունից, որին դու ցանկանում ես պատասխանել, նաև՝ երազից… Շատ բանաստեղծություններ հայտնվել են, երբ ես կիսաքուն եմ եղել և վեր եմ կացել՝ դրանք գրի առնելու… Իսկ հիմա, եթե նման բան է պատահում, այլևս ուշադրություն չեմ դարձնում… Բայց ես համարյա ամեն օր գրում եմ... հիմնականում վերաշարադրում եմ… Եվ դրանք մեծ մասամբ դեն եմ նետում, այլապես տունս թղթով լցված կլիներ (շատ ավելի, քան հիմա է)… Նախ՝ գրում եմ թղթին, հետո մուտքագրում համակարգչում և փոփոխություններն այնտեղ եմ կատարում… Նոր Անգլիայի բանաստեղծության ակումբի նախագահ լինելն ինձնից շատ ժամանակ է խլում. պետք է ծրագրել միջոցառումները, դատավորներ գտնել մրցանակաբաշխության համար, ներկայացնել բանախոսներին, պատասխանել նամակներին… Հուսով եմ, որ շուտով հանգստի կկոչվեմ այդ պաշտոնիցս… Մենք լավ փոխնախագահ ունենք…
- Բայց ես հուսով եմ, որ Դանիել Վարուժանի անվան մրցանակը և քո սկսած թարգմանական ծրագրերը կշարունակվեն…
- Ես նույնպես հուսով եմ…
- Մի վերջին հարց, Դայանա, որը կարծում եմ՝ քեզ հաճախ են տալիս… Մտածե՞լ ես հուշերդ գրելու մասին… Չէ՞ որ դու ճանաչել և համագործակցել ես շատ մեծ մարդկանց հետ, ոչ միայն հայերի, այլև միջազգային դեմքերի՝ Ջոն Ափդայք, Ալան Գինզբերգ, Անդրեյ Վոզնեսենսկի, Բելա Ախմադուլինա, Չեսլավ Միլոշ, Եվգենի Եվտուշենկո, Շիմուս Հենի, այս տարվա Նոբելյան մրցանակակիր Թումաս Թրանսթրյոմեր...
- Հըմմմ...
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |